Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2016-17.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 397-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշման 3.1-ին և 3.2-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 15-րդ կետի 6-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 21-ի N 397-Ա որոշման

 

2016   Թ Վ Ա Կ Ա Ն Ի   Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ

ԲԱՐԵՓՈԽՄԱՆ

 

I. ՆԱԽԱԲԱՆ

 

1. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը, որպես գոյություն ունեցող ծախսային պարտավորություն, ամրագրված է Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) 2016 թվականի համար հաստատված ծախսային պարտավորությունների համատեքստում: Որակի ենթակառուցվածքի համակարգն էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա, քանի որ ոլորտի քաղաքական սկզբունքներից է առևտրում խոչընդոտների բացառումը:

2. Որակի ենթակառուցվածքի բարեփոխումն իրականացվելու է հինգ ուղղությամբ, մասնավորապես՝

1) տեխնիկական կանոնակարգման.

2) հավատարմագրման.

3) ստանդարտացման.

4) չափագիտության.

5) շուկայի վերահսկողության ուղղություններով:

3. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2015 թվականի ծրագրի շրջանակներում իրականացվել են՝

1) տեխնիկական կանոնակարգման շրջանակներում՝

ա. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգման ոլորտի ոչ պարենային արտադրանքի գործող 4 տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն, վերլուծություն և համադրում` հակասությունների բացահայտմամբ,

բ. 2 կլոր սեղանների կազմակերպում` պետական կառավարման, բիզնես միջավայրի և համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ,

գ. ԵԱՏՄ 4 ոչ պարենային արտադրանքի գործող տեխնիկական կանոնակարգերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ` բացահայտելով այն տեխնիկական կանոնակարգերը, որոնցում ներառված դրույթները պետք է գործեն այլ իրավական ակտում (անհրաժեշտության դեպքում),

դ. էտալոնային լաբորատորիա ինստիտուտի կայացում, ճանաչման կարգի և չափանիշների սահմանում,

ե. տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասնագետների ուսուցում՝ ԵԱՏՄ և ԵՄ միջազգային չափանիշներին համապատասխան` որակավորման և մասնագիտական զարգացման բարձրացմանն ուղղված դասընթացների, ուսուցողական այցերի, հանդիպումների և սեմինարների կազմակերպմամբ ԵԱՏՄ և ԵՄ երկրներում.

2) ստանդարտացման շրջանակներում՝

ա. ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների փորձաքննություն և Հայաստանի Հանրապետությունում դրանց գործարկման ապահովում,

բ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման բնագավառի կոմիտեների և ենթակոմիտեների նիստերին մասնակցություն,

գ. Ստանդարտների ազգային ինստիտուտի ՀԳՄ-ների գործունեության հաշվառման էլեկտրոնային բազայի ծրագրի մշակում և ներդրում,

դ. լաբորատոր կարողությունների զարգացում` լաբորատոր սարքերի համալրող արագամաշ սարքավորումների և փորձարկման ստանդարտ նմուշների ձեռքբերում.

3) չափագիտության շրջանակներում՝

ա. էտալոնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ,

բ. ելակետային չափման միջոցների տրամաչափարկում Բելառուսի պետական չափագիտության ինստիտուտում,

գ. միջազգային համագործակցության մասնակցություններ, գործուղում Մոսկվա` ԵԱՏՄ շրջանակներում,

դ. ելակետային չափման միջոցների ձեռքբերում, այդ թվում՝ ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիա, էտալոնային ավտոկշեռք, ջրատար, բենզատար և այլ մեքենաների տրամաչափարկման համար, ելակետային չափանոթների հավաքածու,

ե. ԵԱՏՄ 3 տեխնիկական կանոնակարգերի չափագիտական փորձաքննություն, որը չի իրականացվել` ԵԱՏՄ տեխնիկական կանոնանակարգերի մշակման ամենամյա ծրագրում Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկի բացակայության պատճառով.

4) շուկայի վերահսկողության շրջանակներում՝

ա. տեխնիկական միջոցներով ապահովում (թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռքբերում), որն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից 2015 թվականի սեպտեմբերի 10-ին հայտարարվել է մրցույթ` թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռքբերման համար: Մրցույթին մասնակից «Կոնցեռն Էներգոմաշ» ՓԲԸ-ի, «Իմփորթ Էյջնսի» ՍՊԸ-ի և «Հուան Յուան Էլ Թեքէնոլոջի» ՍՊԸ-ի մասնակիցները հրաժարվել են նվազեցնել ընկերությունների կողմից առաջարկվող գինը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ՊԸԱՊՁԲ-15/02 ծածկագրով պարզեցված ընթացակարգը հայտարարվել է չկայացած,

բ. ԵԱՏՄ օրենսդրության մոտարկման նպատակով վերահսկողությանն ուղղված ԵԱՏՄ ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերին համապատասխան ստուգաթերթերի նախապատրաստում,

գ. շուկայի վերահսկողության գործընթացում ընդգրկված տեսչական մարմնի համապատասխան մասնագետների ուսուցում` միջազգային չափանիշներին համապատասխան։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման համաձայն՝ լուծարվել է շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Ուստի «Շուկայի վերահսկողության համակարգի բարեփոխում և շուկայի վերահսկողության տեսչության կայացում» ծրագրի միջոցառումները չեն իրականացվել.

5) հավատարմագրման շրջանակներում իրականացվել են՝

ա. համակարգչային և թարգմանչական ծառայություններ (բացառությամբ իրավական ակտերի), այդ թվում՝ ՊՈԱԿ-ի կայքէջի սպասարկում և արդիականացում, ռեեստրների (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի կայքէջի և հավատարմագրման ոլորտին առնչվող փաստաթղթերի թարգմանություն,

բ. հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում՝ միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր,

գ. մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն։

4. Որակի բարեփոխման ծրագրի շրջանակներում 2016 թվականին նախատեսվում է իրականացնել`

1) տեխնիկական կանոնակարգման շրջանակներում՝

ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա համակարգը բարեփոխել «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված պահանջներին համապատասխան, Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի տեխնիկական խոչընդոտները (ԱՀԿ ԱՏԽ) համաձայնագրի և ԵՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների ներքո (չխոչընդոտելով ԵԱՏՄ միացման պայմանագրով նախատեսված դրույթները): Նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության տեխնիկական կանոնակարգման ոլորտի թվով 5 գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն և համադրում` հակասությունների բացահայտման տեսանկյունից: Հակասությունների առկայության դեպքում առաջարկություններ կներկայացվեն ԵԱՏՀ` տեխնիկական խոչընդոտ հանդիսացող հակասությունների վերացման վերաբերյալ,

բ. Եվրասիական տնտեսական միության թվով 4 ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի նախագծերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ` ԵԱՏ հանձնաժողովին հանրապետության գործարար միջավայրի համար կարևոր դրույթների առաջադրմամբ (առկայության դեպքում),

գ. օրենսդրորեն կարգավորել տեխնիկական կանոնակարգման օբյեկտ չհանդիսացող արտադրանքի շուկայահանման պահանջները` համապատասխանության կամավոր գնահատման ոլորտի ԵԱՏՄ և ԵՄ փորձի և օրենսդրական կարգավորումների (եթե առկա են) ուսումնասիրության հիման վրա նախագծելով կարգավորման ազգային օրենսդրության շրջանակները.

2) հավատարմագրման շրջանակներում`

ա. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կայքէջի և ռեեստրների (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում,

բ. հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում՝ միջազգային չափանիշներին համապատասխան,

գ. մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն,

դ. միջազգային և եվրոպական հավատարմագրման կազմակերպություններին անդամակցություն.

3) ստանդարտացման շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ստանդարտների ազգային ինստիտուտ) նախատեսում է իրականացնել՝

ա. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերի նախագծերի մշակմանը մասնակցություն, ստանդարտների ցանկերում փոփոխություն կատարելու նախագծերի փորձաքննություն և դրանցում նախատեսված արդիականացված ստանդարտների գործարկման ապահովում Հայաստանի Հանրապետությունում,

բ. ստանդարտացման բնագավառի ԵԱՏՄ կոմիտեների և ենթակոմիտեների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նիստերին մասնակցություն,

գ. Ստանդարտների ազգային ինստիտուտի համապատասխանության գնահատման մարմինների (ՀԳՄ) գործունեության հաշվառման էլեկտրոնային բազայի սպասարկում և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) աշխատանքների իրականացում,

դ. լաբորատոր կարողությունների զարգացում` լաբորատոր սարքերի համալրող արագամաշ սարքավորումների և փորձարկման ստանդարտ նմուշների ձեռքբերում` Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր կարողությունների զարգացմանն ուղղված՝ ցածր լարման սարքավորումների փորձարկման նպատակով՝ համապատասխան լաբորատոր սարքավորումների ձեռքբերմամբ, ինչը կնպաստի տվյալ ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը.

4) շուկայի վերահսկողության շրջանակներում, նախատեսվում է թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորի ձեռքբերում` շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման, վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից շուկայի պահպանության և սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանն ուղղված.

5) չափագիտության շրջանակներում կարևորելով Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային շուկաների հետ ինտեգրման գործընթացում Հայաստանում չափումների միասնականության ապահովման ոլորտի լիարժեք կայացած, ճանաչված լինելը՝ չափագիտության ոլորտային միջոցառումների իրականացմամբ նախատեսվում է ապահովել միջազգային չափումների միասնականության համակարգին ներդաշնակ աշխատանք: 2016 թվականի ծրագրի շրջանակներում նախատեսվում են՝

ա. էտալոնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներ, գիտական հետազոտություններ,

բ. ելակետային չափման միջոցների տրամաչափարկում,

գ. սարքավորումների և էտալոնային համակարգերի ձեռքբերում:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

5. Ծրագրի մշակման համար հիմք են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 15-րդ կետի 6-րդ ենթակետը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության բնագավառի գերակայող ուղղությունները և Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական ծրագրերում ամրագրված ընդհանուր տնտեսական խնդիրները և նպատակները.

4) 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը։

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

6. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի նպատակներն են`

1) տեխնիկական կանոնակարգման ուղղության նպատակն արտադրանքի և գործընթացի նկատմամբ միջազգային ստանդարտների վրա հիմնված տեխնիկական նորմեր սահմանելն է, որոնք մի կողմից ապահովում են ներքին շուկայի զարգացման մեխանիզմները և ուղղված են հանրային շահերի պաշտպանությանը, մյուս կողմից կապահովեն ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն և գոյություն ունեցող համակարգը կբարեփոխեն այնպես, որ այն համապատասխանի միջազգային և ԵԱՏՄ պահանջներին: Իհարկե պետք է առաջնային նշանակության արժանացնել այն հանգամանքը, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրում կոչ է արվում կիրառել այնպիսի նորմեր և գնահատման ընթացակարգեր, որոնք առևտուրն առավել չսահմանափակեն, քան անհրաժեշտ է հետապնդվող նպատակին հասնելու համար.

2) հավատարմագրման ուղղության նպատակը միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային գործընթացի խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնակի փորձարկման և կրկնակի սերտիֆիկացման անհրաժեշտությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը.

3) ստանդարտացման ուղղության նպատակն է աջակցել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի արդյունավետ գործարկմանը Հայաստանի Հանրապետության տնտեսության ոլորտներում, ստեղծելով բարենպաստ պայմաններ հայրենական գործարարներին և արդյունաբերողներին իրականացնել արտադրանքի արտահանումն առանց խոչընդոտների, պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը ստանդարտացման օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի մշակման գործընթացում` ապահովելով մասնակցությունը ստանդարտացման միջազգային և միջպետական տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների ընդգրկումը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում.

4) շուկայի վերահսկողության ուղղության նպատակը միջազգային, եվրոպական և տարածաշրջանային համակարգերին ինտեգրումն է, այդ թվում` շուկայի վերահսկողության արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում շուկայի վերահսկողության մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային գործընթացի խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի վտանգավոր արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և կնպաստի տնտեսության զարգացմանը.

5) չափագիտության ուղղության հիմնական նպատակը չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը և տնտեսության զարգացումն ու գիտատեխնիկական առաջընթացն է: Նպատակներն են նաև` ազգային էտալոնների արդիականացումը և պահպանությունը, պարամետրերի բարելավումն ու աշխատունակ վիճակի ապահովումը, որոնք սերտորեն առնչվում են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրերի իրականացման հետ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

 7. Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագրի միջոցառումներն ուղղված են ինչպես Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական քաղաքականության արդյունավետ և հետևողական իրականացմանը, որակի ենթակառուցվածքի ոլորտի ինստիտուտների զարգացմանը, այնպես էլ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ուղղությունների պետական քաղաքականության իրականացմանը: Ծրագրի իրականացման գործընթացը կնպաստի Հայաստանի Հանրապետության կառավարության և այլ ռազմավարական ծրագրերով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ որակի ենթակառուցվածքի զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված գործառույթների իրականացմանը՝

1) տեխնիկական կանոնակարգման շրջանակներում`

ա. ոլորտի աստիճանական համապատասխանեցում տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործող ԵԱՏՄ և միջազգային պահանջներին` գլոբալ համակարգին լիակատար ինտեգրմամբ,

բ. համապատասխանության կամավոր գնահատման համակարգի կայացում` օրենսդրական դաշտի հիմնում,

գ. միջազգային արդյունավետ համագործակցության իրականացում,

դ. համապատասխանության և պարտադիր ու կամավոր գնահատման համակարգերի զարգացում և հզորացում.

2) հավատարմագրման շրջանակներում`

ա. միջազգային չափանիշներին համապատասխան՝ հավատարմագրման ազգային համակարգի ձևավորում,

բ. հավատարմագրման աշխատանքների արդյունքների` հավատարմագրման վկայագրերի և հաշվետվությունների, համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների փոխճանաչում,

գ. արտաքին և ներքին առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացում, ապրանքների մրցունակության բարձրացում և միջազգային շուկայում ինտեգրման նախապայմանների ստեղծում,

դ. համապատասխանության գործընթացում ընդգրկված փորձագետների մասնագիտական ուսուցման հետ կապված առկա դժվարությունները.

3) ստանդարտացման շրջանակներում`

ա. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ցանկերի ուսումնասիրություն և փորձաքննության կազմակերպում՝ ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների միջոցով,

բ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման գործընթացում մասնակցելու համար մասնագետների ներգրավում,

գ. տեխնիկական հանձնաժողովների աշխատանքների շարունակական ու արդյունավետ ընթացքի ապահովում, ինչպես նաև ստանդարտացման սկզբունքների պահպանում,

դ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքներին ակտիվ մասնակցություն՝ դրանցում ընդգրկելով համապատասխան ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերին,

ե. լաբորատոր կարողությունների հզորացում՝ սարքավորումների լրակազմության և փորձարկումների բարձր որակի ապահովում.

4) շուկայի վերահսկողության շրջանակներում`

ա. շահագրգիռ բոլոր կողմերի համար հավասար իրավունքների հիմնումը` վերացնելով առևտրային գործընթացի խոչընդոտները,

բ. ապահովել ապրանքների ազատ տեղաշարժը,

գ. բացառել վտանգավոր արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն,

դ. սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը.

5) չափագիտության շրջանակներում՝ օրեցօր զարգացող տեխնիկական համակարգերը թելադրում են նոր խնդիրներ չափագիտական սպասարկման թեˊ որակի, թեˊ տեխնիկական մակարդակի առումով: Եվ հենց «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն չափագիտական սպասարկում է ապահովում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, և այդ համակարգն անմիջականորեն շոշափում է տնտեսության բնականոն զարգացումը` միջազգային համագործակցության խորացումը, ձեռք բերել միջազգային ճանաչում` ունենալով չափումների միջազգային հետևելիություն և մաս կազմել չափումների միասնականության ապահովման միջազգային համակարգին:

 

V. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ)

 

 8. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ուղղությունների համակարգը ներառում է հետևյալ միջոցառումները՝

1) տեխնիկական կանոնակարգման շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտի առկա օրենսդրական դաշտի մոտարկում ԵԱՏՄ և ԵՄ պահանջներին և վերլուծություն, մասնավորապես`

ա. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի թվով 5 գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիություն և համադրում` հակասությունների բացահայտման տեսանկյունից,

բ. Եվրասիական տնտեսական միության թվով 4 ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի նախագծերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ,

գ. մասնագիտական փորձառություն ունեցող՝ որակավորված (միջազգային) փորձագետների ներգրավում,

դ. արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու, մրցանակաբաշխության կարգի սահմանում` ԵՄ և ԵԱՏՄ փորձի ուսումնասիրություն.

ե. համապատասխանության կամավոր գնահատման համակարգի ԵԱՏՄ և ԵՄ փորձի ուսումնասիրություն, չափանիշների սահմանում,

զ. տեխնիկական կանոնակարգման ոլորտի մասնագետների ուսուցում ԵԱՏՄ և ԵՄ (միջազգային) չափանիշներին համապատասխան` վերապատրաստման դասընթացների, ուսուցողական այցերի և սեմինարների կազմակերպմամբ ևˊ ԵԱՏՄ, ևˊ ԵՄ երկրներում.

2) հավատարմագրման շրջանակներում՝

ա. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կայքէջի և ռեեստրների (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում, որի շրջանակներում պարբերաբար արդիականացվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ռեեստրներն իրենց մեջ ներառում են հավատարմագրված անձանց անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպության ղեկավարի տվյալները, հավատարմագրման տեսակը, հավատարմագրման ոլորտը, հավատարմագրման ժամկետը, հավատարմագրման վկայագրի գրանցահամարը, նույնականացման նշագիրը և այլն: Արդիականացվում է նաև հավատարմագրման ազգային մարմնի կայքէջում տեղադրված փաստաթղթերի թարգմանությունը` հավատարմագրման ազգային մարմնի կայքէջի ռուսերեն և անգլերեն բաժիններում համապատասխան փաստաթղթերի համալրմամբ: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին վերաբերող բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև հավատարմագրմանն առնչվող փաստաթղթերի (կառավարման ձեռնարկ, ընթացակարգեր, կանոնադրություն և այլն) թարգմանություն՝ ռուսերեն և անգլերեն: Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (EA) և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին (ԼՀՄՀ՝ Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցություն, ՀՄՖ՝ Հավատարմագրման միջազգային ֆորում) անդամակցելու նպատակով անհրաժեշտ է անգլերեն թարգմանել «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ին վերաբերվող բոլոր օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև հավատարմագրմանն առնչվող փաստաթղթերը (կառավարման ձեռնարկ, ընթացակարգեր, կանոնադրություն և այլն),

բ. հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում միջազգային չափանիշներին համապատասխան՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ, եվրոպական պահանջների և լավագույն փորձի ուսումնասիրության, գիտելիքներ ԻՍՕ/ԻԷԿ 22000, ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի ստանդարտների, հավատարմագրմանը վերաբերող միջազգային և տարածաշրջանային իրավական ակտերի կիրառման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հավատարմագրման համագործակցությունների կողմից ընդունված լրացուցիչ պահանջների ուղղությամբ: Հավատարմագրման ազգային համակարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի հավատարմագրման ազգային մարմնի աշխատակիցներն ուսուցողական այցով գործուղվեն ԵԱՏՄ և ԵՄ պետություններ՝ ուսումնասիրելու հավատարմագրման համակարգի և միջազգային փորձի առանձնահատկությունները, Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (EA), Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցությանը (ԼՀՄՀ), Հավատարմագրման միջազգային ֆորումին (ՀՄՖ) անդամակցելու հնարավոր ուղիները հարթելու նպատակով,

 գ. մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, որը կկարգավորի 2014 թվականի հունվարի 24-ի «ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների համագործակցության մասին» հուշագրի կիրարկումը և մասնակցությունը ԵԱՏՄ ենթակոմիտեների աշխատանքներին և Միջպետական խորհրդի (ՄՊԽ) գիտատեխնիկական հանձնաժողովների, ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի աշխատանքներին,

դ. հավատարմագրման միջազգային և եվրոպական կազմակերպություններին անդամակցելու համար հայտի ներկայացման վճարներ, որի շրջանակներում նախատեսվում է հայտի փորձաքննության վճար` հավատարմագրման միջազգային և եվրոպական կազմակերպություններին անդամակցելու նպատակով ներկայացված հայտերն այդ կազմակերպությունների կողմից ուսումնասիրելու համար.

3) ստանդարտացման շրջանակներում՝

ա. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերի նախագծերի մշակմանը մասնակցություն, ստանդարտների ցանկերում փոփոխություն կատարելու նախագծերի փորձաքննություն և դրանցում նախատեսված արդիականացված ստանդարտների գործարկման ապահովում Հայաստանի Հանրապետությունում, որի շրջանակներում անհրաժեշտ է փորձաքննության ենթարկել ԵԱՏՄ 35 տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտները, ներդաշնակեցնել և գործողության մեջ դնել սահմանված միջազգային և միջպետական ստանդարտները, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները։ Բացի դրանից, փորձաքննության հետևանքով առաջարկություններ կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ցանկերի լրամշակման և դրանցում Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների ընդգրկման վերաբերյալ,

բ. ստանդարտացման բնագավառի ԵԱՏՄ կոմիտեների և ենթակոմիտեների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների նիստերին մասնակցություն` միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն, որի շրջանակներում և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն Ստանդարտների ազգային ինստիտուտի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն պետք է ունենան ստանդարտացման և տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵԱՏՄ համապատասխան կոմիտեների և ենթակոմիտեների աշխատանքներին՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի արտացոլումը մշակվող ակտերում,

գ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում ընդգրկելու համար առաջարկվող Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների թարգմանություն ռուսերեն, որի շրջանակներում հնարավորություն է ստեղծվում ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների ընդգրկումը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում, ինչը կնպաստի զուտ ազգային արտադրատեսակների ստանդարտների թարգմանության և նշված ցանկերում ընդգրկման շնորհիվ՝ առևտրում տնտեսական խոչընդոտների վերացմանը և Հայաստանի Հանրապետության ազգային շահերի պաշտպանության ապահովմանը,

դ. ԵԱՏՄ 004-2011 «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու նպատակով էլեկտրատեխնիկական լաբորատոր փորձարկման սարքավորումների և նավթամթերքի փորձարկումների լաբորատորիայի հզորացման համար լրացուցիչ սարքավորումների ձեռքբերում, որի շրջանակներում ԵԱՏՄ 004-2011 «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին ԵԱՏՄ շրջանակում համապատասխանության հավաստման աշխատանքների բարելավման նպատակով ծրագրով նախատեսվում է էլեկտրատեխնիկական փորձարկման լաբորատորիայի կարողությունների հզորացում՝ լաբորատոր սարքավորումներով վերազինման միջոցով: Թեև ձեռք բերվելիք սարքավորումների շնորհիվ ամբողջությամբ չի ապահովվի տեխնիկական կանոնակարգով նախատեսված բոլոր պահանջների փորձարկումը, այդուհանդերձ դրանք թույլ կտան ապահովել արտաքին լուսավորման լուսատուների լուսատեխնիկական պահանջների և կենցաղային էլեկտրական սարքավորումների անվտանգության պահանջների փորձարկումները և զգալիորեն կհամալրեն այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության լաբորատոր կարողությունները` նպատակ հետապնդելով փոխարինել հին կամ մաշված սարքավորումները նորերով, որոնք կապահովեն փորձարկումների առավել բարձր որակական ցուցանիշներ.

4) շուկայի վերահսկողության շրջանակներում նախատեսվում է թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորի ձեռքբերում` շուկա մուտք գործող թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի բարձր որակի ապահովման, վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից շուկայի պահպանության և սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, շուկայի վերահսկողության նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանն ուղղված.

5) չափագիտության շրջանակներում`

ա. կապահովվի Չափագիտության ազգային ինստիտուտի ելակետային չափման միջոցների տեխնիկական սպասարկման աշխատանքները` ապահովելով ելակետային չափման միջոցների կայուն վիճակ,

բ. չափագիտության ազգային մարմնի ելակետային չափման միջոցների տրամաչափարկում, որի շրջանակներում ԿՕՕՄԵՏ-ի (KOOMET) անդամ Բելառուսի չափագիտության ինստիտուտում կտրամաչափարկվեն չափագիտության ազգային մարմնի թվով 6 ելակետային չափման միջոցներ,

գ. սարքավորումների և էտալոնային համակարգերի ձեռքբերում, որի շրջանակներում ձեռք կբերվեն նոր սարքեր և կլուծվեն չափագիտության ոլորտի արդիական խնդիրները, կբարձրացվի չափումների ճշտությունը տարբեր ոլորտներում: Ձեռք կբերվեն նորմալ տարր, վատտմետր, վեբերմետր, տեսլամետր, վոլտամպեր փուլաչափ և նման այլ չափման միջոցներ` տվյալ չափումների ճշգրտության բարձրացման համար:

 

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

9. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի սկզբունքներն են՝

1) տեխնիկական կանոնակարգման ուղղության հիմնական սկզբունքը միջազգային լավագույն փորձի կիրառումն ու ներդրումն է, հնարավորության սահմաններում ազգային օրենսդրության պաշտպանվածությունը և գործարար միջավայրի շահերի պաշտպանվածությանն ուղղված միջոցառումների իրականացումը` միջազգային լավագույն փորձի ընդգրկմամբ.

2) հավատարմագրման ուղղության սկզբունքներն են՝

ա. շահագրգիռ կողմերի ներգրավումը,

բ. որակի ենթակառուցվածքի շրջանակներում քաղաքական ազդեցության և պոտենցիալ շահերի բախման բացառումը,

գ. բարեփոխված հավատարմագրման ազգային մարմնի անկախությունը և կայունությունը,

դ. համապատասխան գիտելիքների, հմտությունների ուսուցման և վերապատրաստման ներքին համակարգի կարողությունների առկայությունը, հավատարմագրման ծառայություններից սպառողների օգտվելու պատրաստակամությունը.

3) ստանդարտացման ուղղության սկզբունքներն են՝

ա. ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանումը,

բ. շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակումը և ընդունումը,

գ. ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկումը,

դ. ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելումը,

ե. ազգային ստանդարտների համապատասխանությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը,

զ. գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը,

է. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակումը` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը,

ը. բոլոր շահագրգիռ կողմերին գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցումը,

թ. ստանդարտացման աշխատանքների իրականացումը՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով.

4) շուկայի վերահսկողության ուղղության սկզբունքներն են՝

ա. օրինականությունը,

բ. միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակեցված շուկայի վերահսկողության պահանջների կիրառում.

5) չափագիտության ուղղության սկզբունքներն են՝

ա. կարողությունների հզորացումը,

բ. միջազգային համագործակցության խորացումը:

10. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման ծրագրի ակնկալվող արդյունքներն են՝

1) տեխնիկական կանոնակարգման շրջանակներում՝

ա. Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ոչ պարենային արտադրանքի թվով 5 տեխնիկական կանոնակարգերի համադրում` հակասությունների բացահայտման տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության ազգային տեխնիկական կանոնակարգման դաշտի օրենսդրության մոտարկում ԵԱՏՄ և ԵՄ պահանջներին համապատասխան,

բ. համապատասխանության կամավոր գնահատման համակարգի կայացում, օրենսդրության ռազմավարական գործողությունների մշակում, չափանիշների սահմանում,

գ. արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակաբաշխության կարգի սահմանում` ԵՄ և ԵԱՏՄ փորձի ուսումնասիրության հիման վրա,

դ. Եվրասիական տնտեսական միության թվով 4 ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի նախագծերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ՝ գործարար միջավայրի համար կարևոր ազգային չափանիշների առաջադրում` նախագծում ներառելու նպատակով (առկայության դեպքում),

ե. տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող ԵԱՏՄ և միջազգային չափանիշներին և գործընթացների պահանջներին իրազեկ, վերապատրաստված մասնագետներ.

 2) հավատարմագրման շրջանակներում՝

ա. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում,

բ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ազգային մարմնի կայացում, ինչը պայմաններ կստեղծի միջազգային և տարածաշրջանային պահանջներին համապատասխան համապատասխանության գնահատման մարմինների` փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների, արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի և անձանց սերտիֆիկացման և տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների հավատարմագրում,

գ. հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում,

դ. ապրանքների ազատ տեղաշարժ և նույն ապրանքի կրկնակի փորձարկման և սերտիֆիկացման անհրաժեշտության բացառում,

ե. հավատարմագրման ազգային մարմնում կառավարման համակարգի ներդրում, պաշտոնական կայքէջի, գնահատողների ու փորձագետների, սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն տրված համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի միասնական ռեեստրների վարում,

զ. միջազգային ստանդարտների պահանջներին իրազեկ, վերապատրաստված մասնագետներ/գնահատողներ,

է. համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի և ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատում, բարենպաստ պայմանների ստեղծում տեղական արտադրողի համար.

3) ստանդարտացման շրջանակներում՝

ա. տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ներդաշնակեցված ստանդարտների առկայություն,

բ. միջազգային և տարածաշրջանային պահանջներին ներդաշնակ ստանդարտներ,

գ. ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ազգային ստանդարտի ընդունում,

դ. ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող տեխնիկական կանոնակարգման համար անհրաժեշտ ստանդարտացման աշխատանքներում Հայաստանի Հանրապետության շահերի լիարժեք ներկայացում,

ե. նորագույն համակարգչային ծրագրերի միջոցով սերտիֆիկացման աշխատանքների հետևելիության, էլեկտրոնային կառավարման և արդյունավետության բարձրացման ապահովում,

զ. լաբորատոր փորձարկման նոր առաջավոր մեթոդների իրականացում.

4) շուկայի վերահսկողության շրջանակներում՝ թանկարժեք մետաղների և ոսկերչական չհամապատասխանող արտադրանքից շուկայի պահպանությունը և սպառողների իրավունքների պաշտպանությունը.

5) չափագիտության շրջանակներում`

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային հետևելի ու ճանաչված չափումների միասնականության ապահովում,

բ. չափագիտության ազգային մարմնի չափագիտական կարողությունների ավելացում,

գ. ելակետային չափման միջոցների կայուն բնութագրերի և հետևելի չափումների ապահովում,

դ. միջազգային համագործակցության խորացում:

 

VII. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

11. Ծրագրի իրականացումը նախատեսվում է ապահովել շահագրգիռ կողմերի` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ:

 

VIII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

12. Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թվականի ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 200 մլն դրամ գումարի չափով և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

ապրիլի 21-ի N 397-Ա որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու կատարողները

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

I. Տեխնիկական կանոնակարգման ուղղության

1.

Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի թվով 5 գործող ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի ուսումնասիրություն և համադրում

Տեխնիկական կանոնակարգերում կամ դրանցից բխող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նպատակով ԵԱՏՄ ուղղված գրություն` ՀՀ գործարար միջավայրի համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով (համապատասխանության գնահատման ընթացակարգերի փոփոխման համար ԵՄ և միջազգային լավագույն փորձի ներգրավման նպատակով)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և մրցանակաբաշխության նոր կարգի սահմանում` ԵՄ և ԵԱՏՄ փորձի ուսումնասիրություն և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» N 116 որոշումը

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու, մրցանակաբաշխության կարգի նախագծի ներկայացում ՀՀ կառավարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Եվրասիական տնտեսական միության թվով 4 ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի նախագծերի համադրում ազգային տեխնիկական կանոնակարգերի հետ

Հայաստանի համար անհրաժեշտ պայմանների առաջադրում Եվրասիական տնտեսական հանձնաժողով` իրավական ակտի (ակտերի) նախագիծ (նախագծեր) (առկայության դեպքում)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Համապատասխանության կամավոր գնահատման ոլորտի ԵԱՏՄ և ԵՄ փորձի ուսումնասիրություն

Համապատասխանության կամավոր գնահատման ոլորտի օրենսդրական բազայի ստեղծում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն` ԵԱՏՄ և ԵՄ երկրներում գործուղումներ, վարչության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացում

Գործուղումներ ԵԱՏՄ և ԵՄ երկրներ (Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնություն, Լեհաստան` երկրի ընտրությունը պայմանական է), ԵԱՏՄ միջազգային չափանիշներին համապատասխան մասնագետների առկայություն` մասնագիտական մակարդակի բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

II. Հավատարմագրման ուղղության

1.

ՊՈԱԿ-ի կայքէջի և ռեեստրների (հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի) սպասարկում և արդիականացում

Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, գնահատողների, փորձագետների, համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի ռեեստրների արդիականացում:
Ռուսերեն և անգլերեն լեզուներով կայքէջ և հավատարմագրմանն առնչվող փաստաթղթեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Հավատարմագրման ազգային մարմնի անձնակազմի ուսուցում միջազգային չափանիշներին համապատասխան

Հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային պահանջների և լավագույն փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև գործնական փորձի ձեռքբերում (գործուղում Բելառուսի Հանրապետություն)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Մասնակցություն աշխատաժողովներին, սեմինարներին՝ միջպետական և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն

Մասնակցություն ԵԱՏՄ հավատարմագրման բնագավառի ենթակոմիտեների նիստերին, գիտատեխնիկական հանձնաժողովի, աշխատանքային խմբերի աշխատանքներին ԱՊՀ անդամ երկրների հավատարմագրման ազգային մարմինների միջև կնքված համագործակցության հուշագրի կիրարկումն ապահովող աշխատանքային հանդիպումներին (գործուղում Մեծ Բրիտանիա, Ռուսաստանի Դաշնություն` երկրի ընտրությունը պայմանական է)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Միջազգային և եվրոպական հավատարմագրման կազմակերպություններին անդամակցություն

Հավատարմագրման միջազգային և եվրոպական կազմակերպություններին անդամակցության նախապատրաստում: Հայտերի փորձաքննություն նշված կազմակերպությունների կողմից

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

III. Ստանդարտացման ուղղության

1.

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի նախագծերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերի նախագծերի մշակմանը մասնակցություն, ստանդարտների ցանկերում փոփոխություն կատարելու նախագծերի փորձաքննություն և դրանցում նախատեսված արդիականացված ստանդարտների գործարկման ապահովում ՀՀ-ում

Տեխնիկական կանոնակարգման ոլորտում տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կանոնակարգերի նախագծերի պահանջներն ապահովող արդիականացված ստանդարտների առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման բնագավառի կոմիտեների և ենթակոմիտեների նիստերին մասնակցություն

ԵԱՏՄ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարում, ՀՀ շահերի ներկայացում ԵԱՏՄ նոր տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ (գործուղումներ ՌԴ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում ընդգրկման համար առաջարկվող ՀՀ ազգային ստանդարտների թարգմանություն ռուսերեն

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկերում Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտների ընդգրկման ապահովում՝ ազգային ստանդարտների ռուսերեն տարբերակների նախապատրաստման միջոցով

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

ԵԱՏՄ 004-2011 «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովելու նպատակով լաբորատոր փորձարկման սարքավորումների ձեռքբերում

Ստանդարտների ազգային ինստիտուտի լաբորատոր սարքավորումների արդիականացում` աշխատանքի արդյունավետության բարձրացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

IV. Չափագիտության ուղղության

1.

Էտալոնային համակարգերի տեխնիկական սպասարկում. աշխատավարձ անձնակազմին` գիտական և հետազոտական աշխատանքների իրականացում

Էտալոնային համակարգերի պահպանմանն ուղղված կայուն աշխատանքային վիճակի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Ելակետային չափման միջոցների տրամաչափարկում

Բելառուսի պետական չափագիտության ինստիտուտում ՀՀ չափումների միասնականության համակարգում միջազգային միավորներին հետևելի չափման միջոցներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Սարքավորումների և էտալոնային համակարգերի ձեռքբերում

Չափումների միասնականության ապահովման բնագավառի միջազգային պրակտիկայում ընդունելի չափումների իրականացման ճշտության դասի ապահովում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ (համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

V. Շուկայի վերահսկողության ուղղության

1.

Թանկարժեք մետաղների և ոսկերչական իրերի անալիզատորների ձեռքբերում

Պետական վերահսկողության համար անհրաժեշտ սարքերի առկայություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2016, N 1271-Ա 17.12.2016, N 397-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան