Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԼԴ/0019/01/14

ԼԴ/0019/01/14

Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան

Դատավորներ՝   

Ա. Դանիելյան

Մ. Արղամանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. ԴԱնիելյանի

Ա. Պողոսյանի

   

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Իշխան Ռոդիկի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշման դեմ ամբաստանյալ Ի.Միքայելյանի պաշտպան Մելսիկ Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 19125913 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի փետրվարի 5-ի որոշումներով Իշխան Ռոդիկի Միքայելյանը, Գարիկ Կարենի Դանիելյանը և Սաղաթել Շահենի Սարգսյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) ստացվել է 2014 թվականի փետրվարի 18-ին:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճռով Իշխան Միքայելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:

Նույն դատավճռով Գարիկ Դանիելյանը և Սաղաթել Սարգսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Ի.Միքայելյանի, Գ.Դանիելյանի և Ս.Սարգսյանի նկատմամբ կիրառված` ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

3. Վերոհիշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալներ Ի.Միքայելյանը, Գ.Դանիելյանը և Ս.Սարգսյանը:

ՀՀ վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ բողոքարկված դատական ակտը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ փաստաբաններ Վահան Ավագյանի և Մելսիկ Ղարագյոզյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հունվարի 19-ի որոշմամբ վերադարձրել է` տրամադրելով 10-օրյա ժամկետ` բողոքների ձևական սխալները շտկելու և դրանք կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ի.Միքայելյանի պաշտպան Մ.Ղարագյոզյանը, շտկելով ձևական սխալները, կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Իշխան Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել են ուրիշի ավտոմեքենան:

Այսպես` Իշխան Միքայելյանը 2013 թվականի դեկտեմբերի 21-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Սաղաթել Սարգսյանի առաջարկությամբ, վերջինիս և Գարիկ Դանիելյանի հետ գալով նախնական համաձայնության, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել են Հովիկ Բաղրամյանին պատկանող, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի 1 շենքի բակում կայանված ՎԱԶ 21063 մակնիշի, 16ՕԼ425 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, սակայն չեն կարողացել գործարկել ավտոմեքենայի շարժիչը, որի պատճառով Իշխան Միքայելյանը նստել է ղեկին, իսկ Գարիկ Դանիելյանը և Սաղաթել Սարգսյանը հրելով ավտոմեքենան տարել են Վանաձոր քաղաքի Մոսկովյան 54 շենքի մոտ» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 213):

6. Մեղադրական եզրակացության բովանդակությունից հետևում է, որ մեղադրողն արագացված դատաքննության դեմ առարկել է՝ չնշելով որևէ փաստարկ (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, թերթ 206):

7. Պաշտպան Մ.Ղարագյոզյանը 2014 թվականի հուլիսի 4-ի դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալները նախաքննության ավարտին միջնորդել էին կիրառել գործի քննության արագացված կարգ: Դատական նիստի ժամանակ ամբաստանյալները նույնպես միջնորդել են կիրառել դատաքննության արագացված կարգ: Իսկ մեղադրողը դատարանի հարցին պատասխանել է, որ չի փոխում իր դիրքորոշումը և առարկում է արագացված կարգ կիրառելու դեմ: Այնուհետև դատարանը հայտարարել է դատաքննությանն անցնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 184-185):

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճռի համաձայն՝ «Ամբաստանյալ Իշխան Ռոդիկի Միքայելյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի, ապօրինաբար տիրացել` փախցրել է ուրիշի ավտոմեքենան:

(…) Այսինքն, Իշխան Ռոդիկի Միքայելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք ու նա քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի նշված հանցագործությունը կատարելու համար:

(...)

ՀՀ քրեական օրենսգրքի 63 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամբաստանյալ Իշխան Ռոդիկի Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարում հանցանքը կատարելու վտանգավոր ռեցիդիվը:

(...)»: (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 255-260):

9. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը` «(…) Դատարանն (…) Իշխան Միքայելյանի (…) նկատմամբ պատիժ նշանակելիս, պահպանելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, բավարար չափով հաշվի առնելով վերջին[իս] կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, [նրա] պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի կիրառելիության հարցում հանգելով ճիշտ եզրահանգման` (…) նշանակել է արդարացի և համաչափ պատիժ` նշանակված պատիժ[ը] մեղմացնելու հիմքեր չկան, ուստի դատական ակտը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

Վերաքննիչ դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ գործը քննելիս և լուծելիս Դատարանի կողմից քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա` թույլ չեն տրվել:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում Դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 68-75):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ իր պաշտպանյալ Իշխան Միքայելյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումն օրինական չեն, ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներ, որոնք հիմք են դատական ակտերը բեկանելու համար: Մասնավորապես վճռաբեկ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների խախտումներ: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը չի կիրառել դատական քննության արագացված կարգ, ինչի արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է անհամեմատ խիստ պատիժ:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալների միջնորդությունները դատարանների կողմից հաճախ մերժվում են մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա, ուստի սույն հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

11. Ի հիմնավորումն իր փաստարկների՝ վճռաբեկ բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել Իշխան Միքայելյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են մեղայականով ներկայանալը և հանցագործությունը բացահայտելուն աջակցելը: Մինչդեռ գործում առկա են ինչպես մեղայականով ներկայանալու մասին արձանագրությունը, այնպես էլ Իշխան Միքայելյանի խոստովանական ցուցմունքները:

12. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ չնայած օրենքով նախատեսված բոլոր պահանջների առկայությանը, Առաջին ատյանի դատարանը մերժել է արագացված կարգ կիրառելու մասին ամբաստանյալների միջնորդությունը` հիմք ընդունելով մեղադրողի չփաստարկված, չպատճառաբանված առարկությունը: Այս առումով բողոքաբերը գտել է, որ արագացված կարգ չկիրառելու մասին դատարանի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-931 որոշմանը: Միևնույն ժամանակ նշել է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեպքում Իշխան Միքայելյանի նկատմամբ կնշանակվեր ավելի մեղմ պատժաչափ, քան 3 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկումը: Այսինքն` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը և կիրառելով դատական քննության ընդհանուր կարգ` դատարանն ամբաստանյալին զրկել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` ավելի մեղմ պատիժ ստանալու իրավունքից և հնարավորությունից:

13. Ելնելով վերոշարադրյալից` բողոքաբերը խնդրել է պատժի մասով բեկանել և փոփոխել Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը, այն է` Իշխան Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:.

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու մեղադրողի իրավունքի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մաս) իրացման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերն ըստ էության երկու իրավական հարց է բարձրացրել, որոնցից առաջինն առնչվում է ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի արդարացիությանը, երկրորդը՝ ամբաստանյալի նկատմամբ դատական քննության արագացված կարգ չկիրառելու իրավաչափությանը: Այլ կերպ՝ բողոքաբերների առաջին հարցն առնչվում է նյութական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 62-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, իսկ երկրորդը՝ դատավարական իրավունքի ենթադրյալ խախտմանը, որը դրսևորվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավարական իրավունքի խախտման առկայությունը հաստատված ճանաչելու պարագայում այն կարող է ազդեցություն ունենալ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է քննության առնել սույն գործով թույլ տրված դատավարական իրավունքի ենթադրյալ խախտման հարցը:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Առաջին ատյանի դատարանն իրավասու էր մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա մերժել դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ ամբաստանյալ Իշխան Միքայելյանի միջնորդությունը:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ, ապա ամբաստանյալը կամ մեղադրյալն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայնվելու դեպքում իրավունք ունի միջնորդելու արագացված դատական քննության կարգ կիրառելու մասին այն հանցագործություններով, որոնց համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը:

Մինչև դատաքննությունն սկսելը մեղադրողը դատարանի առաջարկությամբ կարող է իր դիրքորոշումը փոխել, թեպետ արագացված կարգ կիրառելու դեմ առարկել է մեղադրական եզրակացությունում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքում դատարանը կիրառում է դատական քննության արագացված կարգ, եթե`

1) ամբաստանյալը գիտակցում է իր կողմից ներկայացված միջնորդության բնույթը և հետևանքները, և

2) միջնորդությունը ներկայացված է կամավոր, և

3) պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո, եթե ամբաստանյալն ունի այդպիսին:

3. Դատարանը, գտնելով, որ ամբաստանյալի կողմից միջնորդություն ներկայացնելիս չեն պահպանվել սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված պայմանները, որոշում է ընդունում ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանը արագացված կարգ կիրառելու միջնորդությունը մերժում է նաև, եթե պարզում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ: (…) Ամբաստանյալի կամ մեղադրյալի անմեղսունակության առնչությամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատարանը մերժում է արագացված կարգ կիրառելու միջնորդությունը՝ անցնելով ընդհանուր կարգով գործի քննությանը:

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.3-րդ հոդվածի համաձայն`

«(…)

4. Հարցերի արդյունքում դատարանը, համոզվելով, որ առկա են սույն օրենսգրքի 375.1 հոդվածով նախատեսված պայմանները, որոշում է կայացնում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: Հակառակ դեպքում դատական քննությունն իրականացվում է ընդհանուր կարգով:

5. Դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

6. Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:

(…)

8. Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերն ամբաստանյալից ենթակա չեն բռնագանձման»:

Արագացված դատաքննության ինստիտուտի էությանն ու բովանդակությանն անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանը` արձանագրելով, որ. «(…) Արագացված կարգով դատական քննությունը քրեական դատավարության ձև է, որն օրենքով սահմանված կարգով միտված է գործն առավել սեղմ ժամկետում և պարզեցված կանոններով լուծելուն: Այս ինստիտուտի առանցքում «գործարքն» է քրեական դատավարության երկու կողմերի` մեղադրանքի և պաշտպանության կողմերի միջև, որի շրջանակներում մեղադրյալը համաձայնում է առաջադրված մեղադրանքին, ինչի դիմաց նրա համար երաշխավորվում է պատժի այնպիսի չափ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժ, ինչպես նաև ամբաստանյալն ազատվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված դատական ծախսերից: Համաձայնելով արագացված դատաքննությանը` ամբաստանյալը նաև կամովին հրաժարվում է մի շարք սահմանադրաիրավական երաշխիքներից, այն է` անմեղության կանխավարկածի սկզբունք, գործի հրապարակային քննության և այլ իրավունքներ: Մյուս կողմից` մեղադրողը հրաժարվում է մեղադրանքը պաշտպանելու իր գործառույթը լրիվ ծավալով իրականացնելուց` դրանով հնարավորություն ստանալով տնտեսել իր միջոցները, ինչպես նաև մեղադրյալին (ամբաստանյալին) խրախուսել համագործակցելու քրեական հետապնդման մարմինների հետ» (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով թիվ ՍԴՈ-931 որոշման 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերը):

17. Մեջբերված քրեադատավարական նորմերով նախատեսված է արագացված դատաքննության ինստիտուտը՝ որպես քրեական դատավարության տարբերակված վարույթի տեսակ, որի կարևորությունն ընգծված է դեռևս 1987 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Քրեական արդարադատության պարզեցման վերաբերյալ» թիվ R (87) 18 հանձնարարականում: Արագացված դատաքննության ինստիտուտն ուղղված է քրեական արդարադատության համակարգի գործունեությունն արագացնելուն և պարզեցնելուն, մասնավորապես՝ ողջամիտ ժամկետում քրեական գործի լուծման վերաբերյալ միջազգային չափանիշները և պահանջներն ապահովելու պետության պարտավորությունն արդյունավետ իրականացնելուն, հանցագործությունների քննությունն իրականացնելիս հապաղումները վերացնելուն, որոնք կասկածի տակ են դնում քրեական օրենքի հեղինակությունը և ազդում արդարադատության պատշաճ իրականացման վրա, ինչպես նաև պետության քրեական քաղաքականության գերակա խնդիրներն արդյունավետ լուծելուն: Քննարկվող ինստիտուտի նպատակներն են, ի թիվս այլնի.

ա) դատավարական տնտեսումը, այսինքն` առանձին քրեական գործերով ժամանակի, միջոցների և ջանքերի կրճատումը` դրանք ավելի բարդ գործերի վարույթի համար օգտագործելու նպատակով,

բ) հանցագործության կատարման և պատժի նշանակման միջև ընկած ժամանակահատվածի կրճատումը, նպատակ ունենալով ուժեղացնել դատավարության և քրեական պատժի նախազգուշական ազդեցությունը,

գ) կողմերին հաշտեցնելը և այլն (քննարկվող ինստիտուտի նպատակների վերաբերյալ նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել նաև Սահմանադրական դատարանը վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-931 որոշման 6-րդ կետում):

18. Դատական քննության արագացված կարգը գործող օրենսդրական կարգավորման պայմաններում կարող է կիրառվել օրենսդրորեն սահմանված և դատական պրակտիկայում մշակված հստակ պայմանների և հիմքերի առկայության պարագայում ատական քննության արագացված կարգ կիրառելու հիմքերն ու պայմանները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Շողակաթ Ժուլվերնի Ամիրխանյանի և Գառնիկ Մարտինի Ֆարմանյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0209/01/10 և Անդրանիկ Գարիկի Առուստամյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշումներում): Այդ պայմանների վերլուծությունը ցույց է տալիս, որ դատավարական այս կառուցակարգի նախադրյալներից մեկը մեղադրողի կամարտահայտությունն է: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ մեղադրողը, հանդիսանալով քրեական դատավարությունում մեղադրանքը տնօրինող սուբյեկտ, օժտված է մի շարք դիսպոզիտիվ (տնօրինչական) իրավունքներով, որոնցից է նաև արագացված կարգ կիրառելու դեմ առարկելու միջոցով դատավարության ձևի ընտրությունը կանխորոշելը: Մասնավորապես, մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելը բացառում է դատարանի կողմից դրա կիրառումը, իսկ չառարկելը` ենթադրում է այն կիրառելու մեղադրողի «լռելյայն» համաձայնություն:

Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որևէ կարգավորում նախատեսված չէ մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելուն ներկայացվող պահանջների վերաբերյալ: Այս առումով հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը, հիմնվելով ՀՀ Սահմանադրության և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային չափանիշների վրա, իր թիվ ՍԴՈ-931 որոշմամբ գտել է, որ արագացված կարգի դեմ դատախազության (մեղադրող կողմի) առարկությունը չի կարող դիտվել որպես «բացարձակ վետոյի» իրավունք, այդ առարկությունը պետք է լինի փաստարկված (տե՛ս վերը վկայակոչված` ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-931 որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանը, հիմնվելով Սահմանադրական դատարանի՝ վկայակոչված դիրքորոշման վրա, նույնպես գտնում է, որ արագացված դատաքննության դեմ առարկելիս մեղադրողի կողմից պետք է ներկայացվեն համապատասխան փաստարկներ, հակառակ դեպքում մեղադրողին այդպիսի իրավունքով օժտելը կարող է հանգեցնել կամայականությունների, խախտել օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքը, ինչպես նաև իմաստազրկել արագացված դատաքննության ինստիտուտի վերը հիշատակված նպատակները, ինչն անթույլատրելի է և չի բխում այդ ինստիտուտի տրամաբանությունից:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն մեղադրողի կողմից արագացված կարգ կիրառելու հարցի վերաբերյալ դիրքորոշում ձևավորելիս: Այլ խոսքով՝ Օրենսդիրը այդ հարցի գնահատումը թողել է մեղադրողի հայեցողությանը՝ պայմանավորված գործերի և դրանց հանգամանքների բազմազանությամբ և օրենքով համապարփակ կարգավորում նախատեսելու անհնարինությամբ: Մասնավորապես, որպես այդպիսի հանգամանքներ կարող են հանդես գալ արագացված կարգ կիրառելու իրավական պայմանների կամ հիմքերի առկայությունը կամ բացակայությունը, մեղադրյալի կողմից հանցագործության բացահայտմանը և քննությանը աջակցելը, կատարած արարքի համար զղջալը, հանցագործության հետևանքով պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը, հանցագործության կամ այն կատարած անձի հանրային վտանգավորությունը բնութագրող այլ հանգամանքները, ինչպես նաև մեղադրյալի տարիքը (անչափահասի նկատմամբ դատական քննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ մանրամասն տե՛ս Անդրանիկ Առուստամյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ՏԴ/0145/01/11 որոշումը), տուժողի դիրքորոշումը (արագացված կարգ կիրառելիս տուժողի դիրքորոշումը հաշվի առնելու վերաբերյալ մանրամասն տե՛ս Տիգրան Քամալյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵՇԴ/0097/01/09 որոշումը):

19. Միաժամանակ, արագացված կարգի դեմ առարկելիս փաստարկներ ներկայացնելու մեղադրողի պարտականության չկատարումը պետք է առաջացնի համապատասխան իրավական հետևանքներ, այլապես այն կկրի դեկլարատիվ (հռչակագրային) բնույթ և չի ապահովի այդպիսի պահանջ նախատեսելու նպատակը: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելը փաստարկելու պահանջի պատշաճ չկատարումը հավասարազոր է նրա կողմից արագացված դատաքննության դեմ չառարկելուն, հետևաբար պետք է առաջացնի նույն իրավական հետևանքները, որոնք նախատեսված են վերջինիս դեպքում: Այլ խոսքով՝ քննարկվող իրավիճակը պետք է գնահատվի որպես արագացված կարգի կիրառման՝ «եթե մեղադրողը մեղադրական եզրակացությունում չի առարկել արագացված կարգ կիրառելու դեմ» նախադրյալի առկայություն:

20. Այսպիսով, մեղադրողի կողմից արագացված կարգի դեմ առարկելիս փաստարկներ ներկայացնելու պահանջի կատարումը պետք է քննարկման առարկա դարձվի և գնահատվի դատարանի կողմից` արագացված կարգ կիրառելու ամբաստանյալի միջնորդության քննարկման շրջանակներում: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերջին դիրքորոշումը բխում է Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-931 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից և ուղղված է այդ որոշման կատարմանը: Հակառակ մոտեցման դեպքում Սահմանադրական դատարանի վերոհիշյալ որոշումը կդառնա վերացական և պատրանքային, արդյունքում չի ապահովվի նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի կատարումը, համաձայն որի` «Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում»:

21. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ մեղադրողի համար արագացված կարգ կիրառելու դեմ առարկելը փաստարկելու բարձր չափանիշներ առաջադրելը, իսկ դատարանի կողմից դրանք գնահատելիս լայն հայեցողություն դրսևորելն անթույլատրելի է, քանի որ կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ մեղադրողի կամահայտնությունը` որպես արագացված կարգ կիրառելու նախապայման, ձևական բնույթ ստանա: Այդպիսի մոտեցումը կհանգեցնի մեղադրողի` քննարկվող իրավունքի տնօրինչական բնույթի իմաստազրկման, ինչպես նաև կարող է բովանդակազրկել արագացված դատաքննության՝ որպես դատական քննության ընդհանուր կարգից բացառության էությունը: Ավելին՝ նման մոտեցումը կարող է վտանգել նաև կողմերի մրցակցության սկզբունքը, քանի որ արագացված կարգի կիրառումը միայն դատավարության երկու կողմերի միաժամանակյա համաձայնության պայմաններում է ապահովում իրավաչափ հավասարակշռություն մեղադրանքի և պաշտպանության կողմերի իրավունքների և օրինական շահերի միջև:

Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արագացված կարգ կիրառելու դեմ մեղադրողի առարկությունը որպես «մեղադրողի կողմից չառարկել» գնահատելու և դրան համապատասխան իրավական հետևանքներ կիրառելու դատարանի լիազորությունը պետք լինի սահմանափակ և իրացվի այն դեպքերում, երբ.

ա) առարկությունն ընդհանրապես փաստարկված չէ կամ

բ) ներկայացված փաստարկումները խախտում են անձի հիմնական իրավունքները (վերջինիս հրամայականը բխում է ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի պահանջներից, այն է. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն վերոգրյալ չափանիշների պահպանման դեպքում է հնարավոր ապահովել հանրային և մասնավոր շահերի արդարացի հավասարակշռումը` երաշխավորելով մի կողմից արագացված դատաքննության ինստիտուտի նպատակների իրագործումը և մեղադրողի՝ որպես մեղադրանքը տնօրինող սուբյեկտի դերը, մյուս կողմից՝ անձանց հիմնական իրավունքների պաշտպանությունը:

22. Սույն գործի փաստերից հետևում է, որ Իշխան Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարք կատարելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Մեղադրական եզրակացությունում մեղադրողն առարկել է դատական քննության արագացված կարգ կիրառելու դեմ՝ չնշելով որևէ փաստարկ (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Ամբաստանյալները, այդ թվում՝ Ի.Միքայելյանը, մինչև դատաքննությունը սկսվելը դատարանին միջնորդություններ են ներկայացրել դատական քննության արագացված կարգ կիրառելու մասին: Մեղադրողը դատական նիստի ժամանակ նշել է, որ արագացված կարգ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխում և առարկում է դրա դեմ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը): Վերջինիս հիման վրա Առաջին ատյանի դատարանը մերժել է դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ Ի.Միքայելյանի ներկայացրած միջնորդությունը և գործի քննությունն իրականացրել ընդհանուր կարգով (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Արդյունքում Առաջին ատյանի դատարանն Իշխան Միքայելյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների (ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդված) կիրառմամբ դատապարտել երեք տարի չորս ամիս ժամկետով ազատազրկման (տե՛ս սույն որոշման 2-րդ և 8-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, այն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է թողնել օրինական ուժի մեջ (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

23. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով 16-21-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր մեղադրողի չփաստարկված առարկության հիման վրա մերժել դատաքննության արագացված կարգ կիրառելու վերաբերյալ ամբաստանյալ Իշխան Միքայելյանի միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի անդրադարձել քննարկվող հարցին` գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը օրինական է, հիմնավորված և պատճառաբանված:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ արագացված կարգ կիրառելու դեպքում Ի.Միաքայելյանի համար կառաջանային բարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ նրա նկատմամբ պատիժը չէր կարող նշանակվել հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոններով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը) (արագացված դատաքննության և ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնների հարաբերակցության վերաբերյալ մանրամասն տե՛ս Ալեք Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ/0071/01/13 որոշման 14-21-րդ կետերը): Հետևաբար Առաջին ատյանի դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Դատավարական իրավունքի նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով էական է և հիմք է ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված՝ նյութական իրավունքի ենթադրյալ խախտման հարցին (տե՛ս սույն որոշման 10-11-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հարցին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշման մեջ արձանագրված դատավարական իրավունքի խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Իշխան Ռոդիկի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 31-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 3-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան