Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1254
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.03.02/17(1197) Հոդ.104
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.02.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.02.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

9 փետրվարի 2016 թ.

 

ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 156-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 5-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 160-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողներ Կ. Հարությունյանի, Ա. Գևորգյանի, Դ. Հարությունյանի, Վ. Գասպարիի և նրանց ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Տ. Սաֆարյանի և Տ. Եգորյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Կարեն Հարությունյանի, Արտակ Գևորգյանի, Դավիթ Հարությունյանի, Վարտգեզ Գասպարիի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կարեն Հարությունյանի, Արտակ Գևորգյանի և Դավիթ Հարությունյանի, Վարտգեզ Գասպարիի` համապատասխանաբար 2015 թվականի օգոստոսի 19-ին, նոյեմբերի 9-ին և դեկտեմբերի 24-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի ՍԴԱՈ-55, 2015 թվականի դեկտեմբերի 4-ի ՍԴԱՈ-74 և 2016 թվականի հունվարի 19-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշումներով դիմումներն ընդունվել են քննության, և, սահմանադրական դատարանը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով, որոշել է մինչև դատաքննությունն սկսվելը նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը սահմանում են.

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի,

 

5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո բերված վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և դատարանն այն բավարարել է»:

Օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.

«1. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե`

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է. … »:

 

2. Միավորված գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2.1. Կարեն Հարությունյանի դիմումի մասով.

ՀՀ ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Կարեն Հարությունյանի` վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի` 25.07.2014թ. որոշմամբ հայցը բավարարվել է: ՀՀ վարչական դատարանի նշված որոշման դեմ Կարեն Հարությունյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ վերջինս 18.12.2014թ. որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով ՀՀ վարչական դատարանի` 25.07.2014թ. որոշումը: Նշված որոշման դեմ Կարեն Հարությունյանի ներկայացուցիչը վճռաբեկ բողոք է ներկայացրել` պահանջելով բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ գործի վարույթը կարճել: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 11.02.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` նշելով, որ. «Տվյալ դեպքում բողոք բերած անձին վերաքննիչ դատարանի` 18.12.2014 թվականի որոշումն ուղարկվել է 19.12.2014 թվականին, այն ստացվել է 20.12.2014 թվականին, վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշման դեմ սույն վճռաբեկ բողոքը փոստին է հանձնվել 20.01.2014 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց 1 օր հետո, և չի ներկայացվել միջնորդություն վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու մասին»:

2.2. Արտակ Գևորգյանի դիմումի մասով.

ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Արտակ Գևորգյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Դատարանի 10.02.2015թ. որոշմամբ հայցը բավարարվել է: ՀՀ վարչական դատարանի նշված որոշման դեմ Արտակ Գևորգյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարան, իսկ վերջինս 10.06.2015թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, և ՀՀ վարչական դատարանի 10.02.2015թ. որոշումը թողել անփոփոխ: Նշված որոշման դեմ Արտակ Գևորգյանի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Վճռաբեկ դատարանը 26.08.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը «... վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան է ներկայացրել 22.07.2015 թվականին (հիմք` փոստային ծրար), այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն»։

2.3. Դավիթ Հարությունյանի դիմումի մասով.

ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Դավիթ Հարությունյանին ենթարկել վարչական պատասխանատվության: Դատարանի 05.11.2014թ. վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 24.06.2015թ. որոշմամբ Դավիթ Հարությունյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 05.11.2014թ. վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Դավիթ Հարությունյանի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Վճռաբեկ դատարանը 26.08.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը «... վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան է ներկայացրել 27.07.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն»։

2.4. Վարտգեզ Գասպարիի դիմումի մասով.

ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով Վարտգեզ Գասպարիին ենթարկել վարչական պատասխանատվության: Դատարանի 02.10.2014թ. վճռով հայցը բավարարվել է: Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.04.2015թ. որոշմամբ մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 02.10.2014թ. վճիռը թողնվել է անփոփոխ: Նշված որոշման դեմ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել: Վճռաբեկ դատարանը 03.06.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքը «...ներկայացրել է 11.05.2015 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո: Միաժամանակ, բողոք բերած անձը միջնորդություն է ներկայացրել վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին ...: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ... ուղեկցական գրությանը կից փոստային հավաստագրի համաձայն` վերջինս Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է 10.04.2014 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 11.05.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո: ... : Այսինքն, բողոք բերած անձի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, քանի որ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի փաստարկը հիմնավոր չէ, մասնավորապես` 10.04.2014 թվականից մինչև 11.05.2015 թվականը ժամանակահատվածի համար որևէ պատճառաբանություն չպարունակելու պատճառով»:

 

3. Դիմողները` վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները, նշում են, որ վերջիններիս բովանդակությունը հանգում է նրան, որ նույնիսկ բողոք բերողի կամքից անկախ պատճառներով (օրինակ` դատական ակտը փոստային առաքմամբ ուշ ստանալու պատճառով) վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետը «բաց թողնելու», այն հարգելի համարելու, վճռաբեկ բողոքը դատական ակտն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ներկայացնելու իրավունքն իրացնելու համար բողոքաբերը պետք է առանձին միջնորդությամբ խնդրի վճռաբեկ դատարանին թույլ տալ իրացնելու իր իրավունքը, իսկ վերջինիս հայեցողության սահմաններն ու շրջանակները որևէ կերպ սահմանված չեն օրենքով: Դիմողները գտնում են նաև, որ դատական ակտի բողոքարկման համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը նշանակում է, որ բողոքաբերը կարող է իր բողոքը ներկայացնել այդ ժամկետում` ցանկացած օր, այդ թվում` ժամկետի վերջին օրը: Տվյալ դեպքում բողոքաբերը, բացի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու, բողոքի հիմնական թեզերը վստահորդի հետ քննարկելու, մշակելու, համաձայնեցնելու գործողություններից, կախված իր աշխատանքային ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներից, ինքն է որոշում այդ հանգամանքների հաշվառմամբ բողոքարկման մեկամսյա ժամկետում բողոքը ներկայացնելու հնարավոր օրը, որը որոշակի դեպքերում կարող է լինել նաև սահմանված ժամկետի վերջին օրը: Մինչդեռ բողոքաբերի կամքից անկախ պատճառով, ինչպիսին է փոստային առաքմամբ բողոքարկվող դատական ակտն ուշ ստանալը, իր բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը կարճանում է, եթե բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի ակտի հրապարակման, այլ ոչ թե դրա ստացման օրվանից: Ընդ որում, այս դեպքում որևէ նշանակություն չունի, թե քանի օր ուշացումով է բողոքաբերն ստանում դատական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում և վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումների վրա հիմնվելով` դիմողները կարծում են, որ վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն ավելի կարճ ժամկետում այդ գործողությունը կատարելու պարտականություն սահմանելը և դա բողոքաբերի վրա դնելը դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է:

Համադրված կարգով վերլուծելով վիճարկվող դրույթները` դիմողները եզրահանգել են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու` դատարանների պարտականությունը, հակասում են ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 18-րդ, 19-րդ հոդվածներին և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին:

 

4. Պատասխանողը՝ առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի դրույթները և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 18 և 19-րդ հոդվածներին:

Պատասխանողի կարծիքով, թեև գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկվում է դրանց հրապարակման պահից, այդուհանդերձ, օրենսդիրն իրավական երաշխիքների ամրագրմամբ ապահովել է անձանց բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը: Օրենսդիրը սահմանել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն: Այն իրենից ներկայացնում է որոշակի իրավական ընթացակարգ, որի շրջանակներում դատարանը գնահատում է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը:

Անդրադառնալով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 36 և ՀՀ սահմանադրական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի ՍԴՈ-1052 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներին` պատասխանողը գտնում է, որ բաց թողնված ժամկետի վերականգնումն այն հարցերից է, որտեղ դատարանը հայեցողություն դրսևորելու իրավասություն ունի, սակայն դատական հայեցողությունը պետք է իրականացվի ոչ թե կամայական, այլ օրենքի շրջանակներում: Բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցում վճռորոշը պատճառների հարգելիությունն է, որը ելակետային է համարվում դատարանի կողմից որոշում կայացնելիս:

Ըստ պատասխանողի` միջազգային պրակտիկայում բաց թողնված ժամկետի վերականգնման հարցում իրավական կարգավորումներն էապես տարբերվում են: Սակայն պատասխանողը նույնպես փաստում է, որ, որպես կանոն, հարգելի են համարվում այն դեպքերը, երբ անձն օբյեկտիվորեն, իրենից անկախ պատճառներով հնարավորություն չի ունեցել օրենքով սահմանված ժամկետում բողոք ներկայացնել:

Անդրադառնալով դատարանների հայեցողական լիազորությունների իրավաչափ իրականացման հարցին` պատասխանողը կարծում է, որ ոչ միասնական կամ հակասական իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը կանխելու նպատակով նպաստավոր կլինի օրենսդրորեն սահմանել դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության այն չափանիշները կամ հիմքերի մոտավոր, ոչ սպառիչ շրջանակը, որը յուրաքանչյուր դեպքում դատարանների համար ելակետային կհանդիսանա բաց թողնված ժամկետի հարգելիությունը գնահատելիս:

Վերջում պատասխանողը գտնում է, որ դիմողները դատական ակտերն ստացել են ժամանակին, չեն պահպանել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ օրենքով սահմանված ընթացակարգը, ուստի դատարանն ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել ժամկետի բացթողման պատճառների հարգելիության հարցը: Պատասխանողի կարծիքով` դիմողների իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ օրենքի նորմի սահմանադրականությամբ, այլ կապված է նրանց կողմից օրենքի պահանջները չպահպանելու հանգամանքի հետ։ Հետևաբար` առկա է սույն գործի վարույթը կարճելու հիմք:

 

5. Սույն գործով սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս ելնել.

- հանրային իշխանության կողմից մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 3 և 81-րդ հոդվածներ),

- ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերում ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից` հաշվի առնելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Միաժամանակ, սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ա) դիմումների և դրանցում ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք, ըստ էության, վերաբերում են ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասին` ամբողջությամբ, այլ միայն այդ մասի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը» դրույթին,

բ) դիմումների մուտքագրման պահին գործել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը` 2005 թվականի փոփոխություններով, և դիմողները վիճարկվող իրավադրույթները վիճահարույց են համարել Սահմանադրության այդ խմբագրությամբ 18 և 19-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-3-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից, ուստի սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննության առարկա է հանդիսանում Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի համատեքստում:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանը նույն հարցի առնչությամբ իր ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1249 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները հաշվի առնելով և դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ու առանձին երկրների իրավական պրակտիկայի վերլուծության արդյունքներով` սույն գործի քննության շրջանակներում վերահաստատում է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար:

Սահմանադրական դատարանը սույն գործի քննության առարկայի շրջանակներում կարևորում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի՝ «Վարչական ակտերի դատական վերանայման վերաբերյալ» թիվ(2004)20 հանձնարարականը, որով սահմանվել են վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության առանձին իրավական չափորոշիչներ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է՝ ա) վարչական ակտի բողոքարկման համար ողջամիտ ժամկետի տրամադրմանը (կետ 46), բ) վարչական ակտի օրինականության վիճարկման համար ողջամիտ ժամկետի սահմանմանը (կետ 47), գ) վարչական ակտի մասին անձին ծանուցելու պահի` որպես բողոքարկման ժամկետի հաշվարկման մեկնարկին (կետ 48):

Այսպես, հիշատակված հանձնարարականի 46-րդ կետով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մասնակից պետություններին առաջարկվում է «... երաշխավորել ողջամիտ ժամկետի տրամադրում կողմերին դատարանում գործեր հարուցելու համար», ընդ որում, պարտադիր հաշվի առնելով այն հանգամանքը, որ «եթե հայցադիմումներ ներկայացնելու ժամկետը շատ կարճ լինի, ապա կողմերը զրկված կլինեն վարչական ակտը բողոքարկելու հնարավորությունից»: Նույն հանձնարարականի 47-րդ կետով մասնակից պետություններին պարտավորեցվում է սահմանել ողջամիտ ժամկետ դատարանում վարչական ակտի օրինականության վիճարկման համար` դատական վերանայման մատչելիության արդյունավետությունն ապահովելու նպատակով, այդ թվում` ազգային օրենսդրությամբ հստակեցնելով «ողջամիտ ժամկետ» եզրույթը:

Միաժամանակ, նույն հանձնարարականի 48-րդ կետի պահանջներին համապատասխան` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն առաջարկում է մասնակից պետություններին հաշվի առնել այն, որ վարչական ակտի բողոքարկման ժամկետի ընթացքի սկիզբն ուղղակիորեն չպետք է կապել այն պահի հետ, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձն իմացել է կամ պետք է իմանար համապատասխան ակտի մասին, ակնհայտ է համարում, որ այդ ժամկետի հաշվարկն սկսվում է այդ ակտի մասին անձին ծանուցելու պահից, և, այդ հանգամանքով պայմանավորված, մասնակից պետություններին առաջարկում է նաև համապատասխան ակտի մասին անձին ծանուցելու պահը սահմանել որպես բողոքարկման ժամկետի հաշվարկի սկիզբ:

Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է` չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

 

7. Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ.

ա) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՍԴՈ-1052 գործով քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և ՍԴՈ-1062 գործով քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների տրամաբանության հետ,

բ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՍԴՈ-1052 գործով քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորումների տրամաբանության հետ,

գ) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորման տրամաբանությունը համադրելի է ՍԴՈ-1249 գործով քննության առարկա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իրավակարգավորման տրամաբանության հետ:

Վերոնշյալ եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1249 որոշումներում քննության առարկա դարձած դրույթների և սույն գործով վիճարկվող դրույթների բովանդակային համարժեքությունը, փաստելով, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով քննության առարկա դրույթների առնչությամբ, սահմանադրական դատարանը հիմք է ընդունում հիշյալ որոշումներում քննության առարկա դարձած դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Մասնավորապես, իր ՍԴՈ-1249 որոշման մեջ սահմանադրական դատարանը նշել է. «…երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով»:

 

8. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դիմողներից Վարտգեզ Գասպարին վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է նաև բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը հավաստող, վկայող ապացույց (համապատասխան ուղեկցական գրությանը կից փոստային հավաստագիրը), որով հավաստվել է, որ Վարտգեզ Գասպարին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշումն ստացել է 2015 թվականի ապրիլի 10-ին: Դա փաստվում է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը 2015 թվականի հունիսի 3-ին թիվ ՎԴ/0277/05/14 վարչական գործով կայացրել է որոշում «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին»` նշելով, որ «... բողոք բերած անձի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, քանի որ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Վարտգեզ Գասպարիի ներկայացուցչի փաստարկը հիմնավոր չէ, մասնավորապես` 10.04.2014 թվականից մինչև 11.05.2015 թվականը ժամանակահատվածի համար որևէ պատճառաբանություն չպարունակելու պատճառով»: Անհասկանալի է նման եզրահանգումը, եթե նկատի ունենանք, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն ընդունվել է 07.04.2015 թվականին:

Հիշատակված որոշման կապակցությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել` չնայած այն հանգամանքին, որ նշված որոշման մեջ թվով 6 դեպքերում «2015 թվականի» փոխարեն թվագրվել է «2014 թվականը», այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես հավաստում է, որ ներկայացվել է դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը հավաստող, վկայող ապացույցը` համապատասխան ուղեկցական գրությանը կից փոստային հավաստագիր: Միաժամանակ արձանագրվել է, որ այդ հավաստագրի համաձայն` դիմողը «Վերաքննիչ դատարանի որոշումը ստացել է 10.04.2014 թվականին, մինչդեռ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 11.05.2015 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վճռաբեկ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո»: Սակայն հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ 2015 թվականի մայիսի 10-ը եղել է ոչ աշխատանքային օր, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է»:

Գործի նյութերը վկայում են, որ այս նորմի կիրառման հարցում դատական պրակտիկայում տեղ են գտել տարակերպ մոտեցումներ և չի երաշխավորված օրենքի միատեսակ կիրառման սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ տվյալ գործի քննության շրջանակներում հետևողականորեն հաշվի չեն առնվել նաև հիմնախնդրի վերաբերյալ սահմանադրական դատարանի վերոնշյալ՝ ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:

 

9. Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062 և ՍԴՈ-1249 որոշումների ընդունումից հետո դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումների չի ենթարկվել՝ դրանով իսկ չեն իրացվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված որոշումներում ամրագրված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները։

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քննության առարկա հարցով օրենսդրական կանոնակարգումներն անհրաժեշտ են, մասնավորապես, քրեական դատավարական, քաղաքացիական դատավարական և վարչական դատավարական միասնական քաղաքականության շրջանակներում դատական ակտերի վերաբերյալ բողոք ներկայացնելու նախապայմանների մասով համարժեք լուծումներ գտնելու նպատակով:

Այս հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին», ինչը ենթադրում է, որ սահմանադրական դատարանի որոշումներն իմաստ ու բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ՝ հիմքում ունենալով նույն որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Այս համատեքստում սահմանադրական դատարանը դրական է համարում այն, որ նշյալ հանգամանքի մասին է փաստում նաև սույն գործի շրջանակում 2015 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ներկայացված բացատրության շրջանակներում պատասխանող կողմի պաշտոնական ներկայացուցչի այն պնդումը, որ «... ոչ միասնական կամ հակասական իրավակիրառական պրակտիկայի ձևավորումն առհասարակ կանխելու նպատակով նպաստավոր կլինի օրենսդրորեն սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման հարգելիության այն չափանիշները կամ հիմքերի մոտավոր, ոչ սպառիչ շրջանակը, որը յուրաքանչյուր դեպքում դատարանների համար ելակետային կհանդիսանա բաց թողնված ժամկետի հարգելիությունը գնահատելիս»:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը…» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներում նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) ճանաչվում է հարգելի:

2. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որով բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնվում է դատարանի հայեցողությանը և համապատասխան միջնորդության ու ապացույցների առկայության պարագայում իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչվում հարգելի:

3. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1249 որոշման մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար սահմանված ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության ու ապացույցների պարագայում իրավունքի ուժով (ex jure) հարգելի ճանաչելը:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից ելնելով՝ դիմող Վարտգեզ Գասպարիի գործով ընդունված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

9 փետրվարի 2016 թ.

ՍԴՈ-1254

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան