Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/11(1191) Հոդ.28.37
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0747/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0747/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Մ. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

 

 Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի նոյեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցիչ Ռուզաննա Հովհաննեսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2014 թվականի որոշման դեմ` ըստ Աննա Հարությունյանի հայցի ընդդեմ Մկրտիչ Մկրտչյանի` ամուսնությունը լուծելու, ալիմենտ բռնագանձելու և համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի արժեքի 1/2 մասի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աննա Հարությունյանը պահանջել է լուծել իր և Մկրտիչ Մկրտչյանի ամուսնությունը, Մկրտիչ Մկրտչյանից բռնագանձել ալիմենտ և համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի արժեքի 1/2 մասի գումարը՝ 2.100.000 ՀՀ դրամ՝ որպես համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարի 1/2 մաս, 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ից ստացված վարկի 1/2 մաս:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 22.10.2014 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասով, կարճվել է, հայցը՝ մնացած մասով, բավարարվել է մասնակիորեն՝ Աննա Հարությունյանի և Մկրտիչ Մկրտչյանի ամուսնությունը լուծվել է, Մկրտիչ Մկրտչյանից հօգուտ Աննա Հարությունյանի բռնագանձվել է 2.100.000 ՀՀ դրամ՝ որպես համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված գույքի՝ 4.200.000 ՀՀ դրամի՝ օրենքի ուժով Աննա Հարությունյանին պատկանող 1/2 մաս, իսկ «Զարգացման Հայկական բանկ» ԲԲԸ-ից ստացված 5.000 ԱՄՆ դոլարի չափով վարկի 1/2 մասի՝ 2.500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.12.2014 թվականի որոշմամբ Մկրտիչ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.10.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածի 1-ին կետը և 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործում առկա բոլոր ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը նշանակություն չի տվել Մկրտիչ Մկրտչյանի ծնողների կողմից ներկայացված հայտարարագրերին, որոնք ուղղված են այն փաստի հաստատմանը, որ Մկրտիչ Մկրտչյանն իր հորից ստացել է 1.500.000 ՀՀ դրամ՝ որպես նվիրատվություն: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ չի մատնանշել Աննա Հարությունյանի կողմից ներկայացված հայցապահանջի հիմնավորվածությունը հաստատող որևէ ապացույցի առկայություն՝ առաջնորդվելով խիստ սուբյեկտիվ և իրավական հիմքից զուրկ ներքին համոզմունքով:

Վերաքննիչ դատարանը, ամբողջ ծավալով քննության չառնելով Մկրտիչ Մկրտչյանի վերաքննիչ բողոքը, չի անդրադարձել այն հանգամանքին, որ Մկրտիչ Մկրտչյանն Աննա Հարությունյանի հետ ամուսնության ընթացքում ձեռք է բերել և օտարել է հինգ ավտոմեքենա, որոնց վաճառքից ստացված գումարները ծախսվել են վերջիններիս համատեղ ամուսնության ընթացքում՝ ընտանիքի ապրուստը հոգալու, երեխաների կարիքների, բնակարանի և կոմունալ այլ ծախսերի համար ու այլևս գոյություն չունեն: Այսինքն՝ թեև բոլոր հինգ ավտոմեքենաները ձեռք են բերվել Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի ամուսնության ընթացքում, սակայն այդ ավտոմեքենաները վաճառվել են (ընդ որում, ևս ամուսնության ընթացքում), դրանց վաճառքից ստացված գումարները ծախսվել են դարձյալ վերջիններիս համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ սույն գործում առկա են բազմաթիվ ապացույցներ այն մասին, որ Մկրտիչ Մկրտչյանը երբևէ չի ունեցել մշտական բարձր վարձատրվող աշխատանք, իսկ նրա դուստրը տևական ժամանակ գտնվել է հիվանդանոցային բուժման մեջ, ինչը վկայում է, որ ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարները հանդիսացել են Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքի ապրուստի միակ միջոցը: Հետևաբար ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարները, ծախսված լինելով Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի ամուսնության ընթացքում, չեն կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կրկին բաժանվել վերջիններիս միջև՝ որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Մկրտիչ Մկրտչյանից 2.100.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժնի կողմից 14.07.2008 թվականին տրված թիվ 103168 ամուսնության վկայականի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը և Աննա Հարությունյանն ամուսնացել են 14.07.2008 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում կատարվել է թիվ 494 գրառումը (հատոր 1-ին, գ.թ. 18):

2. Ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 25.04.2014 թվականի թիվ 17/37415 գրության՝ «(...) համաձայն ՃՈ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների` Մկրտիչ Գառնիկի Մկրտչյանի անվամբ գրանցված և հաշվառված տրանսպորտային միջոցներ չկան (...)»: Նշված գրությամբ միաժամանակ հայտնվել է, որ Մկրտիչ Մկրտչյանի անվամբ՝

1) 02.09.2011 թվականին հաշվառվել է «OPEL VECTRA 1.8» մակնիշի «25 OL 438» պետհամարանիշի ավտոմեքենան, որը հաշվառումից հանվել է 20.12.2011 թվականին` օտարման նպատակով,

2) 21.02.2012 թվականին հաշվառվել է «OPEL VECTRA 2.0 I» մակնիշի «32 LO 501» պետհամարանիշի ավտոմեքենան, որը հաշվառումից հանվել է 08.05.2012 թվականին` օտարման նպատակով,

3) 22.05.2012 թվականին հաշվառվել է «MERCEDES BENZ C180» մակնիշի «33 LT 646» պետհամարանիշի ավտոմեքենան, որը հաշվառումից հանվել է 12.07.2012 թվականին` օտարման նպատակով,

4) 25.06.2012 թվականին հաշվառվել է «VAZ 2102» մակնիշի «33 VO 739» պետհամարանիշի ավտոմեքենան, որը հաշվառումից հանվել է 15.07.2013 թվականին` օտարման նպատակով,

5) 14.02.2014 թվականին հաշվառվել է «MERCEDES BENZ E200» մակնիշի «34 AQ 213» պետհամարանիշի ավտոմեքենան, որը հաշվառումից հանվել է 17.02.2014 թվականին` օտարման նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 6-7):

3. Տրանսպորտային միջոցի առուվաճառքի՝ 09.12.2011 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 1.500.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 16):

4. Տրանսպորտային միջոցի առուվաճառքի՝ 08.05.2012 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը «OPEL VECTRA 2.0 I» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 1.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 14-15):

5. Տրանսպորտային միջոցի առուվաճառքի՝ 12.07.2012 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը «MERCEDES BENZ C180» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 1.000.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 8-9):

6. Տրանսպորտային միջոցի առուվաճառքի՝ 15.07.2013 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը «VAZ 2102» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 200.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 12-13):

7. Տրանսպորտային միջոցի առուվաճառքի՝ 17.02.2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը «MERCEDES BENZ E200» մակնիշի ավտոմեքենան վաճառել է 500.000 ՀՀ դրամով (հատոր 1-ին, գ.թ. 10-11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամուսիններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքն ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների՝ որպես ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի, ամուսինների միջև բաժանման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ ամուսինների միջև կնքված համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը (տե'ս, Ռաֆայել Աբազյանը և Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը):

Վերը նշված հոդվածի իմաստով բացառություն է կազմում այն գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրն ունեցել է մինչև ամուսնությունը, ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը, անհատական օգտագործման առարկաները, ինչպես նաև սեփականաշնորհմամբ ձեռք բերված գույքը (տե'ս, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գևորգ Սաղումյանի և մյուսների թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

Ամուսնության ընթացքում ձեռք բերված դրամական միջոցների՝ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսանալու հարցին և այդ դրամական միջոցներն ամուսինների միջև բաժանելու առանձնահատկություններին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականին կայացրած որոշմամբ: Մասնավորապես՝ այդ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, նախատեսելով «գույք» հավաքական եզրույթը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանափակումներից բացի, այլ բացառություն չի նախատեսել, հետևաբար ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքային զանգվածի կազմում կարող են ներառվել նաև դրամական միջոցները:

Դրամը` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի առանձնահատկություններ: Մասնավորապես՝ մի դեպքում դրամը կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում` որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ:

Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել ուղղակիորեն, օրինակ` որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ, կամ անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ` ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները: Վերջինիս պարագայում, ըստ էության, տեղի է ունենում ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող մի գույքի փոխակերպում մեկ այլ գույքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը կարող է բաժանվել ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծվելուց հետո: Յուրաքանչյուր դեպքում ամուսիններից որևէ մեկի կողմից ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի բաժանման պահանջ ներկայացվելիս որպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստ պետք է հիմնավորվի բաժանման ենթակա գույքի առկայությունը, այսինքն` այն, որ բաժանման ենթակա գույքն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունի: Ընդ որում, վերոնշյալ փաստի ապացուցման բեռը և դրանից բխող բացասական հետևանքները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն, կրում է այդ փաստը վկայակոչող կողմը: Յուրաքանչյուր կոնկրետ գործով վերոնշյալ փաստը պարզելիս դատարանները պետք է հաշվի առնեն նաև բաժանման ենթակա գույքի տեսակը և առանձնահատկությունները (տե'ս, Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները բաժանելու պահանջ ներկայացված լինելու դեպքում դատարանը պետք է պարզի հետևյալ փաստական հանգամանքները.

1) ե՞րբ է օտարվել ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը (ամուսնության ընթացքում, թե՝ դրանից հետո),

2) ամուսիններից ու՞մ կողմից է օտարվել նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքը,

3) ամուսիններից ո՞վ է ձեռք բերել նրանց համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,

4) առկա են արդյո՞ք (գոյություն ունեն արդյո՞ք) ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,

5) ի՞նչ չափով և ի՞նչ եղանակով են պահվում ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները (կանխիկ, թե՝ անկանխիկ):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մկրտիչ Մկրտչյանը և Աննա Հարությունյանը ամուսնացել են 14.07.2008 թվականին: Համատեղ ամուսնության ընթացքում՝ 2011-2014 թվականներին, ամուսինները Մկրտիչ Մկրտչյանի անվամբ ձեռք են բերել և նույն ժամանակահատվածում օտարել են հինգ ավտոմեքենա՝ դրանց դիմաց ստանալով համապատասխանաբար՝ 1.500.000 ՀՀ դրամ, 1.000.000 ՀՀ դրամ, 1.000.000 ՀՀ դրամ, 200.000 ՀՀ դրամ, 500.000 ՀՀ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ 4.200.000 ՀՀ դրամ:

Դատարանն իր 22.10.2014 թվականի վճռով բավարարել է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի վաճառքից ստացված գումարի 1/2 մասը բռնագանձելու վերաբերյալ Աննա Հարությունյանի հայցապահանջը և Մկրտիչ Մկրտչյանից հօգուտ Աննա Հարությունյանի բռնագանձել է 2.100.000 ՀՀ դրամ՝ որպես համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված 4.200.000 ՀՀ դրամի 1/2 մաս։ Մասնավորապես՝ Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ նշված ավտոմեքենաները հանդիսացել են Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի ընդհանուր համատեղ սեփականությունը, գտել է, որ տրանսպորտային միջոցների առուվաճառքի համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ ավտոմեքենաների օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների 1/2 մասը, այն է՝ 2.100.000 ՀՀ դրամը, օրենքի ուժով պատկանում է Աննա Հարությունյանին:

Վերաքննիչ դատարանը, 18.12.2014 թվականի որոշմամբ մերժելով Դատարանի 22.10.2014 թվականի վճռի դեմ Մկրտիչ Մկրտչյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը, համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, գտել է, որ «(...) Դատարանը թույլ չի տվել դատական ակտը բեկանելու համար հիմք հանդիսացող՝ գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ (...)»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Աննա Հարությունյանի կողմից ներկայացվել է ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենայի վաճառքից ստացված դրամական միջոցները բաժանելու պահանջ: Հետևաբար, սույն քաղաքացիական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեն և անհրաժեշտաբար պարզման են ենթակա հետևյալ հանգամանքները.

1) ե՞րբ են օտարվել Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենան (ամուսնության ընթացքում, թե՝ դրանից հետո),

2) ու՞մ կողմից են օտարվել այդ ավտոմեքենաները,

3) ո՞վ է ձեռք բերել այդ ավտոմեքենաների օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,

4) առկա են արդյո՞ք (գոյություն ունեն արդյո՞ք) Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենայի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները,

5) ի՞նչ չափով և ի՞նչ եղանակով են պահվում այդ ավտոմեքենաների օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները (կանխիկ, թե՝ անկանխիկ):

Ըստ այդմ, սույն գործում առկա ապացույցների միջոցով բացահայտված փաստական հանգամանքների ուժով Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը՝

1) Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենան օտարվել են վերջիններիս ամուսնության ընթացքում,

2) այդ ավտոմեքենաներն օտարվել են, այսինքն՝ դրանց առուվաճառքի պայմանագրերը կնքվել են Մկրտիչ Մկրտչյանի կողմից,

3) այդ ավտոմեքենաների օտարման արդյունքում ստացված դրամական միջոցները ստացել է Մկրտիչ Մկրտչյանը:

Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Մկրտիչ Մկրտչյանը Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանում հայտնել է այն մասին, որ նշված դրամական միջոցները ծախսվել են համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ ընտանիքի կարիքները հոգալու համար (հատոր 1-ին, գ.թ. 27-29), իսկ Աննա Հարությունյանը որևէ ապացույց չի ներկայացրել Դատարան, որով կհիմնավորվեր իր և Մկրտիչ Մկրտչյանի համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենայի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների՝ Դատարան դիմելու պահին առկայության փաստը, առավել ևս չի ներկայացրել այդ դրամական միջոցների չափի կամ պահման եղանակի վերաբերյալ ապացույցներ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Աննա Հարությունյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով չի ապացուցել իր և Մկրտիչ Մկրտչյանի համատեղ սեփականությունը հանդիսացող դրամական միջոցների՝ սույն գործի քննության պահին առկայության (գոյության) փաստը: Այլ կերպ ասած՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Մկրտիչ Մկրտչյանի և Աննա Հարությունյանի համատեղ սեփականությունը հանդիսացող հինգ ավտոմեքենայի օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների՝ գործի քննության պահին առկա լինելու (գոյություն ունենալու) փաստը սույն գործով ապացուցված չէ, որպիսի հանգամանքի բացասական հետևանքները պետք է կրի Աննա Հարությունյանը: Հետևաբար Աննա Հարությունյանի հայցը՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված 4.200.000 ՀՀ դրամի՝ որպես ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքի 1/2 մասի, այսինքն՝ 2.100.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, ենթակա էր մերժման, ինչը հաշվի չի առնվել ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկվել և վերանայվել է միայն համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարի 1/2 մասը` 2.100.000 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջի մասով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2015 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ Մկրտիչ Մկրտչյանի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 63.000 ՀՀ դրամը (2.100.000 ՀՀ դրամ x 3%), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման Աննա Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության: Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով Աննա Հարությունյանի հայցը՝ Մկրտիչ Մկրտչյանից 2.100.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աննա Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման նաև հայցադիմումի համար սահմանված և Դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը՝ 42.000 ՀՀ դրամի չափով (2.100.000 ՀՀ դրամ x 2%), ինչպես նաև Մկրտիչ Մկրտչյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի համար սահմանված և Վերաքննիչ դատարանի 20.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը՝ 63.000 ՀՀ դրամի չափով (2.100.000 ՀՀ դրամ x 3%):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.12.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` Աննա Հարությունյանի հայցն ընդդեմ Մկրտիչ Մկրտչյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված ավտոմեքենաների վաճառքից ստացված գումարի 1/2 մասը` 2.100.000 ՀՀ դրամը, բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

2. Աննա Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 63.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.05.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Աննա Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 63.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Աննա Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 42.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան