Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.16/20(1200) Հոդ.220
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.08.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0011/01/14

ԵԱԴԴ/0011/01/14

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

Դատավորներ՝ 

Ս. Համբարձումյան

Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԴԱնիելյանի

 

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

 

Ա. Պողոսյանի

 

Ս. Օհանյանի

  

  

 

քարտուղարությամբ 

Հ. Պետրոսյանի

 

 մասնակցությամբ 

 
 

ամբաստանյալներ 

Ա. Կարապետյանի

   

Ռ. Գուլգուլյանի

 

 պաշտպաններ 

Տ. Աթանեսյանի

   

Կ. Քալանթարյանի

 

2015 թվականի օգոստոսի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արսեն Արմենի Կարապետյանի և Ռուբեն Կիմի Գուլգուլյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի մարտի 3-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10133213 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Արսեն Արմենի Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն մարմնի՝ 2014 թվականի հունվարի 23-ի որոշմամբ Ռուբեն Կիմի Գուլգուլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի ապրիլի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռով Ա.Կարապետյանը և Ռ.Գուլգուլյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նրանց նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրող Մ.Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ.Գուլգուլյանի պաշտպան Կ.Քալանթարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2015 թվականի մարտի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի մայիսի 25-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակից` ամբաստանյալ Ա.Կարապետյանի պաշտպան Տ.Աթանեսյանը, ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով Ա.Կարապետյանի մասով մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել, և այդ մասով Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Ա.Կարապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2013 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 16 շենքին հարակից հատվածում, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Վահե Սուրենի Կարապետյանի կրծքավանդակի ձախ կեսին, ձախ ազդրին և դիտավորությամբ պատճառել առողջության ծանր վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 169):

Ամբաստանյալ Ռ.Գուլգուլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա, 2013 թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 15.50-ի սահմաններում, Երևան քաղաքի Շինարարների փողոցի 16 շենքին հարակից հատվածում, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գևորգ Հայկի Հայրապետյանի մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ պատճառել առողջության ծանր վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 169):

6. Դատաբժշկական փորձաքննության թիվ 1685/հ եզրակացության համաձայն` «Վ.Կարապետյանի ստացած մարմնական վնասվածքները կրծքավանդակի ձախ կեսի միջին անրակային գծով 6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերքի՝ սրտապարկի վնասումով, կրծքավանդակի ձախ կեսի միջին անութային գծով 6-րդ միջկողային տարածության ծակած-կտրած թափանցող վերքի ձախ թոքի վնասումով, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքի մկանների վնասումով, պատճառվել են ծակող-կտրող գործիքով(ներով), այդ թվում դանակով(ներով), հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 133)։

Դատաբժշկական փորձաքննության թիվ 1678/հ և լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության թիվ 2099/Լ եզրակացությունների համաձայն` «Գ.Հայրապետյանի ստացած մարմնական վնասվածքները՝ ձախ ակնակապիճի ենթամաշկային արյունահավաքի (հեմատոմայի), ձախ ակնագնդի 2-րդ աստիճանի կոնտուզիայի, հիֆեմայի, հեմոֆթալմի, որովայնի բութ վնասվածքի՝ փայծաղի պատռվածքի ձևով, պատճառված են բութ առարկաների ազդեցությամբ, հնարավոր է գործի հանգամանքներում նշված ժամանակին և պատճառվել է առողջությանը ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 188-189, հատոր 2-րդ, թերթեր 40-41)։

7. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճռի համաձայն` «Դատարանը (...) ամբաստանյալ Արսեն Կարապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ նա իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, նախկինում դատապարտված չի եղել, հանցանքը կատարել է հանգամանքների պատահական զուգորդմամբ, հանցագործության կատարմանը նպաստել է Ռուբեն Գուլգուլյանի հակաօրինական վարքագիծը, որով պայմանավորվել է հանցագործությունը, տուժող Վահե Կարապետյանի վնասը վերականգնված է, որևէ բողոք կամ պահանջ չունի, ֆիզիկապես վատառողջ է, 17.06.2013 թվականից հաշվառված է ՀԲԿ Ավանի հոգեբուժական կլինիկայում և տառապում է «Հետփսիխոտիկ նևրոտիկ խանգարում» ախտորոշմամբ հիվանդությամբ (...), ՀՀ ՊՆ 410-13 թվականի հրամանի «7Բ» հոդվածի համաձայն տրվել է տարկետում առողջական վիճակի պատճառով՝ 3 տարի ժամկետով, դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` հանդիսանում է սահմանափակ մեղսունակ անձ, հանցանքը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարվածության տագնապայնության, սթրեսային վիճակում (...), բնութագրվում է դրական Երևան քաղաքի թիվ 1 մասնաճյուղ «Արաբկիր-005» համատիրության տնօրեն Ա.Երիցյանի կողմից։

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։

Դատարանը (...) ամբաստանյալ Ռուբեն Գուլգուլյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է համարում այն, որ նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, նախկինում դատապարտված չի եղել, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին, ֆիզիկապես վատառողջ է, տառապում է «Երկկողմանի երկայնակի և լայնակի հարթաթաթություն 3-րդ աստիճանի, զույգ ոտնաթաթերի վեգ-նավակաձև և 1-ին մետատարզալ-ֆալանգային հոդերի արթրոզ, քայլքի ֆունկցիայի զգալի խանգարումով» հիվանդությամբ, ինչի հետևանքով (...) ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, բնութագրվում է դրական «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռ.Ղազարյանի կողմից, տուժող Գևորգ Հայրապետյանի վնասը վերականգնված է, որևէ բողոք կամ պահանջ չունի։

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։

(...)

 (...) [Հ]աշվի առնելով Արսեն Կարապետյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ մեկ տարուց ավելի գտնվելով ազատության մեջ գիտակցել է կատարած հանցանքի վտանգավորությունը և մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, տվել է խոստովանական ցուցմունքներ, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել, հանցանքը կատարել է հանգամանքների պատահական զուգորդմամբ, իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Արսեն Կարապետյանը ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և հանցանքը կատարելու պահին գտնվել է հոգեկան լարվածության, տագնապայնության, սթրեսային վիճակում, ինչն էապես ազդել է նրա գիտակցության և վարքի վրա, հանդիսանում է ընտանիքի միակ զավակը և ՀՀ ԱՆ կից դատահոգեբուժական ստացիոնար մինչգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սեդրակ Թադևոսյանի ցուցմունքի համաձայն՝ նույնիսկ ամենամեղմ նևրաստենիայով, եթե մարդը մտնում է մեկուսարան, ապա նրա մոտ առաջանում է ծանր ձևը, որը անդառնալի հետևանք է առաջացնում անձի համար, դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ Արսեն Կարապետյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (...):

(...) [Հ]աշվի առնելով Ռուբեն Գուլգուլյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը` մասնավորապես այն, որ մեկ տարուց ավելի գտնվելով ազատության մեջ գիտակցել է կատարած հանցանքի վտանգավորությունը և մինչ օրս զերծ է մնացել այլ հակաօրինական արարքներ կատարելուց, կամավոր ներկայացել է ոստիկանության բաժին, տվել է խոստովանական ցուցմունքներ, տուժողը որևէ բողոք չի ներկայացրել, ֆիզիկապես վատառողջ է, այն որ հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառել է իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով, առանց որևէ գործիք կամ առարկա օգտագործելով, դատարանը գտնում է, որ թվարկված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու իրենց համակցությամբ հնարավորություն են տալիս հանգելու հետևության, որ Ռուբեն Գուլգուլյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 175-177):

8. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներ Ռ.Գուլգուլյանի և Ա.Կարապետյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներն իրական են, գործով ձեռք բերված ապացույցները հաստատում են դրանց առկայությունը, այդպիսիք ողջամտորեն նվազեցնում են վերջիններիս կողմից կատարած հանցանքի` հանրային վտանգավորության աստիճանը, որի պայմաններում հանգում է այն հետևության, որ [Առաջին ատյանի դ]ատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելը` բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից, համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 76):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 61-րդ հոդվածների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է` ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հաշվի չեն առել նրանց կատարած հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, ինչպես նաև օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքաբերը մեջբերել է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները և նշել, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալների դիտավորության ուղղվածությունը, տեսակը, արարքի կատարման եղանակը, օգտագործված գործիքը, մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը, վերջիններիս հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և մեղքի ձևը:

10. Բողոքի հեղինակը փաստել է նաև, որ ստորադաս դատարանները պատշաճ իրավական ընթացակարգերով չեն հետազոտել և գնահատել ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները (ամբաստանյալներ Ա.Կարապետյանի մեղավոր ճանաչելը և Ռ.Գուլգուլյանի մասնակի մեղավոր ճանաչելը, հանցանքը կատարելուց հետո վերջիններիս դրսևորած վարքագիծը, մեկ տարուց ավելի ազատության մեջ գտնվելով՝ կատարած հանցանքի վտանգավորությունը գիտակցելը և մինչ օրս այլ հակաօրինական արարքներ կատարելուց զերծ մնալը, Ա.Կարապետյանի կողմից հանցանքը հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարելը, դատվածություն չունենալը, դրական բնութագրվելը, Ռ.Գուլգուլյանի կողմից տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելը` իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով): Ավելին՝ ըստ բողոքաբերի՝ նշյալ հանգամանքները չեն կարող նվազեցնել ամբաստանյալներ Ռ.Գուլգուլյանի և Ա.Կարապետյանի կատարած արարքների` հանրության համար վտանգավորության աստիճանը և նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Ա.Կարապետյանի, Ռ.Գուլգուլյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք ամբաստանյալներ Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»:

Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլոց, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Գարուշ Մադաթյանի` 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 գործով, Արմեն Շահբազյանի` 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 գործով, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 գործով Վճռաբեկ դատարանի որոշումները)` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն (ԵԱԴԴ/0034/01/12, ԼԴ/0093/01/12, ՏԴ/0018/01/13, ԵԷԴ/0132/01/13, ԵԱՆԴ/0060/01/13, ԵԿԴ/0096/01/13, ԵԿԴ/0252/01/13, ԵՄԴ/0027/01/14, ԳԴ/0014/01/14, ՍԴ/0204/01/13, ՏԴ/0031/01/14, ՍԴ3/0174/01/14 և այլն):

Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վրա ազդող վերը նշված գործոններից մեղքի ձևի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում նաև արձանագրել է. «(...) [Մ]եղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցագործությունների ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունեն ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքները, որոնք ենթադրում են հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Ընդ որում, արարքի վտանգավոր հետևանքների առաջացումը նախատեսելն ընդգրկում է ոչ միայն ապագայում սպասվելիք փոփոխությունների փաստական բովանդակության գիտակցումը, այլև այդ փոփոխությունների սոցիալական նշանակության (հանրային վտանգավորության) գիտակցումը: Բոլոր այն դեպքերում, երբ հանցանք կատարած անձի կողմից հստակ գիտակցվում է արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այսինքն` առկա է վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության նախատեսումը, օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: Այս դեպքում հանցագործության սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (…)» (տե՛ս Ա.Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 14-րդ կետը):

14. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…)

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Ա.Շահբազյանի գործով որոշման շրջանակներում՝ ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված] հանրորեն վտանգավոր արարքների դեմ արդյունավետ պայքարը պահանջում է այս ոլորտում համապատասխան քրեական, այդ թվում` պատժողական քաղաքականության իրականացում: Իսկ դա իր հերթին ենթադրում է ոչ միայն համապատասխան օրենսդրական հիմքերի առկայություն, այլև դրանց գործնական կիրառման հնարավորության ապահովում:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորի` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Քննարկվող հանցագործության հանրային առավել բարձր վտանգավորությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ համապատասխան հակաիրավական արարքի արդյունքում մարդուն պատճառվում է վնաս, որը խիստ բացասական է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, այլև նրանով, որ կարող է առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև տուժողի մահ: Այս հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի (…):

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարվել տարբեր եղանակներով: Մասնավորապես, հանցավորը տուժողի առողջությանը ծանր վնաս կարող է պատճառել՝ իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով (ձեռքով կամ ոտքով հարվածելով, հրել-վայր գցելով, մարմնի որևէ մաս ջարդելով և այլն), տարբեր գործիքներ, իրեր կամ առարկաներ (դանակ, կացին, մուրճ, մետաղյա ձող, քար և այլն) օգտագործելով, զանազան մեխանիզմներ, միջոցներ կամ նյութեր (հրազեն, թույն, թմրանյութ և այլն) կիրառելով, տարերային աղետի իրադրությունը կամ առավել վտանգի աղբյուրն օգտագործելով և այլն: Քննարկվող հանցագործության կատարման նշված եղանակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես՝ տուժողի կենսական կարևոր օրգանների շրջանում դանակով հարված հասցնելիս հանցավորը ոչ միայն նախատեսում է հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, այլև գիտակցում է կամ առնվազն պարտավոր է գիտակցել, որ իր գործողություններով տուժողին պատճառում է առողջության ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար և անգամ կարող է հանգեցնել մահվան: Այլ խոսքով՝ հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և հստակ նախատեսում է իր արարքի և վտանգավոր հետևանքների միջև առկա միանշանակ պատճառական կապը և դրա զարգացումը, այդ թվում՝ գիտակցում է կամ պարտավոր է գիտակցել, որ տուժողին կարող է պատճառել մահ, սակայն ինքնավստահությամբ կամ անփութությամբ հույս է ունենում, որ նշված ծանր հետևանքը չի առաջանա: Վերոգրյալն ինքնին վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, ուստի օբյեկտիվորեն պետք է գնահատվի և հաշվի առնվի դատարանների կողմից պատիժ նշանակելիս:

(…) ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ քրեաիրավական ներգործության համաչափ միջոց կիրառելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքներին, միջոցներին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը: Համապատասխան գնահատականի պետք է արժանացվի նաև կատարված հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը:

[Ա]ռանց նշված հանգամանքների գնահատման առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար, նշանակված պատժով չի ապահովվի կատարված արարքի և կիրառված քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունը, ինչպես նաև կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները» (տե՛ս Ա.Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշման 15-17-րդ կետերը):

15. Վերահաստատելով Ա.Շահբազյանի որոշմամբ արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, ի թիվս այլնի, հատկապես կարևոր է հաշվի առնել հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը, տեղակայումը, անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ:

Կոնկրետ գործի փաստական հանգամանքների շրջանակներում վնաս պատճառելու համար օգտագործված տարատեսակ գործիքները, առարկաները կամ սարքավորումները, վնասվածք(ներ)ի տեղակայումը, հանցավորի պատրաստվածությունը, մեղքի դիտավորյալ ձևը (հատկապես` ուղղակի դիտավորությունը) իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը, մեծացնում հանցագործությունը հաջողությամբ ավարտին հասցնելու կամ ավելի մեծ վնաս պատճառելու հավանականությունը: Հետևաբար նման դեպքերում օբյեկտիվորեն բարձրանում է նաև արարքի հանրային վտանգավորության աստիճանը: (տե՛ս mutatis mutandis, Ս.Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշման 14-րդ կետը):

16. Սույն գործի նյութերից հետևում է, որ`

ա) Ա.Կարապետյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է Վ.Կարապետյանի կրծքավանդակի ձախ կեսին, ձախ ազդրին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է սրտապարկի, թոքի, մկանների վնասումով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):

բ) Ռ.Գուլգուլյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ ձեռքով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ.Հայրապետյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է ակնակապիճի ենթամաշկային արյունահավաքով, ակնագնդի 2-րդ աստիճանի կոնտուզիայով, հիֆեմայով, հեմոֆթալմով, որովայնի բութ վնասվածքով՝ փայծաղի պատռվածքի ձևով (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):

գ) Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով ամբաստանյալներ Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, եկել է այն եզրահանգման, որ վերջիններիս ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու: Իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը անհրաժեշտ ու բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 7-8-րդ կետերը):

17. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, մասնավորապես`

ա) վերլուծության չեն ենթարկել այն հանգամանքը, որ Ա.Կարապետյանը դանակով երեք հարված է հասցրել տուժողի մարմնի կենսականորեն կարևոր օրգանների շրջանում` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, ինչն օբյեկտիվորեն բարձրացնում է կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը,

բ) չեն գնահատել հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ, մասնավորապես այն, որ ամբաստանյալը գիտակցել է, որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, նախատեսել իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

գ) հաշվի չեն առել խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ, որի խախտումը ոչ միայն խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա, այլև կարող էր առաջ բերել ավելի ծանր հետևանքներ՝ ընդհուպ մինչև մահ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները ինչպես առանձին վերցրած, այնպես էլ իրենց համակցության մեջ պատշաճ ուշադրություն չեն դարձրել արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքների քանակին, բնույթին ու տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթին:

19. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Ռ.Գուլգուլյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ ամբաստանյալ Ռ.Գուլգուլյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված սկզբունքից, համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու ու նոր հանցագործությունները կանխելու համար և կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

20. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ստորադաս դատարանները դրանց կապակցությամբ թույլ չեն տվել այնպիսի դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

21. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալներ Ա.Կարապետյանի և Ռ.Գուլգուլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ստորադաս դատարանների հետևությունները Ա.Կարապետյանի մասով իրավաչափ չեն, սակայն Ռ.Գուլգուլյանի մասով իրավաչափ են:

22. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Ա.Կարապետյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Ռ.Գուլգուլյանի մասով ստորադաս դատարանները կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, թույլ չեն տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար Ռ.Գուլգուլյանի մասով վճռաբեկ բողոքը պետք է մերժել՝ նրա վերաբերյալ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արսեն Արմենի Կարապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 10-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության, իսկ ամբաստանյալ Ռուբեն Կիմի Գուլգուլյանի մասով վճռաբեկ բողոքը մերժել` նրա վերաբերյալ դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

Ամբաստանյալ Արսեն Արմենի Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ա. Պողոսյան

Ս. Օհանյան