ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ԵԿԴ/0067/01/14 |
ԵԿԴ/0067/01/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ա. Դանիելյան |
Լ. Թադևոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Պողոսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Հ. Պետրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Վ. Հարությունյանի |
2015 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2013 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 16811013 քրեական գործը` անհայտ անձի կողմից Հայկ Վասիլյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Նախաքննության մարմնի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Մ.Սաֆարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի որոշմամբ Մ.Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2014 թվականի մայիսի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ին դատավճռով Մ.Սաֆարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա մեղավոր է ճանաչվել նույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով` դատապարտվելով ազատազրկման` 1 տարի 6 ամիս ժամկետով:
3. Պաշտպանի և դատախազի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ դեկտեմբերի 29-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմնի կողմից Մ.Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2013 թվականի նոյեմբերի 21-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աթենքի 6/4 հասցեում գտնվող տնտեսական խանութի դիմաց` թիվ 4 երթուղային տաքսու կայանատեղիում, իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի 35 PS 667 պետհամարանիշի ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել է նշված համարի երթուղային տաքսի ծառայության երթակարգավորիչ Հայկ Արտակի Վասիլյանի հետ, որի ընթացքում դանակով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հայկ Արտակի Վասիլյանի կրծքավանդակի ձախ կեսին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող, ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի վնասումով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 307-312):
6. Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրն իր և տուժող Հայկ Վասիլյանի միջև ավտոմեքենա կայանելու հարցի շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, որից հետո Հայկն անսպասելի իրեն հետ է կանչել` ասելով «լավ չես հասկանում, հետ արի»: Այդ ժամանակ նա գնացել է իր ավտոմեքենայի մոտ, բացել վարորդի կողքի դուռը, ավտոմեքենայի միջից ինչ-որ բան դրել մեջքի կողմը և արագ քայլելով վրա է տվել իրեն` հարձակվելով իր վրա` հրելով իրեն հետ է տարել և ասել «արա ինչ ես ասում»: Ինքը նրան իրենից հեռացնելու համար ձեռքերով հետ է հրել` ասելով. «Ինչ ես մտել բերանս, ուզում ես խոսենք, համբերի երեկոյան կգամ կխոսենք»: Ինքը տեսել է, որ Հայկը մի երկու քայլ հետ գնալիս մեջքի կողմից ինչ-որ իր է հանել` մետաղյա զսպանակով մահակ, ու դրանով աջ ձեռքով հարվածել է գլխին, սակայն ինքը ձախ ձեռքով պահել է, և հարվածը կպել է ձեռքին: Դրանից անմիջապես հետո հարվածել է 2 անգամ: Ինքը նորից ձախ ձեռքով պահել է այդ հարվածները` միաժամանակ մի փոքր հետ քաշվելով, որովհետև նորից է ուզել հարվածել, տեսնելով վտանգը և հասկանալով, որ այդ հարվածները կարող են իր կյանքում լինել ճակատագրական, փորձելով պաշտպանվել այդ հարվածներից` աջ ձեռքով գրպանից հանել է եղունգկտրիչ դանակը, բութ մատով բացել և հարվածել է, իսկ թե կպել է նրան, թե` ոչ, ինքը այդ ժամանակ չի զգացել: Հետո է իմացել, որ դանակով իր կողմից շարժում կատարելու պատճառով Հայկը վնասվածք է ստացել: Դանակով իր կողմից շարժում կատարելուց անմիջապես հետո այնտեղ գտնվող Արմեն Պետրոսյանը Հայկին թիկունքի կողմից երկու ձեռքով գրկել ու հետ է քաշել` տանելով տնտեսական խանութ: Մինչ գրկելը Հայկը նորից է ուզել խփել այդ մահակով, դրա համար Արմեն Պետրոսյանը նրան գրկել ու տարել է խանութ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
Ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից գործի վարույթի ընթացքում տուժող Հայկ Վասիլյանի կողմից գործադրված «մահակը» նկարագրվել է տարբերվող բնորոշումներով: Այսպես 2013 թվականի նոյեմբերի 22-ի հարցաքննությամբ Մ.Սաֆարյանը հայտնել է «արծաթագույն, փայլուն մետաղե զսպանակի», 2014 թվականի ապրիլի 26-ի առերեսմամբ` «ինչ-որ սև բանի», իսկ նույն թվականի ապրիլի 30-ի հարցաքննությամբ` «զսպանակե մահակի» մասին (տե՛ս հատոր 1-ին, թերթեր 58-61, 286-288, 299-300):
6.1. Տուժող Հայկ Վասիլյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը երկար տարիներ աշխատել է որպես երթակարգավորող: Իր պարտականությունների մեջ է մտել հսկել, որպեսզի երթուղային տաքսիներն ունենան կայանելու ազատ տարածք, որպեսզի չթույլատրված վայրում կայանելու համար չտուգանվեն, ինչպես նաև ուղևորվելու ժամային միջակայքը պահպանելը: Այն վայրում, որտեղ ավտոմեքենան կայանել է Մայիսը, ընդհանրապես ավտոմեքենաներ չեն կայանում, կայանելու դեպքում, եթե ինքը նկատում է, մոտենում զգուշացնում է, որ հանեն ավտոմեքենան: Դեպքի օրը չի հիշում: Մեքենայի կայանման համար վիճաբանություն է եղել: Այդ վայրում կայանելիս են եղել իր գազելները, ինչ-որ մեկը կայանել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Ինքը զգուշացրել է, որ չկայանի այդ վայրում: Սկսվել է քաշքշուկ: Իրեն դանակով հարվածել է իր հետ քաշքշուկի մեջ գտնված անձը: Դանակ տեսել է, իսկ հարվածի պահը չի տեսել: Իրենց քաշքշուկը չի հիշում որքան ժամանակ է տևել: Ծակոց է զգացել, իսկ դեպքից մի քանի րոպե հետո տեսել է, որ ցավացող մասից արյուն է գալիս: Գնացել է ավտոկայան իրենց վարորդներից Արմենի հետ: Նույն օրը գնացել է հիվանդանոց: Ամբաստանյալը չի եղել իրեն դանակով մարմնական վնասվածք հասցրած անձը: Եթե իր հետ վիճաբանողին տեսնի կճանաչի: Մեքենան և իրեն հարվածողին առաջին անգամ է տեսել: Արմեն Պետրոսյանին հանդիպել է խանութ մտնելիս: Քաշքշուկի պահին իրեն ծանոթ մարդիկ չեն եղել: Ինքը հարվածներ չի հասցրել վիճաբանության ժամանակ (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
6.2. Վկա Արմեն Պետրոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչում է ամբաստանյալին որպես հաճախորդ, երբ ինքը աշխատելիս է եղել խանութում: Դեպքի օրը ինքը իր ավտոմեքենան կայանել է խանութի դիմաց, եղել է ավտոմեքենայի մեջ: Եղել է իր ավտոմեքենայի մեջ, հեռախոսով խաղ է խաղացել, ինտերնետ է մտել: Լսել է բարձր ձայներ և երբ դուրս է եկել ավտոմեքենայից, տեսել է իրարանցում: Մոտեցել, տեսել է, որ Մայիս Սաֆարյանն ու Հայկ Վասիլյանը ագրեսիվ են իրար նկատմամբ: Տարածքում հավաքված են եղել անցորդներ, որոնցից ոչ ոքի չի ճանաչել: Հարված չի նկատել նրանց վիճաբանության ընթացքում: Ինքը, ինչպես Հայկ Վասիլյանի, այնպես էլ Մայիս Սաֆարյանի ձեռքին ոչ մի իր չի նկատել: Այնուհետև բաժանել է նրանց և Հայկ Վասիլյանին առանձնացրել` տանելով խանութի մուտքի մոտ: Հայկի մոտ խուճապ է եղել: Նրա հագին եղել է սպորտային հագուստ, որի թևատակի հատվածում ինքը նկատել է արյունահոսություն (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
6.3 Վկա Արման Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ չի ճանաչում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին: Դեպքի օրը` ժամը 18-ի սահմաններում, զանգահարել է Հայկին, ով իրեն հայտնել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
6.4. Վկա Կարեն Բլբուլյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է որպես խանութի տնօրեն: Դեպքի մասին իմացել է ոստիկանության բաժնում, իսկ դեպքի օրը խանութում չի եղել: Իրեն բաժին են հրավիրել, քանի որ խանութի դիմաց վիճաբանություն է եղել (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
6.5. Դատաբժշկական փորձագետի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 3924 եզրակացության համաձայն` «(…) Մ.Սաֆարյանի մոտ, փորձաքննության պահին, մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 163-164):
6.6. Վկա Սամվել Հակոբյանը 2014 թվականի սեպտեմբերի 9-ի հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքում հայտնել է, որ «(...) ճանաչում եմ Մայիս Լևոնի Սաֆարյանի հորը` Լևոնին, նրա հետ ծանոթացել եմ ընտրությունների ժամանակ` մոտ երկու տարի առաջ, և գիտեմ, որ մեր Կիլիկիայի թաղի բնակիչ է, ու իմանալով, որ Լևոնի որդին` Մայիսը, 2013 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին (...) վիճաբանության ժամանակ դանակահարել է ինչ-որ մեկին, (...) գտնվում է կալանքի տակ, ես 2014 թվականի հունվար ամսին պատահական մեր թաղում` կանգառի մոտ, հանդիպեցի Լյովային և հարցուփորձ արեցի որդուց ու նրան պատմեցի, որ իր որդու կռվի ժամանակ ես այնտեղ եմ եղել և ասացի, որ «նախկինում դեպքի օրը չեմ ճանաչել որդուդ, միայն հեռուստացույցով «02» հաղորդում տեսնելուց հետո որդիս` Վահրամը, ասաց, որ քո որդին է»: Դրանից հետո Լյովան ինձ հարցրեց` «եթե կարիք լինի, ժամանակ կունենա՞ս գնաս ոստիկանություն և պատմես դեպքի եղելությունը», ես համաձայնվեցի, քանի որ արդարության կողմնակից եմ: Դրանից հետո, մտածելով, որ ինձ ոստիկանություն կհրավիրեն որպես վկա ցուցմունք տալու, ես տանը փորձեցի ավելի մանրամասն հիշեմ դեպքը և ինձ մոտ կատարեմ գրառումներ, քանի որ ես վատառողջ եմ, ունեմ հիշողության հետ կապված խնդիրներ, տեսածս և լսածս շուտ եմ մոռանում, այդ իսկ պատճառով խնդրում եմ ինձ թույլատրել, որ օգտվեմ իմ գրառումներից, որպեսզի կարողանամ Լյովայի որդու վիճաբանության հետ կապված դեպքն ավելի մանրամասն վերհիշեմ և հայտնեմ ձեզ: Նշված գրառումները ես կատարել եմ մեր տանը, գրված է իմ ձեռքով և այդ ժամանակ ինձ մոտ տան անդամներից ոչ ոք չի եղել և չեն օգնել: Առաջադրված հաջորդ բանավոր հարցին, օգտվելով իմ գրառումներից, պատասխանում եմ, որ 2013 թվականի նոյեմբեր ամսվա կեսերին [Հրազդան տոնավաճառի դիմաց գտնվող կանգառում] ինձանից աջ կողմում լսեցի [ձայներ] դեպի շինանյութի խանութի կողմը և, նայելով այդ կողմ, տեսա, որ երկու երիտասարդ տղաներ միմյանց հետ խոսում էին բարձր ձայնով, որը նման էր վեճի: Ես կանգառից քայլեցի դեպի նրանց կողմ` հասկանալու համար, թե ինչ է եղել և անհրաժեշտության դեպքում միջամտեի և չթողնեի, որ կռվեն: Այդ ժամանակ նրանք միմյանց հետ լեզվակռիվ էին անում ու (...) հայհոյելով բարձր տոնով խոսում էին (...): [Ա]յն տղան, որ պահանջում էր, որ ավտոմեքենան հանի, հետ շրջվեց դեպի իմ կողմը և քայլեց [դեպի] փողոցում կայանված (...) ավտոմեքենան (...), մեքենայի միջից վերցրեց ինչ-որ իր, որը փայլուն ձող [էր], (...) ձողը ձեռքին երիտասարդը այդ ձողով հարվածեց մյուս երիտասարդին և կպավ, թե չկպավ, ես չտեսա (...), ձողով առաջին հարվածից հետո անմիջապես ձողով երկրորդ անգամ հարվածեց (...): Ձողը եղել է մուգ գույնի, փայլուն, մոտ 30 սմ երկարության (...), պինդ նյութից, թե մետաղից» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 252-256):
6.7. Վկա Վահրամ Հակոբյանի (վկա Սամվել Հակոբյանի որդու)` 2014 թվականի սեպտեմբերի 16-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) [Ի պատասխան վարույթն իրականացնող մարմնի` Սամվել Հակոբյանի հետ «02» հաղորդաշարը դիտելու, Մ.Սաֆարյանին ճանաչելու և այդ մասին Սամվել Հակոբյանին հայտնելու վերաբերյալ հարցի]` նման դեպք չի եղել, որ հորս հետ հեռուստացույց նայելիս հայրս «02» հաղորդաշարի ժամանակ հայտնած լինի, որ ինքը ինչ-որ վիճաբանության ականատես է եղել և ես էլ իրեն հայտնած լինեմ, դանակահարող անձը մեր թաղի բնակիչ Լևոնի որդի Մայիսն է: (...) Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ մոտ 7 տարի առաջ [հայրս] ինսուլտ է ստացել, որից հետո հորս մոտ առաջացել են հիշողության և տեսողության հետ կապված խնդիրներ: Բացի այդ, նկատվում է նաև հոգեկան անհավասարակշռում, հորս մոտ նկատվում է նաև ուժեղ (ֆանտազիա) երևակայություն, և հաճախակի տարբեր հորինվածքներ է արտահայտում, և խնդրում եմ հորս կողմից տրված ցուցմունքը հիմք մի ընդունեք, քանի որ ձեզ հստակ ոչինչ ինքը չի կարող հայտնել իր հիվանդության պատճառով» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 260-261):
6.8. Բժիշկ-նյարդաբան Վ.Մ.Պապիկյանի կողմից կնքված և ստորագրված` «Էտապային էպիկրիզ»-ի համաձայն` վկա Սամվել Հակոբյանի մոտ ախտորոշվել է «Կայուն մնացորդային երևույթներ կրած գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից ձախ հետին ուղեղային զարկերակի ավազանում, աջակողմ հոմոնիմ հեմիանոպսիա, ասթենո-դեպրեսիվ սինդրոմ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 264):
7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Քննվող քրեական գործով, ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատարանում մեղադրանքի մարմինների կողմից ի հայտ չեն բերվել գործի այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել այն մասին, որ ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանն ունեցել է ուղղակի դիտավորություն տուժող Հայկ Վասիլյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու:
(…) Նախաքննության ժամանակ հարցաքննված, սակայն չդատակոչված վկա Սամվել Հակոբյանն իր ցուցմունքով նշել է, որ տեսել է, թե ինչպես է տուժող Հայկ Վասիլյանը քաշքշուկի ժամանակ մոտենում իր ավտոմեքենային, իսկ հետո նրա ձեռքին նկատել է ինչ-որ երկար առարկա` ձող, որով էլ հարվածել [է] իր հետ վիճաբանողին:
Դեպքին ականատես այլ անձինք նախաքննությամբ չեն հայտնաբերվել, իսկ ամբաստանյալի կողմից տուժողին դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը հիմնավորող ապացույցներ չկան:
(…) [Ի]նչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ապացուցվել է, որ.
1. Կռվի նախահարձակը եղել է տուժողը:
2. Մայիս Սաֆարյանը տուժողին եղունգկտրիչի դանակով հարվածել է նրա կողմից հակաօրինական արարք կատարելու ընթացքում, երբ տուժողը ձեռքի զսպանակե մահակով հարվածել ու ֆիզիկական ցավ է պատճառել ամբաստանյալին:
3. Մայիս Սաֆարյանը տուժողին մարմնական վնասվածք է պատճառել նրա հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով` պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող ինտենսիվ ոտնձգությունից:
Վերը նշվածներն ապացուցում են, որ ամբաստանյալի նկատմամբ իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալի գործողություններն ուղղված են եղել իր շահերի պաշտպանությանը, և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել ոչ թե երրորդ անձի, այլ իրեն ծեծի ենթարկող և մարմնական վնասվածք պատճառող տուժողին:
Միաժամանակ (...) դատարանը գտնում է, որ տուժողի կողմից զսպանակե մահակով ամբաստանյալին հարվածելու պարագայում ամբաստանյալի կողմից եղունգկտրիչի դանակով տուժողին ծանր մարմնական վնասվածք պատճառելը չի համապատասխանում տուժողի ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, [որպիսի] հանգամանքը ամբաստանյալի համար, մինչև տուժողին հարվածելը ակնհայտ է եղել, քանի որ տուժողի կողմից ձեռքի մահակը որևէ այլ մարմնական վնասվածք պատճառելու համար հարմարեցված առարկա չի օգտագործվել:
Այսպիսով, [Դ]ատարանը հիմնավորված է համարում, որ ամբաստանյալ Մայիս Սաֆարյանն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 87-104):
8. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշման համաձայն` «Վերաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դատրանն] ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին վերագրվող հանցավոր արարքի որակման առումով հիմնավոր հետևության հանգելու համար անհրաժեշտ և բավարար վերլուծության և գնահատման է ենթարկել գործի լուծման համար անհրաժեշտ բացահայտման ենթակա հանգամանքները, որի արդյունքում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի հանցավոր արարքին տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, և կիրառվել է քրեական այն օրենքը, որը ենթակա է եղել կիրառման:
(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործի նյութերում առկա են փաստական տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր է ողջամիտ հետևության հանգելու քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարարության և արժանահավատության վերաբերյալ:
Մասնավորապես` համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության թիվ 21 եզրակացության` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը զորակոչային տարիքում երկու անգամ հետազոտվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայում, առաջին անգամ` 22.10.2007թ-29.10.2007թ., դուրս է գրվել «Օրգանական ծագման էմոցիոնալ անկայուն խանգարում» /թիվ 2063/36152 քաղվածքից/: Երկրորդ անգամ հետազոտվել է 03.11.2010թ-08.11.2010թ., «Օրգանական ծագման էմոցիոնալ անկայունություն» /թիվ 2277/43820 քաղվածքից և ամբուլատոր քարտից/: Ազատվել է զինծառայությունից` համաձայն ՀՀ ՊՆ 175-10 հոդ. 2 «բ» կետի, Ավանի հոգեբուժական կլինիկայում հաշվառված է վերը նշված ախտորոշմամբ 04.12.2004 թվականից:
[Ք]րեական գործի թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության ընթացքում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել և միանշանակ պնդել, որ տուժող Հայկ Վասիլյանի ձեռքին եղել է երկաթյա մահակ, որով վերջինս մինչև իր կողմից դանակով հարվածելը, երկու անգամ փորձել է հարվածել իր գլխին, իսկ ինքը ձեռքով պաշտպանվել է:
Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում, ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի ցուցմունքների արժանահավատության տեսանկյունից կարևորում է այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը, նախկինում ստացած գանգուղեղային վնասվածքի հետևանքով տառապելով վերը նշված հիվանդությամբ, նախաքննության ընթացքում տված առաջին իսկ ցուցմունքով, (ընդ որում, հարցաքննությունը կատարվել է պաշտպանի բացակայությամբ), հայտնել է տուժողի ձեռքին երկաթյա մահակ լինելու հանգամանքի վերաբերյալ: Ամբաստանյալն իր ցուցմունքները պնդել է նաև տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում:
Ինչ վերաբերվում է տուժող Հայկ Վասիլյանի ցուցմունքներին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև տուժողը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի հետ վիճաբանելու վերաբերյալ, սակայն դատաքննության ընթացքում հայտնել է, որ «(…) ամբաստանյալը չի եղել իրեն դանակով մարմնական վնասվածք հասցրած անձը: Եթե իրեն վիճաբանողին տեսնի, կճանաչի: (…) Ինքը նայում է, չի նմանեցնում ամբաստանյալին իր հետ վիճաբանողին: Իր հետ վիճաբանողը ավտոմեքենայի վարորդ է եղել, որը կայանել է երթուղային տաքսիների համար նախատեսված կայանատեղում (…)»:
Անդրադառնալով դատաբժշկական փորձաքննության թիվ 3924/հ եզրակացությանը, համաձայն որի` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի մոտ փորձաքննության պահին մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը, առարկելով մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 21-ին, և ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը գտնվել է ձմեռային հագուստներով, որի պատճառով էլ տուժողի հարվածներից Մայիս Սաֆարյանը ձեռքի շրջանում տեսանելի մարմնական վնասվածքներ չի ստացել: Միաժամանակ, դատաքննության ընթացքում առարկելով փորձագետի եզրակացության դեմ` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը հայտնեց, որ փորձաքննության ընթացքում իր մարմնի և ձեռքերի զննումը կատարվել է հագուստով և կրել է ձևական բնույթ:
Այս պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի ցուցմունքում տեղ գտած այն հանգամանքը, որ վիճաբանության ընթացքում տուժողի ձեռքին եղել է երկաթյա մահակ, որով էլ վերջինս փորձել է հարվածներ հասցնել ամբաստանյալին, հերքող բավարար ապացույցներ ինչպես քրեական գործի նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում ձեռք չեն բերվել, ինչը հիմք է տալիս ամբաստանյալի կողմից հայտնած հանգամանքի հավաստիության կապակցությամբ հանգելու ողջամիտ ենթադրության, որն էլ անմեղության կանխավարկածի սկզբունքի համատեքստում ենթակա է մեկնաբանման հօգուտ ամբաստանյալի (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 51-74):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից կայացվել են անօրինական և անհիմն դատական ակտեր:
Բողոք բերած անձը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի` թիվ ԵՔՐԴ/0632/01/08, թիվ ՇԴ/0126/01/12, թիվ ԵԿԴ/0168/01/12, թիվ ԵԷԴ/0058/01/10 և թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները, եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ապացույցների գնահատման վերաբերյալ հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները: Արդյունքում` ստորադաս դատարանները կամայական մոտեցմամբ առավել արժանահավատ են համարել Մ.Սաֆարյանին առաջադրված մեղադրանքը հերքող ապացույցները` անտեսելով գործով ձեռք բերված և, համապատասխանաբար, առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցները:
10. Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքի հեղինակը գտել է, որ դատարանները հաստատված են համարել տուժող Հ.Վասիլյանի կողմից ամբաստանյալ Մ.Սաֆարյանին մահակով հարվածներ հասցնելու հանգամանքը` հիմք ընդունելով ոչ արժանահավատ ապացույցներ, այն է` ամբաստանյալի և վկա Ս.Հակոբյանի ցուցմունքները: Բողոքաբերը փաստարկել է, որ Մ.Սաֆարյանն իր նկատմամբ գործադրված ինտենսիվ բռնության, մասնավորապես` հասցված հարվածների քանակի և իր կողմից ֆիզիկական ցավ զգալու հետ կապված տվել է հակասական ցուցմունքներ, ինչը կասկածի տակ է դնում դրանց ճշմարտացիությունը: Ինչ վերաբերում է վկա Ս.Հակոբյանի ցուցմունքներին, ապա բողոքի հեղինակը շեշտել է, որ այդ անձն ամբաստանյալի և նրա հոր մերձավորն է, իսկ նրա ցուցմունքի բովանդակությունից հետևում է, որ նա ցուցմունք է տվել ամբաստանյալի հոր հետ խորհրդակցելուց հետո:
Բողոք բերած անձը, բացառելով տուժողի կողմից ամբաստանյալի նկատմամբ ինտենսիվ բռնություն գործադրելու հանգամանքը, նշել է նաև, որ տուժող Հ.Վասիլյանի ձեռքին մահակ չլինելու մասին ցուցմունքներ են տվել ինչպես ամբաստանյալի ծանոթ Ա.Պետրոսյանը, այնպես էլ ինքը` տուժողը, ընդ որում, Հ.Վասիլյանը դատարանում տրված ցուցմունքներով կասկածի տակ է դրել ընդհանրապես ամբաստանյալ Մ.Սաֆարյանին ճանաչելու հանգամանքը, սակայն իր կողմից մահակ գործադրելու փաստը հերքել է դատավարության ողջ ընթացքում:
Վերոգրյալի հետ մեկտեղ` բողոքի հեղինակը փաստարկել է, որ դեպքից երկու օր անց կատարված դատաբժշկական փորձաքննությամբ Մ.Սաֆարյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ ամբաստանյալը որևէ գանգատ չի հայտնել հարվածներ ստանալու կամ դրանց հետևանքների մասին: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը փորձել է հերքել սույն փաստարկը` հղում անելով պաշտպանական կողմի այն պատճառաբանություններին, որ Մ.Սաֆարյանի մոտ մարմնական վնասվածքների բացակայությունը պայմանավորված էր ձմեռային հագուստ կրելու հանգամանքով, ինչպես նաև հիմք է ընդունել ամբաստանյալի կողմից ձևական փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունները: Վերաքննիչ դատարանի նշված հիմնավորումները, ըստ բողոքաբերի, պաշտպանական կողմի փաստարկների պարզունակ մեջբերումներ են և զուրկ են որևէ տրամաբանությունից:
Բացի այդ, բողոք բերած անձը գտել է, որ անհիմն են ամբաստանյալ Մ.Սաֆարյանի ցուցմունքների ճշմարտացիությունը նրա ունեցած` «Օրգանական ծագման էմոցիոնալ անկայուն խանգարում» հիվանդությամբ պայմանավորելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները, քանի որ այդ հանգամանքը որևէ կերպ չէր կարող ազդել Մ.Սաֆարյանի կողմից հայտնած տվյալների արժանահավատության վրա:
10.1. Բողոքաբերն անդրադարձել է նաև ամբաստանյալ Մ.Սաֆարյանի արարքին տրված իրավաբանական գնահատականին` արձանագրելով, որ անհիմն է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի կիրառումը: Մասնավորապես` բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի հետևություններն անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի համար որոշիչ այնպիսի հանգամանքների մասին, ինչպիսիք են վիճաբանության փոխադարձությունը, ոտնձգության առկայությունը, վտանգավորությունը և ինտենսիվությունը, տուժողին վնաս պատճառելու` ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը, կատարվել են միմյանց ուղղակիորեն հակասող դատողությունների պայմաններում և չեն հիմնվել գործով ձեռք բերված ապացույցների պատշաճ գնահատման վրա: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, իրավաչափ է համարել Մ.Սաֆարյանի կողմից հանցագործությունն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարելու հանգամանքը` ոչ էական ու ձևական հիմնավորումներով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
11. Հիմք ընդունելով վերոգրյալը` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը` գործն ուղարկելով համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Մ.Սաֆարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ապացուցումը՝ գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելը, ստուգելը և գնահատելն է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը սահմանում է, որ.
«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:
2. [Դ]ատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում [է] ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:
Ապացուցման նպատակը կազմող ապացուցման ենթակա հանգամանքների համակարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում, որի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն),
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին,
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները,
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ,
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները,
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով (…)»:
Մեջբերված դատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ս.Սաքանյանի գործով կայացված որոշման մեջ` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «[ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված] հանգամանքներն իրենց ամբողջության մեջ կազմում են ապացուցման առարկան, որն օրենքում ձևակերպված է ընդհանուր տեսքով և կիրառելի է բոլոր տեսակի հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, (…) ապացուցման առարկայի՝ օրենքում ամրագրված տիպական թվարկումը յուրաքանչյուր գործով ճշգրտվում և լրացվում է հանցագործության քրեաիրավական որակմանը համապատասխան: Սա նշանակում է, որ կատարված իրադարձությունը (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանգամանքը առանձին վերցված) յուրաքանչյուր դեպքում պետք է հետազոտել հաշվի առնելով քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշները:
(…) Ապացուցման առարկա կամ ապացուցման ենթակա հանգամանքներ հասկացության հետ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կապում է «ապացույցների բավարարություն» հասկացությունը:
(…)
[Ա]պացույցների բավարարությունը ենթադրում է կոնկրետ գործով ապացուցման շրջանակների այնպիսի որոշումը, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:
(…)
[Ա]պացուցումը սերտորեն կապված է «հանցագործությունների որակում» հասկացության հետ. դրանք հարաբերակցվում են որպես գործունեություն և արդյունք: Հանցագործությունների որակումը ենթադրում է գործով բացահայտված հանգամանքների հետազոտություն, օրենքի իմաստի բացահայտում, կոնկրետ նորմի ընտրություն, այդ նորմում ամրագրված հատկանիշների հարադրում բացահայտված փաստերի հետ և որպես արդյունք` համապատասխան դատավարական փաստաթղթերում հետևության ձևավորում: (…)» (տե՛ս Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ և 21-րդ կետերը):
14. ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից` ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
(...)
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի հատուկ մասով»:
Անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը, հատկապես` դրա իրավաչափության պայմանները Վճռաբեկ դատարանը մանրամասն վերլուծության է ենթարկել Ա.Հակոբյանի գործով որոշման մեջ և իրավական դիրքորոշում ձևավորել այն մասին, որ. «[Ա]նհրաժեշտ պաշտպանությունը` որպես արարքի հանցավորությունը բացառող հանգամանք, կարող է դրսևորվել այն իրավիճակում, երբ հանրորեն վտանգավոր ոտնձգությունից ոտնձգողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանվում են անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը: Իսկ սեփական կյանքը, առողջությունը և իրավունքները պաշտպանելիս անհրաժեշտ պաշտպանությունը դրսևորվում է որպես մարդու հիմնարար իրավունք:
(…) Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն ունի որոշակի սահմաններ: ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի մեկնաբանման հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ամրագրված են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում է միայն պաշտպանությունը իրավաչափ և հետևաբար` արարքի հանցավորությունը բացառող: Այսպես, անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.
ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը,
բ) ոտնձգության առկայությունը,
գ) ոտնձգության իրական լինելը,
դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին,
ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին,
զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը:
Առաջին պայմանից հետևում է, որ ոտնձգությունն օժտված է հանրային վտանգավորությամբ, եթե այն անձի, հասարակության, պետության շահերին կարող է էական վնաս հասցնել:
Երկրորդ պայմանի համաձայն` ոտնձգությունը համարվում է առկա այն դեպքում, երբ այն արդեն սկսվել է, ընթացքի մեջ է և չի ավարտվել, ինչպես նաև այն դեպքում, երբ առկա է ոտնձգությունը սկսելու իրական, անմիջական սպառնալիք: Ոտնձգության առկայության պայմանը ենթադրում է, որ անհրաժեշտ պաշտպանությունն անթույլատրելի է արդեն ավարտված ոտնձգության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ վնաս պատճառողը չի գիտակցել ոտնձգության ավարտման փաստը: Վերջինիս դեպքում ոտնձգությունից առաջացած հուզմունքի պատճառով պաշտպանվողին կարող է թվալ, թե ոտնձգությունը դեռևս չի ավարտվել և անհրաժեշտ է պաշտպանվել: Նման դեպքերում թեև պաշտպանությունն անժամանակ է (ուշացած է), այն, այնուամենայնիվ, իրավաչափ է (…)» (տե՛ս Արտյոմ Նորայրի Հակոբյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշման 26-27-րդ կետերը):
14.1. Անդրադառնալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հարցին` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Անուշավան Թորոսյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հատկանիշների առկայության կամ բացակայության հարցի քննարկման համար առաջին հերթին պետք է պարզել անհրաժեշտ պաշտպանության վիճակի առկայության հարցը: Այլ կերպ՝ անհրաժեշտ է առաջին հերթին պարզել ոտնձգության և պաշտպանության առկայության, ապա նոր միայն դրանց արդյունքում պատճառված վնասների համապատասխանության հարցը (տե՛ս Անուշավան Արամի Թորոսյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԵԿԴ/0118/01/11 որոշման 15-րդ կետը):
15. Սույն որոշման 13-րդ և 14-14.1-րդ կետերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացուցման առարկան կազմող հանգամանքների շարքում ընդգրկվում են նաև անհրաժեշտ պաշտպանության վիճակի առկայության և դրա սահմանազանցման հանգամանքները:
Ընդ որում, անձի արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցագործություն որակելու համար վարույթն իրականացնող մարմինը, ի թիվս ապացուցման առարկան կազմող այլ հանգամանքների, պարտավոր է արժանահավատ կերպով հաստատված համարել անհրաժեշտ պաշտպանության վիճակի (ոտնձգության և պաշտպանության) առկայության և դրա սահմանազանցման (ակնհայտ (խիստ, էական) անհամապատասխանություն ոտնձգությամբ սպառնացող և պաշտպանվողի կողմից պատճառվող վնասների միջև) հանգամանքները:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Մ.Սաֆարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Հ.Վասիլյանի հետ վիճաբանելու ընթացքում դիտավորությամբ նրա կրծքավանդակի ձախ կեսին դանակով մեկ անգամ հարվածելու և դրա հետևանքով վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող, ծակած-կտրած թափանցող վերքի` ձախ թոքի վնասումով ծանր վնաս պատճառելու համար (տե՛ս սույն որոշման 1-ին և 5-րդ կետերը):
Առաջին ատյանի դատարանն ապացուցված չի համարել Մայիս Սաֆարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումը և գտել է, որ ամբաստանյալի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին` հաստատված համարելով տուժող Հայկ Վասիլյանի կողմից կռվի նախահարձակը լինելու, ամբաստանյալ Մայիս Սաֆարյանին ձեռքի զսպանակե մահակով հարվածելու և նրան ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքները: Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ ամբաստանյալը տուժողին դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս հակաիրավական գործողությունները կանխելու նպատակով` դրանով իսկ պաշտպանվելով իր առողջության նկատմամբ իրականացվող ինտենսիվ ոտնձգությունից` թույլ տալով անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):
Վերաքննիչ դատարանը նույնպես եզրահանգել է, որ գործում առկա ապացույցներով չի հաստատվում ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարումը, և օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` գտնելով, որ ամբաստանյալի արարքին ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):
17. Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի փաստերի հիման վրա արձանագրել, որ վկաներ Կարեն Բլբուլյանի և Արման Բաղդասարյանի ցուցմունքներում առկա չեն դեպքի բուն ընթացքին, մասնավորապես` ամբաստանյալ Մ.Սաֆարյանի և տուժող Հ.Վասիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանության բնույթին, մանրամասներին և, հատկապես, տուժողի կողմից մահակ ունենալուն կամ գործադրելուն վերաբերող տեղեկություններ (տե՛ս սույն որոշման 6.3-6.4-րդ կետերը):
Դեպքի բուն ընթացքին վերաբերող տեղեկություններ պարունակվում են միայն ամբաստանյալի, տուժողի, վկաներ Արմեն Պետրոսյանի և Սարգիս Հակոբյանի ցուցմունքներում (տե՛ս սույն որոշման 6-6.2-րդ, 6.6-րդ կետերը):
Տուժող Հայկ Վասիլյանի ձեռքին «երկաթյա մահակ» լինելու հանգամանքը ստորադաս դատարանները հաստատված են համարել հատկապես ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի ցուցմունքներով` պատշաճ գնահատման չենթարկելով այն իրողությունը, որ տուժող Հայկ Վասիլյանն իր թե՛ նախաքննական և թե՛ դատաքննական ցուցմունքներով հերքել է ամբաստանյալին մահակով հարվածներ հասցնելու հանգամանքը, իսկ վկա Արմեն Պետրոսյանը նշել է, որ որևէ մեկի ձեռքին որևէ իր չի նկատել (տե՛ս սույն որոշման 6.1-6.2-րդ կետերը):
Ավելին` Մայիս Սաֆարյանի ցուցմունքների արժանահավատությունը գնահատելիս ստորադաս դատարաններն ուշադրության չեն արժանացրել հանգամանքներն այն մասին, որ տուժող Հայկ Վասիլյանի կողմից գործադրված «մահակն» ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի կողմից տարբեր իրավիճակներում նկարագրվել է տարբերվող բնորոշումներով: Այսպես, 2013 թվականի նոյեմբերի 22-ի հարցաքննությամբ Մ.Սաֆարյանը հայտնել է Հ.Վասիլյանի կողմից «արծաթագույն, փայլուն մետաղե զսպանակ», 2014 թվականի ապրիլի 26-ի առերեսմամբ` «ինչ-որ սև բան», իսկ նույն թվականի ապրիլի 30-ի հարցաքննությամբ` «զսպանակե մահակ» գործադրելու մասին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ չնայած Մայիս Սաֆարյանն իր ցուցմունքներում վկայակոչել է նաև վաղ տարիքում ստացած գանգուղեղային վնասվածքի մասին, սակայն այդ փաստական տվյալի իրական լինելը դեռևս բավարար չէ տուժողի ձեռքին մահակ լինելու և դրանով ամբաստանյալի ձեռքին հարվածներ հասցնելու վերաբերյալ նրա հայտնած տվյալները հաստատված գնահատելու համար:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամբաստանյալ Մ.Սաֆարյանն առաջին իսկ ցուցմունքով հայտնել է տուժող Հ.Վասիլյանի կողմից «մահակ» գործադրելու մասին, ինչպես նաև այն պնդել է տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի հակառակ դրա` ինչպես տուժող Հ.Վասիլյանը, այնպես էլ վկա Արմեն Պետրոսյանը գործի քննության ամբողջ ընթացքում հաստատապես պնդել են տուժող Հ.Վասիլյանի ձեռքին մահակի բացակայության հանգամանքը:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը հիմնազուրկ է գնահատում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, թե ամբաստանյալի ցուցմունքների արժանահավատությունը պայմանավորված է նրա առաջին իսկ ցուցմունքով տուժողի կողմից գործադրված «մահակի» մասին հայտնելու և այն տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում պնդելու հանգամանքներով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է, թե Վերաքննիչ դատարանը ամբաստանյալի ցուցմունքն արժանահավատ գնահատելիս ինչու է կարևորել նրա կողմից նախկինում ստացած գանգուղեղային վնասվածքի հետևանքով որոշակի հիվանդություններով տառապելու հանգամանքը:
Ավելին` դատաբժշկական փորձագետի` 2013 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 3924 եզրակացության համաձայն` Մ.Սաֆարյանի մոտ, փորձաքննության պահին, մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել (տե՛ս սույն որոշման 6.5-րդ կետը):
Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում դատաբժշկական փորձագետի եզրակացության գնահատման կապակցությամբ Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված հանգամանքներն առ այն, որ «Վերաքննիչ դատարանի դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը, առարկելով մեղադրողի վերաքննիչ բողոքի դեմ, հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 21-ին, և ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը գտնվել է ձմեռային հագուստներով, որի պատճառով էլ տուժողի հարվածներից Մայիս Սաֆարյանը ձեռքի շրջանում տեսանելի մարմնական վնասվածքներ չի ստացել: Միաժամանակ, դատաքննության ընթացքում առարկելով փորձագետի եզրակացության դեմ` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանը հայտնեց, որ փորձաքննության ընթացքում իր մարմնի և ձեռքերի զննումը կատարվել է հագուստով և կրել է ձևական բնույթ» (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, բացառապես վկայակոչելով պաշտպանական կողմի փաստարկները, որևէ հիմնավորում չի նշել դրանք գործի նյութերում առկա համապատասխան տվյալներով հաստատված լինելու մասին:
17.1. Անդրադառնալով վկա Սարգիս Հակոբյանի ցուցմունքներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Հակոբյանի ցուցմունքի գնահատելիս քննարկման առարկա չեն դարձրել.
- նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննված Սամվել Հակոբյանի որդու` Վահրամ Հակոբյանի ցուցմունքը, որով վերջինս հերքել է «02» հաղորդաշարը նայելու և Մայիս Սաֆարյանի ու Հայկ Վասիլյանի միջև տեղի ունեցած վիճաբանությունը հոր հետ քննարկելու հանգամանքը: Վկա Վահրամ Հակոբյանը խնդրել է չընդունել Սամվել Հակոբյանի կողմից տրված ցուցմունքները` նրա մոտ առողջական խնդիրների (հիշողության և տեսողության հետ կապված), ինչպես նաև հոգեկան անհավասարակշիռ վիճակի, ուժեղ երևակայության և հաճախակի հորինվածքներ ներկայացնելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 6.7-րդ կետը),
- բժիշկ-նյարդաբանի կողմից տրված «Էտապային էպիկրիզ»-ը, որի համաձայն` վկա Սամվել Հակոբյանի մոտ ախտորոշվել են կայուն մնացորդային երևույթներ կրած գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից ձախ հետին ուղեղային զարկերակի ավազանում, աջակողմ հոմոնիմ հեմիանոպսիա և ասթենո-դեպրեսիվ սինդրոմ (տե՛ս սույն որոշման 6.8-րդ կետը),
- իր կողմից տրված ցուցմունքներում Ս.Հակոբյանը հայտնել է, որ ճանաչում է Մ.Սաֆարյանի հորը և նրա առաջարկով է եկել ցուցմունք տալու, ինչպես նաև վատառողջ է, ունի հիշողության հետ կապված խնդիրներ, տեսածը և լսածը շուտ է մոռանում (տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը),
- ցուցմունքներ տալիս օգտվել է գրառումներից (տե՛ս սույն որոշման 6.6-րդ կետը):
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկա Սամվել Հակոբյանի շահագրգռվածության, մասնավորապես` ամբաստանյալ Մայիս Սաֆարյանի հոր ծանոթը լինելու մասին հենց իր կողմից հայտնած տեղեկությունները, ինչպես նաև նրա կողմից հանգամանքներն ընկալելու, մտապահելու և վերարտադրելու դժվարությունների ու վատ տեսողության վերաբերյալ ինչպես իր, այնպես էլ իր որդու ցուցմունքներում, բժիշկ-նյարդաբանի ախտորոշումներում պարունակվող տվյալները կասկածի տակ են դնում Սամվել Հակոբյանի ցուցմունքների արժանահավատությունը:
18. Սույն որոշման 16-17.1-րդ կետերում կատարված փաստական վերլուծության նկատմամբ կիրառելով 13-15-րդ կետերում շարադրված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողի նախահարձակ լինելու և ամբաստանյալին մահակով հարվածներ հասցնելու` ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստերը արժանահավատության տեսանկյունից կասկած են հարուցում: Այլ խոսքով` ստորադաս դատարանների կողմից պատշաճ չի հիմնավորվել սույն գործով ապացուցման առարկան կազմող այնպիսի էական հանգամանք, ինչպիսին է տուժող Հ.Վասիլյանի կողմից ամբաստանյալի նկատմամբ հանրորեն վտանգավոր ոտնձգություն կատարելը: Այսինքն` չի հիմնավորվել, որ ամբաստանյալն իրեն մեղսագրվող արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, որպիսի հանգամանքը բացառում է նրա արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ հանցագործություն որակելու հնարավորությունը:
Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Սաֆարյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, Մ.Սաֆարյանի արարքը վերաորակելով որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնասի պատճառում, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ, 116-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի խախտում, որոնք հանգեցրել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մայիս Լևոնի Սաֆարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ս. Օհանյան |