ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 407-Ա
Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին՝
1) ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ 0+000-կմ 90+191 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար համաձայնություններ տրամադրելիս՝ հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և (կամ) ինքնակամ կառույցների օրինականացման համար համաձայնություններ տրամադրելիս՝ հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները չեն տարածվում Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի իրականացման նպատակով՝ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, դրանց նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի շինարարության նախագծային աշխատանքների ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ`
1) հանրության գերակա շահի ապահովման նպատակով օտարվող հողատարածքների վերաբերյալ.
2) հանրության գերակա շահի ապահովման նպատակով հողատարածքների օտարում չնախատեսվող բնակավայրերում սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները հանելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. ապրիլի 27 Երևան |