Գլխավոր տեղեկություն
Համար
N 1554-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (24.05.2016-09.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.29
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1554-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1072-Ն, լրաց. 19.11.15 N 1349-Ն)

 

Հիմք ընդունելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ե» ենթակետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կառուցվածքը` համաձայն N 6 հավելվածի.

6.1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 6.1 հավելվածի.

6.2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի կառուցվածքը` համաձայն N 6.2 հավելվածի.

7) (ենթակետն ուժը կորցրել է 25.09.14 N 1072-Ն)

8) (ենթակետն ուժը կորցրել է 25.09.14 N 1072-Ն)

(1-ին կետը փոփ. 25.09.14 N 1072-Ն, լրաց. 19.11.15 N 1349-Ն)

2. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1072-Ն, լրաց. 19.11.15 N 1349-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ.

2) եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշումից բխող համապատասխան իրավական ակտեր։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) հանրապետական գործադիր մարմին է, որը մշակում և իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` զինված ուժեր) զարգացման և մարտական պատրաստականության համար:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

5. Նախարարության համակարգը կազմված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարից (այսուհետ` նախարար), նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից և ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից (զինված ուժերի գլխավոր շտաբից), նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանումներից, նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

6. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովումը.

2) անհրաժեշտ կառուցվածքով և թվաքանակով, ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժերի զարգացման և բարձր մարտունակության ապահովումը.

3) պաշտպանական և ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման ապահովումը.

4) օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների և վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրումը, գնահատումն ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովումը.

5) ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովումը.

6) ռազմական ուսուցման և ռազմական գիտության զարգացման ապահովումը.

7) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը.

8) նախարարության համակարգում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

9) նախարարության համակարգում զինվորական և քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության իրականացման ապահովումը.

10) զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կամ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների հետաքննության իրականացման ապահովումը.

11) Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովումը.

12) օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1072-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Նախարարությունն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ (ներառյալ ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի կատարելագործումը) առաջարկությունների մշակում.

2) պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանի, պետական և զորահավաքային պահուստի նյութական արժեքների կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի մշակմանը մասնակցություն.

3) ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների մշակում.

4) ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման աշխատանքների կազմակերպում, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման, ընդունման ու կիրառման ապահովում.

5) իր լիազորությունների սահմաններում ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական ու ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների և գործընթացների, ռազմական սպառնալիքների ու վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրում և գնահատում, անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովում.

6) իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության բացահայտման ու կանխարգելման, ինչպես նաև միասնական հակաքարոզչական միջոցառումների իրականացում.

7) պաշտպանության բնագավառի ընթացիկ ու ծրագրավորվող գործունեության վերաբերյալ հասարակության տեղեկացվածության, պաշտպանական քաղաքականության թափանցիկության, բանակ-հասարակություն փոխվստահության ամրապնդման աշխատանքների համակարգում.

8) իր լիազորությունների սահմաններում` բնակչության հայրենասիրական դաստիարակության բարձրացման ծրագրերի ու միջոցառումների իրականացմանը մասնակցություն.

9) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ` հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կանոնադրության, ուսումնական ծրագրերի, մեթոդական և այլ փաստաթղթերի հաստատում, ռազմահայրենասիրական խաղերի և ռազմահայրենասիրական բնույթի այլ միջոցառումների անցկացման կազմակերպում.

10) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, ինչպես նաև կրթության զարգացման պետական ծրագրում ընդգրկման համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.

11) պարտադիր զինվորական ու այլընտրանքային ծառայությունների զորակոչերի և վարժական հավաքների անցկացման կազմակերպում և դրա նկատմամբ հսկողության իրականացում.

12) զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման և հավաքագրման ապահովում և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում.

13) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

14) զինված ուժերի համար սպառազինության և ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ գույքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության ու գնումների պատվիրում և ֆինանսավորում, ֆինանսական միջոցների ծախսման ու նյութատեխնիկական միջոցների և ունեցվածքի օգտագործման նկատմամբ հսկողության իրականացում.

15) զինված ուժերում պաշտպանության բնագավառի օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև այլ իրավական ակտերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանների կատարման ապահովում.

16) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող պահեստազորայինների` օրենքով սահմանված կարգով ամրագրում.

17) զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիներին ծանուցելու, հավաքակայան կամ զորամասեր տեղափոխելու, զորահավաքային պլանի համաձայն` շենքեր, կառույցներ և հողամասեր, հաղորդակցության, տրանսպորտային և այլ նյութական միջոցներ տրամադրելու աշխատանքների կազմակերպում.

18) քաղաքացիական պաշտպանության ընթացքում նախարարության համակարգի աշխատողների պաշտպանության և նախարարության համակարգի կազմակերպությունների կայուն գործունեության կազմակերպում.

19) զինված ուժերի անձնակազմի կադրային քաղաքականության մշակում և իրականացում, իր իրավասության սահմաններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովում.

20) պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակում.

21) ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության կազմակերպում.

22) ռազմաքաղաքական ու պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպում և ապահովում.

23) ռազմական ուսուցման ու ռազմական գիտության զարգացման գործընթացների կազմակերպում և իրականացնում.

24) զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելում, կանխում և խափանում, ինչպես նաև զորամասի տարածքում կամ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների հետաքննության իրականացում.

25) այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունների իրականացում:

(7-րդ կետը փոփ. 25.09.14 N 1072-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում Է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

9. Նախարարն ունի առաջին տեղակալ և տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

10. Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանարապետության միջազգային պայմանագրերով:

11. Նախարարն ապահովում է նախարարության խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու է պաշտպանության բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին հաստատման է ներկայացնում զինված ուժերի կառուցվածքը.

2) Հայաստանի Հանրապետության Նախագահին հաստատման է ներկայացնում զինված ուժերի զարգացման, ծավալման, զորահավաքային, կիրառման պլանները, պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքի օպերատիվ սարքավորման, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության, զինված ուժերի գլխավոր շտաբի և նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զինված ուժերի հաստիքների թվաքանակը, զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերը, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը.

5) հաստատում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների թիվը.

6) յուրաքանչյուր հերթական զորակոչի ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն այլընտրանքային աշխատանքային ծառայողների ծառայության կոնկրետ վայրերի և թվի վերաբերյալ.

7) հաստատում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական ու նախարարության պատվերով բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարված զինծառայողների ուսման ծախսերի փոխհատուցման մասին հրահանգը, նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կանոնադրությունները, նախարարության պատվերով համապատասխան բժշկական ուսումնական հաստատությունների օրդինատուրա ընդունվելու կարգը, նախարարության համակարգի զինծառայողների կողմից վարձակալված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգն ու կազմը, նախարարին կից կոլեգիայի կազմը.

8) հաստատում է զինվորական հաշվառումը վարելու մասին հրահանգը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացման, զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգերը.

9) հաստատում է նախարարության աշխատակազմի, նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների, զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքները և գույքի կազմը.

10) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, օգնականներին, մամուլի քարտուղարին ու ռեֆերենտին, ինչպես նաև իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի զինծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և այլ անձանց, շնորհում զինվորական կոչումներ և քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ, կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ:

(13-րդ կետը փոփ. 31.03.16 N 337-Ն)

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը:

15. Նախարարի տեղակալը (առաջին տեղակալը)`

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմիններին տալիս է ցուցումներ, հանձնարարականներ և առաջադրանքներ, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ.

3) նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.

4) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

6) նախարարին և նախարարության համակարգի մարմինների ղեկավարներին ներկայացնում է

առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.

7) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ, իրականացնում օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար, օգնականներ և ռեֆերենտներ, որոնց միջև սահմանում է աշխատանքի բաշխումը:

17. Նախարարի խորհրդականները`

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին են ներկայացնում իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր և առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ առաջարկություններ.

3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը.

4) նախարարի հանձնարարությամբ` մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) նախարարի որոշմամբ` կարող են ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) նախարարի հանձնարարությամբ` հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

18. Նախարարի մամուլի քարտուղարը`

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

19. Նախարարի օգնականները`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում են նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում են նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության համակարգի մարմինների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին են ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում են նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

20. Նախարարի ռեֆերենտները`

1) նախապատրաստում են նախարարի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.

2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.

3) կատարում են նախարարի և համապատասխան օգնականի առանձին հանձնարարականները:

21. Նախարարի ռեֆերենտների գործունեության ուղղությունները որոշում է նախարարը:

22. Նախարարի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս` նախարարի խորհրդականները, նախարարի մամուլի քարտուղարը, նախարարի օգնականները և նախարարի ռեֆերենտները համագործակցում են միմյանց, նախարարության համակարգի մարմինների ղեկավարների հետ:

23. Նախարարության առջև դրված գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով` նախարարի հրամանով կարող է ստեղծվել նախարարին կից կոլեգիա (այսուհետ` կոլեգիա): Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որը`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(23-րդ կետը փոփ. 31.03.16 N 337-Ն)

24. Կոլեգիայի կազմը բաղկացած է կոլեգիայի նախագահից և անդամներից: Կոլեգիայի նախագահը նախարարն է: Կոլեգիայի անդամներն են նախարարի տեղակալները և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Կոլեգիայի նախագահի և անդամների համաձայնությամբ` կոլեգիայի կազմում կարող են ընդգրկվել նաև նախարարության և պետական մարմինների այլ պաշտոնատար անձինք:

(24-րդ կետը փոփ. 31.03.16 N 337-Ն)

25. Կոլեգիան իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում կոլեգիայի արտահերթ նիստ կարող է գումարվել կոլեգիայի նախագահի կամ անդամների պարզ մեծամասնության նախաձեռնությամբ:

26. Կոլեգիայի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է կոլեգիայի կազմում ընդգրկված անձանց կեսից ավելին:

27. Կոլեգիայի նիստը վարում է կոլեգիայի նախագահը:

28. Կոլեգիայի նիստն անցկացվում է կոլեգիայի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Կոլեգիայի նիստերն արձանագրվում են կոլեգիայի քարտուղարի կամ նրա ներկայացուցչի միջոցով:

29. Կոլեգիայի նիստին մշտապես մասնակցում է կոլեգիայի քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը: Կոլեգիայի նիստին մասնակցելու համար կարող են հրավիրվել կոլեգիայի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նախարարության աշխատողները, ինչպես նաև, կոլեգիայի նախագահի ու անդամների համաձայնությամբ, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Կոլեգիան, բաց քվեարկությամբ և ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ: Կոլեգիայի որոշումների հիման վրա` կոլեգիայի նախագահի կողմից կարող են տրվել հրամաններ և ցուցումներ:

29.1. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները՝ նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(29.1-ին կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

30. Նախարարության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից նախարարության կնքած գործարքներով ձեռք բերված և նախարարության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

31. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության գույքը:

32. Նախարարությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իր գույքը:

33. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ: Նախարարությունն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

34. Նախարարությունը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով: Նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում հատուցելի պայմանագրերի կնքումը չի համարվում նախարարության ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործառնություններից եկամուտներն անմիջականորեն չեն օգտագործվում նախարարության պահպանման կարիքների համար:

35. Նախարարության պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

36. Նախարարության գլխավոր ֆինանսիստը`

1) պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության ֆինանսական, բյուջետային, հարկային, մաքսային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը ժամանակին կազմելու համար.

2) ապահովում է նախարարության հաշվապահական հաշվառման կազմակերպումն ու վարումը, բյուջետային միջոցների ծախսերի կատարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնելը.

3) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

4) միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

5) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները:

37. Նախարարության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

39. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

40. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

41. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

42. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատում է նախարարը:

43. Նախարարության աշխատակազմն աջակցում է նախարարության աշխատակազմից դուրս` կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:

44. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

45. Նախարարության աշխատակազմը վերակազմակերպվում և լուծարվում է օրենքով սահմանված կարգով:

46. Նախարարության աշխատակազմի անվանումն է` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

47. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

48. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ վերապահված իր իրավասությունների սահմաններում:

49. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

50. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և նախարարի հրամաններով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և նախարարի հրամանների, սույն կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

51. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաներում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.

6) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

7) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

8) իր իրավասության սահմաններում նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները.

9) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

10) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1072-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ

 

Քարտուղարություն

Վերահսկիչ վարչություն

Վարչատնտեսական վարչություն

Տեղեկատու վերլուծական բաժին

Կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժին

Ներքին անվտանգության բաժին

Զինանշանագրային բաժին

 

II. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս` առանձնացված ստորաբաժանումներ

 

Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ

Ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե

 

III. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից

դուրս` կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Պաշտպանական քաղաքականության վարչություն

Ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչություն

Կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչություն

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կադրերի և ռազմական կրթության վարչություն

Իրավաբանական վարչություն

Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն

Ներքին աուդիտի վարչություն

 

IV. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ

 

(հավելվածը փոփ., լրաց. 19.04.12 N 552-Ն, փոփ. 25.09.14 N 1072-Ն, լրաց., փոփ. 19.11.15 N 1349-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը (այսուհետ` գլխավոր շտաբ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պաշտպանության` իրեն հանձնարարված բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` զինված ուժեր) զինվորական կառավարման կենտրոնական մարմինն է, որն անմիջականորեն պատասխանատու է զինված ուժերի գործառույթների իրականացման համար:

3. Գլխավոր շտաբի լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գլխավոր շտաբն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գլխավոր շտաբն ապահովում է օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը և մասնակցում քաղաքացիական իրավահարաբերություններին։

6. Գլխավոր շտաբն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ հայերեն և այլ լեզուներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Գլխավոր շտաբն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

8. Գլխավոր շտաբն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։

9. Գլխավոր շտաբը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Գլխավոր շտաբի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

10. Գլխավոր շտաբն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Գլխավոր շտաբի պահպանման կարիքների համար, ինչպես նաև գլխավոր շտաբի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

11. Գլխավոր շտաբի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

12. Գլխավոր շտաբի անվանումն է` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբ: Գլխավոր շտաբի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

13. Գլխավոր շտաբի համակարգը կազմված է գլխավոր շտաբի պետից, գլխավոր շտաբի պետի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից և օգնականներից, տարածքային և այլ ստորաբաժանումներից, ինչպես նաև գլխավոր շտաբի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

14. Գլխավոր շտաբի նպատակները և խնդիրներն են`

1) ազգային անվտանգության հիմնարար արժեքների պաշտպանությունը.

2) ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը.

3) զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային բարձր պատրաստականության ապահովումը.

4) զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական բարձր մակարդակի և հայրենասիրական դաստիարակության ապահովումը.

5) զինված ուժերում զինվորական կարգապահության ամրապնդումը.

6) պաշտպանական ոլորտում գիտական, գյուտարարական և նորարարական գործընթացների զարգացման ապահովումը.

7) զինված ուժերում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.

8) զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովումը.

9) զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը.

10) օրենքներով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

15. Գլխավոր շտաբն իր նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների վերաբերյալ (ներառյալ ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինը) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առաջարկություններ ներկայացնելը.

2) զինված ուժերի զարգացման, ծավալման, կիրառման, տարածքի օպերատիվ սարքավորման, զորահավաքային պլանների, ռազմաարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի, զինված ուժերի կառուցվածքի, հաստիքների թվաքանակի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացնելը.

3) զինվորական հաշվառման, նախազորակոչային պատրաստության կարգերի, զինվորական հաշվառումը վարելու մասին հրահանգի, ինչպես նաև զինվորական հաշվառման մասնագիտությունների, ամրագրման ենթակա մասնագիտությունների և պաշտոնների ցանկերի մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացնելը.

4) քաղաքացիական պաշտպանության պլանների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին ներկայացնելը.

5) զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական ծավալման կազմակերպում.

6) զինված ուժերի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության համար պատասխանատվություն.

7) զինված ուժերը զորահավաքային ծավալման ռազմական տեխնիկայով, սպառազինությամբ և այլ նյութական միջոցներով ընթացիկ ու հեռանկարային պլանավորման, ինչպես նաև խաղաղ ժամանակ այդ միջոցների կուտակման, պահպանման և տեղաբաշխման ապահովում.

8) պաշտպանական ոլորտի կազմակերպություններում գիտական, գյուտարարական և նորարարական աշխատանքների իրականացման ղեկավարում.

9) զինված ուժերի անձնակազմի զինվորական կարգապահության, ֆիզիկական պատրաստության, բարոյահոգեբանական բարձր մակարդակի և հայրենասիրական դաստիարակության ապահովում.

10) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և վարժական հավաքների անցկացում, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսների հաշվառում և հավաքագրում.

11) քաղաքացիների զինվորական ծառայության նախապատրաստության իրականացում և զինվորական հաշվառում.

12) պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով ռազմական հետախուզական գործունեության կազմակերպում և իրականացում.

13) խաղաղ ժամանակ զինված ուժերի կապի և տեղեկատվության համակարգի գործունեության կազմակերպում, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ դրա կիրառման պլանավորում, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ կապի և տեղեկատվության ամբողջ համակարգի ղեկավարում.

14) զինված ուժերի թիկունքային, բժշկական ու տեխնիկական ապահովման կազմակերպում.

15) այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների օպերատիվ ու զորահավաքային պատրաստության համակարգում, դրանց զորահավաքային պատրաստականության վերահսկում.

16) նախարարության ծախսային ծրագրերի, զինված ուժերի կադրային քաղաքականության մշակմանը և իր լիազորությունների սահմաններում դրանց իրականացմանը մասնակցություն.

17) ռազմագիտական և ռազմակրթական ծրագրերի մշակմանը մասնակցություն.

18) իր իրավասության սահմաններում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ապահովում.

19) պաշտպանության և անվտանգության ամրապնդման, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, ապահովման, ինչպես նաև սույն օրենքով, զինված ուժերի կանոնագրքերով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորությունների իրականացում:

(15-րդ կետը լրաց. 30.04.14 N 470-Ն)

 

III. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Գլխավոր շտաբը կառավարում է գլխավոր շտաբի պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

17. Գլխավոր շտաբի պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

18. Գլխավոր շտաբի պետն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով, ապահովում է գլխավոր շտաբի խնդիրներից բխող գործառույթների իրականացումը և պատասխանատու է պաշտպանության` իրեն հանձնարարված բնագավառում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

19. Գլխավոր շտաբի պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

20. Գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է:

21. Գլխավոր շտաբի պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

22. Գլխավոր շտաբի պետը`

1) ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ գլխավոր շտաբի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր շտաբի համակարգի զինվորական, քաղաքացիական և այլ ծառայողներին (աշխատողներին), շնորհում է զինվորական կոչումներ, ինչպես նաև իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) գլխավոր շտաբի համակարգի զինծառայողներին օրենքով սահմանված կարգով ներկայացնում է պետական պարգևներով պարգևատրման ու պատվավոր կոչումների, գերատեսչական մեդալների շնորհման.

6) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների, գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև գլխավոր շտաբի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, որոշումները, հանձնարարությունները, կարգադրությունները և ցուցումները.

8) լսում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանն է ներկայացնում գլխավոր շտաբի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

9) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին է ներկայացնում գլխավոր շտաբի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը.

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանն է ներկայացնում գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները, կառուցվածքը և գույքի կազմը.

11) իրականացնում է հսկողություն գլխավոր շտաբին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) կարող է կազմավորել հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր.

13) օրենքով սահմանված կարգով համալրում է գլխավոր շտաբի անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

14) իրականացնում է օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

23. Գլխավոր շտաբի պետի բացակայության դեպքում, նրա ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարում է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը:

24. Գլխավոր շտաբի պետի տեղակալը (առաջին տեղակալը)`

1) համակարգում է գլխավոր շտաբի աշխատանքները` գլխավոր շտաբին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` իր լիազորությունների սահմաններում համակարգում է գլխավոր շտաբի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) գլխավոր շտաբի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում գլխավոր շտաբի համակարգի մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) գլխավոր շտաբի պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` իրականացնում է գլխավոր շտաբի պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

6) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում գլխավոր շտաբի պետին.

7) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների հետ.

8) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զինված ուժերում օրենքով սահմանված համապատասխան ծրագրերի, պլանների մշակման և իրականացման աշխատանքները.

9) գլխավոր շտաբի պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

10) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

25. Գլխավոր շտաբի պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է աշխատանքի բաշխումը:

26. Գլխավոր շտաբի պետի խորհրդականները`

1) համաձայնեցնելով գլխավոր շտաբի պետի հետ` կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար գլխավոր շտաբի պետին են ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ առաջարկություններ.

3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը.

4) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրենց հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

5) գլխավոր շտաբի պետի որոշմամբ` կարող են ղեկավարել գլխավոր շտաբի պետին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

6) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված հարցերի քննարկումներ.

7) կատարում են գլխավոր շտաբի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

27. Գլխավոր շտաբի պետի մամուլի քարտուղարը`

1) գլխավոր շտաբի պետի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում գլխավոր շտաբի պետին և նրա հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է գլխավոր շտաբի պետի հարցազրույցները, ասուլիսներն ու հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) գլխավոր շտաբի պետի հանձնարարությամբ` հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է գլխավոր շտաբի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

28. Գլխավոր շտաբի պետի օգնականը`

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում գլխավոր շտաբի պետին.

2) համաձայնեցնելով գլխավոր շտաբի պետի հետ` կազմակերպում է գլխավոր շտաբի պետի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում գլխավոր շտաբի պետին.

3) կազմակերպում է գլխավոր շտաբի պետի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` գլխավոր շտաբի պետի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և գլխավոր շտաբի պետին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է գլխավոր շտաբի պետի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

IV. ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

29. Գլխավոր շտաբի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախարարությանը հանձնված (ամրացված) գույքից:

30. Գլխավոր շտաբն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու և տիրապետելու իր գույքը:

31. Գլխավոր շտաբի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, գլխավոր շտաբի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

(հավելվածը լրաց. 30.04.14 N 470-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ

 

Վարչական ապարատ

Օպերատիվ վարչություն

Ռազմավարական պլանավորման վարչություն

Մարտական պատրաստության վարչություն

Կազմզորահավաքային վարչություն

Հետախուզության վարչություն

Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն

Հրթիռային զորքերի և հրետանու վարչություն

Հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն

Ավիացիայի վարչություն

Ինժեներական զորքերի վարչություն

Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատ

Անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչություն

Թիկունքի վարչություն

Սպառազինության վարչություն

Ռազմաբժշկական վարչություն

Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության

ապահովման վարչություն

Ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչություն

Կադրերի վարչություն

Ֆինանսական վարչություն

Ռադիոէլեկտրոնային պայքարի բաժին

Ռազմատեղագրական բաժին

Ութերորդ բաժին

Ռազմական հաղորդակցությունների բաժին

Ստանդարտացման և չափագիտական բաժին

Ռազմանվագախմբային բաժին

Ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժին

 

(հավելվածը փոփ. 19.04.12 N 552-Ն, լրաց. 30.04.14 N 470-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը (այսուհետ` դեպարտամենտ) նախարարության աշխատակազմից դուրս առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ` զինված ուժեր) նյութատեխնիկական ապահովման, նախարարության գնումների գործընթացի կազմակերպման ու վերահսկողության գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 13.02.14 N 132-Ն)

2. Դեպարտամենտն ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Դեպարտամենտը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Դեպարտամենտի լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Դեպարտամենտն իր գործունեությունն իրականացնում է օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Դեպարտամենտն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Դեպարտամենտն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու այլ լեզուներով, անվամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Դեպարտամենտի նպատակներն են`

1) զինված ուժերի մարտունակությունն ապահովող անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների և այլ գույքի կենտրոնացված մատակարարումը.

2) ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար աշխատանքների, ապրանքների և ծառայությունների գնման գործընթացի կազմակերպումը:

(7-րդ կետը խմբ. 13.02.14 N 132-Ն)

8. Դեպարտամենտի խնդիրներն են`

1) զինված ուժերը ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովելը.

2) զինված ուժերը կենսագործունեության համար անհրաժեշտ պարենային, իրային և վառելիքաքսուքային միջոցներով ու դրանց օգտագործման և պահպանման համար տեխնիկական սարքավորումներով ապահովման կազմակերպումը.

3) սպառազինության և ռազմական տեխնիկայի հեռանկարային զարգացման ապահովումը.

4) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

5) սպառազինության և ռազմական տեխնիկայի ու դրանց առանձին հանգույցների և սարքավորումների վերականգնման ու արդիականացման աշխատանքների իրականացումը:

(8-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 13.02.14 N 132-Ն)

 

III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Դեպարտամենտն իր նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

2) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի, ինչպես նաև նյութական պաշարների արտադրության և գնումների կազմակերպումը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

4) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

5) նախարարի հանձնարարությամբ ռազմատեխնիկական ոլորտում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը, օրենքով սահմանված կարգով պաշտպանության ոլորտի ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական պայմանագրերի կնքումը.

6) իր իրավասության սահմաններում քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցելը.

7) սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրերի մշակմանը մասնակցելը.

8) դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները մշակելը.

9) նախարարության նյութատեխնիկական ապահովման տարեկան գնման պլանի մշակման աշխատանքներին մասնակցելը.

10) ռազմական տեխնիկայի, սպառազինության և այլ նյութական միջոցների կուտակման կազմակերպումը և ապահովումը.

11) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

12) օրենքով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

(9-րդ կետը փոփ. 13.02.14 N 132-Ն)

 

IV. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Դեպարտամենտի կառավարումն իրականացնում է նախարարը: Դեպարտամենտի անմիջական կառավարումն իրականացնում է դեպարտամենտի պետը:

11. Դեպարտամենտի պետը նախարարի տեղակալն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

12. Դեպարտամենտի պետն իր գործունության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

13. Դեպարտամենտի պետը պատասխանատու է դեպարտամենտի առջև դրված խնդիրները լուծելու, ինչպես նաև զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, դրանց` օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

14. Դեպարտամենտի պետը հաշվետու է նախարարին:

15. Դեպարտամենտի պետը`

1) ապահովում է դեպարտամենտի նպատակներից և խնդիրներից բխող գործառույթների իրականացումը.

2) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

3) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում պաշտպանության ոլորտի զարգացմանը և կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի վերանայման վերաբերյալ.

5) իր իրավասության սահմաններում նախարարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում պաշտպանության ծախսերի, նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի, դրանց հաշվառման և հաշվետվության վերաբերյալ.

6) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

7) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.

9) (ենթակետն ուժը կորցրել է 13.02.14 N 132-Ն)

10) ապահովում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների նկատմամբ վերահսկողությունը, արդյունքների մասին զեկուցում նախարարին.

11) նախարարին առաջարկություններ է ներկայացնում դեպարտամենտի քաղաքացիական հատուկ ծառայության և այլ պաշտոններում պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ.

12) իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

13) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:

(15-րդ կետը փոփ. 13.02.14 N 132-Ն)

16. Դեպարտամենտի պետն ունի տեղակալ, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը: Դեպարտամենտի պետի տեղակալը, դեպարտամենտի պետի բացակայության դեպքում և նրա հանձնարարությամբ, կատարում է դեպարտամենտի պետի պարտականությունները:

 

V. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ դեպարտամենտին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացմանն աջակցում են նախարարության աշխատակազմը, նախարարության աշխատակազմից դուրս առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբը:

18. Դեպարտամենտն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Դեպարտամենտի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 13.02.14 N 132-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

 

Վարչական ապարատ

Տեխնիկական ապահովման վարչություն

Թիկունքային ապահովման վարչություն

Գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն

Ֆինանսական վարչություն

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1072-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Հավելված N 6.1
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) ռազմարդյունաբերության պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) նախարարության աշխատակազմից դուրս՝ առանձնացված ստորաբաժանում է:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

3. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է «Պաշտպանության մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

4. Կոմիտեն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից՝ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, կոմիտեի հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվ:

7. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտե, հայերեն կրճատ` ՀՀ ՊՆ ՌԱՊԿ.

2) ռուսերեն լրիվ` Государственный Военно-Промышленный Комитет Министерства Обороны РА, ռուսերեն կրճատ` ГВПК МО РА.

3) անգլերեն լրիվ` State Military Industrial Committee of Ministry of Defence of the Republic of Armenia, անգլերեն կրճատ` SMIC MD RA:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:

9. Կոմիտեի համակարգը կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից, կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

10. Կոմիտեի նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունից բխող միջոցառումների մշակումը և իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) կազմակերպությունների, սպառազինության և ռազմական տեխնիկայի ու ռազմատեխնիկական ունեցվածքի զարգացման ծրագրերի իրականացման ապահովումը.

3) Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական քաղաքականության իրականացումը և ՌԱՀ-ի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը.

4) զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պահանջմունքների բավարարումը:

11. Կոմիտեի խնդիրներն են`

1) զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի և դրանց առանձին հանգույցների ու սարքավորումների վերականգնման և արդիականացման աշխատանքների, ինչպես նաև նոր նմուշների մշակման ու արտադրության կազմակերպումը.

2) ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի հսկման կառավարման համակարգի ներդրումը.

3) ՌԱՀ-ի կազմակերպությունների միջոցով զինված ուժերին ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով ապահովումը.

4) ռազմարդյունաբերական ոլորտում միջազգային համագործակցության ապահովումը.

5) ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտական և գիտատեխնիկական մշակումներին նպաստելը.

6) ՌԱՀ-ի կադրերի պատրաստման պետական ծրագրերի մշակման և համապատասխան պետական պատվերների ձևավորման աշխատանքների կազմակերպումը.

7) նախարարության կառավարմանը վերապահված՝ 50 տոկոս և ավելի պետական բաժնեմաս ունեցող՝ ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ընդգրկված ընկերությունների կառավարման իրականացումը.

8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կազմակերպումը.

9) զինված ուժերի սպառազինման ծրագրերի իրականացման ֆինանսական և տեխնոլոգիական ռիսկերի գնահատման համակարգի մշակման աշխատանքների իրականացումը.

10) ՌԱՀ-ի միասնական տեղեկատվավերլուծական համակարգի մշակման, ներդրման աշխատանքների կազմակերպումը.

11) ռազմական դրության պայմաններում զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային առաջադրանքների կատարումը.

12) պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովումը:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

12. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակմանը մասնակցություն.

2) իր իրավասության սահմաններում սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի զարգացման ու պահպանման, ռազմարդյունաբերության, ռազմատեխնիկական համագործակցության նախագծերի մշակում և իրականացում, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին պետական աջակցության ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցություն.

3) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական բազայի ստեղծում.

4) սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ու նորոգման համար արտադրական հզորությունների ստեղծմանն ուղղված պետական ներդրումների միջոցառումների մշակում և իրականացում.

5) սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման ու հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով՝ սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման ներկայացնելը.

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամփոփ ցուցակի մշակման և վարման` քարտագրման համակարգի ներդրման, ինչպես նաև ՌԱՀ-ի ամփոփ ցուցակում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների գրանցման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով՝ սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման ներկայացնելը.

7) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդների, դրանց կիրառման մեխանիզմների ու ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով՝ սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման ներկայացնելը.

8) պատվիրատուի ներկայացուցչության (ներկայացուցչի) կողմից ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի նախագծի մշակում և նախարարության միջոցով՝ սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման ներկայացնելը.

9) ՌԱՀ-ում ռազմական պատվերի կատարման որակի կառավարման համակարգի (ռացիոնալ կառուցվածքի ու կազմի ձևավորում) ներդրում և իրականացում.

10) զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային առաջադրանքների մշակումներին մասնակցություն.

11) պետական պահուստում կուտակման ենթակա` ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքների ցանկի և վարման կարգի նախագծի մշակում.

12) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական և արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման ու վարման կարգի նախագծի մշակում.

13) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների տակտիկատեխնիկական պահանջների, տեխնիկական առաջադրանքների ելակետային տվյալների և մեթոդական-նորմատիվային փաստաթղթերի ստեղծման աշխատանքներին մասնակցություն.

14) ՌԱՀ-ին առնչվող հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական ծրագրերի պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության կազմակերպման աշխատանքներին մասնակցություն.

15) նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների կազմակերպում.

16) հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների, փորձանմուշների, ներհանրապետական արտադրանքի տեսականու մասին տեղեկությունների և տեխնիկական փաստաթղթերի հավաքում ու հաշվառում.

17) պաշտպանական պատվերի և օգտահանման աշխատանքների գնագոյացման և շահութաբերությունը խթանող միջոցառումների իրականացում.

18) Հայաստանի Հանրապետությունում առկա՝ ռազմարդյունաբերությանն առնչվող տեխնոլոգիաների հաշվառում և համապատասխան բազայի ստեղծում ու վարում.

19) ՌԱՀ-ի ինժեներատեխնիկական, գիտատեխնիկական և միջին մասնագիտության մասնագետների պատրաստման ծրագրերի միջոցառումների իրականացում.

20) նախարարության համակարգում միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացման նախագծերի մշակմանը մասնակցություն.

21) ՌԱՀ-ի գործունեությունը կարգավորող ու համակարգող կարգերի նախագծերի մշակում և նախարարության միջոցով՝ սահմանված կարգով դրանք Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ հաստատման ներկայացնելը.

22) մարտական զենքի արտադրության համար լիցենզիա տրամադրող լիազոր մարմնի գործառույթի, ինչպես նաև տրամադրվող լիցենզիայի պայմանների նկատմամբ հսկողության իրականացում.

23) կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների մշակում:

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Կոմիտեի կառավարումն իրականացնում է նախարարը: Կոմիտեի ղեկավարումն իրականացնում է կոմիտեի նախագահը:

14. Կոմիտեի նախագահին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:

(14-րդ կետը փոփ. 12.05.16 N 476-Ն)

15. Կոմիտեի նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

16. Կոմիտեի նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:

17. Կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի գործունեությունը, պատասխանատու է կոմիտեին առաջադրված խնդիրների ու գործառույթների պատշաճ իրականացման, իրեն վերապահված ոլորտներում տիրող իրավիճակի և դրանց հեռանկարային զարգացման ապահովման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության ոլորտներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` սահմանված կարգով, նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ.

3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից.

4) համակարգում է իր պատասխանատվության ներքո գտնվող բնագավառներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը.

5) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

6) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի զինվորական, քաղաքացիական հատուկ ծառայության և այլ պաշտոններում պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման, զինվորական, քաղաքացիական հատուկ ծառայության հատուկ կոչումներ (դասային աստիճաններ) շնորհելու վերաբերյալ, իր իրավասության սահմաններում կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի կանոնադրությունում և կառուցվածքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

8) նախարարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները.

9) նախարարի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված գույքի նպատակային օգտագործման և պահպանության նկատմամբ.

11) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

18. Կոմիտեի նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

19. Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` նախարարի հանձնարարությամբ կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նրա տեղակալներից մեկը:

20. Կոմիտեի նախագահի տեղակալը`

1) համակարգում է կոմիտեի աշխատանքները` կոմիտեին վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` իր լիազորությունների սահմաններում համակարգում է կոմիտեի` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) կոմիտեի նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում ենթակա ստորաբաժանումներին ու մարմիններին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

4) կոմիտեի նախագահին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

5) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է կոմիտեի նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

6) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի և կոմիտեի նախագահի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում է կոմիտեի նախագահին.

7) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ.

8) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է օրենքով սահմանված համապատասխան ծրագրերի, պլանների մշակման և իրականացման աշխատանքները.

9) կոմիտեի նախագահին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

10) կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է այլ գործառույթներ:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Օրենքով և սույն կանոնադրությամբ կոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացմանն աջակցում են նախարարության աշխատակազմը, նախարարության աշխատակազմից դուրս՝ առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումները, ինչպես նաև զինված ուժերի գլխավոր շտաբը:

(հավելվածը լրաց. 19.11.15 N 1349-Ն, փոփ. 12.05.16 N 476-Ն)

 

Հավելված N 6.2
ՀՀ կառավարության 2008 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. Աշխատակազմ

2. Ռազմատեխնիկական բաժին

3. Արտադրության և վերանորոգման կազմակերպման բաժին

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման բաժին

5. Զինվորական ներկայացուցչության բաժին

6. Ռազմատեխնիկական համագործակցության, արտահանման և ներկրման կազմակերպման բաժին

7. Ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժին

8. Ֆինանսատնտեսագիտական բաժին

9. Օգտահանման բաժին:

(հավելվածը լրաց. 19.11.15 N 1349-Ն)

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 25.09.14 N 1072-Ն)

 

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1554-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 25.09.14 N 1072-Ն)