ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 մարտի 2016 թ. |
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2016 թվականի փետրվարի 24-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում` Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուկրաինայի (այսուհետ՝ Կողմեր) միջև:
Համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է վերապահում, որի առնչությամբ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել առարկությամբ:
2. Համաձայնագրի նպատակն է ապահովել Կողմերի տարածքներում հանցագործության դեմ արդյունավետ պայքարի և քրեական դատավարության խնդիրների հաջող լուծման նպատակների իրականացմանն աջակցող անձանց օրինական իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանությունը:
Համաձայնագիրը կիրառվում է այն դեպքերում, երբ պաշտպանվող անձանց նկատմամբ հայցող Կողմի կողմից նրա ազգային օրենսդրությանը համապատասխան կիրառվող պաշտպանության միջոցները չեն կարող ապահովել նրանց պատշաճ անվտանգությունը:
3. Համաձայնագրի շրջանակներում պաշտպանվող անձանց նկատմամբ միաժամանակ կարող են կիրառվել 4-րդ հոդվածով նախատեսված` պաշտպանության միջոցներից մեկը կամ մի քանիսը:
Պաշտպանության միջոցները կիրառվում են պաշտպանվող անձի կամ նրա օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Անչափահաս կամ չափահաս անգործունակ պաշտպանվող անձի նկատմամբ պաշտպանության միջոցներն իրականացվում են միայն նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ (հոդվ. 15):
Պաշտպանության միջոցների իրականացումը պաշտպանվող անձի կողմից հայցվող Կողմի տարածքում հանցագործություն կատարվելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հիմք չի համարվում (հոդվ. 25):
Համաձայնագիրն անձի պաշտպանության ապահովման համար Կողմերին հնարավորություն է ընձեռում փոխադարձ համաձայնության հիման վրա իրականացնել Համաձայնագրով չնախատեսված պաշտպանության այլ միջոցներ (հոդվ. 4, կետ 2):
4. Համաձայնագիրը սահմանում է նաև տրամադրվող պաշտպանությունից օգտվող անձանց ցանկը, անձի պաշտպանության միջոցների տրամադրման և իրականացման կարգն ու պայմանները, հարցման ձևն ու բովանդակությունը, հարցումը մերժելու հիմքերը, պաշտպանության ենթակա անձի իրավունքներն ու պարտականությունները:
5. Ըստ Համաձայնագրի՝ եթե պաշտպանության միջոցների իրականացման վերաբերյալ հարցումը չի պարունակում Համաձայնագրով նախատեսված բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել նման տվյալներ, մինչև որոնց ստանալը հարցումը կարող է թողնվել առանց քննության (հոդվ. 17): Միաժամանակ, Համաձայնագրով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառումը կարող է մերժվել, եթե դա կարող է հայցվող Կողմի շահերին վնաս պատճառել կամ հակասում է հայցվող Կողմի ազգային օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին, հայցվող Կողմի տարածքում պաշտպանվող անձի կողմից կատարվել է հանցագործություն կամ առկա է հայցվող Կողմի իրավասու մարմնի` այդ անձի մուտքը հայցվող Կողմի տարածք արգելող որոշում (հոդվ. 18):
6. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնության տրամադրման հարցերը:
Համաձայնագրի դրույթները չեն ազդում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերով ստանձնված իրավունքների ու պարտականությունների վրա:
7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.
- Համաձայնագրի դրույթներին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հարցման հիման վրա հայցող Կողմին աջակցել պաշտպանվող անձանց նկատմամբ պաշտպանության միջոցներ իրականացնելիս,
- որպես հայցվող Կողմ` պաշտպանության միջոցների իրականացման ժամանակահատվածում պաշտպանվող անձին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավոր տեղափոխել կամ վերաբնակեցնել անվտանգ վայրում, տրամադրել կացարան, նրա շարժական գույքը նոր բնակավայր տեղափոխելու հնարավորություն ընձեռել,
- Հայաստանի Հանրապետության տարածքում կալանքի տակ վերցված կամ ազատազրկման դատապարտված անձին, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, ժամանակավորապես տեղավորել համապատասխան հիմնարկում,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, փոխեն պաշտպանվող անձի փաստաթղթերը` փոխելով նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա մասին այլ տեղեկությունները, որոնց ցանկը համաձայնեցվում է շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների կողմից,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, փոխեն պաշտպանվող անձի արտաքին տեսքը, որը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ բժշկական, կոսմետիկ ընթացակարգերի անցկացում` ինչպես մասնագիտացված կլինիկաներում և այլ բժշկական հիմնարկներում, այնպես էլ դրանցից դուրս` մասնագետների ներգրավմամբ և անհրաժեշտ սանիտարական և այլ պայմանների ստեղծմամբ,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները, հայցող Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, պաշտպանվող անձին տրամադրեն անձնական պաշտպանության, կապի և իրազեկման հատուկ միջոցներ, որոնց տրամադրման և պաշտպանվող անձի կողմից դրանց կիրառման կարգը որոշվում է ՀՀ օրենսդրությամբ,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններն ապահովեն պաշտպանվող անձի անձնական պաշտպանությունը, բնակարանի և գույքի պաշտպանությունը,
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները պաշտպանության միջոցների իրականացման նպատակներով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ,
- որպես հայցող Կողմ հանդես գալու դեպքում կրել Համաձայնագրի 2-րդ և 4-10-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցների կիրառման հետ կապված ծախսերը,
- ապահովել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկի` ավանդապահին տրամադրումը, որն այդ մասին տեղեկացնում է մյուս Կողմերին և այլն:
8. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն Համաձայնագրի դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 13-րդ հոդվածում ամրագրված` բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու սկզբունքներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին համաձայնագրում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
10 մարտի 2016 թ. ՍԴՈ-1260 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|