Գլխավոր տեղեկություն
Համար
N 149-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.23/23(1203) Հոդ.158
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2016 թվականի N 149-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին և 159-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկերը և դրանք մաքսային մարմիններին տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1779-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին կետին» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 124-րդ հոդվածի 2-րդ մասին» բառերով.

2) որոշման 1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) կախված մաքսային ընթացակարգից` ապրանքների մաքսային հայտարարագրի հետ միասին ներկայացվող փաստաթղթերի կրճատ ցանկը` համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշումը լրացնել նոր` N 4 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 23
 Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 18-ի N 149-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

 նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) մաքսային հայտարարագիրը.

2) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը.

3) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

4) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

5) հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

6) ապրանքների ծագման երկիրը հաստատող փաստաթղթերը.

7) մաքսային վճարների վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը.

8) այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է մաքսային վճարների վճարման «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի հավելվածով մաքսային ընթացակարգերին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ամբողջական կամ մասնակի ազատում կիրառելու կամ մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման բազայի (հարկման բազայի) կրճատման համար սահմանված արտոնությունների իրավունքը.

9) մաքսատուրքերի, հարկերի վճարման ժամկետի փոփոխությունը հաստատող փաստաթղթերը.

10) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գրանցման և ազգային պատկանելության մասին փաստաթուղթը՝ ավտոմոբիլային տրանսպորտային միջոցով ապրանքների տեղափոխման դեպքում՝ դրանք «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս:

2. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) մաքսային հայտարարագիրը.

2) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը.

3) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.

4) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը.

5) մաքսային վճարների վճարման ապահովումը հաստատող փաստաթղթերը:

3. Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) մաքսային հայտարարագիրը.

2) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը.

3) տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը:

4. Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1) օրենքով նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը.

2) տրանսպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթերը:

5. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` անձի լիազորությունները հաստատող անհրաժեշտ փաստաթղթերն են`

1) անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ.

2) անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար լիազորությունները հաստատող անհրաժեշտ փաստաթուղթը (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ):

6. Մաքսային պահեստների, ժամանակավոր պահպանման պահեստների, ազատ պահեստների, անմաքս առևտրի խանութների և ազատ տնտեսական գոտիների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են օրենքին համապատասխան վարվող գրանցամատյաններն ու մաքսային մարմիններ ներկայացնելու ենթակա ապրանքների շարժի մասին հաշվետվությունները:

7. Օրենքով նախատեսված դեպքերում` Հայաստանի Հանրապետության սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, մասնավորապես, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները (թույլտվություն, եզրակացություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր):

8. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` հայտարարատուի կողմից մաքսային վճարների ապահովման, ինչպես նաև հայտարարատուի և մաքսային մարմինների միջև անհամաձայնությունների առաջացման դեպքում վերջիններիս կողմից` օրենքով սահմանված ժամկետներում ապրանքների բացթողման ապահովման համար հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել բանկային կամ վարկային կազմակերպությունների տրամադրած երաշխիքը ներկայացնելը հավաստող համապատասխան փաստաթղթեր:

9. Սույն ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված փաստաթղթերը համարվում են մաքսային հսկողության համար անհրաժեշտ` պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթեր՝ բացառությամբ սույն ցանկի 1-ին կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ու 10-րդ ենթակետերով և 2-րդ կետի 4-րդ ու 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի, որոնք ներկայացվում են օրենքով դրանք ներկայացնելու պարտադիր պահանջ սահմանված լինելու դեպքում:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

 նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ապրանքների և տրանսպորտային միջոցների արտահանման դեպքում մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`

1) ընտրված մաքսային ընթացակարգի մասին.

2) ապրանքն առաքողի (արտահանողի) և հայտարարատուի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին.

3) ապրանքի քանակի, քաշի, փաթեթավորման և բեռնատեղիների մասին.

4) ապրանքն ստացողի (ներմուծողի) անվանման և գտնվելու վայրի մասին.

5) ներմուծողի երկրի մասին.

6) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին.

7) ապրանքի մաքսային արժեքի մասին.

8) ապրանքի` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման և լրացուցիչ չափման միավորի մասին.

9) ապրանքի ծագման երկրի մասին.

10) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի մասին (ակցիզային դրոշմանիշեր արտահանելու դեպքում).

11) մաքսային վճարների կատարման մասին:

2. Ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմիններ են ներկայացվում տեղեկություններ`

1) ընտրված մաքսային ընթացակարգի մասին.

2) ընտրված մաքսային ընթացակարգի սահմաններում ապրանքների տեղափոխման առանձնահատկությունների մասին.

3) ապրանքն առաքողի (արտահանողի) և ստացողի (ներմուծողի) անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին.

4) ապրանքի քանակի (ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի հիմնական և լրացուցիչ չափման միավորների), փաթեթավորման և բեռնատեղիների մասին.

5) հայտարարատուի անվանման և հասցեի, կազմակերպությունների համար` նաև հարկ վճարողի հաշվառման համարի մասին.

6) արտահանող երկրի մասին.

7) ապրանքներ և ուղևորներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասին.

8) ապրանքների մաքսային արժեքի մասին.

9) ապրանքի` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի դասակարգման մասին.

10) ապրանքի քաշի մասին` փաթեթավորման հետ միասին և առանց փաթեթավորման.

11) ապրանքի ծագման երկրի մասին.

12) կազմակերպության կողմից ստացված ակցիզային դրոշմանիշերի (պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում) մասին.

13) կազմակերպության կողմից ստացված դրոշմապիտակների մասին (դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծելիս՝ դրանք ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության սահմանից դուրս փակցվելու դեպքում).

14) մաքսային վճարների կատարման մասին.

15) մաքսային պահեստներում, ժամանակավոր պահպանման պահեստներում, ազատ պահեստներում, անմաքս առևտրի խանութներում և ազատ տնտեսական գոտիներում ապրանքների շարժի մասին:

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2003 թվականի

 նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմիններին մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային հսկողության իրականացման համար`

1) անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություններն ապրանքներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության այն մաքսային մարմիններ, որոնց կողմից` օրենքով սահմանված կարգով իրականացվում են Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և (կամ) տեղափոխումը.

 2) ազատ պահեստներում, ազատ տնտեսական գոտիներում, մաքսային պահեստներում, ժամանակավոր պահպանման պահեստներում և անմաքս առևտրի խանութներում ապրանքների շարժին վերաբերող փաստաթղթերն ու տեղեկությունները մաքսային մարմին են ներկայացվում օրենքով սահմանած կարգով.

3) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման և պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերմանն ու օգտագործմանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

4) սույն կետում չնշված` Հայաստանի Հանրապետության այլ անձինք մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններ են ներկայացնում իրենց նախաձեռնությամբ կամ մաքսային մարմինների պահանջով` օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության սահմանով ապրանքներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները ներկայացնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ սահմանված ձևի հայտարարագրերով և (կամ) մաքսային նպատակների իրականացման համար անհրաժեշտ` օրենքով սահմանված այլ փաստաթղթերով թղթային կամ էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև ֆիզիկական անձանց բանավոր հարցմամբ:

4. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները պարզելու և ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնելու օրենքով սահմանված գործողություններ:

5. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների պաշտոնատար անձինք իրավունք ունեն անձանցից պահանջելու և ստանալու միայն օրենքով նախատեսված փաստաթղթեր ու տեղեկություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2016 թվականի

փետրվարի 18-ի N 149-Ն որոշման

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2003 թվականի

նոյեմբերի 21-ի N 1779-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԿԱԽՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՑ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

«Արտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար ապրանքի մաքսային հայտարարագրի հետ միաժամանակ մաքսային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝

1) արտաքին տնտեսական գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ արտաքին տնտեսական գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը.

2) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր, եթե առկա են այդպիսի սահմանափակումներ և արգելքներ:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան