ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
3 հունիսի 2016 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ի. Իսայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված` «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի մայիսի 23-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Քննության առարկա վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016թ. մայիսի 12-ին՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև (այսուհետ՝ Բանկ), որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության՝ էլեկտրաէներգիայի համարժեք և հուսալի մատակարարման պահպանմանն ուղղված ջանքերին՝ էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների և էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը բարելավելու միջոցով: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (այսուհետ՝ Վարկ)` Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման համար:
Վարկի մարումն սկսվում է 2030թ. նոյեմբերի 15-ից և ավարտվում՝ 2040թ. նոյեմբերի 15-ին: Վարկի փակման ամսաթիվը 2021թ. հուլիսի 30-ն է:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետը Համաձայնագրի ամսաթվին հաջորդող հարյուրութսուներորդ (180) օրն է:
Համաձայնագիրն ունի երեք առդիր (այսուհետ՝ Առդիր)՝ Առդիր 1. «Ծրագրի նկարագրություն», Առդիր 2. «Ծրագրի իրականացում» և Առդիր 3. «Մարման ժամանակացույց» և Հավելված: Համաձայնագրին կից ներկայացված են նաև լրացուցիչ նամակներ՝ Լրացուցիչ նամակ հմ.1, Լրացուցիչ նամակ հմ.2 և Լրացուցիչ 2-րդ նամակին կից առդիր «Վճարմանը կապակցված ցուցանիշներ, Վճարման կարգավորումներ և Ստուգման ընթացակարգեր» և Լրացուցիչ նամակ հմ. 3-ին` կից առդիր «ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի չմարված առևտրային վարկերի և Երևանի ՋԷԿ-ի կրեդիտորական պարտքի վերաբերյալ Ելակետային տվյալներ»:
Համաձայնագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի թիվ 18 արձանագրային որոշմամբ:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
ա) սպասարկել և մարել վարկը Համաձայնագրի 2-րդ հոդվածով ամրագրված պայմանների և Համաձայնագրի Առդիր 3-ով ամրագրված մարման ժամանակացույցին համապատասխան,
բ) իրականացնել Ծրագիրն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (այսուհետ՝ ԷԲՊՆ) միջոցով և համակարգել ԷԲՊՆ-ին Ծրագրի իրականացման հարցում աջակցող մարմինների աշխատանքը,
գ) ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Համաձայնագրի Առդիր 2-ի դրույթներին համապատասխան,
դ) իրականացնել Ծրագիրը կամ ապահովել Ծրագրի իրականացումը Բանկի համար ընդունելի ֆինանսական կառավարման, գնումների և բնապահպանական ու սոցիալական կառավարման համակարգերի համաձայն (Ծրագրի ֆիդուցիար, բնապահպանական և սոցիալական համակարգեր),
ե) իրականացնել Ծրագիրը և ապահովել Ծրագրի իրականացումը Բանկի Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան,
զ) ապահովել, որպեսզի պահպանվեն գրասենյակներ, ստորաբաժանումներ և մասնաճյուղեր, որոնցից յուրաքանչյուրին տրված են տեխնիկական, բնապահպանական և սոցիալական երաշխիքների, ֆիդուցիար և Ծրագրին առնչվող այլ պարտավորություններ՝ Ծրագրի համապատասխան մասերի իրականացման համար, յուրաքանչյուրը՝ Բանկին բավարարող լիազորություններով, գործառույթներով, կարողություններով, աշխատակազմով և ռեսուրսներով՝ Ծրագրի շրջանակներում իրենց համապատասխան գործառույթներն իրականացնելու նպատակով,
է) տրամադրել Վարկի միջոցների մի մասը Հայկական ատոմային էլեկտրակայանին (այսուհետ՝ ՀԱԷԿ) և Հայաստանի Հանրապետության Երևանի ջերմաէլեկտրակենտրոնին (այսուհետ՝ Երևանի ՋԷԿ), համապատասխանաբար ՀՀ և ՀԱԷԿ-ի միջև Օժանդակ համաձայնագրի ու ՀՀ և Երևանի ՋԷԿ-ի միջև Օժանդակ համաձայնագրի շրջանակներում, Բանկի հաստատած պայմաններով, որոնք, ի թիվս այլնի, պետք է ներառեն վարկային համաձայնագրի Առդիր 2-ի բաժին I-ի Գ.2 կետում նշված պայմանները,
ը) ապահովել, որ Ծրագրից բացառվեն այն միջոցառումները, որոնք Բանկի կարծիքով հնարավոր է՝ շրջակա միջավայրի և/կամ տուժած անձանց վրա ունենան էական անբարենպաստ ազդեցություններ, որոնք զգայուն են, բազմազան կամ աննախադեպ,
թ) հաշվեքննության ենթարկել և գնահատել Ծրագրի առաջընթացը և պատրաստել Ծրագրի հաշվետվություններ՝ Ընդհանուր պայմանների 5.08 բաժնի դրույթների համաձայն,
ժ) ԷԲՊՆ-ի միջոցով իրականացնել ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ Ընդհանուր պայմանների (2012թ. մարտի 12-ով թվագրված՝ «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի Ընդհանուր պայմաններ վարկերի համար», փոփոխություններով հանդերձ) 5.09 բաժնի «բ» կետի դրույթների համաձայն, ապահովել ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի կողմից ֆինանսական հաշվետվությունների աուդիտի իրականացումը Ընդհանուր պայմանների 5.09 բաժնի «բ» կետի դրույթների համաձայն,
ժա) ապահովել, որ Երևանի ՋԷԿ-ը վարկային Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո՝ ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, Համաձայնագրի Առդիր 2-ի IV բաժնի Ա կետի 2-րդ ենթակետի աղյուսակում սահմանված 1-9-րդ կատեգորիաների ներքո Վճարմանը կապակցված արդյունքներին (այսուհետ՝ ՎԿԱ) և Վճարմանը կապակցված ցուցանիշներին (այսուհետ՝ ՎԿՑ) համապատասխանության ստուգումն իրականացնելու նպատակով պայմանագիր կնքի երրորդ կողմ հանդիսացող անկախ կազմակերպություն կամ կազմակերպություններ (Ստուգման անկախ գործակալ(ներ) կամ այսուհետ` ՍԱԳ (եր))` Բանկին բավարարող լիազորությունների շրջանակով,
ժբ) ապահովել, որ Հաշվարկային կենտրոն ՓԲԸ-ն իրականացնի վարկային համաձայնագրի Առդիր 2-ի IV բաժնի Ա կետի 2-րդ ենթակետի աղյուսակի 10-րդ կատեգորիայի ներքո ՎԿԱ-ին և ՎԿՑ-ին համապատասխանության ստուգում,
ժգ) Ծրագրի իրականացման ողջ ընթացքում իրականացնել ստուգման գործընթաց՝ առաջնորդվելով Բանկի հետ համաձայնեցված Ստուգման ընթացակարգով (Հավելվածի Բաժին I, կետ 24), ստուգման հաշվետվությունները ներկայացնել Բանկին՝ Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ,
ժդ) կատարել բոլոր առհանումները Համաձայնագրի Առդիր 2-ի IV բաժնի Բ կետով սահմանված պայմաններին և ժամանակահատվածին համապատասխան,
ժե) գործադրել բոլոր ողջամիտ ջանքերը՝ ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման ոլորտի երկարաժամկետ ֆինանսական կայունության հասնելու և այն պահպանելու համար, այդ նպատակով Բանկին անմիջապես տեղեկացնել ցանկացած այնպիսի ծագող իրավիճակի մասին, որը կարող է անհնարին դարձնել այդ կայունության ձեռքբերումն ու պահպանումը:
3. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի պարզաբանումների` վարկային միջոցները չեն ուղղվելու մասնավոր ընկերության ֆինանսական դրության բարելավմանը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ Համաձայնագրի IV բաժնի Ա. կետի 2-րդ մասում ներկայացված աղյուսակի բոլոր կատեգորիաներով նախատեսված հատկացումների հիմնավորումները Ծրագրով լիարժեք ներկայացված չեն։ ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաձայնագրի վավերացման փուլում համարժեք հիմնավորումների դեպքում հնարավոր կլինի պարզել նման հատկացումների նպատակահարմարությունը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված` «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
ՍԴՈ-1278 |