ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2016 թվականի N 199-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները`
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կազմը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 23-ի N 199-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին (այսուհետ` ՌԱ հանձնաժողով) կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդը (այսուհետ` ՌՏԳՏ խորհուրդ) մշտապես գործող մարմին է, որն ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) գործունեության սուբյեկտներից ստացված առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ՌԱ հանձնաժողովին:
2. ՌՏԳՏ խորհրդի կանոնադրությունը և կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:
3. ՌՏԳՏ խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Պաշտպանության մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» և «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, ՌԱ հանձնաժողովի ու սույն կանոնադրություններով և այլ իրավական ակտերով:
4. ՌՏԳՏ խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՌԱՀ-ի կազմակերպությունների և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:
5. ՌՏԳՏ խորհրդի անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ.
2) հայերեն կրճատ` ՀՀ ՌԱ հանձնաժողովին կից ՌՏԳՏԽ.
3) ռուսերեն լրիվ` Военно-технический и научно-технический совет при военно-промышленной комиссии Республики Армения.
4) ռուսերեն կրճատ` ВТНТС при ВПК РА.
5) անգլերեն լրիվ` The Military-technical and Scientific-technical Counsil of the Military-industrial Commission of the Republic of Armenia.
6) անգլերեն կրճատ` MTSTC at MIC RA:
6. ՌՏԳՏ խորհրդի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0028, քաղ. Երևան, Օրբելի եղբայրների 22:
II. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. ՌՏԳՏ խորհրդի հիմնական նպատակներն են`
1) իր իրավասության սահմաններում ստորև նշված առաջարկությունների քննարկումը և ՌԱ հանձնաժողովին համապատասխան եզրակացություն ներկայացնելը`
ա. ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության վերաբերյալ,
բ. ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման վերաբերյալ,
գ. ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական ծրագրերի վերաբերյալ,
դ. գործադիր մարմիններից, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված ռազմատեխնիկական և (կամ) գիտատեխնիկական աշխատանքների վերաբերյալ,
ե. ժամանակակից և հեռանկարային սպառազինության մշակումներ կազմակերպելու վերաբերյալ,
զ. ՌԱՀ-ի բնագավառում միջազգային համագործակցության զարգացման վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման ռազմատեխնիկական և (կամ) գիտատեխնիկական ծրագրերի մշակման կազմակերպումը՝ համապատասխան պետական մարմինների հետ համատեղ:
III. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. ՌՏԳՏ խորհրդի հիմնական խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, ունեցվածքի և թիկունքային գույքի զարգացման գիտատեխնիկական ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով եզրակացություն ներկայացնելը.
2) պետական մարմիններից, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից, գիտական կազմակերպություններից, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանցից ստացված առաջարկությունների քննարկումը, անհրաժեշտության դեպքում՝ գիտական և գիտատեխնիկական փորձաքննության պատվիրումը, սահմանված կարգով եզրակացություն ներկայացնելը.
3) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, ճարտարագիտատեխնիկական կադրերի պատրաստման և վերապատրաստման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով դրանք ներկայացնելը.
4) այլ երկրների նորարարական գիտատեխնիկական զարգացման վերաբերյալ պարբերական զեկույցների և համապատասխան առաջարկությունների քննարկումը և սահմանված կարգով դրանք ներկայացնելը.
5) ՌԱՀ-ի գիտական, գիտատեխնիկական և տեխնոլոգիական զարգացման նպատակով միջազգային գիտական համագործակցության իրականացման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը:
IV. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. ՌՏԳՏ խորհուրդը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:
10. ՌՏԳՏ խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահն է:
11. ՌՏԳՏ խորհրդի նախագահի տեղակալն ընտրվում է ՌՏԳՏ խորհրդի անդամներից՝ խորհրդի նախագահի ներկայացմամբ, բաց քվեարկությամբ, ՌՏԳՏ խորհրդի անդամների ձայների 2/3-ով:
12. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը՝ ՌՏԳՏ խորհրդի անդամներից:
13. ՌՏԳՏ խորհրդի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:
14. ՌՏԳՏ խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր չորս ամիսը մեկ անգամ: ՌՏԳՏ խորհրդի իրավասության սահմաններում գործառնական լուծում պահանջող հարցերի վերաբերյալ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր՝ խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:
15. ՌՏԳՏ խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգի համաձայն:
16. ՌՏԳՏ խորհրդի նիստին կարող են մասնակցել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչներ` խորհրդակցական ձայնի իրավունքով, և հանդես գալ առաջարկություններով:
17. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչները ՌՏԳՏ խորհրդի նիստերին մասնակցում են խորհրդի նախագահի հրավերով կամ խորհրդի անդամների առաջարկությամբ` խորհրդի նախագահի հրավերով:
18. ՌՏԳՏ խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:
19. ՌՏԳՏ խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում` նախագահի ձայնը վճռորոշ է:
20. ՌՏԳՏ խորհրդի նիստերը վարում և որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը կամ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալը:
21. ՌՏԳՏ խորհրդի նախագահը համակարգում և ապահովում է խորհրդի բնականոն աշխատանքը:
22. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումը:
23. ՌՏԳՏ խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստերը.
2) ապահովում է ներկայացված առաջարկությունների ընդգրկումը նիստերի օրակարգում.
3) նախապատրաստում է առաջարկություններ խորհրդի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.
4) համակարգում է խորհրդի քարտուղարության աշխատանքները.
5) վարում է խորհրդի գործավարությունը:
24. ՌՏԳՏ խորհրդի անդամը՝
1) իրավունք ունի խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) իրավունք ունի ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.
4) պարտավոր է մասնակցել խորհրդի աշխատանքներին.
5) իրավունք ունի իրականացնելու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
25. ՌՏԳՏ խորհրդի՝ ի պաշտոնե անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն ՌՏԳՏ խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:
26. ՌՏԳՏ խորհրդի անդամների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է 5 տարի (ոչ ավելի, քան անընդմեջ 2 անգամ)՝ բացառությամբ խորհրդի՝ ի պաշտոնե անդամների:
27. ՌՏԳՏ խորհրդի կազմը համալրվում է մեկամսյա ժամկետում` խորհրդի նախագահի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
28. ՌՏԳՏ խորհրդի որոշումները, ստորագրվելուց հետո, սահմանված կարգով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են ՌԱ հանձնաժողովի նախագահին:
29. ՌՏԳՏ խորհրդի անդամներին խորհրդի որոշմամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին հետևում է խորհրդի քարտուղարը և խորհրդին ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:
V. ՌՏԳՏ ԽՈՐՀՐԴԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
30. ՌՏԳՏ խորհուրդն ունի հետևյալ ենթահանձնաժողովները՝
1) մեքենաշինության.
2) ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի.
3) քիմիայի և կենսաբանության.
4) տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության.
5) նորարարական (ինովացիոն) տեխնոլոգիաների:
31. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների նախագահներին նշանակում է խորհրդի նախագահը` ՌԱ հանձնաժողովի համաձայնությամբ:
32. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների կազմը և գործունեության կարգը հաստատում է խորհրդի նախագահը:
33. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովները համալրվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի գիտնականներով, բարձր որակավորում ունեցող ճարտարագիտատեխնիկական մասնագետներով, ՌԱՀ-ի համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներով, գործադիր մարմինների ներկայացուցիչներով:
34. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովների աշխատանքում անհրաժեշտության դեպքում՝ խորհրդի նախագահի որոշմամբ, ժամանակավորապես ներգրավվում են տարբեր գերատեսչությունների, հիմնարկների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական կազմակերպությունների և արտադրության համապատասխան մասնագետներ (համաձայնությամբ):
35. ՌՏԳՏ խորհրդի ենթահանձնաժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են ստեղծել աշխատանքային խմբեր՝ ներգրավելով խորհրդի անդամներ չհանդիսացող համապատասխան մասնագետների (համաձայնությամբ):
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 23-ի N 199-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ (ՌՏԳՏ խորհրդի նախագահ) |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի մեքենաշինության ենթահանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի ֆիզիկայի և ռադիոէլեկտրոնիկայի ենթահանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քիմիայի և կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ենթահանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նորարարական տեխնոլոգիաների ենթահանձնաժողովի նախագահ |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քարտուղար |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |