ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ N 01-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կարևորելով դատավորի վարքագծի կանոնների դերը դատարանների անկախության ապահովման, դատավորի պատասխանատվության բարձրացման և դրանով իսկ դատարանի ու արդարադատության նկատմամբ հասարակության հավատի ամրապնդման և հեղինակության բարձրացման հարցերում, հիմք ընդունելով այն, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում, պահպանելով ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությունը, «Դատավորի պրոֆեսիոնալ վարքագծի, մասնավորապես` էթիկայի նորմերի, դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի վարքագծի և անաչառության սկզբունքների մասին» Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 եզրակացությունը (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 19-ին), Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները (ընդունված 2002 թվականի նոյեմբերի 26-ին), հիմք ընդունելով «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 21.12.2015 թ. ընդունված և 23.01.2016 թ. ուժի մեջ մտած ՀՕ-17-Ն օրենքը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 05.09.2014 թվականի «Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» թիվ 01-Ն որոշումը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ |
Ա. Մկրտումյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կանոն 1 - Դատավորն արդարադատություն իրականացնելիս անկախ է և ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ, սույն վարքագծի կանոններով, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված վարքագծի կանոններով:
Կանոն 2 - Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս: Դատավորը պետք է նման վարքագիծ պահանջի նաև իրեն կցված դատական ծառայողներից:
Կանոն 3 - Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի և դատավարության այլ մասնակիցների հետ առանձին շփումից:
Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատության մտավախությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:
Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾՆ Ի ՊԱՇՏՈՆԵ ԳՈՐԾԵԼԻՍ
Կանոն 4 - Դատական իշխանությունն իրականացնելու հետ կապված պարտականությունների կատարումը դատավորի համար պետք է առաջնային լինի օրենքով նրան թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ:
Կանոն 5 - Դատավորը դատական ակտերը կայացնում է ինքնուրույն, ինչը չի բացառում բարդ գործերով իրավաբանական հարցերի շուրջ դատավոր գործընկերներից խորհուրդ ստանալը` պայմանով, որ վերջնական որոշումը դատավորի կողմից կայացվի ինքնուրույն:
Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները, այդ թվում` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:
Կանոն 6 - ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Դրա հետ մեկտեղ դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի գործի քննությունից իր հեռացման (ինքնաբացարկի) անհրաժեշտություն առաջացնող դեպքերը:
Կանոն 7 - Դատավորը պարտավոր է գործի ելքով շահագրգռված յուրաքանչյուր անձի կամ նրա փաստաբանին հնարավորություն տալ իրականացնելու դատարանի կողմից լսվելու` օրենքով նախատեսված իրավունքը` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման ակնհայտ կանխորոշվածության տպավորություն ստեղծել:
Դատավորը պարտավոր է նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով, չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին:
Դատավորն իրավունք չունի դատաքննությունից դուրս ինքնուրույն որոնելու ապացույցներ կամ հետախուզելու փաստեր` իր վարույթում գտնվող գործով:
Կանոն 8 - Այն դեպքում, երբ դատավորի կամքից անկախ տեղի են ունեցել «ex parte» (ընդդիմազերծ) շփումներ, այն է` դատավարության կողմի կամ նրա փաստաբանի հետ դատավորի շփումներ` առանց դատավարության հակառակ կողմի կամ նրա փաստաբանի մասնակցության, դատավորը պարտավոր է անհապաղ հայտնել դրանց բովանդակությունը այն կողմին, որը մասնակից չի եղել այդ շփումներին:
Կանոն 9 - Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ և չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել որպես նախատրամադրվածության դրսևորում:
Կանոն 10 - Արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է դրսևորի խտրականություն կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, դավանանքից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, ֆիզիկական արատներից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Սույն կանոնը չի խոչընդոտում դատարանին անդրադառնալ ռասայի, սեռի, դավանանքի, ազգային պատկանելության, ֆիզիկական արատների, տարիքի, սոցիալական դրության, ինչպես նաև այլ նմանատիպ հատկանիշների, եթե վերջիններս հանդիսանում են դատական քննության առարկա:
Կանոն 11 - Դատավորը պարտավոր է գործը քննելիս և լուծելիս ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ներպետական ու միջազգային իրավունքի վերաբերյալ իր գիտելիքների հարստացման ուղղությամբ: Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաև իր հմտությունների և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ:
Կանոն 12 - Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ, հարգալից վերաբերմունք դրսևորի գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, ում հետ առնչվում է, իր համար ընդունի այնպիսի սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա հավասարակշռվածության ու արդարամտության հասարակական ընկալումը:
Դատավորը պարտավոր է կարգուկանոն պահպանել դատական նիստերի դահլիճում, դատական նիստին մասնակցող անձանցից պահանջել պատշաճ և հարգալից վերաբերմունք դրսևորել դատարանի նկատմամբ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում դատարանը պարտավոր է կիրառել դատական սանկցիա:
Կանոն 13 - Դատավորն իրավունք չունի հրապարակել և (կամ) օգտագործել իր պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները:
Կանոն 14 - Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումն ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով:
Դատավորն իրավասու չէ անել հրապարակային հայտարարություններ, մեկնաբանել դատական գործեր և ակտեր, լրատվության միջոցներում հանդես գալ դատարանի վարույթում գտնվող կամ ակնկալվող գործերի էության հետ կապված հարցերով: Համապատասխան հայտարարությամբ, մեկնաբանությամբ կամ այլ եղանակով լրատվության միջոցներում հանդես գալու պահանջով դատավորը դիմում է ՀՀ դատական դեպարտամենտի զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն: Դատավորը պարտավոր է զերծ մնալ նաև իր կարծիքը ոչ հրապարակային հայտնելուց, եթե դա կարող է միջամտել գործի քննությանը: Դատավորը պետք է նման վարքագիծ պահանջի նաև իրեն կցված դատական ծառայողներից:
Կանոն 15 - Իրավական պահանջների պահպանմամբ և հրապարակայնության ապահովման պայմանով դատավորը կարող է ստանալ հիշարժան նվեր կամ պարգև, եթե դա չի կարող գնահատվել որպես դատավորի վրա ազդեցության միջոց կամ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու հիմք: Դատավորը պետք է նման վարքագիծ պահանջի նաև իր ընտանիքի անդամներից և իրեն կցված դատական ծառայողներից:
Կանոն 16 - Դատարանի նախագահը և յուրաքանչյուր դատավոր պարտավոր են պատշաճ իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրենց վերապահված կազմակերպական լիազորությունները` համագործակցելով ՀՀ դատական դեպարտամենտի հետ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Կանոն 17 - Դատավորը չպետք է օգտագործի դատավորի կամ դատարանի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ այլ շահեր իրականացնելու նպատակով:
Կանոն 18 - Դատավորը պետք է խուսափի շահերի բախումից. նա չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա:
Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել իր ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին:
Կանոն 19 - Դատավորն իրավունք չունի հրապարակայնորեն կասկածի տակ առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները, մասնագիտական և անձնական որակները:
Կանոն 20 - Դատավորը պետք է խուսափի իր կոչմանն անհարիր կապերից, որոնք կարող են արատավորել նրա հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:
Կանոն 21 - Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ:
Կանոն 22 - Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք` բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Դատավորն իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Դատավորն իրավունք ունի զբաղվել գիտական, մանկավարժական, դասախոսական և այլ ստեղծագործական գործունեությամբ, այդ թվում վճարովի (փոխհատուցվող) հիմունքներով: Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը և վնաս չի հասցնում մասնագիտական պարտականությունների կատարմանը, պետք է աջակցվի և խրախուսվի:
Կանոն 23 - Դատավորի ոչ դատական գործունեության իրականացումը չպետք է անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի որպես դատավոր անաչառ գործելու նրա ունակության վերաբերյալ, նսեմացնի դատավորի պաշտոնի հեղինակությունը կամ խոչընդոտի դատական պարտականությունների պատշաճ իրականացմանը:
Դատավորը պարտավոր է իր կողմից իրականացվող ոչ դատական գործունեության մասին հնարավոր սեղմ ժամկետում հայտնել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին` նշելով վերաբերելի մանրամասներ: