Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.03.2016-21.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.03.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 12 մարտի 2016 թվականի N 154-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 12

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 12-ի N 154-Ա

որոշման

 

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

Ջ. Բաղդասարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահ)

Տ. Սահակյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Մ. Բիչախչյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ

Ռ. Զաքարյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ (համաձայնությամբ)

Ի. Հակոբյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Շ. Խաչատրյան

- «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Կեսոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

մարտի 12-ի N 154-Ա

որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անօթևան անձանց խնդիրներով զբաղվող միջգերատեսչական համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անօթևան` որոշակի բնակության վայր չունեցող անձանց սոցիալական, առողջապահական, իրավական խնդիրների լուծմանն ուղղված գործունեության, նիստերի վարման և որոշումների ընդունման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդը խորհրդատվական մարմին է, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն աշխատակարգին համապատասխան:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

3. Խորհրդի գործունեության նպատակը Հայաստանի Հանրապետությունում անօթևան մարդկանց հրատապ սոցիալական աջակցություն ցուցաբերելը` նրանց հայտնաբերման, ինքնության հաստատման, անձի նույնականացման, փաստաթղթերի ձեռքբերման, կացարանով ապահովման, առաջնային բժշկական օգնության տրամադրման գործընթացում հանդիպող խնդրահարույց և կենսական կարևորություն ունեցող դեպքերում լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելն է:

4. Խորհրդի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանված կանոնակարգի (այսուհետ` կանոնակարգ) և սույն աշխատակարգի համաձայն, միջգերատեսչական համագործակցության շրջանակներում իրականացնել որոշակի գործողություններ և ներկայացնել առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն անօթևան անձանց` որոշակի բնակության վայր չունենալու հանգամանքով պայմանավորված սոցիալական բազմաբնույթ խնդիրների լուծմանը.

2) կանոնակարգի 5-րդ կետով սահմանված խնդրահարույց դեպքերում անհապաղ աջակցել անօթևան անձանց անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալական և իրավական օգնություն, ինչպես նաև կացարան տրամադրելու հարցում` անկախ նրանց սեռից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելությունից, քաղաքացիությունից և փաստաթղթերի առկայությունից.

3) առաջարկություններ ներկայացնել համապատասխան գերատեսչություններ անօթևան անձանց սոցիալական աջակցության, կացարանի տրամադրման, բժշկական օգնության և սպասարկման, փաստաթղթերի ձեռքբերման գործառույթները կանոնակարգող իրավական ակտերի մշակման, անհրաժեշտության դեպքում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

4) խորհրդատվություն տրամադրել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին, այդ թվում` հասարակական, որոնք զբաղվում են անօթևան մարդկանց հիմնահարցերով.

5) խորհուրդն իրավունք ունի քննության առնելու և առաջարկություններ ներկայացնելու անօթևան անձանց աջակցելու վերաբերյալ՝ հետևյալ խնդրահարույց դեպքերում`

ա. անօթևան անձի` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստացման, փոխանակման, վերականգնման հարցում,

բ. համապատասխան բժշկական կազմակերպություն, այդ թվում` հոգեբուժական, ուղեգրման և տեղավորման ժամանակ,

գ. կենսաթոշակ նշանակելու և ստանալու համար համապատասխան փաստաթղթեր նախապատրաստելու ընթացքում,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ` ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) տուն-ինտերնատներ ընդունվելու համար համապատասխան փաստաթղթեր նախապատրաստելու ընթացքում,

ե. ընտանիքի անդամներին և հարազատներին գտնելու ու նրանց հետ կորցրած սոցիալական կապերը վերականգնելու հարցում դժվարությունների հանդիպելիս,

զ. անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական այլ միջոցներով ապահովման հարցում,

է. բժշկասոցիալական փորձաքննության անցկացման համար համապատասխան փաստաթղթեր նախապատրաստելիս դժվարությունների հանդիպելու և այլ խնդրահարույց դեպքերում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդը կազմված է նախագահից, անդամներից և քարտուղարից, ովքեր խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

7. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալն է (այսուհետ` խորհրդի նախագահ):

8. Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Երևանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատողներ (այսուհետ` խորհրդի անդամ), ինչպես նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` համաձայնությամբ:

9. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` խորհրդի անդամներից մեկի առաջարկությամբ կարող է հրավիրվել արտահերթ նիստ:

10. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

12. Անհետաձգելի լուծումներ (կապված անհետաձգելի բուժօգնության տրամադրման հետ) պահանջող դեպքերում խորհուրդն իրավասու է հրավիրելու էլեկտրոնային նիստեր և ընդունելու որոշումներ` կիրառելով էլեկտրոնային հաղորդակցության տարբեր միջոցներ:

13. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (խորհրդատվական ձայնի իրավունքով), պետական մարմինների՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

15. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին՝ խորհրդի նիստից 5 օր առաջ:

16. Խորհուրդն իր աշխատանքներն առավել օպերատիվ իրականացնելու նպատակով կարող է ձևակերպել աշխատանքային խմբեր, որոնց կազմում ընդգրկվում են խորհրդի անդամ չհանդիսացող այլ մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:

17. Աշխատանքային խմբերը կատարում են խորհրդի որոշումները, ինչպես նաև ներկայացնում առաջարկություններ խորհրդի առջև դրված խնդիրների լուծման, խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ծագած խնդրահարույց և հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ: Աշխատանքային խմբի ղեկավարը մասնակցում է խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով:

18. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում և կազմակերպում է խորհրդի աշխատանքը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ապահովում է խորհրդի բնականոն գործունեությունը.

4) ստորագրում է խորհրդի արձանագրությունը.

5) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում:

19. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստերը վարում է նրա կողմից լիազորված` խորհրդի անդամներից մեկը:

20. Խորհրդի անդամները`

1) իրավունք ունեն՝

ա. ներկայացնելու հարցեր խորհրդի օրակարգում ընդգրկելու նպատակով,

բ. ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, ինչպես նաև նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ,

գ. խորհրդի որոշումների վերաբերյալ ներկայացնելու հատուկ կարծիք,

դ. ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին.

2) պարտավոր են՝

ա. մասնակցել խորհրդի աշխատանքներին,

բ. կատարել խորհրդի որոշումները և խորհրդի նախագահի հանձնարարականները:

21. Խորհրդի քարտուղարը`

1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, հրավիրում է խորհրդի անդամներին և նիստին հրավիրված անձանց, արձանագրում է խորհրդի նիստերը.

2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ընդունում և խորհրդի նախագահին է հանձնում աշխատանքային խմբերի առաջարկությունները, ապահովում խորհրդի գործավարությունը և իրականացնում խորհրդի աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ.

3) խորհրդի անդամներին և շահագրգիռ անձանց (որոնց վերաբերյալ ընդունվել է փաստաթուղթը) կամ համապատասխան կազմակերպություններին տրամադրում է խորհրդի կողմից ընդունված որոշումը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

22. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան