Գլխավոր տեղեկություն
Համար
N 325-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.04.06/28(1208) Հոդ.310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 325-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1084-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ և 70-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» N 1084-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման վերնագիրը «ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերով.

2) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Հաստատել իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:».

4) որոշման հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով.

5) որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

 2016 թ.ապրիլի 2

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 325-Ն որոշման

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 25-ի N 1084-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Կարգի նպատակն է իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման համար միասնական կանոնների սահմանումը, ինչպես նաև այդ աշխատանքների միատեսակության ապահովումը:

3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հիմնական իրավական ակտ` փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող այն իրավական ակտը կամ դրա պաշտոնական ինկորպորացված տարբերակը, որում նախատեսվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, կամ դադարեցնել իրավական ակտի գործողությունը.

2) փոփոխող իրավական ակտ` հիմնական իրավական ակտում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 70-րդ հոդվածով սահմանված կարգով փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտ.

3) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում՝  հիմնական իրավական ակտում փոփոխող իրավական ակտով նախատեսված փոփոխությունների և լրացումների ներառում, ինչպես նաև հիմնական իրավական ակտի գործողության դադարեցում.

4) իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիա` իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացման արդյունքում ստեղծված հիմնական իրավական ակտի` համապատասխան փոփոխող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող տարբերակ.

5) ծանուցում` իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմնի կողմից ներկայացվող լրացուցիչ տեղեկատվություն` իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու և այլ իրավական բնույթի տեղեկությունների վերաբերյալ.

6) հղում` իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման մասին տեղեկություն, որն առնվազն ներառում է տվյալ փոփոխող իրավական ակտի կամ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը: Հղումը կատարվում է փոփոխված իրավական ակտի կամ դրա կառուցվածքային միավորից հետո, նոր տողից, փակագծերի մեջ` հիմնական իրավական ակտի տեքստի ձևաչափից տարբերվող ձևաչափով.

7) իրավատեխնիկական սխալ (վրիպակ)` պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում ի հայտ եկած հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև տեքստային անհամապատասխանություն, որի արդյունքում հնարավոր չէ ինկորպորացնել իրավական ակտը կամ դրա որևէ կառուցվածքային միավորը.

8) կառուցվածքային միավոր` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված իրավական ակտի մասեր, ինչպես նաև հավելվածների ձևով հաստատվող իրավական ակտի առանձին բաղկացուցիչ մասեր:

4. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է փոփոխող և հիմնական իրավական ակտերի բառերի և արտահայտությունների տառացի մեկնաբանությամբ` չփոխելով դրանց իմաստը՝ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի նիստի N 13 արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումները:

5. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամանակագրության` աճողական կարգով:

6. Եթե հիմնական իրավական ակտի երկու և ավելի փոփոխող իրավական ակտեր ուժի մեջ են մտնում նույն օրը, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող իրավական ակտերի ընդունման օրվա ժամանակագրության` աճողական կարգով:

7. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված փոփոխող իրավական ակտերի ընդունման օրերը համընկնում են, ապա պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է ըստ փոփոխող ակտերի համարակալման հաջորդականության` աճողական կարգով:

8. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացվում է փոփոխող իրավական ակտի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Եթե փոփոխող իրավական ակտն ուժի մեջ է մտնում պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում, ապա նախատեսված բոլոր փոփոխությունները ներառվում են հիմնական իրավական ակտում, ընդ որում` հիմնական իրավական ակտի համապատասխան կառուցվածքային միավորի (օրենքում` հոդվածի, այլ իրավական ակտում՝ կետի) տեքստից հետո կատարվում է հղում` հետևյալ հաջորդականությամբ՝

1) փոփոխվող կառուցվածքային միավորի համարը և տեսակը.

2) կատարված փոփոխության բնույթը` «փոփ.», «լրաց.» կամ «խմբ.» կրճատված ձևով.

3) փոփոխող իրավական ակտի ընդունման օրը` «ամսաթիվը.ամիսը.տարին» ձևաչափով.

4) փոփոխող իրավական ակտի համարը:

Գործողությունը դադարեցրած հիմնական իրավական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի տեքստի փոխարեն կատարվում է հղում` պահպանելով միայն հիմնական իրավական ակտի կամ դրա որևէ կառուցվածքային միավորի վերնագիրը և համարակալումը, իսկ վերնագիր չունենալու դեպքում` համարակալումը:

10. Եթե փոփոխող իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետից հետո, ապա նախատեսված փոփոխությունները չեն ներառվում հիմնական իրավական ակտում: Սույն կետով սահմանված դեպքում հիմնական իրավական ակտում տրվում է ծանուցում համապատասխան փոփոխող իրավական ակտն ուշ ուժի մեջ մտնելու, ինչպես նաև այդ փոփոխությունները դեռևս ներառված չլինելու վերաբերյալ: Սույն կետով սահմանված փոփոխող իրավական ակտերով նախատեսված փոփոխությունները հիմնական իրավական ակտում ներառվում են դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն հինգ օր առաջ:

11. Եթե փոփոխող իրավական ակտը պարունակում է տարաժամկետ ուժի մեջ մտնող փոփոխություններ նախատեսող դրույթներ, ապա`

1) պաշտոնական ինկորպորացիայի իրականացման օրվանից տասն օրվա ընթացքում ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 9-րդ կետով սահմանված կանոնները.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետից հետո ուժի մեջ մտնող դրույթների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 10-րդ կետով սահմանված կանոնները:

12. Պաշտոնական ինկորպորացիա իրականացնող մարմինը հիմնական իրավական ակտում` տեսանելի վայրում, ծանուցման տեսքով ներկայացնում է տեղեկատվություն փոփոխող իրավական ակտի եզրափակիչ կամ անցումային դրույթներով նախատեսված իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի տարաժամկետ ուժի մեջ մտնելու կամ գործողությունը դադարեցնելու, դրանք գործողության մեջ դնելու կամ կիրառելու վերաբերյալ:

13. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համապատասխան իրավական ակտը կամ դրա որևէ դրույթ ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, ապա Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման պարտադիր պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հիմնական իրավական ակտում կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորից հետո կատարվում է հղում` նշելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը:

14. Իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում իրավատեխնիկական սխալներ հայտնաբերելու դեպքում տվյալ իրավական ակտի կամ դրա համապատասխան կառուցվածքային միավորի ինկորպորացիա չի իրականացվում` այդ մասին տալով ծանուցում հիմնական իրավական ակտում: Ծանուցման մեջ նշվում է հիմնական իրավական ակտի և համապատասխան փոփոխող իրավական ակտի միջև անհամապատասխանության և դրա արդյունքում հիմնական իրավական ակտը կամ դրա կառուցվածքային միավորը ինկորպորացված չլինելու մասին:

15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված դեպքում իրավատեխնիկական սխալը հայտնաբերելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը համապատասխան իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում հայտնաբերված իրավատեխնիկական սխալի մասին` ներկայացնելով իրավատեխնիկական սխալի մանրամասն նկարագրությունը:

16. Իրավական ակտի պաշտոնական ինկորպորացիայի իրականացման ընթացքում հայտնաբերված իրավատեխնիկական սխալները գրանցվում են «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարվող մատյանում:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան