ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-1212(ՎԴ) 2005 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1212(ՎԴ) 2005 2015 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2015 թվականի նոյեմբերի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Ղասաբյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ Լևոն Ղասաբյանի` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու և տարածքից վտարելու պահանջների մասին, ու ըստ Լևոն Ղասաբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կազմակերպության և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականության իրավունքը ճանաչելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Լևոն Ղասաբյանին պարտադրել կնքել Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր, ինչպես նաև Լևոն Ղասաբյանին և տարածքը զբաղեցնող այլ անձանց վտարել վերը նշված հասցեից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Լևոն Ղասաբյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեի թիվ 2 և 5 սենյակների տակ գտնվող 13,6քմ և 22,2քմ մակերեսներով նկուղների նկատմամբ, Կադաստրին պարտադրել պետական գրանցում կատարել նաև այդ տարածքների նկատմամբ, ինչպես նաև Կազմակերպությանը պարտադրել կնքել Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանը պետության կարիքների համար վերցնելու անշարժ գույքի փոխհատուցման պայմանագիր:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.03.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Լ. Գրիգորյան, Ն. Հովսեփյան, Գ. Մատինյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.04.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Ղասաբյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճռով բավարարվել է Կազմակերպության հայցն ընդդեմ Լևոն Ղասաբյանի և վճռվել է նրան պարտադրել կնքել Երևանի Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար 23.640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով փոխհատուցման դիմաց վերցնելու մասին պայմանագիր ու Լևոն Ղասաբյանին և նշված բնակարանը զբաղեցնող անձանց վտարել զբաղեցրած տարածքից: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Լևոն Ղասաբյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), 13.11.2014 թվականի վճռով հաստատված համարելով, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով», արձանագրել է, որ տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 13.02.2015 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Լևոն Ղասաբյանի բավարարվել է և վճռվել է Լևոն Ղասաբյանին պարտադրել կնքել Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Լևոն Ղասաբյանին և նշված բնակարանը զբաղեցնող անձանց վտարել զբաղեցրած տարածքից, իսկ Լևոն Ղասաբյանի հակընդդեմ հայցը մերժվել է (հատոր 1-ին, գ. թ. 120-123).
2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման (հատոր 1-ին, գ. թ. 148-149).
3) Լևոն, Արսեն և Գոհար Ղասաբյանների ու Լիլիթ Գրիգորյանի գանգատի (գանգատ թիվ 23566/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե′ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճռով Կազմակերպության հայցն ընդդեմ Լևոն Ղասաբյանի բավարարվել է, և վճռվել է Լևոն Ղասաբյանին պարտադրել կնքել Փ. Բուզանդի փողոցի 25-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու մասին պայմանագիր ու Լևոն Ղասաբյանին և նշված բնակարանը զբաղեցնող անձանց վտարել զբաղեցրած տարածքից, իսկ Լևոն Ղասաբյանի հակընդդեմ հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 1151-Ն որոշմամբ սահմանված կարգով գույքը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ Կազմակերպության կողմից Լևոն Ղասաբյանին 09.12.2004 թվականին ներկայացվել է ընդհանուր 38.467,01 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով հատուցման պայմանով պայմանագիր կնքելու գնային առաջարկ, որը Լևոն Ղասաբյանը չի ընդունել:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ բողոքը` առանց բավարարման:
Լևոն, Արսեն և Գոհար Ղասաբյանների ու Լիլիթ Գրիգորյանի գանգատի (գանգատ թիվ 23566/05) հիման վրա Եվրոպական դատարանը, 13.11.2014 թվականին կայացված վճռում նշելով, որ «Հայաստանի դեմ մի շարք գործերի շրջանակում արդեն քննել է նմանատիպ բողոքներ և փաստարկներ ու եզրահանգել, որ գույքից զրկելը չի կատարվել «այն պայմաններում, որոնք նախատեսված են օրենքով» (տե′ս, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի, Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի, Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի, Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի), գտել է, որ «սույն գործով տվյալ եզրահանգումից հրաժարվելու որևէ պատճառ չի տեսնում»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Լևոն Ղասաբյանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով` Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի խախտման փաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշման վերանայման հիմք։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը վերանայելու ու Վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի 26.05.2005 թվականի որոշումը:
2. Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 12.04.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. ԱվանեսՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|