Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1570/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/1570/05/14

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան  

Դատավորներ`

Ք. Մկոյան
 

Գ. Ղարիբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Վիրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լուսինե Վիրաբյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լուսինե Վիրաբյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.03.2014 թվականի թիվ 1401460011 և 14.03.2014 թվականի թիվ 1401462838 վարչական տույժ նշանակելու մասին որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2015 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 12.12.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Լուսինե Վիրաբյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Վիրաբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հայցվորի կողմից ի սկզբանե հայցադիմումում չի արտահայտվել դիրքորոշում առ այն, որ կանգառ կատարելը կապված է եղել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության կամ նրա առողջական վիճակի հետ, այլ ընդամենը նշվել է, որ այդ հանգամանքի բացակայությունը վարչական մարմնի կողմից ապացուցված չէ, անտեսել է այն կարևորագույն հանգամանքը, որ նշված դիրքորոշումը հայցվորի կողմից արտահայտվել է թե՛ նախնական դատական նիստի, և թե՛ դատաքննության ընթացքում:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, առանց բավարար ապացույցների եզրակացնելով, որ արգելված վայրում կանգառ կատարելը կապված չի եղել ո՛չ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության, ո՛չ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, գտել է, որ այդ պարագայում պետք է ելնել այն կանխավարկածից, որ վարչական վարույթների ընթացքում վարչական մարմնի կողմից ապացուցվել են վիճարկվող վարչական ակտերի հիմքում ընկած հանգամանքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.12.2014 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Վարչական տույժ նշանակելու մասին 13.03.2014 թվականի թիվ 1401460011 որոշման համաձայն՝ «Օպել» մակնիշի, 32 ՕՏ 363 պետհամարանիշի մեքենայի վարորդի կողմից 24.02.2014 թվականին` ժամը 21։48-ին, կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար Լուսինե Վիրաբյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության` 5.000 ՀՀ դրամ տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 19).

2. Վարչական տույժ նշանակելու մասին 14.03.2014 թվականի թիվ 1401462838 որոշման համաձայն՝ «Օպել» մակնիշի, 32 ՕՏ 363 պետհամարանիշի մեքենայի վարորդի կողմից 05.03.2014 թվականին` ժամը 22։06-ին, կանգառն արգելված վայրում կանգառ կատարելու համար Լուսինե Վիրաբյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի կիրառմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 5.000 ՀՀ դրամ տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 21):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում տեսանյութը կամ լուսանկարը բավարար են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել է միայն այն դեպքերում, երբ կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտումով կանգառ կամ կայանում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված չէ՝

1. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետ, կամ

2. վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Այլ կերպ ասած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու, ինչպես նաև կանգառի և (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Այսինքն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու փաստի առկայության պարզումն ինքնին բավարար չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված սանկցիան կիրառելու համար, այլ նշված հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) հիշյալ փաստը պարզելու հետ միաժամանակ պետք է պարզի նաև` արդյոք տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, և դրանից հետո միայն գործով կայացնի համապատասխան որոշում:

Մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանված են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով:

Վկայակոչված օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում նույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման և վարչական ակտի ընդունման փուլերից:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե՛ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստի ապացուցման հիմնախնդրին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման փաստը համարվում է հաստատված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ՝ իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև՝ ընթացիկ փուլի անհրաժեշտությունը:

Մինչդեռ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, ինչն անհրաժեշտություն է առաջացնում պարզելու կանգառ կատարելու անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված լինելու հանգամանքը: Օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է խախտում որակվել միայն այն դեպքում, երբ վարչարարության արդյունքում կբացառվեն նույն իրավանորմում թվարկված՝ կանգառի անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքները: Ընդ որում, նշված հանգամանքները ենթակա են պարզման մինչև վարչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության մասին որոշում կայացնելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում այդ դեպքերով վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունները։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով, իսկ այդ օրենքով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Վարչական վարույթի ընթացիկ փուլը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխով:

Հիշատակված գլխում ներառված 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այն է` գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու վարչական մարմնի պարտականությունը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը երաշխավորում է վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը: Նշված իրավանորմի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում, բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

Ակնհայտ է, որ վերոհիշյալ հոդվածով նախատեսված պարտականությունները վարույթի մասնակցի և վարչական մարմնի կողմից կարող են կատարվել միայն այն դեպքում, երբ վարչարարությունն իրականացվի ընթացիկ փուլով, մինչդեռ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթում ընթացիկ փուլը բացակայում է, ինչն օբյեկտիվորեն բացառում է կանգառի և (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից պարզելու հնարավորությունը:

Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը կարող է հաստատվել կամ հերքվել բացառապես «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` վարչարարության հիմնարար սկզբունքների պահպանմամբ վարչական մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի ընթացիկ փուլում համապատասխան միջոցներ ձեռնարկելով, քանի որ միայն այդ փուլում է հնարավոր ձեռք բերել տեղեկություններ և ապացույցներ կանգառ կատարելու անհրաժեշտության հանգամանքների, մասնավորապես` արգելված վայրում կանգառ կատարելը տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու վերաբերյալ:

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսինե Վիրաբյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի կիրառմամբ` կանգառ կատարելու կանոնները խախտելու համար: Ընդ որում, որպես իրավախախտման փաստը հաստատող ապացույց` Ծառայությունը վկայակոչել է ենթադրյալ իրավախախտումն ամրագրած տեսանյութերը:

Դատարանը, վերլուծելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասը, գտել է, որ միայն արգելված վայրում կանգառ կատարելը հիմք չէ վարչական պատասխանատվության ենթարկելու համար, այլ դրա հետ միաժամանակ անհրաժեշտ է, որպեսզի արգելված վայրում կանգառ կատարելը կապված չլինի տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ: Միաժամանակ, անդրադառնալով սույն գործով վիճարկվող որոշումների համար հիմք հանդիսացած տեսագրություններին` Դատարանն արձանագրել է, որ դրանցից յուրաքանչյուրի տևողությունը շուրջ 14 վայրկյան է, որպիսի պայմաններում հնարավոր չէ պարզել՝ արդյոք վարորդի կանգառը կապված է եղել վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի կամ մեքենայի տեխնիկական անսարքության հետ, թե առկա է եղել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայով նախատեսված խախտումը։

Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ գործում է այն կանխավարկածը, համաձայն որի` արգելված վայրում կանգառ կատարելը կապված չի եղել ո՛չ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության, ո՛չ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, եզրակացրել է, որ պետք է ելնել այն կանխավարկածից, որ վարչական վարույթների ընթացքում վարչական մարմնի կողմից ապացուցվել են վիճարկվող վարչական ակտերի հիմքում ընկած հանգամանքները, ինչի արդյունքում բեկանել է Դատարանի վճիռը և այն փոփոխել է՝ Լուսինե Վիրաբյանի հայցը մերժել է:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, իսկ 2-րդ մասի համաձայն` վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նախ` վկայակոչել և իր որոշման հիմքում դնել այն ապացույցները, որոնք առկա են եղել վարչական վարույթի նյութերում, և որոնցով հաստատվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում թվարկված տուգանքի կիրառումը բացառող պայմանների բացակայությունը, երկրորդ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հետազոտել և գնահատել այդ ապացույցները և դրանց միջոցով պարզել գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե արդյոք հիմնավորվում է հայցվորի կողմից վերջինիս վերագրվող իրավախախտումը կատարված լինելու հանգամանքը, այսինքն՝ արդյոք հայցվորի կողմից կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չի եղել տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ: Ընդ որում, նշված փաստը չհաստատվելու պարագայում դրա բացասական հետևանքները պետք է դրվեին Ծառայության՝ որպես ապացուցման բեռը կրող կողմի վրա:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ սույն գործով որպես ապացույց ներկայացված տեսանյութերը հնարավորություն չեն տալիս պարզելու՝ արդյոք վիճարկվող ակտերի պարագայում առկա են տեսանյութերում կամ լուսանկարներում ամրագրված արարքների հատկանիշների և իրավախախտումների հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելու հանգամանքը, տեսանյութերում ամրագրված արարքների հատկանիշները բավարար է համարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման փաստն ապացուցված համարելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր, որ արգելված վայրում կանգառ կատարելը կապված չի եղել ո՛չ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության, ո՛չ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում վարչական վարույթն իրականացվել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, մինչդեռ նշված օրենքով վարչական վարույթի ընթացիկ փուլ նախատեսված չլինելու պարագայում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ հոդվածում ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքների բացակայությունը Ծառայությունը չէր կարող հաստատված համարել և դրա արդյունքում Լուսինե Վիրաբյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը` անտեսելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը բավարարվել է միայն տեսանյութերում ամրագրված արարքների հատկանիշների ուսումնասիրությամբ, ինչպես նաև անտեսելով այն հանգամանքը, որ վիճարկվող վարչական ակտերի համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը կրելով հանդերձ` Ծառայությունը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ արգելված վայրում կանգառ կատարելը կապված չի եղել տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության, վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է գտնում բողոք բերած անձի փաստարկն առ այն, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով:

Հաշվի առնելով, որ հայցվորը սույն գործով ներկայացրել է երկու վիճարկման հայց և հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման Ծառայության կողմից, հետևաբար վերջինից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 8.000 ՀՀ դրամ՝ որպես հայց ներկայացնելու և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 12.12.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.000 ՀՀ դրամ՝ որպես հայց ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի գումար:

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան