ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 471-Ն
ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն)
Ղեկավարվելով «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը լրաց., փոփ. 18.02.16 N 152-Ն)
1. Սահմանել կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. մայիսի 12 |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 471-Ն որոշման |
ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԵՐԵՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 18.02.16 N 152-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով կարգավորվում են կերերի և կերային հավելումների (այսուհետ՝ կերեր) արտադրությանը (այդ թվում` կերերի առաջնային արտադրության), ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը, փոխադրմանը և պահպանմանն առնչվող հարաբերությունները:
(1-ին կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)
2. Սույն պահանջները տարածվում են կերերի արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վրա (այսուհետ՝ կերի շղթայի օպերատոր):
3. Սույն պահանջները չեն տարածվում տնային տնտեսություններում սպառվող տնային արտադրության կերերի վրա:
II. ԿԵՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Կերերի անվտանգությունն ապահովելու նպատակով՝ կերերի առաջնային արտադրության գործընթացները կարգավորվում և իրականացվում են վնասները վերացնելու կամ նվազագույնի հասցնելու սկզբունքով:
5. Կերերի առաջնային արտադրանքն արտադրվում, պատրաստվում, մաքրվում, փաթեթավորվում, պահպանվում և տեղափոխվում է փչանալուց կամ աղտոտվելուց պաշտպանված պայմաններում:
6. Կերերի առաջնային արտադրության գործընթացներում իրականացվում է վտանգավոր գործոնների վերահսկում՝ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան, ներառյալ`
1) կերերում վտանգավոր նյութերի ու աղտոտիչների ներթափանցման նկատմամբ հսկողություն և կանխարգելում, որոնք կարող են առաջանալ օդից, հողից, ջրից, պարարտանյութերից, բույսերի պաշտպանության միջոցներից, անասնաբուժական դեղերից, բիոցիդներից, ինչպես նաև թափոնների հետ շփումից.
2) բույսերի, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի (որոնք կարող են ներգործել կերերի անվտանգության վրա) պաշտպանության միջոցառումների իրականացում՝ ներառյալ դիտարկման (մոնիթորինգի) ծրագրերի, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների (զոոնոզ հիվանդություններ) նկատմամբ հսկողության սահմանում և իրականացում:
7. Կերերի արտադրման, փաթեթավորման, պահեստավորման և տեղափոխման համար օգտագործվող տարածքները, սարքավորումները, բեռնարկղերը և տրանսպորտային միջոցները պահվում են մաքուր վիճակում, մաքրելուց հետո դրանք, ըստ անհրաժեշտության (հերթափոխից կամ վարակիչ հիվանդության հաստատումից հետո), ախտահանվում են:
8. Աղտոտումից խուսափելու նպատակով աղբն ու վտանգավոր նյութերը պետք է պահվեն առանձին, և թափոնները հեռացվեն յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո:
9. Կերերի անվտանգությունը հավաստում են առաջնային արտադրանքի (հումքի) կամ այլ նմուշների լաբորատոր փորձաքննության արձանագրությունները:
10. Կերերի առաջնային արտադրության գործընթացներում վտանգը հսկելու նպատակով՝ գրանցամատյաններում կատարվում են իրականացված միջոցառումների վերաբերյալ գրառումներ, ինչն իրականացվում է սեփական արտադրության հսկողությամբ՝ պատասխանատու անձի կողմից:
11. Գրանցամատյաններում պարունակվող տեղեկատվության բովանդակությունը, ինչպես նաև գրանցամատյանի օրինակելի ձևը և վարման կարգը հաստատում է անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը:
III. ԿԵՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԵՐԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Հյութալի կերերը (կանաչ կեր, սենաժ, սիլոս) օգտագործվում են՝ ինչպես ամբողջական կամ մշակված տեսքով, այնպես էլ՝ որպես հումք կերերի լիակերաբաժնում: Դրանք չպետք է պարունակեն ախտածին սնկեր, այդ թվում՝ բորբոսասնկեր, թունավոր բույսերի կողմնակի հոտի նշաններ: Կանաչ կերերը պետք է համապատասխանեն որակի ցուցանիշներին, որոնք սահմանված են գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:
13. Կոպիտ կերերը (խոտ, ծղոտ) օգտագործվում են՝ ինչպես մաքուր, այնպես էլ՝ որպես հումք՝ հատիկավորված կերերի արտադրության համար՝ կերախառնուրդների կազմում: Կոպիտ կերերը չպետք է պարունակեն թունավոր բույսերի (սողացող դառնախոտ, գունավոր քառառվույտ, պոչատերևաձև սոֆոր) հատվածներ, կողմնակի հոտեր (նեխահոտ, բորբոսահոտ), ախտածին սնկեր, այդ թվում՝ նաև բորբոսասնկեր:
14. Համակցված կերերի համար մատակարարվող հատիկային (ցորեն, գարի, վարսակ, աշորա, եգիպտացորեն, կորեկ, գետնընկույզ, արևածաղկի սերմեր) և հատիկաընդեղեն կերային մշակաբույսերը (գարնանացան գլուլ, սիսեռ, կերային բակլազգի, ոսպ, լյուպին կերային, սոյա, ոլոռ) չպետք է պարունակեն հասկաժանգ, մրիկ, վնասատուներ և կողմնակի խառնուրդներ:
15. Մթերատու որոճող կենդանիների կերերը չպետք է պարունակեն ցանկացած կենդանիներից (բացի ձկներից) և այլ հիդրոբիոնտներից ստացված՝ ոչ կաթնասուններին պատկանող բաղադրամասեր:
16. Մթերատու թռչունների կերերը չպետք է պարունակեն որոճող կենդանիների, վայրի կենդանիների, ինչպես նաև թռչունների բաղադրամասեր:
17. Մթերատու խոզերի կերերը չպետք է պարունակեն որոճող կենդանիների, վայրի կենդանիների և խոզերի բաղադրամասեր:
18. Խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայով անապահով երկրներից ծագումով կերերը՝ մթերատու կենդանիների համար, չպետք է պարունակեն ցանկացած կենդանիներից (բացի ձկներից) և այլ հիդրոբիոնտներից ստացված՝ ոչ կաթնասուններին պատկանող բաղադրամասեր:
19. Սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող վտանգավոր նյութեր պարունակող (անասնաբուժական պատրաստուկներ, աղտոտիչներ և այլն) կերերը չեն կարող օգտագործվել որպես կեր:
20. Արգելվում են՝
1) կերերի արտադրության համար օգտագործել կենդանիների հատուկ վտանգավոր հիվանդությունների ցանկում ներառված կենդանիների և թռչունների հատուկ վտանգավոր, ինչպես նաև զոոնոզ հիվանդություններից անապահով տարածքներից ծագումով հումքը.
2) կերերի արտադրությունը կենդանական ծագում ունեցող հյուսվածքներից:
IV. ԿԵՐԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Արտադրական գործընթացն իրականացվում է համաձայն կերի շղթայի օպերատորի կողմից գրավոր հաստատված գործընթացների և ցուցումների՝ հսկման կրիտիկական կետերի բացահայտման, վերացման կամ դրանք մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով:
22. Կերի շղթայի օպերատորի կողմից պարբերաբար ստուգվում է արտադրական ամբողջ գործընթացը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:
23. Կերերում արգելված նյութերի և աղտոտիչների առկայությունը հսկելու նպատակով մշակվում է մեխանիզմ` որը նվազագույնի կհասցնի ռիսկերը:
24. Կերերում օգտագործման համար ոչ պիտանի նյութերը (բորբոսի, նեխվածքի, ախտածին սնկերի պարունակությունը) և թափոնները պետք է առանձնացվեն և նույնականացվեն:
25. Կերերի արտադրության օբյեկտները տեղակայվում են կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներում:
26. Կերերի արտադրության օբյեկտները պետք է հեռու գտնվեն՝
1) շրջակա միջավայրն աղտոտող և արդյունաբերական գործունեության օբյեկտներից.
2) հեղեղումներով վտանգված տարածքներից.
3) տարածքներից, որտեղ արտադրական թափոնները չեն կարող արդյունավետ հեռացվել:
27. Կերերի արտադրությունում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի սահմանած սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
28. Խաչաձև աղտոտումից խուսափելու նպատակով՝ վերամշակված կերերն առանձնացվում են չվերամշակված կերային նյութերից և հավելումներից:
29. Լվացման և ախտահանման համար նախատեսված քիմիական նյութերն օգտագործվում են՝ համաձայն օգտագործման հրահանգների, և հեռու են պահվում կերերից ու կերակրման տարածքներից:
30. Վնասատուների ներթափանցումը կանխելու նպատակով կիրառվում են վնասատուների (կրծողներ, միջատներ) դեմ պայքարի միջոցներ, և սահմանվում է հսկողություն:
31. Կեղտաջրերը, թափոններն ու անձրևաջրերը հեռացվում են՝ չվտանգելով սարքավորումների և կերերի որակն ու անվտանգությունը:
32. Պատուհանները և այլ բացվածքները կառուցվում են այնպես, որպեսզի կանխվի վնասատուների մուտքը:
33. Առաստաղները և գլխավերևի տարածքները նախագծվում և կառուցվում են այնպես, որպեսզի կանխվեն փոշու կուտակումն ու անցանկալի բորբոսի աճը:
34. Աշխատողների հանգստի և նախաճաշի համար նախատեսված սենյակները պետք է առանձնացվեն այլ տարածքներից:
35. Աշխատողների հանդերձարանները, լվացարանները և զուգարանները տեղակայվում են արտադրամասերից հեռու:
36. Զուգարանների մուտքը չպետք է բացվի անմիջապես արտադրական կամ պահեստային տարածքներ:
37. Արտադրական մակարդների (մերան) և (կամ) կենդանի բիֆիդո լակտոբակտերիաներ պարունակող սննդամթերքի կամ հավելումների աճեցվածքները պատրաստվում են հատուկ հատկացված և համապատասխան կազմակերպված մակարդների (մերան) բաժանմունքում, որը՝
1) տեղադրված է հիմնական օգտագործող արտադրամասերի հետ մեկ արտադրական առանձնաշենքում, մեկուսացված տեղում.
2) ունի առանձին սենյակներ, որոնցում ստանում և պահպանվում են միկրոօրգանիզմներով, բակտերիոֆագերով և այլ ախտոտիչներով ախտոտումից խմորիչների և աճեցվածքների պաշտպանությունն ապահովող պայմաններ.
3) ունի ներհոս - արտաձիգ օդափոխիչ և (կամ) օդի մաքրման և մշակման այլ արդյունավետ համակարգ:
38. Արտադրական մակարդների (մերան) պատրաստման ժամանակ մակարդների և պրոբիոտիկ աճեցվածքների որակի վերահսկողությունը՝ արտադրական շղթայի բոլոր փուլերում, իրականացվում է արտադրական ստորաբաժանման վերահսկողությամբ:
39. Արտադրական տարածքները պետք է ապահովված լինեն բնական և արհեստական լուսավորությամբ:
V. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
40. Կերերի արտադրության սարքավորումները, տարաները, խառնիչները, փոխադրամիջոցները և դրանց անմիջականորեն շրջապատող տարածքները պետք է պահվեն մաքուր վիճակում:
41. Սարքավորումները և գործիքները տեղադրվում են այնպես, որպեսզի՝
1) հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել.
2) նվազագույնի հասցվեն սխալների հետևանքով առաջացած ռիսկերը, և կանխվեն աղտոտումը, խաչաձև աղտոտումը և այլ բացասական ազդեցությունները:
42. Կերերի հետ շփվող սարքավորումները լվացման գործընթացներից հետո պետք է չորացվեն և, ըստ անհրաժեշտության, ախտահանվեն:
43. Ճշգրիտ չափումներ և փորձարկումներ իրականացնելու նպատակով՝ կերերի արտադրության մեջ օգտագործվող կշեռքները և չափիչ սարքավորումները պետք է ունենան չափման թույլատրելի սխալներ:
44. Տարբեր քաշի և ծավալի խառնուրդներ, ինչպես նաև համասեռ խառնուրդներ և լուծույթներ ստանալու համար օգտագործվում են արտադրական ծավալներին և հզորությանը համապատասխան խառնիչներ:
45. Դրենաժային համակարգերը նախագծվում են այնպես, որպեսզի կանխվի կերամիջոցների աղտոտման վտանգը:
VI. ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
46. Արտադրական գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով անձնակազմը պետք է համալրվի անհրաժեշտ թվով և համապատասխան մասնագիտություն ունեցող աշխատողներով:
47. Կերի շղթայի օպերատորների կրթության, մասնագիտական փորձի և նրա պարտականությունների մասին տեղեկատվությունը պետք է տրամադրվի անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնին:
48. Կերի շղթայի բոլոր փուլերում գործունեություն իրականացնող աշխատողները գրավոր տեղեկացվում են իրենց պարտականությունների, իրավասությունների և հերթապահությունների, այդ թվում՝ կատարված փոփոխությունների մասին:
VII. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
49. Կերերի արտադրության ժամանակ դրանց որակն ու անվտանգությունը պետք է ստուգվեն սեփական արտադրական հսկողությամբ և անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ:
50. Որակի հսկողությունն իրականացվում է կերարտադրության ոլորտում որակավորում և աշխատանքային փորձ ունեցող մասնագետների կողմից:
51. Որակի ստուգումն իրականացվում է համապատասխան աշխատակազմով և սարքավորումներով կահավորված լաբորատորիայում:
52. Արտադրական ամբողջ գործընթացում որակի հսկման համար պետք է հաստատվի պլան, որը կներառի հսկման կրիտիկական կետերում ստուգման արդյունքները, նմուշառման գործընթացը և կատարման հաճախականությունը:
53. Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ վերջնական արտադրանքում օգտագործված հումքին վերաբերող փաստաթղթերում կատարվում են գրառումներ, որոնք ենթակա են պահպանման:
54. Հետագծելիությունն ապահովելու նպատակով շուկայահանված արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակից կատարվում է նմուշառում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշման:
VIII. ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 18.02.16 N 152-Ն)
55. Կերերը փոխադրվում են համապատասխան տարաներով (բեռնարկղերով) և պահվում են միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում:
(55-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)
56. Կերերի փոխադրման տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը պետք է պահվեն մաքուր, չոր և նորոգ վիճակում, որպեսզի կանխարգելվի կերերի աղտոտումը և ապահովվի պատշաճ մաքրման և ախտահանման իրականացումը:
(56-րդ կետը խմբ. 18.02.16 N 152-Ն)
57. Կոնդենսացիան և փչացումը կանխելու նպատակով՝ պահեստներում ապահովվում է այնպիսի ջերմաստիճան, որի պայմաններում կերերը համարվեն անվտանգ և պիտանի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործելու համար:
57.1. Տրանսպորտային միջոցների և (կամ) բեռնարկղերի բեռնախցիկները չպետք է միաժամանակ օգտագործվեն կերերից բացի այլ ապրանք փոխադրելու համար:
(57.1-ին կետը լրաց. 18.02.16 N 152-Ն)
57.2. Կերերի փոխադրումն արգելվում է՝
1) առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի դեպքում.
2) փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում:
(57.2-րդ կետը լրաց. 18.02.16 N 152-Ն)
58. Կերերը պահվում են կենդանիների կերակրման համար արգելված նյութերից առանձին:
59. Աղտոտումից խուսափելու համար կերերը պահվում են առանձին և մատակարարվում են հատուկ սննդային նպատակների համար նախատեսված կենդանիների կերերից:
IX. ԿԵՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
60. Կերերը և կերային հավելումներն օգտագործվում են ըստ անասնաբուծության ուղղվածության՝ հաշվի առնելով կենդանիների տեսակը, սեռահասակային խումբը, մթերատվության ուղղությունը և օգտագործման նպատակը: Հայաստանի Հանրապետությունում օգտագործվող կերերը պետք է համապատասխանեն «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի N 530-Ն որոշմամբ սահմանված դրույթներին:
61. Փաթեթավորված և իրացման ենթակա կերերն օգտագործվում են մակնշմամբ ներկայացվող ցուցումներին և հանձնարարականներին համապատասխան (եթե այդպիսիք կան), որոնք սահմանվում են կերերի արտադրությամբ զբաղվող կերի շղթայի օպերատորի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգով:
(հավելվածը լրաց., խմբ. 18.02.16 N 152-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.02.2016, N 152-Ն | 03.03.2016, N 471-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|