Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՏԴ/0052/06/14

ՏԴ/0052/06/14

Նախագահող դատավոր՝ Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

պաշտպան

Ռ. Հակոբյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ պաշտպան Ռ.Հակոբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Դ.Զաքարյանի որոշմամբ 2014 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 90758314 քրեական գործը:

2014 թվականի նոյեմբերի 29-ին Գոռ Դուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2014 թվականի նոյեմբերի 29-ին նախաքննության մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) Գ.Դուրյանի նկատմամբ 2 (երկու) ամիս ժամկետով կալանավորում կիրառելու վերաբերյալ:

2. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 (երկու) ամիս ժամկետով կալանք ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

3. Դատախազ Կ.Նազարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանելու մասին: Մեղադրյալ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ռ.Հակոբյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ.Դուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 21127 զորամասի կապի վաշտի հեռախոսային գծային վերակացու, ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2014 թվականի հոկտեմբեր ամսին` ժամը 03:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ մետաղյա լինգով դուռը բացելու միջոցով ապօրինաբար մուտք է գործել ՀՀ ՊՆ 21127 զորամասի իրային պահեստ, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի հասնող` ընդհանուր 159.830 ՀՀ դրամ արժողությամբ մեկ հատ երկտեղանոց վրան, մեկ հատ տակտիկական մեծ ուսապարկ, տասնմեկ հատ զինվորական համազգեստ, երկու հատ զինվորական թիկնոց պոնչես և մեկ հատ ձմեռային բաճկոն:

(…)

Բացի այդ, 2014 թվականի նոյեմբերի 24-ին` ժամը 01:00-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով ՀՀ ՊՆ 21127 զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իվան Գեննադիի Քոչարյանի և Մկրտիչ Արմենակի Գևորգյանի հետ` ՀՀ ՊՆ 21127 զորամասի իրային պահեստի պատուհանի վանդակաճաղը էլեկտրական պտուտակահանով բացելու միջոցով ապօրինաբար մուտք են գործել իրային պահեստ, որտեղից գաղտնի հափշտակել են զգալի չափերի հասնող` ընդհանուր 358.800 ՀՀ դրամ արժողությամբ հիսուն հատ զինվորական համազգեստ և այն տեղափոխել զորամասի հարակից տարածքում գտնվող անտառ» (տե՛ս նյութեր, թերթ 18):

6. Գ.Դուրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի` 2014 թվականի նոյեմբերի 29-ի միջնորդության մեջ նշվել է. «(…) Նկատի ունենալով, որ Գոռ Արշակի Դուրյանին մեղսագրված են միջին ծանրության հանցագործություններ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինիս համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկում երկուսից հինգ տարի ժամկետով, վերջինս, մնալով ազատության մեջ, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, խոչընդոտել նախաքննությանը (…), որոշեցի միջնորդություն հարուցել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (…)` Գոռ Արշակի Դուրյանի (…) նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 2-3):

7. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(…) Միջնորդություն ներկայացնող քննիչը դատարանին հայտնեց, որ մեղադրյալը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, կամովին ներկայացրել է գողոնը, իսկ նրա կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու և նախաքննությանը խոչընդոտելու որևէ փաստարկ չներկայացվեց:

Վերոգրյալի հիման վրա դատարանը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված` մեղադրյալի հավանական գործողությունների մասին քննիչի հետևությունները հիմնված չեն կոնկրետ փաստական տվյալների և ողջամիտ ենթադրությունների վրա: Ուստի քննիչի հիմնավորումներն ամենևին բավարար չեն մեղադրյալ Գոռ Դուրյանի ազատության կանխավարկածը հաղթահարելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար (…)» (տե՛ս նյութեր, թերթ 29):

8. Դատախազը վերաքննիչ բողոքում նշել է. «(…) Կարճ ժամանակահատվածում Գ.Դուրյանի կողմից պարբերաբար (…) հանցանքներ կատարելը բերում է ողջամիտ եզրահանգման, որ առկա է հիմնավոր կասկած, որ նա կարող է կատարել նոր հանցագործություն:

Բացի այդ, Գոռ Դուրյանը մեղադրվում է միջին ծանրության հանցագործությունների մեջ, որոնց համար նրա նկատմամբ նշանակվող վերջնական պատժի խստությունը կարող է հանդիսանալ փախուստի դիմելու հավանականությունը գնահատելու կարևոր տարր:

Ավելին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, մերժելով նախաքննության մարմնի կողմից 29.11.2014 թվականին մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Գոռ Դուրյանը նախկինում` զինվորական ծառայության ընթացքում, կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, սակայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով, որոշում է կայացրել տվյալ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այնուամենայնիվ, այդ ամենից հետո Գոռ Դուրյանը, ունենալով հանցանք կատարելու հակում, կրկին կատարել է հանցագործություններ, որոնք բացահայտվել են իրավապահ մարմինների կողմից, որպիսի պայմաններում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաշվի չի առել մեղադրյալի առանձնահատկությունը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը:

Վերոնշված հանգամանքներն ուղղակիորեն վկայում են անձի հանցավոր հակվածության մասին և բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ նա, վերադառնալով ծառայության վայր կամ մնալով ազատության մեջ, կունենա բավարար ժամանակ և հնարավորություն կատարելու նոր հանցանք կամ հանցանքներ (…)» (տե՛ս նյութեր, թերթեր 44-45):

9. Դատախազի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 26-ին կազմված հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և վկա Ա.Պողոսյանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի հարցաքննության արձանագրությունը` որպես Գ.Դուրյանի կալանավորման միջնորդությունը հիմնավորող նյութեր (տե՛ս նյութեր, թերթեր 60-62):

10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում պատճառաբանել է. «Հարկ է արձանագրել նաև, որ ըստ ներկայացվածի` սույն գործով մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանին վերագրվում են արարքներ՝ շինություն, զորամասի իրային պահեստ ապօրինի մուտք գործելու եղանակով, որն էլ իր հերթին ներկայացնում է պահակային ծառայության կողմից հսկվող տարածք, որպիսի պարագայում ոչ միայն չի բացառվում մեղադրանքի ծավալի հնարավոր փոփոխության, այլև այլ անձանց ևս որպես մեղադրյալ ներգրավելու հավանականությունը:

Բացի այդ, վերաքննիչ դատարանում քննիչի կողմից ներկայացվեց, որ նախաքննությամբ տվյալ է ձեռք բերվել նաև այն մասին, որ սույն գործով մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի կողմից զորամասում մեկ այլ զինվորի 10.000 ՀՀ դրամով զինվորական համազգեստ վաճառելու վերաբերյալ, այդ կապակցությամբ ներկայացնելով փաստական տվյալ՝ վկա Ա.Պողոսյանի 26.11.2014թ. թվագրմամբ ցուցմունքը:

Բացի այդ, վերաքննիչ դատարանում, քննիչի կողմից ներկայացվել է 26.11.2014թ. թվագրմամբ կազմված արձանագրություն հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ, որում առկա է տեղեկություն Գոռ Արշակի Դուրյանի առնչության վերաբերյալ:

Տվյալ դեպքում, ըստ ներկայացվածի /25.11.2014թ. թվագրմամբ Իրային ծառայության պահեստի նյութական միջոցների ստուգման ակտով, Գոռ Արշակի Դուրյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությամբ, Մկրտիչ Գևորգյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությամբ, Իվան Քոչարյանի որպես մեղադրյալ հարցաքննության արձանագրությամբ/` առկա է հիմնավոր կասկած այն մասին, որ մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանն առնչություն ունի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված և իրեն վերագրվող արարքներին, որոնց համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, նրան վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, գործի կոնկրետ հանգամանքներն ու առանձնահատկությունը, սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների ծավալը, մեղադրանքի ծավալը փոփոխելու հնարավոր հավանականությունը, բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք:

Որպիսի պայմաններում, առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանին վերագրվող արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն` նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում:

Քննարկվող պարագայում վերաքննիչ դատարանը հաշվի է առնում, սույն որոշմամբ վերը շարադրված հանգամանքներն, այդ թվում նաև` սույն գործով հնարավոր կատարվելիք քննչական գործողությունների որոշակի ծավալի իրականացման պայմաններում, գործի քննության ներկա փուլում, մեղադրյալի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բացառելու անհրաժեշտությունը:

Հետևաբար ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը մերժելու վերաբերյալ պատճառաբանությունն ըստ էության հիմնավորված չէ և, կոնկրետ դեպքում, վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը մերժելու հիմք համարվել չի կարող» (տե՛ս նյութեր, թերթեր 83-84):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

11. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործի ելքի վրա:

Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոք բերած անձը նշել է, որ Գ.Դուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին միջնորդության մեջ նախաքննության մարմնի կողմից վկայակոչվել են կալանավորման հետևյալ հիմքերը. ազատության մեջ մնալով` վերջինս կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից, վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց և խոչընդոտել նախաքննության իրականացմանը: Նշվածներից բացի` որևէ այլ հիմք միջնորդությունը, դրան կից ներկայացված դատավարական փաստաթղթերը չեն պարունակել, ինչպես նաև միջնորդության քննության ընթացքում չի ներկայացվել Առաջին ատյանի դատարան:

Մինչդեռ դատախազի վերաքննիչ բողոքում նշվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կալանավորման նոր հիմք, այն է` ազատության մեջ մնալու դեպքում Գ.Դուրյանը կարող է նոր հանցանք կատարել: Վերաքննիչ դատարանը, իր հերթին, դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում պահանջել է նոր նյութեր:

12. Արդյունքում Վերաքննիչ դատարանը, որպես Գ.Դուրյանին կալանավորելու հիմք, իր դատական ակտում վկայակոչել է նաև նրա կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հավանականությունը` նշելով, որ Գ.Դուրյանին առաջադրված մեղադրանքի ծավալը հետագայում կարող է փոփոխվել: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է եկել` հղում կատարելով ներկայացված լրացուցիչ նյութերին, որոնք, սակայն, Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել և չեն քննարկվել:

Նման պայմաններում, ըստ բողոքի հեղինակի, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, վիճարկվող դատական ակտի օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումն իրականացրել է ոչ թե Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նշված հիմքերի և դրանք հիմնավորող փաստաթղթերի սահմաններում, այլ կալանավորման նոր հիմքի և այն հիմնավորող լրացուցիչ նյութերի հիման վրա` փաստացի հանդես գալով որպես Առաջին ատյանի դատարան: Ըստ էության, Վերաքննիչ դատարանը նոր հիմքով կայացրել է անձին կալանավորելու մասին նոր որոշում, հետևաբար չի գործել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով որպես «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»:

13. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 29-ի որոշմանը և մեղադրյալ Գ.Դուրյանին ազատել կալանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ վերանայման սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորված է արդյոք կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և կալանավորում կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

16. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան (...) օրենքով սահմանված կարգով (...)»:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ և 285-րդ հոդվածների 1-ին մասերը համապատասխանաբար սահմանում են.

«Կալանավորումն օրենքով նախատեսված տեղերում և պայմաններում անձին կալանքի տակ պահելն է (...)»:

«(...) Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը նրա՝ Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական և անքակտելի իրավունքներից է, ինչը սահմանափակելիս անհրաժեշտ է ելնել բացառապես նրա իրավունքները հարգելու, նրա հիմնական իրավունքը բովանդազրկելու անթույլատրելիության սկզբունքներից (mutatis mutandis տե՛ս Ա.Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-րդ կետը): Մարդու ֆիզիկական ազատությունը կարելի է սահմանափակել ոչ այլ կերպ, քան օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և դրա կամայական ու անհիմն սահմանափակումները հնարավորինս բացառելու նպատակով գործուն երաշխիքների առկայության անհրաժեշտությունը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների (հիմնավոր կասկած, քրեական գործի առկայություն, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայություն և այլն) վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով (ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10 և այլն):

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը սահմանում են. «1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

3. Վերաքննիչ դատարանը, ստանալով բողոքը, անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` «1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:

2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:

(…)

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը վերանայելու իրավասությամբ օժտված դատական ատյան: Մասնավորապես, վերաքննիչ դատարանը դատական վերանայման գործառույթի շրջանակներում բացահայտում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից օրենքի բոլոր պահանջների պահպանման, ինչպես նաև կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունների իրավաչափության հարցերը: Ընդ որում, ստանալով բողոքը՝ անհապաղ պահանջում է կալանավորելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը և դատարանի որոշումը, իսկ դատական ստուգումն իրականացնում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն առաջին ատյանի դատարանից ստանալուց հետո երեք օրվա ընթացքում:

18. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական (...) մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « (…) [Դ]ատարանը (…) պարտավոր (…) [է] պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենսգիրքը և մյուս օրենքները»:

Մեջբերված նորմերի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելիս վերաքննիչ դատարանի իրավասությունների սահմաններին:

Խնդրո առարկայի հետ կապված՝ Վճռաբեկ դատարանը Ա.Կարախանյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) ՀՀ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությամբ օժտված դատարան, որն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է, որպես կանոն, վերջինիս կողմից հետազոտված փաստական տվյալների հիման վրա: Այսինքն, ամբողջ ծավալով գործի քննություն, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր ապացույցների հետազոտություն իրականացնելու լիազորություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված չէ, հետևաբար, եթե վերաքննիչ դատարանը փորձում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, այն սկսում է գործել որպես առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի է» (տե՛ս Ա.Կարախանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 29-ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշման 17-րդ կետը):

19. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Կարախանյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի վերանայման ծավալը կալանքի ընտրության կամ դրա ժամկետի երկարացման նպատակով առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության քննության (հիմնական քննության) համեմատությամբ ավելի սահմանափակ է, հետևաբար վերաքննիչ դատարանի իրավասությունը չի կարող ավելի լայն լինել, քան այն քննած առաջին ատյանի դատարանինը: Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ, որն էլ պետք է իրականացվի միայն առաջին ատյանի դատարանում քննության ենթարկված կալանավորման հիմքերի, հետազոտված փաստերի կամ ապացույցների շրջանակներում:

Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու տրամաբանական պահանջից: Մասնավորապես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով: Հետևաբար մեկ ատյանի կողմից մյուսի լիազորությունների յուրացումը կամ միմյանց փոխարինումն անթույլատրելի է և հանդիսանում է օրինականության սկզբունքի կոպիտ խախտում: Այսպես` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից որոշման կայացումը, իսկ վերաքննիչ դատարանի կողմից այդ որոշման վերանայումն իրականացվում է մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության և ստորադաս դատարանի որոշումների ստուգման ու վերանայման գործառույթների շրջանակներում (տե՛ս mutatis mutandis Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0225/06/08 որոշման 22-րդ կետը):

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման դատական վերանայման սահմանները կանխորոշվում են առաջին ատյանի դատարանում քննության առարկա դարձած կալանավորման հիմքերի, դրանք հաստատող փաստական տվյալների շրջանակներով, որոնց հիման վրա էլ վերաքննիչ դատարանը ստուգում է վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնում օրենքով նախատեսված որոշումներից մեկը` կալանքը վերացնելու և անձին ազատելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս):

Հակառակ պարագայում, երբ քննարկման է ենթարկվում կալանավորման այնպիսի նոր հիմք և այն հաստատող փաստական նոր տվյալ, որն առաջին ատյանի դատարանում չի հետազոտվել, վերաքննիչ դատարանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակներից. նման դեպքերում վերաքննիչ դատարանը ոչ թե իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում, այլ կալանավորման նոր հիմքի և այն հաստատող նոր նյութի շրջանակներում կայացնում է կալանավորման մասին նոր որոշում` փաստացի հանդես գալով որպես առաջին ատյանի դատարան, ինչն անթույլատրելի է և խախտում է դատարանների միջև առկա գործառութային կապը: Այդպիսի իրավիճակում վերաքննիչ դատարանը չի գործում որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Վերջին դիրքորոշումը հիմնավորվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմամբ, որ իր իրավասությունների սահմանազանցում թույլ տված դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» (տե՛ս Sokurenko and Strygun v. Ukraine գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2006 թվականի հուլիսի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 29458/04 և 29456/04, կետ 28):

20.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս կալանավորումը հիմնավորող նոր հանգամանքներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով դիմել առաջին ատյանի դատարան, այլ ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնել: Ընդ որում, նշված նորմի իմաստով որպես նոր հանգամանք կարող է հանդիսանալ ոչ միայն կալանավորման սկզբնական միջնորդության մեջ չնշված, առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված կալանավորման նոր հիմքի առաջացումը, այլև սկզբնական միջնորդությամբ ներկայացված, առաջին ատյանի դատարանում արդեն իսկ հետազոտված հիմքի առկայությունը հավաստող նոր նյութերի ու տվյալների երևան գալը:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Գ.Դուրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդության մեջ որպես կալանավորման հիմք նշվել է քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու, ինչպես նաև նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ փաստարկ չի ներկայացվել Գ.Դուրյանի կողմից քրեական պատասխանատվությունից խուսափելու և նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Արդյունքում եզրահանգել է, որ քննիչի հետևությունները հիմնված չեն կոնկրետ փաստական տվյալների ու ողջամիտ ենթադրությունների վրա, և մերժել է ներկայացված միջնորդությունը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքում նշվել է, որ գործում առկա տվյալներն ուղղակիորեն վկայում են, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք կամ հանցանքներ: Ի հիմնավորումն վերոնշյալի` դատախազի կողմից Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2014 թվականի նոյեմբերի 26-ին կազմված հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և վկա Ա.Պողոսյանի` 2014 թվականի նոյեմբերի 26-ի հարցաքննության արձանագրությունը (տե՛ս սույն որոշման 8-9-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին որոշումը, ի թիվս այլնի, մատնանշել է Վերաքննիչ դատարան ներկայացված` 26.11.2014թ. թվագրմամբ կազմված հանցագործության մասին հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրությունը և 25.11.2014թ. թվագրմամբ վկա Ա.Պողոսյանի հարցաքննության արձանագրությունը, իսկ արդյունքում եզրահանգել, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը, կատարել քրեական օրենքով չթույլատրված նոր արարք (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

22. Մեջբերված փաստական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում վարույթն իրականացնող մարմինը մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կալանավորման նոր հիմք, որը բացակայել է Գ.Դուրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդության մեջ: Մասնավորապես, դատախազը փաստարկել է, որ Գ.Դուրյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք, մինչդեռ Առաջին ատյանի դատարան ներկայացված միջնորդության մեջ նշվել է քրեական պատասխանատվությունից և վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց խուսափելու, ինչպես նաև նախաքննությանը խոչընդոտելու հավանականության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարան են ներկայացվել նոր հիմքի առկայությունը հիմնավորող նոր նյութեր:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով և Գ.Դուրյանի նկատմամբ կալանավորում կիրառելով, մատնանշել է նոր հիմք և հիմնվել նոր նյութերի վրա, որոնք Առաջին ատյանի դատարան չեն ներկայացվել և քննության առարկա չեն դարձվել:

23. Նախորդ կետում կատարված վերլուծությունը գնահատելով սույն որոշման 16-20-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, ստորադաս դատարանում քննության չենթարկված նոր հիմքով և այն հիմնավորող նոր նյութերով Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելով և մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից՝ փաստացի գործելով որպես առաջին ատյանի դատարան, ինչն անթույլատրելի է դատարանների միջև գործառութային կապի տրամաբանական բնույթն ապահովելու տեսանկյունից:

Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և կալանավորում կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ:

24. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 7-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների հիման վրա բեկանելու Վերաքննիչ դատարանի որոշումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Գոռ Արշակի Դուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 10-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 29-ի դատական ակտին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան