ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունվարի 2016 թվականի N 31-Ա
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետությունոմ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության կանխարգելմանն ուղղված գործողությունների կառավարման միասնական համակարգի ձևավորման նպատակով`
1. Ստեղծել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել`
1) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի հրավերով կարող են մասնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները` խորհրդատվական ձայնի իրավունքով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 27-ի N 31-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Խ. Հակոբյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Լ. Դավթյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ |
Հ. Թորոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ |
Դ. Օհանյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Հ. Թոփչյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն (համաձայնությամբ) |
Լ. Ավետիսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Ասոյան |
- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան (համաձայնությամբ) |
Վ. Դավիդյանց |
- ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան (համաձայնությամբ) |
Մ. Կատվալյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2016 թ. հունվարի 27-ի N 31-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՍՊԱՌՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված գործողությունների իրականացման համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Հանձնաժողովի գործունեության նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետությունում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված քաղաքականությանը, ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումը.
2) գերակա խնդիրների վերհանումը.
3) հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ մարմինների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներգրավվածությունը:
3. Հանձնաժողովն իր հիմնական նպատակներին համապատասխան`
1) կազմակերպում է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ.
2) աջակցում է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության և հակամանրէային դեղերի սպառման կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը.
3) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ և լրացումներ է կատարում դրանցում.
4) բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, ընդունում է խորհրդատվական բնույթի որոշումներ:
III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից մեկն է ի պաշտոնե:
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստում որոշվում է հաջորդ հերթական նիստի օրը:
6. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների` հանձնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ` իրենց համաձայնությամբ:
9. Հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան մասնագետների, տալ նրանց հանձնարարականներ: Աշխատանքային խումբը կատարած աշխատանքների մասին հաշվետվություն է ներկայացնում հանձնաժողովին:
IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Հանձնաժողովի նախագահը որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը և ժամը: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար կարող է նիստից առնվազն 15 օր առաջ հարց ներկայացնել:
11. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`
1) հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը.
3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:
12. Հանձնաժողովի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը հանձնաժողովի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
13. Հանձնաժողովի գործունեության կազմակերպատեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը:
V. ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
14. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը:
15. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անունները.
4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.
5) ընդունված որոշումները, դրանց տարածման և (կամ) հրապարակման ձևերը:
16. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն) նախագծեր, գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր:
17. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի կողմից` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստի արձանագրությունը հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկվում է հանձնաժողովի անդամներին:
18. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Հանձնաժողովի նախագահը`
1) նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի օրակարգը և ստորագրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումներն ու նիստերի արձանագրությունները,
3) լսում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.
4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.
5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամներից մեկը:
21. Հանձնաժողովի անդամները`
1) իրավունք ունեն՝
ա. ներկայացնելու հարցեր` հանձնաժողովի օրակարգում ընդգրկելու համար,
բ. հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր առաջարկություն,
գ. մասնակցելու որոշումների ընդունման համար քվեարկությանը,
դ. ներկայացնելու հանձնաժողովի որոշումների վերաբերյալ գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը և համարվում դրա անբաժանելի մասը: Դրա մասին արձանագրության մեջ կատարվում է գրառում.
2) պարտավոր են`
ա. մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին,
բ. կատարել հանձնաժողովի որոշումները և հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները:
22. Հանձնաժողովի քարտուղարը`
1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.
2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումը.
3) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրության կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.
4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության տարածումը.
5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
VII. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |