Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.05.18/38(1218) Հոդ.90
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.03.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 ապրիլի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016118

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

4 մարտի 2016 թ.

թիվ 38-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի ԹԻՎ 68-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել ծրագրային ազդագրի նկատմամբ պահանջները,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 11-ի «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ը հաստատելու մասին» թիվ 68-Ն որոշմամբ հաստատված «Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» կանոնակարգ 4/04-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 7-րդ կետը լրացնել 19-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«19) «Ծրագրային ազդագիր» ազդագիր, որը կիրառվում է առաջարկի ծրագրի հիման վրա հրապարակային առաջարկ իրականացնելու և (կամ) արժեթղթերը կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալու դեպքում և բավարարում է սույն կանոնակարգի 9.1-րդ գլխով սահմանված պահանջներին:»:

2) Կանոնակարգը լրացնել գլուխ 9.1-ով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

«ԳԼՈՒԽ 9.1 ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21.1 Ծրագրային ազդագիրն առնվազն ներառում է սույն կանոնակարգի գլուխ 9-ով սահմանված տեղեկությունները՝ կախված թողարկողից և արժեթղթերից: Ընդ որում՝ ծրագրային ազդագիր կազմելու դեպքում սույն կանոնակարգի 16-րդ կետի 2-րդ ենթակետում նշված «ԱԶԴԱԳԻՐ» կամ «ԱՌԵՎՏՐԻ ԱԶԴԱԳԻՐ» բառերի փոխարեն անհրաժեշտ է լրացնել «ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ» բառերը: Իսկ արժեթղթերի մասին այն տեղեկությունները, որոնք ներառված են սույն կանոնակարգի Հավելված 18-ում՝ որպես թողարկման վերջնական պայմաններ, լրացվում են այնքանով, որքանով հայտնի են թողարկողին ծրագրային ազդագրի ներկայացման պահին, այդ թվում՝ հաշվի առնելով իրավասու կառավարման մարմնի՝ թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ որոշումը: Թողարկման վերջնական պայմանները կցվում են ծրագրային ազդագրին կամ ներառվում ծրագրային ազդագրում՝ լրացված սույն կանոնակարգի Հավելված 18-ով սահմանված ձևաթերթի համաձայն:

21.2 Ի լրումն սույն կանոնակարգի 21.1-րդ կետով սահմանված տեղեկությունների, ծրագրային ազդագրում անհրաժեշտ է ներառել նաև հետևյալ տեղեկությունները.

1) ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, ընդ որում, եթե ծրագրային ազդագրի գրանցման պահին թողարկողը դեռևս չի որոշել թողարկման վերջնական պայմանների հրապարակման մեթոդը, նշվում է, թե հասարակությունը ինչպես և երբ կարող է տեղեկություններ ստանալ այդ մասին.

2) առաջարկի ծրագրի ընդհանուր նկարագիրը:

21.3 Սույն գլխով սահմանված են ծրագրային ազդագրում ներառվող նվազագույն տեղեկությունները: Թողարկողը պարտավոր է ծրագրային ազդագրում ներառել ցանկացած այլ տեղեկություն, որը ողջամիտ ներդրողը կհամարեր էական իրազեկ ներդրումային որոշումներ կայացնելու համար, բացառությամբ սույն կանոնակարգի գլուխ 26-ով սահմանված գաղտնի համարվող տեղեկությունների:

21.4 Ծրագրային ազդագրով թողարկողը կարող է առաջարկի ծրագրի հիման վրա շարունակական թողարկում իրականացնել (արժեթղթերի համար կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն ստանալ), եթե յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման (արժեթղթերի՝ կարգավորվող շուկայում թույլտվություն ստանալու) պահին բոլոր փոփոխված տեղեկությունները որպես լրացում գրանցվել և հրապարակվել են սույն գլխի համաձայն: Ընդ որում՝ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկի կողմից որպես լրացում չեն գրանցվում, այլ ներկայացվում են Կենտրոնական բանկ և հրապարակվում, բացառությամբ սույն կանոնակարգ 21.5-րդ կետով սահմանված դեպքի:

21.5 Այն դեպքում, երբ ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմաններում ներառման ենթակա որևէ տեղեկատվություն չի համապատասխանում ծրագրային ազդագրի գրանցման պահին ներկայացված թողարկման վերջնական պայմաններում ներառված տեղեկություններին (ներկայացված ընդհանուր մեթոդաբանությանը), ապա տվյալ տեղեկությունները՝ որպես ծրագրային ազդագրի լրացում, գրանցվում և հրապարակվում են սույն կանոնակարգի 21.8-րդ կետով սահմանված կարգով:

21.6 Ծրագրային ազդագրի գրանցումից հետո արժեթղթերի յուրաքանչյուր թողարկման համար կազմվող թողարկման վերջնական պայմանները Կենտրոնական բանկ են ներկայացվում և հրապարակվում հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակումից առնվազն 2 օր առաջ: Սույն կանոնակարգի 34-րդ և 35-րդ կետերով սահմանված ազդագրի՝ Կենտրոնական բանկ ներկայացմանը, ինչպես նաև Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները (ըստ կիրառելիության) տարածվում են թողարկման վերջնական պայմանների ներկայացման և հրապարակման նկատմամբ:

21.7 Թողարկման վերջնական պայմանների բացահայտումը պետք է լինի այնպիսին, որպեսզի չխոչընդոտի ներդրողների՝ ժամանակին և հեշտ հասանելիությունը ներդրումային որոշումների կայացման համար անհրաժեշտ էական տեղեկություններին:

21.8 Ծրագրային ազդագրի՝ սույն կանոնակարգի 21.4-րդ կետով սահմանված լրացումը համարվում է գրանցված համապատասխան հայտը ստանալու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը: Լրացման գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է լրացումը գրանցելու հայտը ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով սահմանված ազդագրի հրապարակմանը վերաբերող դրույթները տարածվում են սույն կետով սահմանված ծրագրային ազդագրի լրացումների հրապարակման նկատմամբ:

21.9 Ծրագրային ազդագրի գրանցման հայտը ներկայացնելու (ծրագրային ազդագրով երկրորդ և հաջորդ հրապարակային առաջարկների դեպքում՝ յուրաքանչյուր հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարության հրապարակման) պահից հետո՝ մինչև յուրաքանչյուր տեղաբաշխման ժամկետի ավարտը, ծրագրային ազդագրում ներառվող տեղեկությունների էական փոփոխությունների, նոր էական հանգամանք կամ փաստ ի հայտ գալու կամ ազդագրում էական անճշտություն, թերություն հայտնաբերելու դեպքում թողարկողի կամ տեղաբաշխողի վրա տարածվում են Օրենքի 14-րդ հոդվածով սահմանված ազդագրի լրացումներին առնչվող դրույթները:»:

3) Կանոնակարգի Հավելված 9-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. Արժեկտրոնի տոկոսադրույքը և դրա վճարման պայմանները, մասնավորապես, արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը, վճարման պարբերականությունը, վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի), օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Act/Act, Act/360 և այլն): Եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացնել նաև տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի (դրա փոփոխության) մասին տեղեկատվություն: Այս դեպքում պետք է նաև նկարագրել, թե շուկայական ինչպիսի պայմաններ կարող են ազդել այդ ցուցանիշների վրա, ինչպես նաև այն մասին, թե ով է իրականացնելու արժեկտրոնի լողացող տոկոսադրույքի հաշվարկը: Սույն պարբերությունը լրացվում է միայն արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում, հակառակ դեպքում նշվում է դրույթ զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) արժեթղթերի վերաբերյալ:

թ. Արժեթղթերի մարման (մասնակի մարումների) ժամկետը և արժեքը: Մասնակի մարումների դեպքում դրա նկարագիրը: Այն բոլոր պայմանները, որոնց դեպքում հնարավոր է մարման արժեքի փոփոխություն: Վաղաժամկետ մարման հնարավորության դեպքում (թողարկողի կամ ներդրողի նախաձեռնությամբ (քոլ օպցիոն, փութ օպցիոն)), դրա ժամկետները և պայմանները (այդ թվում՝ օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում), մասնակի մարման հնարավորության դեպքում՝ նվազագույն և առավելագույն մարման արժեքը)):»:

4) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 18-ով՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2016 թ. մարտի 11
Երևան

 

 

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2016 թվականի մարտի 4-ի
թիվ 38-Ն որոշմամբ

 

«Հավելված 18

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թվականի մարտի 11-ի

թիվ 68-Ն որոշմամբ հաստատված

«Ազդագիր և հաշվետու թողարկողների հաշվետվություններ» Կանոնակարգ 4/04-ի

 

ԹՈՂԱՐԿՄԱՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

 ------- -------------------- 20  թ._____

 

...................................................................

(թողարկողի անվանումը)

 

.............................................................

(արժեթղթի տեսակը)

 

Թողարկողի և թողարկվող արժեթղթերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ձեռքբերման համար անհրաժեշտ է համատեղ դիտարկել ծրագրային ազդագիրը (գրանցված է ------- -------------------- 20  թ.__), դրա լրացումները և սույն թողարկման վերջնական պայմանները: Ծրագրային ազդագիրը, դրա լրացումները գտնվում են ………………………. հասցեում:

 

Ընդհանուր տեղեկություններ

(Այն տեղեկությունները, որոնք կիրառելի չեն, նշվում է «ոչ կիրառելի»: Եթե միևնույն սերիայի ներքո տարբեր հիմնական պայմաններով (թողարկման արժույթ, առաջարկի գին, անվանական արժեք և այլն) արժեթղթեր են թողարկվում, ապա յուրաքանչյուր պայմանին բավարարող արժեթղթերի խմբի համար տարբերվող պայմանները ներկայացվում են տարանջատված:)

1.

Թողարկողը (թողարկողի անվանումը)

2.

Երաշխավորողը

3.

Սերիան (տվյալ ծրագրային ազդագրի հիման վրա իրականացվող հերթական թողարկման համարը և տարեթիվը, օրինակ, 2016 թ-ի 1-ին թողարկման համար՝ 2016-1)

4.

Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը

5.

Արժեթղթերի դասակարգման մասին տեղեկատվություն` թողարկողի պարտավորությունների մարման հերթականության տեսանկյունից (ստորադասությունը), ներառյալ՝ տվյալ սերիայի ներքո յուրաքանչյուր թողարկման ծավալը՝ ըստ ստորադասության

6.

Թողարկման արժույթը

7.

Առաջարկի գինը

8.

Անվանական արժեքը

9.

Քանակը

10.

Առաջարկի իրականացման սկիզբը (ներառյալ՝ ժամկետի ցանկացած հնարավոր փոփոխությունները)

11.

Առաջարկի իրականացման ավարտը (ներառյալ՝ ժամկետի ցանկացած հնարավոր փոփոխությունները)

12.

Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը (ISIN) կամ այլ նմանատիպ տարբերակիչ ծածկագիր

13.

Թողարկման և տեղաբաշխման վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինը և որոշման ամսաթիվը (լրացվում է այն դեպքում, եթե տվյալ հրապարակային առաջարկի համար առանձին որոշում է ընդունվել, հակառակ դեպքում նշվում է «ոչ կիրառելի»)

Արժեկտրոնի վերաբերյալ տեղեկություններ

14.

Արժեկտրոնի հաշվարկման առաջին օրը

15.

Արժեկտրոնի տոկոսադրույքը և վճարման պարբերականությունը, եթե արժեկտրոնի տոկոսադրույքը լողացող է, ապա ներկայացնել տեղեկատվություն, թե ինչ ցուցանիշից (դրա փոփոխությունից) է կախված տոկոսադրույքի մեծությունը, և որտեղ կարելի է ստանալ այդ ցուցանիշի/դրա փոփոխության մասին տեղեկատվություն

16.

Արժեկտրոնի վճարման հստակ օրերը (օր, ամիս, տարի)

17.

Արժեկտրոնի օրերի հաշվարկման կարգը (օրինակ 30/360, Act/Act, Act/360 և այլն)

18.

Լողացող արժեկտրոնի հաշվարկն իրականացնողը

19.

Արժեկտրոնի հաշվարկման այլ էական պայմաններ

20.

Զրոյական արժեկտրոնով (զեղչատոկոսային) արժեթղթերի վերաբերյալ դրույթ (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

Մայր գումարի մարման վերաբերյալ տեղեկություններ

21.

Մարման (մասնակի մարումների) ժամկետը

22.

Մարման (մասնակի մարումների) արժեքը, եթե հնարավոր չէ, ապա նշվում է հաշվարկման մեթոդաբանությունը

23.

Մարման արժեքի փոփոխությունը (լրացվում է այն բոլոր պայմանները, որոնց դեպքում հնարավոր է մարման արժեքի փոփոխություն)

24.

Վաղաժամկետ մարման հնարավորություն թողարկողի նախաձեռնությամբ/քոլ օպցիոն (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

 

1) Ժամկետ(ներ)ը

 

2) Օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում),

 

3) Մասնակի մարման հնարավորության դեպքում՝ նվազագույն և առավելագույն մարման արժեքը

 

4) Այլ տեղեկություններ

25.

Վաղաժամկետ մարման հնարավորություն ներդրողի նախաձեռնությամբ/փութ օպցիոն (նշվում է «կիրառելի» կամ «ոչ կիրառելի»)

 

1) Ժամկետ(ներ)ը

 

2) Օպցիոնի իրականացման գինը, դրա հաշվարկման մեթոդը (առկայության դեպքում),

 

3) Այլ տեղեկություններ (տեղեկացման ժամանակաշրջանը)

Տեղաբաշխման վերաբերյալ տեղեկություններ

26.

Տեղաբաշխողի անվանումը, գտնվելու վայրը

27.

Տեղաբաշխման այլ պայմաններ (որոնք ներառված չեն ազդագրում)

Այլ տեղեկություններ

28.

Տվյալ դասի արժեթղթերի կարգավորվող շուկայում առևտրին թույլտվության առկայություն (նշվում է համապատասխան կարգավորվող շուկաների անվանումները, թույլտվության ամսաթիվը)

29.

Եթե առաջարկվող արժեթղթերի մասով հետագայում հայցվելու է կարգավորվող շուկայում առևտրին թույլտվություն, ապա նշվում է տեղեկություններ այդ մասին (շուկայի անվանումը, նաև դրույթ, որ առևտրին թույլտվության հայցը կարող է չբավարարվել, առևտրին թույլտվության սպասվող ամսաթիվը (հնարավորության դեպքում))

30.

Արժեթղթի վարկանիշը

31.

Արժեթղթերի դիմաց վճարներ կատարելու մեթոդները (պարբերականությունը, բանկային հաշիվները և այլն) և ժամկետները, ինչպես նաև արժեթղթերը ստանալու մեթոդները և ժամկետները, արժեթղթերի սեփականության վերաբերյալ քաղվածք ստանալու ձևը

 

Թողարկողը (երաշխավորողը) պատասխանատու է սույն «Թողարկման վերջնական պայմաններում» ներառված տեղեկությունների համար: Թողարկողը (երաշխավորողը) հավաստիացնում է, որ սույն փաստաթղթում ներառված տեղեկությունները համապատասխանում են այն տեղեկություններին (ներկայացված ընդհանուր մեթոդաբանությանը), որոնք ներառված են ծրագրային ազդագրում, դրա լրացումներում, ինչպես նաև ճշգրիտ են (այնքանով, որքանով հայտնի են), և որևէ փաստ բաց չի թողնվել կամ խեղաթյուրվել:

 

_______________________________________________________________________

(Պատասխանատու անձանց ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան