Գլխավոր տեղեկություն
Համար
N 500-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2016-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.510
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 ապրիլի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2006 թվականի N 500-Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 52-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել`

ա) թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտների  ռեեստրային գրանցման հաշվետվությունների ձևերը,

բ) ռեեստրի վարման գրքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 22
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
ապրիլի 20-ի N 500-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների մասին տեղեկատվության հավաքումը, վերլուծումը, մշակումն ու պահպանումն է:

3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված կարգով:

4. Ռեեստրում գրանցման ենթակա են`

ա) այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնց համար հաստատվում են թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծեր,

բ) թափոնների վերամշակման և (կամ) օգտահանման շահագործվող օբյեկտները:

5. Ռեեստրի վարման նպատակով` թափոններ գոյացնող, վերամշակող և օգտահանող օբյեկտները (այսուհետ` օբյեկտ) մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտները՝ իրենց գործունեությունը սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրի վարման կարգը սահմանելու մասին» N 500-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևերին համապատասխան:

Հաշվետվությունը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

Ռեեստրում գրանցված օբյեկտները մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման հաշվետվություն, եթե հաշվետու տարում տեղի են ունեցել փոփոխություններ:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1045-Ն, լրաց. 29.01.16 N 69-Ն)


 

II. ՌԵԵՍՏՐԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


 

6. Ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա) օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը,  

բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկություններ (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),

գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,

դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի, տ/օր),

ե) տեխնոլոգիական սարքավորման տեսակը,

զ) գոյացող, վերամշակվող և օգտահանվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը` տ/տարի),

է) շահագործման գործելակարգը (ռեժիմը),

ը) ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` արտանետումները (աղտոտող նյութերի անվանումները, արտանետումների ծավալը` տ/տարի) արտահոսքերը (աղտոտող նյութերի անվանումները, արտահոսքերի ծավալը` տ/տարի), թափոնները  (անվանումը, ծածկագիրը, վտանգավորության դասը, ծավալը՝ տ/տարի, հետագա տեղաբաշխումը),

թ) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը:

7. Ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 29.01.16 N 69-Ն)

բ) օբյեկտի տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը:

(7-րդ կետը փոփ. 29.01.16 N 69-Ն)
 

III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ


 

8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են օբյեկտի անվանումը, ռեեստրային գրանցման հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, ռեեստրային գրանցման հաշվետվությանը կից ներկայացված փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության ու դրան կից ներկայացված փաստաթղթերի պահման գործի համարը:

9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու տեղեկությունների հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում`  ռեեստրային համարի ամրագրմամբ: 

Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:

Օբյեկտին տրվում է տեղեկանք ռեեստրում գրանցման մասին:

10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են ռեեստրային գրանցման հաշվետվությունն ու փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ ներկայացված փաստաթղթերում անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը հաշվետվությունը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:

Կրկնակի ներկայացված ռեեստրային գրանցման հաշվետվության և փաստաթղթերի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:

(10-րդ կետը խմբ. 29.01.16 N 69-Ն)

(հավելվածը խմբ. 10.09.15 N 1045-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.01.16 N 69-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 500-Ն
29.01.2016, N 69-Ն 11.02.2016, N 500-Ն
10.09.2015, N 1045-Ն 24.09.2015, N 500-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան