Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/9(1189).1 Հոդ.74.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0019/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0019/02/13

2015թ.

Նախագահող դատավոր` Մ. Հարթենյան

Դատավորներ`

Կ. Չիլինգարյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. ԱնտոնյանԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

 Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հուսիկ Թադևոսյանի ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հուսիկ Թադևոսյանի ընդդեմ Արմեն Արիստակեսյանի, ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հուսիկ Թադևոսյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի կողմից 07.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում 5241 համարով գրանցված):

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ` Դատարան) 14.02.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Տավարացյան, Ս. Միքայելյան, Ն. Բարսեղյան) 26.06.2014 թվականի որոշմամբ Հուսիկ Թադևոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2014 թվականի որոշմամբ Հուսիկ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2014 թվականի որոշումը բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ինքնաբացարկի միջնորդությունը քննության չառնելու հիմքով, և գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը մասնակիորեն` հայցը մերժելու և պետական տուրքի հարցը լուծված համարելու մասով, բեկանվել է և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Դատարանի 14.02.2014 թվականի վճիռը մնացած` Դատարանի 18.01.2013 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հուսիկ Թադևոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արմեն Արիստակեսյանը տիրապետել է վիճելի գույքի միայն մի մասը, ընդ որում` Արմեն Արիստակեսյանի ներկայացրած ապացույցներն առ այն, որ ինքը կատարել է գույքահարկի և այլ վճարումներ, նույնպես վերաբերում են վիճելի գույքի միայն մի մասին: Ավելին, գործում առկա` Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի տնտեսությունների թիվ 2 գրքի գրառումների համաձայն` 149 համարի տակ, որպես տնտեսության գլխավոր, նշված է Ռուբիկ Հուսիկի Թադևոսյանը, իսկ 148 համարի տակ` Կոլյա Հայկի Արիստակեսյանը, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ տնտեսությունները վարվել են առանձին-առանձին` 148 և 149 համարների տակ, սակայն գրանցված են մեկ հասցեում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը հաշվի չի առել Հուսիկ Թադևոսյանի ներկայացրած և գործում առկա` 15.11.2010 թվականին Այգեշատի գյուղապետի կողմից տրված տեղեկանքն առ այն, որ Հուսիկ Թադևոսյանի հայրը տիրապետել է վիճելի գույքը մինչև մահը, այսինքն` եղել է մոր` Միլյա Թադևոսյանի գույքը փաստացի տիրապետող ժառանգ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սույն գործով հիմնական պահանջն Արմեն Արիստակեսյանի գործողությունների վիճարկումն է, քանի որ վերջինս նոտարին է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչի արդյունքում տրամադրվել է ժառանգության իրավունքի վկայագիր, իսկ նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը վիճարկելն ածանցյալ պահանջ է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Արմավիրի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի կողմից 07.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի (սեղանամատյանում 5241 համարով գրանցված) համաձայն` Կոլյա Հայկի Արիստակեսյանի մահից հետո (մահացած 03.04.2000 թվականին) գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում հանգուցյալի որդին` Արմեն Կոլյայի Արիստակեսյանը (հատոր 1-ին, գ.թ. 12):

2. Սույն գործով Հուսիկ Թադևոսյանի հայցի առարկան Արմեն Արիստակեսյանին 07.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում 5241 համարով գրանցված) անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքը Հուսիկ Թադևոսյանի` ժառանգատու Միլյա Թադևոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու, ժառանգության բացման վայրը, ժառանգության զանգվածի կազմը և ժառանգների շրջանակը պատշաճորեն չպարզելու հանգամանքներն են (հատոր 1-ին, գ.թ. 3-6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ժառանգության իրավունքի վկայագիրն ընդհանուր իրավասության դատարանում վիճարկելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք ՀՀ իրավական համակարգում ժառանգության իրավունքի վկայագրի վիճարկումը հնարավոր է ընդհանուր իրավասության դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության դատարաններում քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

28.11.2007 թվականի (ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, ուժը կորցրել է 07.01.2014 թվականին) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարան կարող են բողոքարկվել նոտարի անգործությունը, ինչպես նաև նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության:

05.12.2013 թվականի (ուժի մեջ է մտել 07.01.2014 թվականին) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են`

1) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.

2) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն նույն օրենքով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ժառանգության իրավունքի վկայագիրը վարչական դատարանում վիճարկելու իրավական հնարավորության հիմնախնդրին և նշել է, որ նոտարի կողմից տրամադրված ժառանգության իրավունքի վկայագիրը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ չէ, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ անձն իրավունք չունի պահանջել վիճարկման հայցով վերացնել իր ենթադրյալ իրավունքները և ազատությունները խախտող ժառանգության իրավունքի վկայագիրը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն` վիճարկման հայցն օրենսդրի կողմից նախատեսված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական ակտով միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելուն կամ փոփոխելուն (տե՛ս, Սերժիկ Պողոսյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Ստյոպիկ Պողոսյանի թիվ ՎԴ/4901/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նոտարի կողմից հանրային գործառույթներ իրականացնելու հանգամանքը կանխորոշում է նոտարների հանրային-իրավական կարգավիճակը և պայմանավորում է նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության իրականացման իրավական անհրաժեշտությունը: Ըստ այդմ` օրենսդիրը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը կարող է բողոքարկվել դատարան: Ընդ որում, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը քննվում են վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Օրենսդիրն 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Նոտարի գործողությունների վիճարկման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 28-րդ գլխի 161-րդ հոդվածով սահմանել էր նոտարական գործողությունը կամ նոտարական անգործությունը վիճարկելու վերաբերյալ գործերի քննության կարգը: Օրենսդիրը 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 31-րդ գլխի 220-222-րդ հոդվածներով սահմանել է նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերի քննության կարգը:

 Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը նոտարական գործողության կատարման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերն ընդդատյա էր համարել վարչական դատարանին, քանի որ 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա էին հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը: Հետևաբար, իրավահարաբերության ծագման պահին գործող իրավակարգավորումների համաձայն` այն դեպքերում, երբ վեճը վերաբերում էր ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ մասնավոր իրավահարաբերություններին, մասնավորապես` ժառանգական իրավունքին, ապա տվյալ գործերը վարչական դատարանում քննության ենթակա չէին: Համանման իրավակարգավորում առկա է նաև 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում:

Այսպիսով, ամփոփելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե՛ 28.11.2007 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների և թե՛ 05.12.2013 թվականի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, եթե ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված չէ նոտարական գործողությունների վիճարկումը, ապա այդ գործը չի ծագում հանրային իրավահարաբերություններից, այլ ծագում է մասնավոր իրավահարաբերություններից, հետևաբար ընդդատյա է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Սույն գործով Հուսիկ Թադևոսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արմավիրի մարզի նոտարական տարածքի նոտար Անժելա Ցականյանի կողմից 07.10.2008 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (սեղանամատյանում 5241 համարով գրանցված):

Դատարանը, պատճառաբանելով, որ Հուսիկ Թադևոսյանի կողմից Դատարանին որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ ժառանգության ձևակերպումը կատարվել է օրենքի խախտմամբ, գտել է, որ Արմավիր նոտարական տարածքի նոտարի կողմից 07.10.2008 թվականին տրված` սեղանամատյանում 5241 համարով գրանցված, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա, և հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ նոտարական գործողություն համարվող ժառանգության իրավունքի վկայագիր տալու նոտարական գործողությունների իրավաչափությունը ենթակա է վիճարկման վարչական դատավարության կարգով, իսկ Հուսիկ Թադևոսյանը վիճարկում է նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողություն համարվող ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրելը, որպիսի պահանջն ինչպես հայց հարուցելու պահին, այնպես էլ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժով ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, մասնակիորեն բավարարել է վերաքննիչ բողոքը և քաղաքացիական գործի վարույթը կարճել է:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ սույն գործով Հուսիկ Թադևոսյանի հայցի առարկան ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում գտնվող Միլյա Թադևոսյանին պատկանող անշարժ գույքերի մասով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելն է, իսկ հայցի փաստական հիմքն իր` ժառանգատու Միլյա Թադևոսյանի ժառանագությունն ընդունած ժառանգ լինելու, ժառանգության բացման վայրը, ժառանգության զանգվածի կազմը և ժառանգների շրջանակը պատշաճորեն չպարզելու հանգամանքներն են:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ սույն գործով պահանջի հիմքը ոչ թե նոտարի գործողությունների վիճարկումն է, այլ անմիջականորեն ժառանգման իրավահարաբերություններից բխող, ժառանգությունն ընդունելու, ժառանգության բացման վայրի և ժառանգության զանգվածի կապակցությամբ ժառանգների միջև ծագած վեճը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վեճը վերաբերում է ոչ թե հանրային իրավահարաբերություններին, այլ ժառանգական իրավահարաբերություններին, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանն իրավասու չէր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու սույն քաղաքացիական գործի վարույթը, և այն ենթակա է քննության ընդհանուր իրավասության դատարանում, այլ ոչ թե վարչական դատարանում, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը քննության առնելու և դրանց հիմնավորվածությունը ստուգելու նպատակով գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.09.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան