ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գ ործ թիվ ՏԴ/0009/01/15 |
ՏԴ/0009/01/15 |
Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Ա. Խաչատրյան |
Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
ե. դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Ա. Արամյանի |
2015 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ դիմող Արարատ Կառլենի Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչ Վ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58211214 քրեական գործը:
2014 թվականի սեպտեմբերի 10-ին Դավիթ Սասունի Օհանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով:
2014 թվականի սեպտեմբերի 11-ին Արկադի Գագիկի Աջամյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 1-ին մասով:
Դ.Օհանյանին և Ա.Աջամյանին առաջադրված մեղադրանքները 2015 թվականի փետրվարի 3-ին փոփոխվել և լրացվել են:
2. 2015 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 20-ի դատավճռով Ա.Աջամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամ չափով, Դ.Օհանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-215-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` 1.000.000 ՀՀ դրամ չափով: Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ իրեղեն ապացույց ճանաչված 10.000 եվրո և 36.880 ԱՄՆ դոլար գումարի բռնագանձումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով:
3. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի մայիսի 20-ի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Արարատ Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. «(…) Անդրադառնալով իրեղեն ապացույց ճանաչված գումարի բռնագանձման հարցին՝ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում, ի սկզբանե ամբաստանյալ Արկադի Աջամյանը` ի պատասխան գործի վարույթն իրականացնող մարմնի, հայտնել է, որ մաքսանենգության առարկա գումարը պատկանել է իր կնոջ հորը` Արարատ Կառլենի Աբրահամյանին, որը գումարը տրամադրել էր Երևան քաղաքում իր համար բնակարան գնելու նպատակով: Նշված գումարի պատկանելության կապակցությամբ պաշտպանության կողմը ներկայացրել է անձին հարցման ենթարկելու արձանագրություն, նոտարական վավերացմամբ հայտարարություն, լիազորագիր և այլն: Փաստորեն, մաքսանենգության առարկա գույքի բռնագանձման կապակցությամբ առկա է վեճ, այսինքն` պաշտպանության կողմը փորձում է հիմնավորել, որ այն ենթակա է վերադարձման Արարատ Կառլենի Աբրահամյանին, իսկ մեղադրող դատախազի հիմնավորմամբ` այն որպես իրեղեն ապացույց ու մաքսանենգության առարկա պետք է բռնագանձվի հօգուտ պետության: Նշված պայմաններում դատարանը կիրառելի է համարում ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածի 3-րդ մասում ամրագրված նյութաիրավական նորմը, ըստ որի` մաքսանենգության առարկա գույքի՝ տվյալ դեպքում իրեղեն ապացույց ճանաչված գումարի բռնագանձումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 50):
6. Վերաքննիչ դատարանն առանց քննության թողնելու մասին որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի տառացի մեկնաբանությունից ու բովանդակային վերլուծությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորություն քրեադատավարական օրենքը iոter alia վերապահել է միայն նշված հոդվածում թվարկված անձանց, ինչից հետևում է, որ ՌԴ քաղաքացի Արարատ Աբրահամյանը, որը տվյալ քրեական գործով կողմ չի հանդիսանում և դատավարական որևէ կարգավիճակ չունի, հետևաբար նաև նրա ներկայացուցիչը իրավասու չեն վերաքննության կարգով բողոքարկելու Առաջին ատյանի դատարանի 2015թ. մայիսի 20-ի դատավճիռը` իրեղեն ապացույցների տնօրինման մասով, այսինքն վերաքննիչ բողոքը բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, ինչն էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Ա. Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու բավարար հիմք է» (տե՛ս նյութեր, թերթ 30):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտում:
Մեջբերելով Ստեփան Սահակյանի ու Մարատ և Կարեն Սարգսյանների վերաբերյալ գործերով Վճռաբեկ դատարանի որոշումները` բողոքի հեղինակը նշել է, որ թեպետ Ա.Աբրահամյանը դատավարության մասնակից չէ, սակայն ստորադաս դատարանների դատական ակտերով խախտվել են նրա իրավունքներն ու օրինական շահերը, հետևաբար նա իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմելու թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոք ներկայացնել, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել ներկայացված դիմումներն ու բողոքները:
Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը, ներկայացված բողոքն առանց քննության թողնելով, զրկել է Ա.Աբրահամյանին ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքից:
7.1. Բողոքաբերը կարծում է նաև, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ առկա է հակասություն Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 23-ի դատական ակտի և Մարատ ու Կարեն Սարգսյանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09, Ստեփան Սահակյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0059/11/10 որոշումների միջև:
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանն անտեսել է սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնական փաստական հանգամանքներ ունեցող թիվ ԵԿԴ/0282/01/09 և թիվ ԵԿԴ/0059/11/10 գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները:
8. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձի՝ քրեադատավարական իրավահարաբերություններին մասնակցելու իրավունքի իրացման հնարավորության կապակցությամբ առկա է առերևույթ հակասություն սույն գործով Վերաքննիչ դատարանի ու Վճռաբեկ դատարանի՝ Մարատ և Կարեն Սարգսյանների գործով կայացված դատական ակտերի միջև: Ուստի օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու իր գործառույթի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննության առարկա դարձնել վերոնշյալ դատական ակտերի միջև հակասությունների առկայության հարցը:
9.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի դատական ակտը հակասում է արդյոք Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշմանը:
10. ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
Մեջբերված նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումների շրջանակներում (թիվ ՎԲ-17/08, թիվ ԵԿԴ/0093/11/11, թիվ ԵԿԴ/0055/11/13 և այլն), և կայուն նախադեպային իրավունք է ձևավորվել առ այն, որ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ստորադաս դատարանների համար: Այս ընդհանուր կանոնից բացառություն են միայն այն դեպքերը, երբ ստորադաս դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ տվյալ դատական ակտի հիմնավորումները կիրառելի չեն քննվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա ոչ կիրառելի:
Դրա հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշման կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն (տե՛ս, ի թիվս այլնի, Մարսերալ ՍՊԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՇԴ/0011/11/14 որոշման 11-րդ կետը, Վ.Խնոևի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0179/11/14 որոշման 16-րդ կետը):
11. Դատավարության մասնակից չհանդիսացող անձի` քրեադատավարական իրավահարաբերություններին մասնակցելու իրավունքին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման մեջ՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) [Ե]թե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:
(...) [Դ]ատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատավարության մասնակից չհանդիսացող անձանց դատական պաշտպանության իրավունքի իրացումը պետք է լինի իրական, այսինքն՝ անձն իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ենթադրյալ խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա» (տե՛ս Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշման 22-23-րդ կետերը):
Վերոգրյալ դիրքորոշումը ձևավորելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև բողոքաբերի կողմից վկայակոչված թիվ ԵԿԴ/0059/11/10 որոշման շրջանակներում արված դատողությունները:
Մարատ և Կարեն Սարգսյանների գործով վերը մեջբերված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը վերահաստատել է նաև Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով որոշման շրջանակներում: Մասնավորապես, հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված այն հիմնարար մոտեցումը, ըստ որի՝ արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չպետք է այն աստիճան լինի, որ խաթարվի իրավունքի բուն էությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(…) [Ա]ռաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասում առկա ձևակերպման պայմաններում չի ապահովվում դատավարության մասնակից չհանդիսացող անձի դատական պաշտպանության իրավունքի իրացումը, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, հետևաբար դատավարության մասնակից չհանդիսացող անձին հնարավորություն չի ընձեռվում վերադաս դատական ատյաններում վիճարկել իր շահերին առնչվող դատական ակտի օրինականությունը:
Ուստի, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի իրացման արդյունավետ երաշխիքների ապահովման անհրաժեշտությունը, գտնում է, որ հարկ է վերաքննիչ բողոք բերելու իրավունք նախատեսել նաև քրեական դատավարության մասնակից չհանդիսացող այն անձի համար, ում իրավունքներին և օրինական շահերին առնչվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը (…)» (տե՛ս Լևոն և Ռուբիկ Թարվերդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԱՎԴ2/0007/01/12 որոշման 15-րդ կետը):
12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը գործի քննության արդյունքում արձանագրել է, որ մաքսանենգության առարկա գույքի բռնագանձման կապակցությամբ առկա է վեճ: Այսպես` ամբաստանյալ Ա.Աջամյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ իրեղեն ապացույց ճանաչված 10.000 եվրո և 36.880 ԱՄՆ դոլար գումարը ձեռք է բերել իր կնոջ հորից` Ա.Աբրահամյանից` Երևան քաղաքում նրա համար բնակարան գնելու նպատակով: Բացի այդ, պաշտպանության կողմը ներկայացրել է Ա.Աբրահամյանին հարցման ենթարկելու արձանագրություն, նոտարական վավերացմամբ հայտարարություն, լիազորագիր և այլ փաստաթղթեր: Մինչդեռ մեղադրող դատախազը պնդում է, որ այն պետք է բռնագանձվի հօգուտ պետության (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Ա.Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից թողնվել է առանց քննության այն հիմնավորմամբ, որ Ա.Աբրահամյանը քրեական գործով կողմ չէ և որևէ դատավարական կարգավիճակ չունի, հետևաբար նրա ներկայացուցիչն իրավասու չէ վերաքննության կարգով բողոքարկել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կարող էր առերևույթ առնչվել Ա.Աբրահամյանի իրավունքներին և օրինական շահերին, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց այդ հարցը քննարկման առարկա դարձնելու, բողոքը քննության չի առել այն հիմնավորմամբ, որ դա բերվել է դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից:
13. Սույն որոշման 10-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 12-րդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի դատական ակտը հակասում է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0282/01/09 որոշմանը:
Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Մարատ և Կարեն Սարգսյանների գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 11-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Մարատ ու Կարեն Սարգսյանների գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի չի առել դատավարության մասնակից չհանդիսացող անձի կողմից բողոք բերելու հնարավորությունը այն դեպքում, երբ բողոքարկվող դատական ակտը առերևույթ առնչվում է այդ անձի իրավունքներին և օրինական շահերին: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանի համար պարտադիր են եղել:
Մինչդեռ անտեսելով Մարատ և Կարեն Սարգսյանների գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումներն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը կարող էր առերևույթ առնչվել դիմողի իրավունքներին և օրինական շահերին, Վերաքննիչ դատարանը, առանց այդ հարցը քննարկման առարկա դարձնելու, քննության չի առել վերջինիս ներկայացուցչի բողոքը այն հիմնավորմամբ, որ դիմողը քրեական գործով կողմ չէ, չունի դատավարական կարգավիճակ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ սույն գործի քննության ժամանակ անտեսել է Մարատ և Կարեն Սարգսյանների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի որոշման հիմնավորումները, որոնք վերջինիս համար պարտադիր են եղել: Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի կիրառել կիրառման ենթակա Վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումը, այլև որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չի հիմնավորել, որ այն կիրառելի չէ տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
14. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները։ Խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների, հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արարատ Կառլենի Աբրահամյանի ներկայացուցիչ Ա.Մկոյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |