Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1807/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1807/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր`  Ն. Տավարացյան

Դատավորներ`

Ա. Պետրոսյան

Գ. Կարախանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մհեր Ավետիսյանի, Մոնիկա Քլոյանի, Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի ներկայացուցիչ Հովհաննես Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մհեր Ավետիսյանի, Մոնիկա Քլոյանի, Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի ընդդեմ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)` ավտոմեքենաները, բնակելի տունն ու հողամասը, դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մհեր Ավետիսյանը, Մոնիկա Քլոյանը, Արմեն Ստամբոլցյանը և Նունե Նասոյանը պահանջել են «Մերսեդես Բենց CL500» մակնիշի 10 ՕՈ 001 պետական համարանիշի, «Գազ 2705-222» մակնիշի 10 ՐՐ 001 պետական համարանիշի, «Զիլ-ՄՄԶ 554Մ» մակնիշի 68 00 454 պետական համարանիշի ավտոմեքենաները, Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տունը` տնամերձ հողամասով, Մհեր Ավետիսյանի, Արմեն Ստամբոլցյանի, Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի դրամական միջոցները հանել արգելանքից։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 16.09.2014 թվականի վճռով ավտոմեքենաները, բնակելի տունն ու հողամասը արգելանքից հանելու պահանջների մասով հայցը մերժվել է, իսկ դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.02.2015 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Մոնիկա Քլոյանին և Նունե Նասոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը և դրամական միջոցներն արգելանքից հանելու պահանջների մասով Դատարանի 16.09.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործը նշված ծավալով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Ավետիսյանի, Մոնիկա Քլոյանի, Արմեն Ստամբոլցյանի և Նունե Նասոյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, սխալ է կիրառել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ, 251-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի փաստերի համաձայն` Մհեր Ավետիսյանը և Արմեն Ստամբոլցյանը Բանկի նկատմամբ «Նոր Տուն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրել են իրենց սեփականության իրավունքով պատկանող որոշակի գույք: Մհեր Ավետիսյանը և Արմեն Ստամբոլցյանը չեն հանդիսանում գրավով ապահովված հիմնական պարտավորության պարտապաններ, հետևաբար վերջիններիս պատասխանատվությունը սահմանափակված է միայն իրենց կողմից գրավադրված գույքի արժեքով: Այդ մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ չնայած Բանկն իր հայցային պահանջներն ուղղել է ոչ միայն Ընկերության, այլև Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի դեմ, այդուհանդերձ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 06.04.2011 թվականի վճռով գումարը բռնագանձել է միայն Ընկերությունից և բռնագանձումը տարածել է գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա` դրանով իսկ բացառելով Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի` իրենց պատկանող այլ գույքով Ընկերության կողմից իր պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն կրելու հանգամանքը:

Նման պայմաններում Մհեր Ավետիսյանը և Արմեն Ստամբոլցյանն իրավունք ունեին դատական կարգով պահանջելու իրենց` գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա դրված արգելանքի վերացում, քանի որ չգրավադրված գույքով պատասխանատվություն կրելու հանգամանքի բացառման պայմաններում վերջիններիս՝ գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա դրված արգելանքը չվերացնելը հանգեցնում է նրանց սեփականության իրավունքի խախտման:

Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ հարկադիր կատարողի կողմից արգելանք է դրվել նաև քաղաքացիական գործի մասնակից, ինչպես նաև կատարողական վարույթի կողմ չհանդիսացող Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի գույքի վրա, գործն այդ մասով ուղարկել է նոր քննության, մինչդեռ ակնհայտ է, որ գույքը վերջիններիս պատկանելու փաստը հաստատված համարվելու պայմաններում գործն այդ մասով նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն առկա չէ: Դա բացատրվում է նրանով, որ սույն գործով չի վիճարկվել գույքը Մոնիկա Քլոյանին և Նունե Նասոյանին սեփականության իրավունքով պատկանելու փաստը, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ևս արձանագրել է գույքի պատկանելիությունը վերջիններիս, իսկ վերոհիշյալ փաստերի հաստատումն արդեն իսկ բավարար էր վճիռն այդ մասով փոփոխելու, այլ ոչ թե գործը նոր քննության ուղարկելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ըստ հայցի Բանկի ընդդեմ Ընկերության, Մհեր Ավետիսյանի, Արմեն Ստամբոլցյանի` վարկի գումարի և տոկոսների բռնագանձման, ժամկետանց վարկի գումարի ու ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվեգրման և բռնագանձման, բռնագանձումը գրավի առարկայի և այլ գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.04.2011 թվականի վճռով հաստատվել են հետևյալ հանգամանքները`

 Ընկերության և Բանկի միջև 05.09.2006 թվականին կնքվել է թիվ 053 ԱԳ/Վ վարկային պայմանագիրը:

● Ի ապահովումն Բանկի նկատմամբ Ընկերության ունեցած պարտավորությունների կատարման` Մհեր Ավետիսյանի, Ընկերության և Բանկի միջև 13.03.2007 թվականին կնքվել են անշարժ գույքի հաջորդող գրավի մասին (հիփոթեք) թիվ 2000/07/166-1 ԱԳ/ՀԳ, թիվ 2000/07/166-3 ԱԳ/ՀԳ, թիվ 2000/07/166-5 ԱԳ/ՀԳ և թիվ 2000/07/166-6 ԱԳ/ՀԳ պայմանագրերը, որոնցով համապատասխանաբար գրավադրվել են Մհեր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Ծերեթելի (Արտաշիսյան) փողոցի 73-րդ շենքի թիվ 19 բնակարանը, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Այգեձորի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տունը և ավտոտնակը, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չեխովի թիվ 48-50 հասցեում գտնվող 109,67քմ մակերեսով տարածքը և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենք-շինությունը:

● Ի ապահովումն Բանկի նկատմամբ Ընկերության ունեցած պարտավորությունների կատարման` Արմեն Ստամբոլցյանի, Ընկերության և Բանկի միջև 13.03.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի հաջորդող գրավի մասին (հիփոթեք) թիվ 2000/07/166-4 ԱԳ/ՀԳ պայմանագիրը, որով գրավադրվել է Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող`Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն իր օժանդակ շինություններով:

Ընկերությունը վարկային պայմանագրի, այդ պայմանագրի թիվ 1 և թիվ 2 լրացուցիչ համաձայնագրերի, 14.02.2007 թվականին կնքված թիվ 2000/07/166 գլխավոր վարկային պայմանագրի, դրա հիման վրա կնքված բանկային փոխառության թիվ 2000/07/166/100 պայմանագրի հիման վրա ստանձնած պարտավորությունները կատարել է ոչ պատշաճ (հատոր 1-ին, գ.թ. 69-83):

2. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Ընկերությունից հօգուտ Բանկի բռնագանձել 4.744.033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով, որից 3.189.858 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 198.011 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 1.306.973 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 49.192 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա: Գործի վարույթը՝ բռնագանձումը պատասխանողներին պատկանող այլ գույքի վրա տարածելու պահանջի մասով, կարճվել է` դատարանի քննությանը ենթակա չլինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 69-83):

3. Թիվ ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործի քննության շրջանակներում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի՝ «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը բավարարվել է. հայցագնի` 4.744.033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Ընկերությանը, Մհեր Ավետիսյանին, Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով 29.12.2010 թվականի՝ «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ Ընկերությանը, Մհեր Ավետիսյանին, Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը պահպանվել է մինչև վճռի կատարումը (հատոր 1-ին, գ.թ. 13, 69-83):

4. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 24.01.2012 թվականի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն՝ արգելանք է դրվել Մհեր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող`Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Ծերեթելի (Արտաշիսյան) փողոցի 73-րդ շենքի թիվ 19 բնակարանի, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Այգեձորի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տան, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չեխովի թիվ 48/50 հասցեում գտնվող տարածքի, «Մերսեդես Բենց CL500» մակնիշի 10 ՕՈ 001 պետական համարանիշի, «Գազ 2705-222» մակնիշի 10 ՐՐ 001 պետական համարանիշի, «Զիլ-ՄՄԶ 554Մ» մակնիշի 68 00 454 պետական համարանիշի ավտոմեքենաների վրա (հատոր 1-ին, գ.թ. 15):

5. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 24.01.2012 թվականի՝ «Կատարողական վարույթն ավարտելու մասին» որոշման համաձայն՝ արգելանք է դրվել Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասի և դրա օժանդակ շինությունների, Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տան, «Դայլմեր-Բենց» մակնիշի 61 ԼՏ 849 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև արգելանք է դրվել Արմեն Ստամբոլցյանի կնոջը` Նունե Նասոյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Բաղյան թիվ 10 հասցեի առևտրի սրահի և «BMW 3181» մակնիշի 10 ԼՕ 550 պետական համարանիշի ավտոմեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ. 14):

6. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 20.01.2011 թվականի՝ «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Արմեն Ստամբոլցյանի դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 16):

7. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 20.01.2011 թվականի՝ «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Մհեր Ավետիսյանի դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 17):

8. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 20.01.2011 թվականի՝ «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Մոնիկա Քլոյանի դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 18):

9. Ծառայության Երևան քաղաքի Պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի ավագ հարկադիր կատարող Ս. Վարդանյանի 16.03.2011 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի թիվ ԵԿԴ2769/02/10 կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրվել Նունե Նասոյանի դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ.թ. 19):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կիրառված արգելանքի վերացման վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանների կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անդրադառնում է հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք հայցի ապահովման միջոցներից արգելանքը պետք է պահպանվի ամբողջ ծավալով, այն պարագայում, երբ օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն և վճռվել է բռնագանձումը տարածել միայն կոնկրետ գույքի վրա:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), քննելով Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործը, 01.03.2010 թվականի վճռում նշել է. «Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պաշտպանում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ կապված հայց հարուցելու յուրաքանչյուրի իրավունքը: Այդպիսով, այն ներառում է «դատարան դիմելու իրավունք»-ը, որի ասպեկտներից մեկը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքը, այսինքն` դատարանում քաղաքացիական գործերով վարույթ հարուցելու իրավունքը: Մինչդեռ այդ իրավունքը կլիներ անիրական, եթե Պայմանավորվող Պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական, պարտադիր դատական որոշումները մնան չկատարված` ի վնաս մի կողմի: Անընդունելի կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետը մանրամասն նկարագրեր կողմերին տրված դատավարական երաշխիքները (արդարացի, հրապարակային դատավարություն և գործերի քննության անընդհատության սկզբունք)՝ առանց դատական որոշումների կատարման երաշխիքների: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մեկնաբանումը միայն դատարանի մատչելիության և դատավարությունների անցկացման իրավունքի շրջանակներում, հավանաբար, կառաջացներ մի իրավիճակ, որն անհամատեղելի կլիներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը Պայմանավորվող Պետությունները Կոնվենցիան վավերացնելիս պարտավորվել են հարգել: Ցանկացած դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով պետք է դիտվի որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս (տե′ս, նաև Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 04.09.2002 թվականի վճիռը, կետ 34)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի արդար դատաքննության իրավունքը կվերածվի տեսական, երևակայական, անիրական իրավունքի, եթե Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը թույլ տա, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը մնան անկատար: Ցանկացած իրավական պետություն պարտավոր է երաշխավորել ոչ թե տեսական, երևակայական կամ անիրական իրավունքներ և ազատություններ, այլ գործնականում հնարավոր և արդյունավետ իրավունքներ և ազատություններ: Այսինքն` իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքները ենթադրում են դատավարության և դատական ակտի կատարման փուլերի անքակտելիությունը, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի և դատական ակտերի հարկադիր կատարմանը վերաբերող ցանկացած իրավական նորմ պետք է մեկնաբանվի և կիրառվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձի վերը նշված հիմնական իրավունքների լույսի ներքո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է հայցի ապահովման միջոցները: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածում ամրագրված հայցի ապահովման միջոցներից է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունը կայանում է նրանում, որ դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել ու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի նպատակը` օրենսդիրը սահմանել է, որ հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, ինչը դատական ակտի կատարման կարևորագույն երաշխիք է, իսկ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում` մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենսդիրը միաժամանակ, հաշվի առնելով հայցի ապահովման դատավարական ինստիտուտի առանձնահատկությունները, հստակ սահմանել է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու, հայցի ապահովումը վերացնելու, ինչպես նաև հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ հայցի ապահովման միջոցը ձևափոխելու լիազորությամբ օժտված է բացառապես դատարանը, որն իր այդ լիազորությունն իրականացնում է համապատասխան որոշում ընդունելով:

Իրավական պետության սահմանդրական սկզբունքի և իրավունքի գերակայության երաշխավորման նպատակով օրենսդիրն ամրագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ միաժամանակ սահմանելով դատական ակտերի կատարումն ապահովելու պայմանները և կարգը, նշելով, որ դատական ակտերի հարկադիր կատարումը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության խնդիրն է, որը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրականացնում է հարուցված կատարողական վարույթի շրջանակներում` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու միջոցով (տե'ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/2127/05/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով հայցի ապահովման ինստիտուտի և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարման վերաբերյալ վերը արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև հետևյալը.

Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։

Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին, իր բազմաթիվ որոշումներում նշել է, որ այն բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն, ընդհանուր շահից ելնելով, վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (տե՛ս, օրինակ, Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61

Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե`

1. նախատեսված է օրենքով

2. բխում է հանրային շահից

3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները։ Այն միաժամանակ պետք է բավարարի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տե՛ս, Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67

Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (տե՛ս, Հունաստանի նախկին թագավորը և այլոք ընդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83

Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն։ Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև։ Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել։ Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից։ Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (տե՛ս, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 28.09.1995 թվականի վճիռը, կետ 32, Բեյելերն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 05.01.2000 թվականի վճիռը, կետ 98, Իսմայլովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 06.11.2008 թվականի վճիռը, կետ 28):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը պետության կողմից միջամտություն է մասնավոր անձի սեփականությանը, այլ կերպ ասած՝ սեփականության օգտագործման նկատմամբ պետության վերահսկողության դրսևորում է: Ընդ որում, Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչների լույսի ներքո անդրադառնալով որպես հայցի ապահովման միջոց՝ պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու իրավահարաբերություններին՝ Վճռաբեկ դատարանն փաստում է հետևյալը.

ա) միջամտության օրինականության վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներից է պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված է որպես հայցի ապահովման միջոց պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելը, որը պահպանվում է մինչև վճռի կատարումը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետության կողմից անձի սեփականությանը միջամտությունը տվյալ դեպքում նախատեսված է ներպետական օրենսդրությամբ, որի կիրառումը բավականաչափ կանխատեսելի է:

բ) ընդհանուր շահերի առկայության վերաբերյալ

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ որպես իրավական պետություն՝ Հայաստանի Հանրապետությունն ունի պարտավորություն երաշխավորել իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մաս է հանդիսանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կատարումը:

Նշվածով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցների կիրառումը, այդ թվում՝ պատասխանողի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելն այն դատավարական միջոցներն են, որոնք երաշխավորում են դատական ակտերի կատարումը, հետևաբար պատասխանողների գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը համապատասխանում է իրավական պետությունում իրավունքի գերակայությունն ապահովելու ընդհանուր շահին: Այլ կերպ ասած՝ որպես իրավական պետություն, նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայությունը, հայցի ապահովման միջոցը միտված է պաշտպանել հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը, արդյունքում՝ այն միտված է ապահովելու անձի «դատարան դիմելու իրավունքը»:

գ) ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության վերաբերյալ.

Ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռությունն ապահովվում է միջամտության համաչափությամբ: Համաչափության սկզբունքի առանցքային կարևորությունն այն է, որ դրա կիրառումը հնարավորություն է տալիս գնահատել պետության միջամտության ընթացքում կիրառվող միջոցների գործադրմամբ նպատակին հասնելու հնարավորությունը և թույլատրելիությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ համաչափության սկզբունքը կոչված է երաշխավորելու, որպեսզի այս կամ այն հանգամանքներում համարժեքություն ապահովվի կիրառվող միջոցների և դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակի միջև՝ համարժեք արձագանքելով որևէ իրավիճակի: Ըստ այդմ, համաչափության սկզբունքը բաղկացած է երեք տարրերից՝ պիտանիություն, անհրաժեշտություն և չափավորություն: Այսինքն՝ գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Համաչափության սկզբունքի այն պահանջը, համաձայն որի՝ հետապնդվող նպատակին հասնելու համար գործադրվող միջոցները պետք է լինեն պիտանի, նշանակում է, որ իր հայեցողությանը վերապահված միջոցներից պետությունը պետք է ընտրի այն միջոցը, որով կարող է հասնել այդ նպատակին: Եթե պիտանի միջոցները մեկից ավելի են, ապա դրանցից պետք է ընտրվի տվյալ նպատակին հասնելու համար առավել անհրաժեշտը, իսկ պիտանի և անհրաժեշտ միջոցներից՝ այն միջոցը, որը, առավել նվազ ձևով միջամտելով անձի իրավունքներին, այդուհանդերձ, թույլ է տալիս առավելագույնս հասնել հետապնդվող նպատակին: Չափավորությունը ենթադրում է, որ անհրաժեշտ և պիտանի միջոցը միևնույն ժամանակ պետք է ապահովի ողջամիտ հավասարակշռություն ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի և մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել՝ հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը և առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես` որքանո՞վ է պիտանի և անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով, առկա է արդյոք ողջամիտ հարաբերակցություն հայցագնի և ձեռնարկված հայցի ապահովման ծավալի միջև և այլն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև կնքվել է վարկային պայմանագիր և ի ապահովումն Բանկի նկատմամբ Ընկերության ունեցած պարտավորությունների կատարման՝ գրավադրվել է Մհեր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Ծերեթելի (Արտաշիսյան) փողոցի 73-րդ շենքի թիվ 19 բնակարանը, Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Այգեձորի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տունը և ավտոտնակը, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չեխովի թիվ 48-50 հասցեում գտնվող 109,67քմ մակերեսով տարածքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Եսայան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենք-շինությունը և Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասը՝ իր օժանդակ շինություններով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշմամբ Բանկի միջնորդությունը բավարարվել է. հայցագնի` 4.744.033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Ընկերությանը, Մհեր Ավետիսյանին, Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Ծառայության կողմից, ի կատարումն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2010 թվականի «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին» որոշման, արգելանք է դրվել՝

- Մհեր Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Ծերեթելի (Արտաշիսյան) փողոցի 73-րդ շենքի թիվ 19 բնակարանի (գրավի առարկա), Երևան քաղաքի Արաբկիր համայնքի Այգեձորի թիվ 56 հասցեում գտնվող բնակելի տան (գրավի առարկա), Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Չեխովի թիվ 48/50 հասցեում գտնվող տարածքի (գրավի առարկա), «Մերսեդես Բենց CL500» մակնիշի 10 ՕՈ 001 պետական համարանիշի, «Գազ 2705-222» մակնիշի 10 ՐՐ 001 պետական համարանիշի, «Զիլ-ՄՄԶ 554Մ» մակնիշի 68 00 454 պետական համարանիշի ավտոմեքենաների վրա,

- Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Այվազովսկու թիվ 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասի և դրա օժանդակ շինությունների (գրավի առարկա), Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տան, «Դայլմեր-Բենց» մակնիշի 61 ԼՏ 849 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա,

- Արմեն Ստամբոլցյանի կնոջը` Նունե Նասոյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Բաղյան թիվ 10 հասցեի առևտրի սրահի և «BMW 3181» մակնիշի 10 ԼՕ 550 պետական համարանիշի ավտոմեքենայի վրա,

- Մհեր Ավետիսյանի, Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի և Մոնիկա Քլոյանի դրամական միջոցների վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Ընկերությունից հօգուտ Բանկի բռնագանձել 4.744.033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` գանձման պահի փոխարժեքով, որից 3.189.858 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի գումար, 198.011 ԱՄՆ դոլարը` որպես տոկոսների գումար, 1.306.973 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց հիմնական պարտքի նկատմամբ հաշվարկված տույժի գումար, 49.192 ԱՄՆ դոլարը` որպես ժամկետանց տոկոսների նկատմամբ հաշվարկված տույժի գումար` բռնագանձումը տարածելով գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա: Միաժամանակ վճռում նշվել է, որ հայցագնի` 4.744.033 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով Ընկերությանը, Մհեր Ավետիսյանին, Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված արգելանքը պետք է պահպանել մինչև վճռի կատարումը:

Սույն գործով Դատարանը Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի հայցը՝ ավտոմեքենաները, բնակելի տունն ու հողամասն արգելանքից հանելու պահանջների մասով, մերժել է՝ պատճառաբանելով, որ առկա չէ գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ, բացակայում են այլ անձանց իրավունքների խախտումները և կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, որի իրավական հետևանքն է դրա կատարելիությունը, իսկ Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի գույքն արգելանքից հանելու պահանջի մասով գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ վիճարկվում են հարկադիր կատարողի գործողությունները, ինչը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռով Մհեր Ավետիսյանը և Արմեն Ստամբոլցյանը Բանկի և Ընկերության միջև կնքված վարկային պայմանագրի կողմ չեն հանդիսանում, և Ընկերության կողմից նշված պայմանագրի խախտման համար պատասխանատվություն են կրում միայն իրենց կողմից գրավադրված գույքի սահմաններում, այդուհանդերձ, Դատարանի վճիռը՝ ավտոմեքենաները, բնակելի տունն ու հողամասն արգելանքից հանելու պահանջների մասով հայցը մերժելու մասով, օրինական ուժի մեջ է թողել՝ պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/2769/02/10 գործի շրջանակներում դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցի մասին որոշմամբ չի առանձնացվել գրավադրված գույքը բողոք բերած անձանց սեփականության իրավունքով պատկանող այլ գույքից: Վերաքննիչ դատարանը միաժամանակ Մոնիկա Քլոյանին և Նունե Նասոյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների մասով Դատարանի վճիռը բեկանել է՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների առումով կա պատկանելիության վեճ, և գործը վերջիններիս մասով ենթակա է նոր քննության:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ Եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներում արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումներին, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած վճռի եզրափակիչ մասի բոլոր պարբերություններն իրենցից ներկայացնում են մեկ փոխկապակցված համակցություն, որպիսի պայմաններում որպես հայցի ապահովման միջոց կիրառված արգելանքն էլ Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի մասով մինչև վճռի կատարումը պետք է պահպանվեր միայն գրավադրված գույքի մասով՝ նկատի ունենալով, որ նշված վճռով բռնագանձումը տարածվել է միայն գրավադրված գույքի վրա: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցի ապահովման ինստիտուտի նպատակը վերջնական դատական ակտի կատարման երաշխավորումն է, այլ ոչ թե լրացուցիչ` վերջնական դատական ակտի կատարումը չերաշխավորող գույքային իրավունքների սահմանափակումը:

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձումը տարածվել է միայն գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա, արգելանքը շարունակվել է պահպանվել ոչ միայն Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի գրավի առարկա չհանդիսացող գույքի վրա, այլև այլ անձանց՝ Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի գույքի վրա, որոնք չեն հանդիսանում պատասխանող թիվ ԵԿԴ/2769/02/10 քաղաքացիական գործով, ավելին` պարտապաններ չեն Բանկի, Ընկերության, Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի միջև կնքված պայմանագրերից ծագած հարաբերություններում:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ենթակա է պարտադիր կատարման այն ծավալով, որը որոշված է տվյալ դատական ակտով: Մասնավորապես, եթե սույն գործով վճռում հստակ նշվել է, որ բռնագանձումը պետք է տարածել Մհեր Ավետիսյանին և Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա, ապա, բնականաբար, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը Մհեր Ավետիսյանի և Արմեն Ստամբոլցյանի մասով ենթակա է կատարման միայն գրավադրված գույքի սահմաններում, ուստի հայցի ապահովման միջոց հանդիսացող արգելանքը` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման երաշխիք, ենթակա է պահպանման վճռում նշված գրավի առարկաներ հանդիսացող գույքի վրա:

Այսինքն՝ անձի սեփականությանը միջամտությունը (արգելանքի պահպանումը) տվյալ դեպքում հետապնդվող նպատակին (դատական ակտի կատարմանը) կարող է համաչափ գնահատվել միայն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված ՝ գրավի առարկաներ հանդիսացող գույքի մասով, իսկ գրավադրված գույքից բացի այլ գույքի և/կամ դրամական միջոցների վրա արգելանքի պահպանումը չի կարող դիտարկվել որպես «դատավարության» բաղկացուցիչ մաս կազմող՝ դատարանի կողմից ընդունված դատական որոշման կատարման երաշխիք, քանի որ չի բխում դատական ակտի բովանդակությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչև Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2011 թվականի թիվ ԵԿԴ/2769/02/10 օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումը սույն գործով հայցվորների՝ գրավադրված գույքից բացի այլ գույքի և/կամ դրամական միջոցների վրա արգելանքի պահպանումը չի բխում ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների միջև հավասարակշռության պահպանման սկզբունքից՝ անհարկի սահմանափակելով նշված գույքային միավորների սեփականատերերի իրավունքները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Նկատի ունենալով, որ հայցվորները հայցադիմումի համար վճարել են 4.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12), վերաքննիչ բողոքի համար 10.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 5) և վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ, այսինքն` 34.000 ՀՀ դրամի չափով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել բողոք բերած անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 34.000 ՀՀ դրամի չափով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով, ենթակա է հատուցման Բանկի կողմից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2015 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել. արգելանքից հանել «Մերսեդես Բենց CL500» մակնիշի 10 ՕՈ 001 պետական համարանիշի, «Գազ 2705-222» մակնիշի 10 ՐՐ 001 պետական համարանիշի, «Զիլ-ՄՄԶ 554Մ» մակնիշի 68 ՕՕ 454 պետական համարանիշի ավտոմեքենաները, Արարատի մարզի Վեդի քաղաքի Թումանյան 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տունը` տնամերձ հողամասով, Մհեր Ավետիսյանի, Արմեն Ստամբոլցյանի, Մոնիկա Քլոյանի և Նունե Նասոյանի դրամական միջոցները:

2. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Մհեր Ավետիսյանի, Մոնիկա Քլոյանի, Արմեն Ստամբոլցյանի, Նունե Նասոյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
   

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան