Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/11(1191) Հոդ.28.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0469/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0469/02/14
2015թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան  

Դատավորներ`

Գ. Մատինյան
 

Հ. Ենոքյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Ս. ԱնտոնյանԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչ Կարեն Թունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Սիլվա Համբարձումյանի` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/2009/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գումարների չափով բռնագանձում տարածել թիվ 253 և թիվ 254 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերով Բանկում գրավադրված Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47 և թիվ 47/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 29.07.2014 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի բավարարվել է: Վճռվել է` 19.07.2010 թվականին կնքված թիվ 065 վարկային պայմանագրի հիման վրա 2.115.643,14 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև 07.09.2012 թվականից հետո մինչև պարտավորության փաստացի կատարումն այդ պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցի համաձայն` ժամկետանց չհամարվող հիմնական գումարի վրա տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված տոկոսների, նույն ժամանակացույցերի համաձայն` ժամկետանց և/կամ դարձող վարկերի և տոկոսների վրա օրական 0,2 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված տույժերի գումարի չափով և 19.11.2010 թվականին կնքված թիվ 105 վարկային գծի տրամադրման պայմանագրի հիման վրա 484.391,41 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև 07.09.2012 թվականից հետո մինչև պարտավորության փաստացի կատարումն այդ պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցի համաձայն` ժամկետանց չհամարվող հիմնական գումարի վրա տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված տոկոսների, նույն ժամանակացույցերի համաձայն ժամկետանց դարձած և/կամ դարձող վարկերի և տոկոսների վրա օրական 0,2 տոկոս տոկոսադրույքով հաշվարկված տույժերի գումարի չափով բռնագանձումը տարածել Սիլվա Համբարձումյանի կողմից 12.06.2012 թվականին կնքված թիվ 253 և թիվ 254 անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրերով Բանկին գրավադրված Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47 և թիվ 47/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի վրա: Գործի վարույթը` ըստ Բանկի հայցի ընդդեմ Ընկերության`գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2014 թվականի որոշմամբ Սիլվա Համբարձումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.07.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ընդունելով այն փաստը, որ վեճի առարկա հանդիսացող անշարժ գույքերը Սիլվա Համբարձումյանի կողմից գրավադրված են եղել հայցվորի մոտ` ի ապահովումն Ընկերության կողմից ստանձնված պարտավորությունների կատարման, այնուհանդերձ, հղում կատարելով թիվ ԵԿԴ/2009/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռին, գտել է, որ գործի վարույթը Սիլվա Համբարձումյանի մասով կարճման ենթակա չէ այն պատճառով, որ վերջինս թիվ ԵԿԴ/2009/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով նույնպես պարտապան է:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պետք է ամբողջությամբ կարճեր քաղաքացիական գործի վարույթը, իսկ եթե նույնիսկ ընդունելի է համարվում քաղաքացիական գործի վարույթը մասնակիորեն կարճելու հնարավորությունը, ապա տվյալ դեպքում հակասական իրավիճակ է ստեղծվում` կապված նրա հետ, որ միևնույն պարտավորության կատարման նպատակով մի դեպքում պարտատերը բռնագանձում է տարածում` ի ապահովումն պարտավորության գրավադրված երրորդ անձին պատկանող գույքի վրա, իսկ մյուս կողմից` նշված պարտավորության կատարումը ստանալու համար պահանջ է ներկայացնում պարտապանի հանդեպ իրականացվող սնանկության վարույթի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ ԵԿԴ/2848/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի Ընկերության ընդդեմ Բանկի, «Հայր և Որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի, «Սիլվի Էյջի» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանի, Սիլվա Համբարձումյանի` Բանկի և «Սիլվի Էյջի» ՍՊԸ-ի միջև 16.07.2010 թվականին կնքված թիվ 065 վարկային պայմանագիրն առոչինչ ճանաչելու, այն Բանկի և «Հայր և Որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի միջև կնքված ճանաչելու, «Սիլվի Էյջի» ՍՊԸ-ի, Ընկերության, Սիլվա Համբարձումյանի և Բանկի միջև 20.08.2010 թվականին կնքված պարտքը փոխանցելու համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պետք է կասեցներ գործի վարույթը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2014 թվականի որոշումը և քաղաքացիական գործի վարույթն ամբողջությամբ կարճել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են: Սույն քաղաքացիական գործի վարույթի կարճման հիմք է ոչ թե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետը, քանի որ սույն գործով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով գործի վարույթը կասեցնելուն, ապա Դատարանը չէր կարող նման որոշում կայացնել, քանի որ սույն գործով ո′չ հայցվորը և ո′չ էլ պատասխանողները Դատարանին միջնորդություն չեն ներկայացրել մինչև թիվ ԵԿԴ/2848/02/14 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Բանկի և «Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ-ի միջև 16.07.2010 թվականին կնքված թիվ 065 վարկային պայմանագրի 1.1. և 1.4. կետերի համաձայն` Բանկը վարկառուին («Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ-ին` ի դեմս տնօրեն Սիլվա Համբարձումյանի) տրամադրել է 2.895.000 ԱՄՆ դոլարի վարկ` տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով` մինչև 16.07.2015 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 34-38):

2. Բանկի, «Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ-ի, Ընկերության և Սիլվա Համբարձումյանի միջև 20.08.2010 թվականին կնքված պարտքը փոխանցելու մասին թիվ 077 համաձայնագրի 1.1. և 1.2. կետերի համաձայն` «Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ-ն փոխանցել է, իսկ Ընկերությունն ընդունել է թիվ 065 վարկային պայմանագրով Բանկի նկատմամբ «Սիլվի Էյ Ջի» ՍՊԸ-ի առկա պարտավորությունները` համաձայնագիրը ստորագրելու պահին առկա ծավալով և պայմաններով: Նույն համաձայնագրի 1.3 կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է կատարել այդ պարտավորությունները թիվ 065 վարկային պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

3. Բանկի և Ընկերության միջև 19.11.2010 թվականին կնքված թիվ 105 վարկային գծի տրամադրման պայմանագրի 1.1 և 1.4 կետերի համաձայն` Բանկն Ընկերությանը տրամադրել է 600.000 ԱՄՆ դոլարի վարկ` տարեկան 10 տոկոս տոկոսադրույքով` մինչև 19.11.2015 թվականը մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 47-51):

4. Բանկի (Գրավառու), Սիլվա Համբարձումյանի (Գրավատու) և Ընկերության (Պարտապան) միջև 12.06.2012 թվականին կնքված Հիփոթեքի գրավի թիվ 253 պայմանագրով Բանկի և Ընկերության միջև 19.11.2010 թվականի թիվ 105 վարկային գծի տրամադրման, 16.07.2010 թվականի թիվ 065 և 07.10.2011 թվականի թիվ 187 վարկային պայմանագրերով Գրավառուի հանդեպ Պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման ապահովման համար Գրավատուն գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47 հասցեում գտնվող 0,0264հա ընդհանուր մակերեսով հողամասը, բնակելի տունը, ավտոտնակը, կաթսայատունը (հատոր 1-ին, գ.թ. 26-28):

5. Բանկի (Գրավառու), Սիլվա Համբարձումյանի (Գրավատու) և Ընկերության (Պարտապան) միջև 12.06.2012 թվականին կնքված Հիփոթեքի գրավի թիվ 254 պայմանագրով Բանկի և Ընկերության միջև 19.11.2010 թվականի թիվ 105 վարկային գծի տրամադրման, 16.07.2010 թվականի թիվ 065 և 07.10.2011 թվականի թիվ 187 վարկային պայմանագրերով Գրավառուի հանդեպ Պարտապանի ունեցած պարտավորությունների կատարման ապահովման համար Գրավատուն գրավադրել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47/1 հասցեում գտնվող 0,0536հա ընդհանուր մակերեսով հողամասը, բնակելի տունը, ինքնակամ կառուցված շինությունները և պարիսպը (հատոր 1-ին, գ.թ. 29-31):

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 15.06.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15062012-01-0889 վկայականի համաձայն` Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47 բնակելի տան նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 10):

7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 15.06.2012 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15062012-01-0854 վկայականի համաձայն` Երևանի Երզնկյան փողոցի թիվ 47/1 բնակելի տան նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 9):

8. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/2009/02/12 վճռի համաձայն` Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, «Սիփան-1» ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը համապատասխան գույքերի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն: Նշված վճռով բավարարված հայցապահանջը, ի թիվս այլնի, ներառել է նաև թիվ 065 և թիվ 105 վարկային պայմանագրերով չկատարված պարտավորությունների հիմքով առաջացած համապատասխանաբար 2.115.643,14 ԱՄՆ դոլար և 484.391,41 ԱՄՆ դոլար պարտքի գումարը (հատոր 1-ին, գ.թ. 11-25):

9. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թվականի թիվ ԵԿԴ/0133/04/13 օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

10. Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Բանկը մորատորիում չտարածելու վերաբերյալ ծանուցում է ներկայացրել դատարանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. այն դեպքում, երբ գույք հանձնելու հայցապահանջը միաժամանակ ներկայացված է և սնանկ ճանաչված պարտապանին, և նրա պարտավորությունների կատարման ապահովման համար իր գույքը գրավադրած երրորդ անձին, արդյո՞ք քաղաքացիական գործի վարույթը երրորդ անձ գրավատուի մասով ևս ենթակա է կարճման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով, եթե պարտատերը մորատորիում չտարածելու վերաբերյալ չի ծանուցել դատարանին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից` կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին և արձանագրել է, որ դրանում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է`պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սառեցվում է պարտատերերի պահանջների բավարարումը (մորատորիում): Այդ պահից սառեցվում են պարտատերերի բոլոր գործողությունները, որոնք ուղղված են պարտապանի նկատմամբ պահանջների բավարարմանը (տե՛ս, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Սպիտակի վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի թիվ 3-1717(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե՛ս, Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված` պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ չտալուն:

Վերոգրյալի հաշվառմամբ, միաժամանակ նկատի ունենալով բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական խնդիրները`

- արդյո՞ք ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման երրորդ անձին պատկանող գրավադրված գույքը կարող է սնանկության վարույթի շրջանակներում ընդգրկվել պարտապանի գույքի կազմում.

- ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել պարտապանի սնանկությունը գրավով ապահովված պարտատիրոջ համար, և ի՞նչ կարգով պարտատերը կարող է ստանալ իր ապահովված պահանջների կատարումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի համաձայն` մորատորիումի գործողությունը չի տարածվում` գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` նույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար գրավադրված գույքը (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում նույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որևէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մորատորիում չտարածելու մասին դատարանին չծանուցած գրավով ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում և իր ապահովված պահանջների բավարարումն ստանում է նույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը կարող է պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքի գրավով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու գույքի գրավադրումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն` երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով նախատեսված պահանջ:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գրավով ապահովված պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության կատարման համար գրավադրված գույքը չի ընդգրկվում սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը կարող է այդ գույքից իր պահանջների բավարարում ստանալ սնանկության վարույթից դուրս ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով, սակայն միայն այն դեպքում, երբ տեղեկանալով պարտապանի սնանկ ճանաչվելու վերաբերյալ` ապահովված պարտատերը ծանուցել է դատարանին մորատորիում չտարածելու մասին: Այսինքն` օրենսդիրը, պարտապանի սնանկ ճանաչվելու դեպքում հնարավորություն ընձեռնելով ապահովված պարտատիրոջը ստանալու իր պահանջների բավարարումը գրավադրված գույքի հաշվին` շրջանցելով սնանկության գործով վարույթը, միաժամանակ սահմանել է այն պարտադիր պայմանը, որի պահպանման դեպքում միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնը կարող է գործել: Նշված պայմանի չպահպանման դեպքում` գրավադրված գույքը ներառվում է սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում և ապահովված պարտատերը դրանից բավարարում կարող է ստանալ բացառապես սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` վերը նշված կարգավորումները հավասարապես կիրառելի են նաև այն դեպքերում, երբ սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների ապահովման համար գրավադրվել է երրորդ անձին պատկանող գույք: Նման եզրահանգումը բխում է ինչպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի, նույն օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի իրավակարգավորումից, այնպես էլ գրավի ինստիտուտի էությունից: Հետևաբար այն դեպքում, երբ ի ապահովումն սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների կատարման` գրավադրված է երրորդ անձին պատկանող գույք և պարտատերը դատարանին չի ծանուցել մորատորիում չտարածելու մասին, վերջինս չի կարող գրավադրված գույքից բավարարում ստանալ ընդհանուր կարգով՝ շրջանցելով սնանկության վարույթը: Նմանատիպ փաստական հանգամանքների դեպքում ապահովված պարտատերը կարող է բավարարում ստանալ միայն սնանկության վարույթի շրջանակներում` ընդգրկվելով պարտատերերի ցանկում:

Վճռաբեկ դատարանը, վերոգրյալի շրջանակներում անդրադառնալով մորատորիում չտարածելու մասին ապահովված պարտատիրոջ կողմից գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելու՝ արդեն իսկ հարուցված գործի հետագա ընթացքին, գտնում է, որ այն ենթակա է կարճման «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետի հիմքով: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է հետևյալով. թեև նշված դրույթով օրենսդիրն ուղղակիորեն սահմանել է, որ գործի վարույթը ենթակա է կարճման միայն պարտապանի մասով, սակայն հաշվի առնելով մորատորիումի նպատակը, այն է` թույլ չտալ պարտապանի գույքի նվազեցում, միաժամանակ նկատի ունենալով, որ գրավադրված գույքը ևս ներառվում է պարտապանի գույքի կազմում, գտնում է, որ վկայակոչված իրավադրույթը հարկ է մեկնաբանել առավել տարածական` այդ իրավակարգավորման ներքո նկատի ունենալով նաև այն դեպքերը, երբ սնանկ ճանաչված պարտապանի գույքային զանգվածի վրա անմիջականորեն անդրադարձող պահանջը ներկայացվել է երրորդ անձ գրավատուի դեմ, և եթե պարտատերը չի ծանուցել մորատորիում չկիրառելու մասին:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թվականի թիվ ԵԿԴ/0133/04/13 օրինական ուժի մեջ մտած վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ, հանգել է այն հետևության, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթն Ընկերության մասով ենթակա է կարճման: Միաժամանակ Դատարանը, արձանագրելով 12.06.2012 թվականի թիվ 253, թիվ 254 Հիփոթեքի գրավի պայմանագրերով ապահովված 19.11.2010 թվականի թիվ 105 Վարկային գծի տրամադրման պայմանագրով և 16.07.2010 թվականի թիվ 065 վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման փաստը, գտել է, որ ի ապահովումն վերոնշյալ պայմանագրերի 12.06.2012 թվականին կնքված թիվ 253 և թիվ 254 Հիփոթեքի գրավի պայմանագրերով գրավադրված և Սիլվա Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի հիմքով անհրաժեշտ է բռնագանձում տարածել:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, լրացուցիչ պատճառաբանել է, որ Երևանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/2009/02/12 օրինական ուժի մեջ մտած վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Սիլվա Համբարձումյանը ոչ միայն հանդես է եկել որպես Գրավատու, այլև գրավով ապահովված վարկային պայմանագրերով պարտավորություններ է ստանձնել և որպես պարտապան հանդես եկել անձամբ, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով տվյալ քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման միայն սնանկ ճանաչված Ընկերության մասով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` գրավատու Սիլվա Համբարձումյանը 12.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի Հիփոթեքի գրավի թիվ 254 և թիվ 253 պայմանագրերով սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերը գրավադրել է ի ապահովումն 19.11.2010 թվականի թիվ 105 վարկային գծի տրամադրման, 16.07.2010 թվականի թիվ 065 և 07.10.2011 թվականի թիվ 187 վարկային պայմանագրերի, որոնցով որպես պարտապան հանդես է եկել միայն Ընկերությունը: Ընկերությունը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2014 թվականի թիվ ԵԿԴ/0133/04/13 օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ: Սույն գործով Բանկը չի ծանուցել դատարանին մորատորիում չտարածելու վերաբերյալ:

Հաշվի առնելով սույն գործի փաստերը և դրանք համադրելով վերը նշված իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Բանկի կողմից (գրավով ապահովված պարտատիրոջ), Ընկերության (պարտապանի) սնանկ ճանաչվելու պայմաններում դատարանին գրավադրված գույքի վերաբերյալ մորատորիում չտարածելու մասին ծանուցում չներկայացնելու դեպքում, 12.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի Հիփոթեքի գրավի թիվ 254 և թիվ 253 պայմանագրերով գրավադրված անշարժ գույքերը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով համարվում են պարտապանի գույքային զանգվածի մեջ ներառված գույք: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման նաև Սիլվա Համբարձումյանի մասով, քանի որ սույն քաղաքացիական գործով գրավադրված անշարժ գույքերի վրա բռնագանձում տարածելը կհանգեցնի պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ինչը կխոչընդոտի հետագայում սնանկության վարույթի պատշաճ իրականացմանը և բոլոր պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.07.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԿԴ/2009/02/12 վճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Սիլվա Համբարձումյանը ոչ միայն հանդես է եկել որպես գրավատու, այլև գրավով ապահովված վարկային պայմանագրերով պարտավորություններ է ստանձնել և որպես պարտապան` հանդես եկել անձամբ, որպիսի պայմաններում նրա մասով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա չէ կարճման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- օրինական ուժի մեջ մտած 03.07.2013 թվականի թիվ ԵԿԴ/2009/02/12 վճռի համաձայն` Բանկի հայցն ընդդեմ Ընկերության, «Սիփան-1»ՍՊԸ-ի, Սիլվա Համբարձումյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, ի թիվս այլնի, ներառել է նաև թիվ 065 և թիվ 105 վարկային պայմանագրերով չկատարված վարկային պարտավորությունների հիմքով առաջացած գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու պահանջ.

- Սիլվա Համբարձումյանը 12.06.2012 թվականին կնքված անշարժ գույքի Հիփոթեքի գրավի թիվ 254 և թիվ 253 պայմանագրերով սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքերը գրավադրել է ի ապահովումն 19.11.2010 թվականի թիվ 105 վարկային գծի տրամադրման, 16.07.2010 թվականի թիվ 065 և 07.10.2011 թվականի թիվ 187 վարկային պայմանագրերի, որոնցով պարտապան է միայն Ընկերությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 12.06.2012 թվականի անշարժ գույքի Հիփոթեքի գրավի թիվ 254 և թիվ 253 պայմանագրերով գրավով ապահովվել են սույն գործով հայցի հիմքում դրված թիվ 065 և թիվ 105 վարկային պայմանագրերը, որոնցով որպես պարտապան հանդես է եկել միայն Ընկերությունը, հետևաբար Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումը չի բխում գործի փաստական հանգամանքներից, չի կարող գնահատվել իրավաչափ և հիմնավորված:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:

ՀՀ քաղաքացիական դատավարության 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ դատաքննությունն սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։ Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանն իրավունք չունի նոր ապացույց ընդունելու և բողոքը քննելիս հիմնվում է միայն այն ապացույցների վրա, որոնք ներկայացվել են առաջին ատյանի դատարանին: Եթե առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ապացույցը չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով, ապա վերաքննիչ դատարանը բեկանում է գործը և այն ուղարկում համապատասխան առաջին ատյանի դատարան` նոր քննության, եթե գտնում է, որ ապացույցն էական նշանակություն ունի գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը, համակողմանիորեն վերլուծելով վկայակոչված քաղաքացիադատավարական իրավանորմերը, արձանագրում է, որ ապացուցման առարկան կազմում են այն նյութաիրավական և դատավարական բնույթի փաստերը, որոնք գործի հարուցման, քննության և լուծման համար ունեն նշանակություն: Դատավարական բնույթի փաստերը, որպես կանոն, գործի վարույթը կասեցնելու, կարճելու կամ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու հիմք են, որոնք ենթակա են ապացուցման: Ընդ որում, մրցակցային դատավարության պայմաններում ապացուցման առարկայի մեջ մտնող ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական բնույթի փաստերը հիմնավորելու պարտականությունը դրված է գործին մասնակցող անձանց վրա: Ընդհանուր կանոնի համաձայն՝ գործին մասնակցող անձինք պարտավոր են ապացույցները ներկայացնել առաջին ատյանի դատարանում գործի վարույթի շրջանակներում, մինչև դատաքննությունը սկսվելը: Օրենսդիրը վերը նշված ընդհանուր կանոնից բացառություն նախատեսել է այն դեպքի համար, երբ գործին մասնակցող անձը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Անդրադառնալով վերադաս ատյաններում ապացույցներ ներկայացնելու հնարավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը, ամրագրելով ոչ լրիվ վերաքննության ինստիտուտը, սահմանափակել է վերանայման այս վարույթում ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը բացառությամբ այն դեպքի, երբ ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ չի ներկայացվել կողմերի կամքից անկախ հանգամանքներով: Ինչ վերաբերում է վճռաբեկ վարույթին, ապա դատավարության այս փուլում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես նոր ապացույց ներկայացնելու հնարավորություն չի նախատեսել, ինչը պայմանավորված է դատական այս ատյանին ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով վերապահված օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:

Վկայակոչված իրավադրույթի բովանդակությունից հետևում է, որ գործի վարույթի կարճման հիմք կարող է հանդիսանալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի վճիռը կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը: Ընդ որում, գործի վարույթի կարճման նշված հիմքը կարող է հիմնավորվել բացառապես արբիտրաժային տրիբունալի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկն ինչպես Դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում սույն գործի վարույթի կարճման հիմք հանդիսացող արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում չի ներկայացրել, որպիսի պայմաններում վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացված փաստաթուղթը հնարավոր չի համարում գնահատականի արժանացնել:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ վճռաբեկ բողոք բերած անձի և վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկներին, ապա սույն քաղաքացիական գործի վարույթը կարճման ենթակա լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանն այդ փաստարկները համարում է առարկայազուրկ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ գործի վարույթը կարճելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հիմք ընդունելով սույն գործով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի կիրառելիության վերաբերյալ վերը շարադրված պատճառաբանությունները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործի փաստերի համաձայն` Բանկը, գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջով դիմելով դատարան, հայցադիմումին կից ներկայացրել է 8.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարած լինելու վերաբերյալ անդորրագրեր (հատոր 1-ին, գ.թ. 4-5):

Դատարանն իր 29.07.2014 թվականի վճռով պետական տուրքի հարցը համարել է լուծված (հատոր 1-ին, գ.թ. 84-91):

Սիլվա Համբարձումյանը, 19.08.2014 թվականին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միաժամանակ միջնորդել է հետաձգել վերաքննիչ բողոքի ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վերջնական դատական ակտով (հատոր 2-րդ, գ.թ. 4-9):

Վերաքննիչ դատարանը «Պետական տուրքի վճարումը հետաձգելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 12.09.2014 թվականի որոշմամբ Սիլվա Համբարձումյանի միջնորդությունը բավարարել է և որոշել է հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վերաքննիչ բողոքի արդյունքում կայացվելիք դատական ակտով (հատոր 2-րդ, գ.թ.11):

Վերաքննիչ դատարանը, 26.11.2014 թվականի որոշմամբ, մերժելով Սիլվա Համբարձումյանի վերաքննիչ բողոքը, միաժամանակ որոշել է Սիլվա Համբարձումյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված և վերաքննիչ դատարանի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար (հատոր 2-րդ, գ.թ. 45-49):

Սիլվա Համբարձումյանի ներկայացուցիչը, 30.12.2014 թվականին ներկայացնելով վճռաբեկ բողոք, բողոքին կցել է նաև 20.000 ՀՀ դրամի չափով վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարած լինելու վերաբերյալ անդորրագիր:

Հիմք ընդունելով վերը շարադրված իրավական կարգավորումները, ինչպես նաև հաշվի առնելով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործի վարույթը` Սիլվա Համբարձումյանի դեմ ներկայացված պահանջի մասով` կարճման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, միաժամանակ Բանկից հօգուտ Սիլվա Համբարձումյանի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2014 թվականի որոշումը և գործի վարույթը` ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Սիլվա Համբարձումյանի` գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով, կարճել:

2. «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից հօգուտ Սիլվա Համբարձումյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

  Վ. Ավանեսյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան