Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՐԴ/0144/01/12

ԱՐԴ/0144/01/12

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝  

Ս. Համբարձումյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ

Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Մարատ Սարգսի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 57108512 քրեական գործը` Մարատ Սարգսյանի կողմից Մայիս Խաչիկյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու փաստի առթիվ:

Նախաքննության մարմնի` 2012 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Մ.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի մայիսի 30-ի որոշմամբ Մ.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2012 թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ Մ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2012 թվականի նոյեմբերի 9-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

2. 2013 թվականի նոյեմբերի 20-ին մեղադրողի որոշմամբ Մ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 26-ի դատավճռով Մ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 14 տարի ժամկետով: Նույն դատավճռով տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Մ.Սարգսյանից հօգուտ Ա.Դավթյանի բռնագանձվել է 1.500.000 դրամ` որպես տուժող Մ.Խաչիկյանի հուղարկավորության գումար և 9.920 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես հանցագործության կատարման ընթացքում հափշտակված գումարի փոխհատուցում:

3. Ամբաստանյալի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2014 թվականի օգոստոսի 14-ին որոշում է կայացրել բողոքները մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 26-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մ.Սարգսյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա «իր ծանոթ, համաքաղաքացի, տարադրամի փոխանակումով զբաղվող Մայիս Խաչիկյանին շահադիտական դրդումներով սպանելու, այն է` վերջինիս մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու ակնկալիքով նրան ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու հանցավոր մտադրությամբ, 2012թ. մայիսի 27-ին` ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի շուկայի տարածքից խաբեությամբ` իր տանը գտնվող 1000 ԱՄՆ դոլարը ՀՀ դրամով փոխանակելու պատրվակով, նստեցրել է իր անձնական օգտագործման «Նիսսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենան, ու գնացել են Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի առաջին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող տան դիմաց, քանի որ դիրքի և տեղակայման առումով տեղանքը նպաստավոր է եղել հանցավոր մտադրությունն իրականացնելու համար: Ամբաստանյալ Մարատ Սարգսյանը նախապես իր մոտ գտնվող խոհանոցային դանակով ավտոմեքենայի խցիկում բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ.Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, որից չորսը` կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, մեկը` պարանոցի առաջային մակերեսի ստորին հատվածին և վեցը` աջ ձեռքի տարբեր հատվածներին ու սպանել նրան: Ամբաստանյալ Մարատ Սարգսյանը տուժող Մ.Խաչիկյանի աջ գոտկային հատվածից` վերնաշապիկի տակից, հափշտակել է վերջինիս մոտ գտնվող, առանձնապես խոշոր չափերի` 5.693.520 ՀՀ դրամին համարժեք 14000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ վերջինիս դին իր ավտոմեքենայով տեղափոխել և գցել է Արմավիրի մարզի Գայ և Չոբանքարա համայնքների տարածքով անցնող, չգործող ջրատարի մեջ, ավտոմեքենան թողել Չոբանքարա համայնքի գերեզմանատանը և պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել Էջմիածին քաղաք: Բաղրամյան փողոցի վրա գտնվող խանութներից մեկում ամբաստանյալ Մարատ Սարգսյանը գնել է ջինսե տաբատ ու վերնաշապիկ, անմիջապես գնացել է իրենց շենքի մոտ, փոխել իր հագուստն ու գնացել «Զվարթնոց» օդանավակայան: Ճանապարհին ամբաստանյալ Սարգսյանը նետել է հանցագործության կատարման պահին իր հագին եղած հագուստը, օդանավակայանում` Մ.Խաչիկյանից հափշտակված գումարներից 300 ԱՄՆ դոլարը փոխանակել է ՀՀ դրամով, որից 110.000 ՀՀ դրամով գնել է նույն օրը` ժամը 22:00-ի համար նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս: Այնուհետև ամբաստանյալ Մարատ Սարգսյանն ինքնաթիռի տոմսը գնելուց հետո մնացած դրամը և 500 ԱՄՆ դոլարը փոխանակել է 15.100 ՌԴ ռուբլիով և պատրաստվել մեկնել Մոսկվա քաղաք: Ժամը 20:50-ին օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են ամբաստանյալ Մարատ Սարգսյանին և բերման ենթարկել ոստիկանության Էջմիածնի բաժին» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 387-392):

6. Դատաբժշկական փորձագետի թիվ 28 եզրակացության համաձայն՝ «(…) Մ.Խաչիկյանի մահը վրա է հասել ներքին սուր արյունահոսությունից` սրտի տամպոնադայից, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի հարկրծոսկրային գծով 3-րդ կողի մակարդակի կտրված-ծակված թափանցող [մեկ վերք] ստանալու հետևանքով: (…) Դիակի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել [են] նաև պարանոցի առաջային մակերեսի ստորին երրորդականի կտրված-ծակված [մեկ վերք], (…) կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի` կրծոսկրի կոթյունի շրջանի կտրված-ծակված թափանցող [երկու վերք], կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի հարկրծոսկրային գծով 3-4-րդ միջկողային տարածության կտրված-ծակված թափանցող [մեկ վերք], (…) [ձ]ախ բազկի միջին երրորդականի առաջային մակերեսի [մեկ վերք], ձախ նախաբազկի վերին-միջին-ստորին երրորդականների հետին-առաջային մակերեսների [հինգ կտրված-ծակված վերք] (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 168-172):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(…) Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Մարատ Սարգսի Սարգսյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 387-392):

8. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Ք]ննության առնելով Մ. Սարգսյանի նկատմամբ (…) ցմահ ազատազրկում նշանակելու հարցերը, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի իրացվելիության հարցերը, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, (…) հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը [Վերաքննիչ դատարանը] հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով ՀՀ քրեական օրենսգրքի պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները /ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ, 48-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ հոդվածներ/, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի սանկցիայի սահմաններում Մ. Սարգսյանին դատապարտել է ազատազրկման 14 /տասնչորս/ տարի ժամկետով, որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, և որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (…):

(…) Անդրադառնալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ. Գրիգորյանի վերաքննիչ բողոքում նշված այն պահանջին, որ սույն գործով ներկայացված քաղաքացիական հայցը պետք է բավարարել ամբողջությամբ` բռնագանձումը տարածելով ամբաստանյալի սեփականությունը հանդիսացող գույքի վրա, այդ թվում` «Nissan March» մակնիշի 30ԼՏ778 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն անհիմն է (…) (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 66-85):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերն անհիմն են, դրանցով թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անտեսվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի, 61-րդ, 63-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալ օրենսդրական դրույթների վերլուծության արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Մ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանները հաշվի չեն առել ամբաստանյալի կողմից կատարված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, բնույթը և սոցիալական նշանակությունը:

Բողոք բերած անձի պնդմամբ հանցավորի նկատմամբ նշանակված պատիժն արդարացի չէ ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ, այն չի համապատասխանում հանցագործության ծանրությանը, դրա կատարման հանգամանքներին, ինչպես նաև անհրաժեշտ և բավարար չէ ամբաստանյալին ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

10. Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով՝ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ ամբաստանյալի կողմից «Nissan March» մակնիշի 30ԼՏ778 պետհամարանիշի ավտոմեքենան գնելու, սակայն իր եղբոր անունով գրանցելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Գրիգորյանը պատշաճ ապացույցներ չի ներկայացրել: Բողոքաբերը վկայակոչել է Մ.Սարգսյանի` որպես կասկածյալի կողմից տրված ցուցմունքները և արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը բավարար չափով չի ծանոթացել գործի նյութերին:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը, ամբաստանյալ Մ.Սարգսյանին դատապարտել ցմահ ազատազրկման, տուժողի իրավահաջորդ Ա.Դավթյանի քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ` բռնագանձումը տարածելով ամբաստանյալի սեփականությունը հանդիսացող գույքի` «Nissan March» մակնիշի 30ԼՏ778 պետհամարանիշի, «Lexus RX 300» մակնիշի 21ՕՍ181 պետհամարանիշի ավտոմեքենաների վրա կամ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործության (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) համար պատիժ նշանակելիս արարքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի գնահատման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով Մ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

(…)»:

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԵԿԴ/0042/01/11, ԵՇԴ/0143/01/13, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Նշյալ դատական ակտերում Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ պատժի արդարությունը դրսևորվում է կատարված հանցագործության և կիրառվող պատժի համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար` պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից:

Անդրադառնալով պատժի անհատականացման ընդհանուր չափանիշներից հանցագործությունների հանրային վտանգավորությանը՝ Վճռաբեկ դատարանը արձանագրել է.

ա) արարքի հանրային վտանգավորության բնույթը որոշվում է այնպիսի փաստական տվյալների ամբողջությամբ, որոնք բնութագրում են մեղքի ձևը և տեսակը, հանցագործության նպատակը և շարժառիթը, քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակությունը,

բ) արարքի հանրային վտանգավորության աստիճանը որոշվում է այնպիսի փաստական տվյալների ամբողջությամբ, որոնք բնութագրում են հանցագործությամբ պատճառված վնասի չափը և բնույթը (հանրորեն վտանգավոր հետևանքներ), հանցագործության կատարման եղանակը, գործիքներն ու միջոցները, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը (տե՛ս mutatis mutandis Գարուշ Մադաթյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշման 14-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ հանցագործության հանրային վտանգավորության տիպային բնութագիրն արտացոլվում է օրենսդրի կողմից սահմանված սանկցիայում, իսկ յուրաքանչյուր կոնկրետ գործով արարքի հանրային վտանգավորության գնահատականը դատարանի կողմից կարող է որոշվել կոնկրետ հանցագործության տարրերի առանձնահատկությունների, դրա կատարման հանգամանքների, հանցավորի անձնավորության, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների հիման վրա (տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 39-րդ կետը):

15. Սույն գործով բարձրացված իրավական հարցի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ծանրացնող հանգամանքներով սպանության, մասնավորապես` շահադիտական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցագործության հանրային վտանգավորությանը:

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն`

«Սպանությունը` [ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը] շահադիտական դրդումներով (...) պատժվում է (...) ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»:

Մեջբերված նորմի վերլուծությունից հետևում է, որ վերոգրյալ հանցակազմի համար պարտադիր հատկանիշ է շահադիտական շարժառիթի առկայությունը: Ընդ որում, շահադիտական շարժառիթը դրսևորվում է հանցավորի կամ այլ անձանց համար նյութական որևէ օգուտ ստանալու կամ նյութական որոշակի ծախսերից ազատվելու ձգտումով:

Հանցագործության անմիջական օբյեկտը, ինչպես սպանության մյուս տեսակների դեպքում, յուրաքանչյուր մարդու կյանքն է, որը ենթակա է քրեաիրավական պաշտպանության նրա ծնվելու պահից մինչև մահ: Միևնույն ժամանակ որպես շահադիտական դրդումներով սպանության հանրային բարձր վտանգավորությունը բնութագրող հատուկ հանգամանք` հանցավորի կողմից նյութական շահը տուժողի կյանքից գերադասելու վճռականությունն է: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված արարք կատարող անձի համար մարդու կյանքը` որպես բարձրագույն սոցիալական արժեք, ունի չնչին նշանակություն:

Ինչ վերաբերում է շահադիտական դրդումներով սպանության սուբյեկտիվ կողմին, ապա այն բնութագրվում է դիտավորությամբ, որը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի: Ընդ որում, փաստ է, որ մեղքի դիտավորյալ ձևով կատարվող հանցանքի ժամանակ առավել բարձր հանրային վտանգավորություն ունի ուղղակի դիտավորությամբ կատարվող արարքը, ինչը ենթադրում է հանցավորի կողմից հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիության կամ իրական հնարավորության նախատեսում: Այս դեպքում հանցագործության սուբյեկտի պատրաստվածությունը, հանցանքի կատարման եղանակը, իրադրությունը, օգտագործվող գործիքները, միջոցներն իրենց ամբողջության մեջ անկանխելի են դարձնում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացումը` հանցավորի մոտ միանշանակ վստահություն առաջացնելով իր նպատակների անխուսափելի իրագործման մեջ (տե՛ս mutatis mutandis Արմեն Շահբազյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13 որոշումը):

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարված հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար դատարանները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն հանցավորի դիտավորության ուղղվածությանը, որի բացահայտումը սերտորեն կապված է արարքի կատարման եղանակի, օգտագործվող գործիքների ու միջոցների առանձնահատկությունների, հասցված վնասվածքների քանակի ու տեղակայվածության, հանցագործության իրադրության, հանցավորի և տուժողի փոխհարաբերությունների բնույթի և օբյեկտիվ այլ հանգամանքների հետ:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց նշված հանգամանքների պատշաճ գնահատման շահադիտական դրդումներով սպանությունների վերաբերյալ գործերով հնարավոր չէ ճիշտ պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին: Հետևաբար նշանակված պատժով չի ապահովվի նաև կատարված արարքի և կիրառված պատժի համաչափությունը, ինչի արդյունքում կխաթարվեն պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Մ.Սարգսյանը տարադրամի փոխանակումով զբաղվող Մ.Խաչիկյանին շահադիտական դրդումներով սպանելու հանցավոր մտադրությամբ 2012թ. մայիսի 27-ին` ժամը 15-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի շուկայի տարածքից խաբեությամբ` իր տանը գտնվող 1000 ԱՄՆ դոլարը ՀՀ դրամով փոխանակելու պատրվակով, տուժողին նստեցրել է իր անձնական օգտագործման «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ու տարել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի առաջին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող տան դիմացի հատված: Այնուհետև ավտոմեքենայի խցիկում իր մոտ գտնվող խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Մ.Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, որից չորսը` կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսին, մեկը` պարանոցի առաջային մակերեսի ստորին հատվածին և վեցը` աջ ձեռքի տարբեր հատվածներին ու սպանել նրան: Ամբաստանյալը տուժողի աջ գոտկային հատվածից, վերնաշապիկի տակից հափշտակել է վերջինիս մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի` 5.693.520 ՀՀ դրամին համարժեք 14000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ վերջինիս դին իր ավտոմեքենայով տեղափոխել և գցել է Արմավիրի մարզի Գայ և Չոբանքարա համայնքների տարածքով անցնող, չգործող ջրատարի մեջ: Այնուհետև ամբաստանյալը գնացել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պատրաստվելով մեկնել Մոսկվա (տե՛ս սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը):

Պատիժ նշանակելիս Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ հաշվի է առնում Մ.Սարգսյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Իր հերթին Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից պահպանվել են պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, իսկ Մ.Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նշանակված պատիժը համապատասխանում է կատարված հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին (տե՛ս սույն որոշման 3-րդ և 8-րդ կետերը):

18. Սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները համապատասխանաբար` Մ.Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և դրա իրավաչափությունը ստուգելիս պատշաճ գնահատականի չեն արժանացրել կատարված հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը և բնույթը, ինչի հետևանքով ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Մասնավորապես՝ ստորադաս դատարանները պատշաճ կերպով հաշվի չեն առել, որ՝

ա) Մ.Սարգսյանը, չնչին նշանակություն տալով Մ.Խաչիկյանի կյանքին, նյութական շահը գերադասելով վերջինիս կյանքից, շահադիտական դրդումներով՝ նյութական օգուտ ստանալու ակնկալիքով, սպանել է նրան,

բ) Մ.Սարգսյանը դանակով տասնմեկ հարված է հասցրել Մ.Խաչիկյանի մարմնի տարբեր մասերին, այդ թվում` կենսականորեն կարևոր օրգանների շրջանում,

գ) Մ.Սարգսյանը գործել է ուղղակի դիտավորությամբ` գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսել տուժողին մահ պատճառելու անխուսափելիությունը և ցանկացել դրա վնաս հասնելը, ինչի մասին է վկայում նախորդ կետում վկայակոչված հանգամանքը,

դ) Մ.Խաչիկյանին կյանքից զրկելուց և վերջինիս մոտ առկա առանձնապես խոշոր չափերի գումարը հափշտակելուց հետո Մ.Սարգսյանը վերջինիս դին տեղափոխել և գցել է ջրատարի մեջ, իսկ ինքը գնացել օդանավակայան՝ պատրաստվելով մեկնել Մոսկվա:

Վերոգրյալից հետևում է, որ սույն գործով հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը ճիշտ գնահատելու և որպես արդյունք հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար ստորադաս դատարանները պատշաճ ուշադրություն չեն դարձրել խախտված հասարակական հարաբերության բնույթին ու կարևորությանը, արարքի կատարման եղանակին, օգտագործված գործիքին, մարմնական վնասվածքների քանակին, տեղակայմանը, հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքին, ինչպես նաև հանցագործության կատարման հանգամանքներին:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված չեն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով Մ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը: Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

20. Անդրադառնալով «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի վրա բռնագանձում տարածելու պահանջի կապակցությամբ բողոքաբերի՝ սույն որոշման 10-րդ կետում բարձրացրած փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը վերահաստատում է Արամ Մկրտչյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներն այն մասին, որ քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի քննության արդյունքում դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է սահմանափակվի միայն քաղաքացիական հայցի լրիվ կամ մասնակի բավարարման, դրա չափի սահմանման, ինչպես նաև այն անձի մատնանշմամբ, ումից ենթակա է գույքի բռնագանձումը: Ինչ վերաբերում է բռնագանձման ենթակա գույքի տեսակի, հերթականության, բռնագանձման կարգի սահմանմանը վերաբերող հարցերին, ապա դրանց լուծումը դուրս է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորման առարկայից (տե՛ս mutatis mutandis Արամ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0326/01/09 որոշումը):

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հեղինակի կողմից բարձրացված վերոգրյալ փաստարկը հիմնազուրկ է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Մարատ Սարգսի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի օգոստոսի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան