Գլխավոր տեղեկություն
Համար
N 104-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.02.2016-08.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.12.30/4(34) Հոդ.103.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2016 թվականի N 104-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 11

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 104-Ն որոշման

 

2 0 1 6  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

 I. ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման տեսանկյունից Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է արտահանմանն ուղղված պետական աջակցությունը՝ համապատասխան գործիքների կիրառմամբ:

2. 2013 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մեկնարկել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագիրը (այսուհետ` ծրագիր), որն ուղղված է արդյունաբերական արտադրանքի (ծառայությունների) արտահանելի հատվածի ընդլայնմանը և արտահանման ներուժ ունեցող կազմակերպությունների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը:

3. 2015 թվականի ընթացքում ծրագրի իրականացման շրջանակներում մի շարք արդյունաբերական կազմակերպություններ ստացել են պետական աջակցություն տարբեր ուղղություններով, ինչը դրական է ազդել այդ ընկերությունների արտահանման և արտադրության ծավալների աճի վրա, կազմակերպվել են նաև մի շարք միջոցառումներ: Մասնավորապես` 2015 թվականի ընթացքում իրականացվել են հետևյալ միջոցառումները`

1) հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման և մուտքի ապահովման միջոցառումների իրականացում, այդ թվում` ազատ տնտեսական գոտում ենթածրագրի շրջանակներում կազմակերպվել են հետևյալ միջոցառումները՝

ա. Հայաստանում Կանադայի դեսպանության հետ համատեղ 2015 թվականի մարտի 15-18-ը կազմակերպվել է Կանադայի առևտրային առաքելության այցը Հայաստան: Այցի շրջանակներում 2015 թվականի մարտի 16-ին կայացել է հայ-կանադական գործարար կապերի զարգացման պաշտոնական նիստը,

բ. 2015 թվականի մարտի 23-25-ը կազմակերպվել է հայ-լիտվական երկրորդ գործարար համաժողովը,

գ. 2015 թվականի մայիսի 13-15-ը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության այցը Թբիլիսիում կայացած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին,

դ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում 2015 թվականի հունիսի 2-ին Պրահայում կազմակերպվել է հայ-չեխական գործարար համաժողովը,

ե. 2015 թվականի հունիսի 10-ին Բրյուսելում կազմակերպվել է «Համագործակցության հնարավորությունները Հայաստանի և Բելգիայի միջև» գործարար համաժողովը,

զ. 2015 թվականի հունիսի 12-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր,

է. 2015 թվականի հունիսի 30-ին Երևանում կազմակերպվել է «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովը,

ը. 2015 թվականի հուլիսի 8-ին հիմնադրամը Բրյուսելում համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Վալոնիայի արտահանման և ներդրումների գործակալության, Վալոնիայի ձեռնարկությունների միության և Բրյուսելի առևտրի պալատի հետ,

թ. 2015 թվականի հոկտեմբերի 15-ին Իրանի առաջին փոխնախագահի այցի շրջանակներում հիմնադրամը Երևանում կազմակերպել է Հայաստան-Իրան գործարար համաժողով, որին մասնակցում էին 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից,

ժ. 2015 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի այցի շրջանակներում հիմնադրամը Թեհրանում կազմակերպել է Հայաստան-Իրան գործարար համաժողով, որին մասնակցում էին ավելի քան 280 իրանցի և հայ գործարարներ,

ժա. 2015 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվա քաղաքում կայացել է Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ազգային միության կողմից կազմակերպված «Ռուսաստանյան սպառողական շուկայի առողջացման միջոցներ» թեմայով խորհրդակցություն Հայաստանի և Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ,

ժբ. 2015 թվականի դեկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստը.

2) արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում միջոցառման շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում բավարարվել է մշակող արդյունաբերության ոլորտների 16 ընկերության հայտ.

3) օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում միջոցառման շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում բավարարվել է 8 ընկերության 12 հայտ.

4) օտարերկրյա պետությունում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների մասնակցություն (կազմակերպում) և իրականացում միջոցառման շրջանակներում՝

ա. 2015 թվականի մարտի 20-ին Երևանում կազմակերպվել է 2016 թվականի ձմեռային հագուստի հավաքածուի ցուցադրություն` նոր ստեղծված 5900ԲիՍի բրենդի ներքո,

բ. «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ իրացման արդիականացման և մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագրի շրջանակներում ՄԱԱԶԿ-ի հետ համատեղ 2015 թվականի սեպտեմբերի 2-5-ը Մոսկվա քաղաքում` «ՍիՓիԷմ - Քոլեքշն Փրեմիեր Մոսքոու» միջազգային ցուցահանդեսին, կազմակերպվել է 5900ԲիՍի բրենդի արտադրանքի ներկայացումը,

գ. Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ) հետ մասնագիտական խորհրդատվության ծրագիր է իրականացվում` «Հայաստանի գինիներ» հովանոցային բրենդի հիմնման և համապատասխան կառույցի ստեղծման նպատակով: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հոլանդացի փորձագետ Մարկո Տիգելմանի այցելությունները Հայաստան,

դ. հիմնադրամի հրավերով հոկտեմբերի 1-5-ը Հայաստան են այցելել գինեգործության ոլորտի ազդեցիկ 6 փորձագետներ Դանիայից, Իտալիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ռուսաստանից,

ե. 2015 թվականի հոկտեմբերի 13-15-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում կայացել է «CPhI Worldwide» 2015 միջազգային դեղագործական ցուցահանդեսը։ Միջոցառմանը հիմնադրամը մասնակցել է մեկ միասնական հայկական տաղավարի ձևաչափով՝ ներկայացնելով «Լիկվոր», «Արփիմեդ», «Տոնուս Լես» և «Դարման Թեսթ Լաբորատորիս» ընկերություններին,

զ. 2015 թվականի հոկտեմբերի 9-11-ը Երևանում (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում) անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը (պատվիրակություններ կազմակերպության անդամ և դիտորդ 80 պետություններից շուրջ 450 ներկայացուցիչ), որին կից ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամի աջակցությամբ կազմակերպվել է հայկական ապրանքների ներկայացում,

է. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում նոյեմբերի 1-ին կազմակերպվել է Հայաստանին նվիրված միջոցառում, որն ուղեկցվել է հայկական մշակույթի և խոհանոցի շնորհանդեսով, որի հատուկ մաս է կազմել գինու համտեսը: Միջոցառմանը մասնակցել են լրագրողներ, գինու փորձագետներ և սոմելիեներ՝ շուրջ 350 անձ,

ը. հիմնադրամի կողմից 2015 թվականի նոյեմբերի 5-ին Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում կազմակերպվել է հայկական գինիների համտես-շնորհանդես` լեհական շուկայում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման և առաջմղման նպատակով։ Համտեսին ներկայացված էին «ENOEXPO 2015» 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսի մասնակից 14 հայկական ընկերության արտադրատեսակները` գինի, կոնյակ, ծիրանի բրենդի և գարեջուր,

թ. հիմնադրամի կողմից «Եվրոմոնիթոր Ինթերնեյշնըլ» ընկերության համակարգից վերհանվել են սննդարդյունաբերության, ոսկերչության, թեթև արդյունաբերության, դեղագործության, խմիչքների արտադրության և այլ ոլորտների մասով թիրախային շուկաների մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը, և այն տրամադրվել է հայկական ընկերություններին.

5) միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ապահովում ենթածրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում աջակցություն է տրամադրվել շուրջ 120 սուբյեկտի՝ հետևյալ միջոցառումներին մասնակցություն ապահովելու նպատակով` այն է՝

ա. 2015 թվականի հունվարի 30-ից փետրվարի 1-ը Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում կայացած «Ուորլդ Մանի Ֆեըր» ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսը, 2015 թվականի փետրվարի 10-12-ը ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացած «ԷսՓիԱյԻ Ֆոտոնիքս Վեստ 2015» ցուցահանդեսը, 2015 թվականի փետրվարի 9-13-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2015» ցուցահանդես, 2015 թվականի մարտի 15-17-ը Գերմանիայի Դաշնության Դյուսելդորֆ քաղաքում կայացած «ՊրոՎեյն» ցուցահանդեսը, 2015 թվականի հունիսի 16-19-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «ԷՔՍՊՈԿԱՄԵՆ» ցուցահանդեսը, 2015 թվականի ապրիլի 9-12-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում կայացած «ԱՌՈՒ» 24-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքը, 2015 թվականի հունիսի 5-8-ը Երևանում կայացած 12-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդես-վաճառքը, 2015 թվականի մայիսի 13-15-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «ԱյՓիԷյջԻԻքս» (IPHEX) դեղագործական ցուցահանդեսը, 2015 թվականի սեպտեմբերի 14-17-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Ուորլդ Ֆուդ Մոսքոու 2015» ցուցահանդեսը, 2015 թվականի սեպտեմբերի 22-25-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Տեքստիլլեգպրոմ 2015» ցուցահանդեսը, 2015 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «JUNWEX» 2015 միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդես-վաճառքը, 2015 թվականի հոկտեմբերի 13-16-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած «Ստրոյէքսպո. Ստրոյիմ դոմ. Էներգոեֆեկտիվնոե ստրոիտելստվո/Զելյոնոե ստրոիտելստվո» ցուցահանդեսը, 2015 թվականի հոկտեմբերի 16-18-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած «ԱՌՈՒ» 25-րդ միջազգային մասնագիտացված ոսկերչական ցուցահանդեսը, 2015 թվականի հոկտեմբերի 24-26-ը Երևանում կայացած «Երևան Շոու 2015» 5-րդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսը, 2015 թվականի նոյեմբերի 4-6-ը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած «Էնոէքսպո Ինթերնեյշնլ Վայն Ֆեըր» ցուցահանդեսը, 2015 թվականի դեկտեմբերի 7-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Զդրավոխրանենիե-2015» ցուցահանդեսը,

բ. նախապատրաստական աշխատանքներ են տարվել 2016 թվականի հունվարի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ՄոսՇուզ 2016» միջազգային ցուցահանդեսին, 2016 թվականի փետրվարի 5-7-ը Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «Ուորլդ Մանի Ֆեըր» ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին, 2016 թվականի փետրվարի 8-12-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2016» ցուցահանդեսին, 2016 թվականի մարտի 13-15-ը Գերմանիայի Դաշնության Դյուսելդորֆ քաղաքում կայանալիք «ՊրոՎեին» ցուցահանդեսին, 2016 թվականի փետրվարի 16-19-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «Տեքստիլլեգպրոմ 2016» և 2016 թվականի մարտի 20-23-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում կայանալիք «ԱՌՈՒ» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին հայկական ընկերությունների մասնակցության աջակցության ուղղությամբ.

6) արտասահմանյան դիստրիբյուտորների և այլ օժանդակ կառույցների ներկայացուցիչների այցելություններ Հայաստան և (կամ) օտարերկրյա պետություն, գործարար կապերի հաստատում ենթածրագրի շրջանակներում՝

ա. 2015 թվականին կազմակերպվել են արտահանմանն օժանդակող կառույցների (դիստրիբյուտորների) այցելություններ Հայաստան «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ իրացման արդիականացման և մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագրի շրջանակներում կազմակերպված գործարար համաժողովի, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 26-28-ը կայացած «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակներում,

բ. 2015 թվականի հունիսի 18-19-ը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից արտահանմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների և արտադրանքի իրացման հիմնական դիստրիբյուտորներ հանդիսացող պատվիրակության այցը Հայաստան,

գ. 2015 թվականի հուլիսի 12-17-ը կազմակերպվել է Ուզբեկստանի Հանրապետությունից դիստրիբյուտորների այցելությունը Հայաստան, և այցի շրջանակներում կազմակերպվել է «Բրիմօպտիկ. Նոր խոսք գլաուկոմայի բուժման ասպարեզում» համաժողովը,

դ. 2015 թվականի հուլիսի 16-20-ը կազմակերպվել է բելգիացի գործարար Մարկ Լեվենսի ճանաչողական այցը Հայաստան` ալկոհոլային խմիչքների արտադրության ոլորտին ծանոթանալու նպատակով,

ե. 2015 թվականի օգոստոսի 17-21-ը Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստան է ժամանել «ՔեյՋիՔեյ Գրուպ» ոսկեգործական և ադամանդագործական ընկերության պատվիրակությունը,

զ. 2015 թվականի սեպտեմբերի 14-19-ը հայ-վիետնամական բարեկամական կապերի շրջանակներում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից Հայաստան է ժամանել 11 գործարար.

7) ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում՝

ա. կազմակերպվել են դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտի համար «Դեղերի անվտանգություն» և «Գլոբալ կարգավորման պահանջներ» հեռահար վերապատրաստման դասընթացները,

բ. 2016 թվականի հուլիսի 22-24-ը ԳՄՀԸ-ի հայաստանյան գրասենյակի «ԵՄ թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է ուսուցողական սեմինար «Սթարթափեր. Բիզնես մոդելի մշակումը և առաջարկային փաթեթի պատրաստումը ներդրողների համար» թեմայով: Նշված ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Վինսենթ Բոյաջյանի (ոսկերիչ/դիզայներ, Ֆրանսիա) այցը Հայաստան,

գ. 2015 թվականի սեպտեմբերի 22-24-ը ՍիԲիԱյ-ի ծրագրերի ղեկավարի և ներկայացուցչի հետ կազմակերպվել են հանդիպումներ թվով 5 գինեգործական կազմակերպությունների հետ, որոնք ընդգրկված են ՍիԲիԱյ-ի հնգամյա աջակցության ծրագրում, ինչպես նաև քննարկվել են հիմնադրամի հետ հետագա համագործակցության ծրագրերը,

դ. 2015 թվականի սեպտեմբերի 23-ին անցկացվել է «Մասնագիտական ցուցահանդեսներին գինու ներկայացման հմտությունների զարգացում» խորագրով վերապատրաստման դասընթաց, որը վարել են Երևանի գինու ակադեմիայի դասախոսները,

ե. Սուզ լա Ռուս գինու համալսարանի, Ռհոն-Ալպս դեպարտամենտի և Գինու ակադեմիայի հետ համագործակցության շրջանակներում 12 մասնագետ 10-օրյա մասնագիտական վերապատրաստման դասընթացների են մասնակցել Սուզ լա Ռուս համալսարանում,

զ. «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների մրցունակության բարձրացում՝ իրացման արդիականացման և մուտք դեպի շուկա ապահովելով» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են թեթև արդյունաբերության ոլորտի դասընթացներ.

 8) արտահանմանն ուղղված արտադրատեսակների արտադրության ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտության իրականացում ենթածրագրի շրջանակներում հայտարարվել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության սննդի և խմիչքների արդյունաբերության արտադրանքի դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման հնարավորությունների և առկա խնդիրների ուսումնասիրության և վերլուծության ձեռքբերման համար: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությունը, վերջինիս կողմից մշակվել և ներկայացվել է պայմանագրով նախատեսված աշխատանքը, որը հաստատվել է:

 

II. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

4. Ծրագրի մշակման համար հիմք են`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագիրը.

2) «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը ու գերակա խնդիրները հաստատելու մասին» N 111-Ն որոշման N 1 հավելվածի 35-րդ կետը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը» (այսուհետ` ռազմավարություն).

5) ռազմավարության իրականացման և համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 29-ի N 178-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Արդյունաբերական խորհրդի կողմից հավանության արժանացած ոլորտային ռազմավարությունների և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրված հուշագրերը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

5. Ծրագրի նպատակներն են`

1) ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը.

2) պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանումը.

3) արտահանելի հատվածի ընդլայնումը, մասնավորապես` արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը նպաստելը.

4) արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը նպաստելը.

5) տնտեսության տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանն աջակցելը.

6) Հայաստանի Հանրապետության մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը նպաստելը:

6. Ծրագրի նպատակների ապահովման ուղղությամբ նախատեսվում է`

1) պետական աջակցության առկա գործիքների կիրառման շարունակականության և արդիականացման ապահովում.

2) արտաքին շուկաներում հայկական ապրանքների առաջմղման գործիքների կիրառում.

3) արդյունաբերական ոլորտներում կադրային ներուժի պահպանման ու զարգացման նպատակով ուսուցողական ծրագրերի իրականացում:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

7. Ծրագրի իրականացման սկզբունքներն են`

1) սույն ծրագրի 8-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացվում են հիմնադրամի միջոցով` սույն ծրագրով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերով նախատեսված աջակցող այլ կառույցների հետ համագործակցությամբ.

2) պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքը.

3) ծրագրի շրջանակներում տրամադրվող պետական աջակցությունը տարածվում է մշակող արդյունաբերության ոլորտների արտահանող կազմակերպությունների վրա.

4) միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ փոխհամաձայնությունների շրջանակներում համատեղ ծրագրերը կիրականացվեն համաֆինանսավորման սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

5) հիմնադրամը սույն ծրագրի 8-րդ կետի 1-ին ենթակետով և 3-րդ ենթակետի «ա» ու «գ» պարբերություններով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով կարող է այլ կառույցների հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:

 

V. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

8. Ռազմավարության իրականացման ուղղությամբ նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝

1) գործարար համաժողովների (ֆորումների), շնորհանդեսների, ինչպես նաև այլ համանման միջոցառումների մասնակցություն և (կամ) կազմակերպում ենթածրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները նպատակաուղղված են օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում օտարերկրյա ու հայկական ընկերությունների, պոտենցիալ ներդրողների, սփյուռքահայ գործարարների, պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսության, նրա առանձին ոլորտների և կազմակերպությունների զարգացման հնարավորությունների, ներդրումային ծրագրերի ներկայացմանը և քննարկմանը: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է մասնակցել և (կամ) կազմակերպել առնվազն 5 շնորհանդես և (կամ) համաժողով և (կամ) այլ համանման միջոցառումներ: Ակնկալվում է մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն՝ օտարերկրյա պետությունում մասնակցության համար, կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում)՝ մինչև 50 տոկոսի չափով` ըստ տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված հայտի.

2) արդյունաբերության ոլորտի ընկերություններին օժանդակության ցուցաբերում՝ ֆինանսական գործիքների կիրառմամբ՝

ա. արտադրական գործունեության վարկավորման մասնակի սուբսիդավորում ենթածրագիրը նախատեսում է արտահանման ուղղվածություն ունեցող մշակող արդյունաբերության ոլորտների, ինչպես նաև պաշտպանական և ազգային անվտանգության կարիքների համար արտադրություն և (կամ) ճարտարագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի երեք տոկոսային կետին համարժեք գումարը: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 10 սուբյեկտի,

բ. օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում ենթածրագրի շրջանակում նախատեսվում է մշակող արդյունաբերության ոլորտներում արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և (կամ) իրացման համապատասխանության սերտիֆիկատների, Մաքսային միության համապատասխանության հայտարարագրերի կամ այլ համարժեք փաստաթղթի (փաստաթղթերի), օտարերկրյա պետությունում դեղերի գրանցման և այլ համարժեք փաստաթղթերի ստացման ու դրանց վերագրանցման, Հայաստանի Հանրապետությունում կենսահամարժեքության փորձաքննության համար կատարված ծախսերի մասով պետական աջակցության ցուցաբերում՝ ծախսերի համաֆինանսավորման 50 տոկոսի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցություն տրամադրել կազմակերպություններին առնվազն 12 հայտի համար.

3) հայկական ապրանքների` նպատակային շուկաներում առաջմղում, հայկական ապրանքների ներկայացում, շուկայական տեղեկատվության ապահովում.

ա. օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է գովազդային արշավների կազմակերպում, այդ թվում` հայկական արտադրանքի վերաբերյալ բուկլետների և կատալոգների հրատարակում, էլեկտրոնային ռեսուրսների պատվիրում, արտահանման շուկաների վերաբերյալ տեղեկատվական նյութերի ձեռքբերում և տրամադրում ընկերություններին, հայկական բրենդների ձևավորման, օտարերկրյա պետությունում և (կամ) Հայաստանում հայկական արտադրանքի համտեսների, շնորհանդեսների, մրցույթների ու նորաձևության ցուցադրությունների, «ԷՔՍՊՈ» միջազգային ցուցահանդեսներում Հայաստանի Հանրապետության մասնակցության աշխատանքների կազմակերպման և (կամ) իրականացման, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների մասնակցության և (կամ) կազմակերպմանն աջակցություն: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է նպատակային շուկաներում և (կամ) Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրանքի առաջմղման առնվազն 5 միջոցառման կազմակերպում և (կամ) իրականացում,

բ. ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է թիրախային շուկաներում և Հայաստանում մշակող արդյունաբերության ոլորտների կազմակերպություններին ցուցահանդեսներին մասնակցության աջակցության տրամադրում: Օտարերկրյա պետությունում կամ Հայաստանում ցուցահանդեսներին մասնակցությունը և (կամ) կազմակերպումը կարող են լինել հետևյալ ձևաչափերով` միասնական հայկական տաղավարով մասնակցություն. այս դեպքում մասնակցության կազմակերպումն իրականացվում է միասնական տաղավարի սկզբունքով, որի վարձակալության, կառուցապատման, ձևավորման և դրա հետ կապված տպագրական նյութերի, կահույքի և սարքավորումների վարձակալության, մասնակիցների գրանցման ծախսերն իրականացվում են ծրագրի շրջանակներում Հայաստանի հիմնադրամի կողմից: Առանց միասնական տաղավարի մասնակցություն. այս դեպքում տաղավարների ձեռքբերման, կազմակերպչական աշխատանքների իրականացման և մասնակիցների ծախսերի շուրջ 50 տոկոսն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով: Անհատական մասնակցություն. այս դեպքում ընկերությունները, նախապես համաձայնեցնելով հիմնադրամի հետ, մասնակցում են ցուցահանդեսներին` ներկայացնելով և հիմնավորելով ծախսերը, ստանում են փոխհատուցում՝ շուրջ 50 տոկոսի չափով: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել ընկերություններին՝ առնվազն 10 ցուցահանդեսի մասնակցելու նպատակով: Ցուցահանդեսների կազմակերպման և (կամ) մասնակցության աջակցության տրամադրման կարգը սահմանում է հիմնադրամը,

գ. գործարար կապերի հաստատում ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցության տրամադրում` Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա գործարարների, դիստրիբյուտորների, մասնագետների, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների գործարար այցելության, տեղական արտադրողների օտարերկրյա պետություն գործնական այցելությունների կազմակերպման նպատակով: Սույն միջոցառումը կնպաստի աշխատանքային կապերի ստեղծմանը և հնարավոր արտահանման գործընկերների ձեռքբերմանը: Ընդհանուր առմամբ, ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 60 ներկայացուցչի այցելությանը Հայաստանի Հանրապետություն և (կամ) տեղական արտադրողների այցելությանը օտարերկրյա պետություն: Ակնկալվում է արդյունաբերական ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն՝ կատարված ծախսերի փոխհատուցում (համաֆինանսավորում)՝ մինչև 50 տոկոսի չափով.

4) ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում ենթածրագրի շրջանակներում նախատեսվում է մշակող արդյունաբերության ոլորտների ընկերությունների և ազատ ունկնդիրների կարողությունների զարգացում: Մասնավորապես՝ նախատեսվում է արդիական տեխնոլոգիաների ու նեղ մասնագիտացված ուղղություններով Հայաստանում և (կամ) օտարերկրյա պետությունում ուսուցման ու վերապատրաստման կազմակերպում և անհատական խորհրդատվության տրամադրում` ներգրավելով որակավորված մասնագետներ պետական, մասնավոր, գիտական շրջանակներից, այդ թվում` օտարերկրյա պետությունից: Ընդ որում` դասընթացների իրականացման անհրաժեշտությունը որոշվում է ոլորտի ներկայացուցիչների հետ համաձայնեցված և (կամ) շուկայի պահանջարկի ուսումնասիրությունների հիման վրա: Սույն միջոցառումը կարող է ներառել արտադրության կազմակերպման, մարքեթինգի, մտավոր սեփականության իրավունքի, ֆինանսական հոսքերի կառավարման, ապահովագրության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև մշակող արդյունաբերության ոլորտների արհեստագործական և այլ մասնագիտական դասընթացների իրականացում: Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է ապահովել առնվազն 3 դասընթացի կազմակերպում.

5) արտահանման բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հետազոտության իրականացում ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել առնվազն 1 հետազոտություն:

 9. Սույն ծրագրի 8-րդ կետով նախատեսված միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցությունը տրամադրվում է հետևյալ սկզբունքներով՝

1) սույն ծրագրի 8-րդ կետի 1-ին ենթակետի, 2-րդ ենթակետի «բ» պարբերության, 3-րդ ենթակետի «բ» (առանց միասնական տաղավարի և անհատական մասնակցություն) և «գ» պարբերությունների մասով ծախսերի փոխհատուցում և (կամ) համաֆինանսավորում՝ մինչև 75 տոկոսի չափով.

 2) 2-րդ ենթակետի «ա» պարբերության մասով տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում՝ յոթ տոկոսային կետին համարժեք գումարի չափով։

 10. Արտահանման աջակցման խորհրդի որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

11. Սույն ծրագրի 8-րդ կետով նախատեսված միջոցառումները կիրականացվեն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի ֆինանսավորմամբ` 475000.0 հազ. դրամի չափով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին (մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի համաֆինանսավորմամբ)։

12. Սույն ծրագրի 10-րդ կետով նախատեսված միջոցառումը կիրականացվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 20-ի N 104-Ն որոշման

 

Մ Ի Ջ Ո Ց Ա Ռ ՈՒ Մ Ն Ե Ր Ի  Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ԱՐՏԱՀԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ

NN
ը/կ

Միջոցառումը

Ակնկալվող արդյունքը

Կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

6

1.

Գործարար համաժողովներին (ֆորումների), ինչպես նաև այլ համանման միջոցառումներին մասնակցություն և (կամ) կազմակերպում

1. Ակնկալվում է մասնակցել և (կամ) կազմակերպել առնվազն 5 շնորհանդես և (կամ) համաժողով և (կամ) այլ համանման միջոցառումներ, մասնավորապես՝
1) Հայաստանին նվիրված ներդրումային տնտեսական համաժողով (ԱՄՆ, Նյու Յորք)
2) CIBJO (Միջազգային ոսկերչական կոնֆեդերացիա) կոնգրես (Հայաստան, Երևան)
3) ՀՀ ադամանդա-գործության ոլորտի ներկայացում- բիզնես ֆորում (Բելգիա, Բրյուսել)
4) այլ համանման միջոցառումներ, որոնք հիմնված կլինեն ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունների հիման վրա կամ ուղղված կլինեն թիրախային շուկաներում Հայաստանի տնտեսության ներկայացմանը և ներդրումային ծրագրերի ներգրավմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

2.

Մշակող արդյունաբերության ոլորտների ընկերություններին օժանդակության ցուցաբերում՝ ֆինանսական գործիքների կիրառմամբ

       
 

1) արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման աջակցություն տրամադրել առնվազն 10 սուբյեկտի

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերություն
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

 

2) օտարերկրյա պետությունում սերտիֆիկացման և դեղերի գրանցման համաֆինանսավորում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցություն տրամադրել կազմակերպություններին առնվազն 12 հայտի համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

3.

Հայկական ապրանքների՝ նպատակային շուկաներում առաջմղում, հայկական ապրանքների ներկայացում, շուկայական տեղեկատվության ապահովում

       
 

1) օտարերկրյա պետությունում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի և հասարակական կարծիքի ձևավորման (PR) միջոցառումների կազմակերպում և իրականացում

1. Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է նպատակային շուկաներում և (կամ) Հայաստանի Հանրապետությունում տեղական արտադրանքի առաջմղման առնվազն 5 միջոցառման իրականացում և (կամ) կազմակերպում, մասնավորապես`
1) հայկական արտադրանքի առաջմղման արտագնա քարոզարշավի կազմակերպում. 
2) երեք ոլորտի արտադրանքի կատալոգների և (կամ) ուղեցույցների մշակում ու հրատարակում.
3) համանման միջոցառումներ, որոնք հիմնված կլինեն ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունների վրա կամ ուղղված կլինեն թիրախային շուկաներում հայկական արտադրանքի ներկայացմանն ու առաջմղմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

 

2) ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցության ապահովում

1. Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է կազմակերպել և (կամ) մասնակցել առնվազն 10 ցուցահանդեսի, մասնավորապես՝
1) «Արտադրված է Հայաստանում»
(Հայաստան, Երևան)
2) «Երևան Շոու»
(Հայաստան, Երևան)
3) «ՊՐՈԴԷՔՍՊՈ 2016» (ՌԴ, Մոսկվա)
4) «ՄոսՇուզ» (ՌԴ, Մոսկվա)
5) «ՈւորլդՖուդ Մոսքոու 2016» (ՌԴ, Մոսկվա)
6) «Տեքստիլլեգպրոմ»
(ՌԴ, Մոսկվա)
7) «ՊրոՎեյն»
(Գերմանիա, Դյուսելդորֆ)
8) «JUNWEX» 2016 (ՌԴ, Մոսկվա)
9) «ՍիՓիԷյջԱյ Ուորլդվայդ 2016» (SPHI) (Իսպանիա, Բարսելոնա)
10) այլ համանման միջոցառումներ, որոնք հիմնված կլինեն ոլորտի ներկայացուցիչների առաջարկությունների վրա կամ ուղղված կլինեն թիրախային շուկաներում հայկական ապրանքների ներկայացմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

 

3) գործարար կապերի հաստատում

1. Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցել (կազմակերպել) արտահանմանն օժանդակող կառույցների, դիստրիբյուտորների առնվազն 60 ներկայացուցչի այցելությանը Հայաստան և (կամ) տեղական արտադրողների գործարար այցելությանը օտարերկրյա պետություն, մասնավորապես՝
1) Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին դիստրիբյուտորների և առևտրային ցանցերի, անհատ գործարարների այցելություն,
2) դեղագործական ոլորտի դիստրիբյուտորների այց

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Ուսումնական դասընթացների մշակման, կազմակերպման և իրականացման ֆինանսավորում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է ապահովել առնվազն 3 դասընթացի կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

Արտահանման բնագավառում ծագող խնդիրների և դրանց լուծմանն ուղղված հետազոտության իրականացում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է իրականացնել առնվազն 1 հետազոտություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

Արտահանման աջակցման խորհրդի որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտներին աջակցության տրամադրում

Ենթածրագրի շրջանակներում ակնկալվում է աջակցությունը տրամադրել Արտահանման աջակցման խորհրդի որոշումների հիման վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի զարգացման հիմնադրամ
(համաձայնությամբ)

2016 թ. ընթացքում

ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.11.2016, N 1200-Ն 08.12.2016, N 104-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան