«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 ապրիլի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016111
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 մարտի 2016 թ. ք. Երևան N 54-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 527-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը, 21-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 26-ի «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 527-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝ սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) Կանոնների 40-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«40. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով` բացառությամբ սույն կանոնների 42-րդ կետում նախատեսված դեպքի:».
2) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 42-րդ և 43-րդ կետերով.
«42. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում Հանձնաժողովը, առանց վարչական վարույթ հարուցելու, անմիջապես ընդունում է Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշում, որն ուժի մեջ է մտնում Թույլտվություն ունեցող անձին այն պատշաճ ձևով հանձնելու պահից: Եթե տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովը չի ընդունում Թույլտվությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշում, ապա Թույլտվությամբ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման արգելման մասին որոշումը համարվում է անվավեր:
43. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով Թույլտվությունը կասեցվում է առավելագույնը 3 ամիս ժամկետով: Եթե նշված ժամանակահատվածում չեն վերանում Թույլտվության կասեցման հիմքերը, ապա Հանձնաժողովն ընդունում է Թույլտվության դադարեցման մասին որոշում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|