Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.10/11(1191) Հոդ.28.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0416/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0416/02/13

2015 թ.

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյուլփերի Ստեփանյանի ներկայացուցիչ Գագիկ Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Գյուլփերի Ստեփանյանի հայցի ընդդեմ Անահիտ Սմբատյանի, Արգամ, Արտակ և Արման Անթանյանների (այսուհետ՝ Համապատասխանողներ)` գումար բռնագանձելու և բռնագանձումը բաժնեմասերի վրա տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գյուլփերի Ստեփանյանը պահանջել է Ազատ Անթանյանի իրավահաջորդներ Համապատասխանողներից բռնագանձել 10.000.000 ՀՀ դրամ` որպես 12.03.2010 թվականին իր և Ազատ Անթանյանի միջև կնքված փոխառության պայմանագրով տրամադրված գումար, այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` բռնագանձումը տարածելով ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Հեքիմյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքում Ազատ Անթանյանի 1/5 և Անահիտ Սմբատյանի 1/5 բաժնեմասերի վրա:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Մարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 23.06.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.10.2014 թվականի որոշմամբ Գյուլփերի Ստեփանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գյուլփերի Ստեփանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Անահիտ Սմբատյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ և 1243-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության չի ենթարկել գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում անտեսել է, որ պահանջը ներկայացվել է փոխառության պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո, քանի որ Գյուլփերի Ստեփանյանը համոզված է եղել, որ Ազատ Անթանյանը կենդանի է: Գյուլփերի Ստեփանյանն Ազատ Անթանյանի մահվան մասին տեղեկացել է, երբ վերջինիս կինը` սույն գործով պատասխանող Անահիտ Սմբատյանը, Դատարանին ներկայացրել է Ազատ Անթանյանի մահվան վկայականը: Ավելին, Գյուլփերի Ստեփանյանը մշտապես փնտրել է Ազատ Անթանյանին, իսկ երբ մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելը հանդիպել է վերջինս որդուն` ստացել է խուսափողական և անորոշ պատասխաններ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2014 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով.

Գյուլփերի Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ Համապատասխանողներն ընդունել են ժառանգությունը, իսկ Դատարանն այդ փաստը հաստատված է համարել, անհիմն է, քանի որ Գյուլփերի Ստեփանյանի կողմից Դատարան չեն ներկայացվել նշված փաստերը հաստատող ապացույցներ: Ընդ որում, Համապատասխանողները չեն ընդունել Ազատ Անթանյանի ժառանգությունը և ներկայումս ևս հրաժարվում են այն ընդունելուց: Ավելին, հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը, որի բացթողնման հետևանքների վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են իրավաչափ հետևության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 12.03.2010 թվականին Գյուլփերի Ստեփանյանի և Ազատ Անթանյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր), որի 1-ին կետում նշվել է, որ «Գյուլփերի Ստեփանյանն Ազատ Անթանյանին է տալիս սեփականության իրավունքով իրեն պատկանող 10.000.000 ՀՀ դրամը»: Պայմանագիրը կնքվել է անտոկոս, իսկ փոխառության գումարը ենթակա էր վերադարձման մինչև 12.03.2013 թվականը (հատոր 2-րդ, գ.թ. 82).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.01.2014 թվականի տեղեկանքի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Հեքիմյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանել է Ազատ Անթանյանին, Անահիտ Սմբատյանին, Արման, Արտակ և Արգամ Անթանյաններին` յուրաքանչյուրին 1/5-ական բաժնի չափով (հատոր 1-ին, գ.թ. 59).

3) Թիվ 056869 մահվան վկայականի համաձայն՝ 07.10.2011 թվականին Ազատ Անթանյանը մահացել է (հատոր 1-ին, գ.թ. 45).

4) «Աշտարակ» նոտարական տարածքի նոտարի 14.05.2014 թվականի գրության համաձայն՝ Ազատ Անթանյանի մահվանից հետո 6 ամսվա ընթացքում որևէ ժառանգ չի դիմել Աշտարակի նոտարական գրասենյակ ժառանգության ընդունման համար, ինչպես նաև որևէ ժառանգի չի տրվել ժառանգության իրավունքի վկայագիր (հատոր 2-րդ, գ.թ. 73).

5) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գրության համաձայն՝ Անահիտ Սմբատյանի, Արման, Արտակ և Արգամ Անթանյանների անվամբ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Հեքիմյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրանցված է նրանց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Վերջիններիս անվամբ Հայաստանի Հանրապետությունում այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 2-րդ, գ.թ. 71).

6) Գյուլփերի Ստեփանյանը 04.07.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ազատ Անթանյանի` փոխառությամբ տրված գումարը բռնագանձելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 3-8).

7) Գյուլփերի Ստեփանյանի ներկայացուցիչ Գագիկ Պապոյանը 29.05.2014 թվականին «հայցադիմումի հստակեցում» վերնագիրը կրող փաստաթուղթ է ներկայացրել Դատարան, որով խնդրել է փոխառության գումարը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձել Ազատ Անթանյանի իրավահաջորդներ Անահիտ Սմբատյանից, Արման, Արտակ և Արգամ Անթանյաններից` բռնագանձումը տարածելով ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Հեքիմյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքում Ազատ Անթանյանին և Անահիտ Սմբատյանին պատկանող 1/5-ական բաժնեմասերի վրա (հատոր 2-րդ, գ.թ. 74, 75).

8) Դատարանը, հիմք ընդունելով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված «հայցադիմումի հստակեցում» վերնագիրը կրող փաստաթուղթը, մասնավորապես հաշվի առնելով, որ հայցադիմումի հստակեցմամբ պահանջը ներկայացվել է Անահիտ Սմբատյանի, Արգամ, Արտակ և Արման Անթանյանների դեմ, 29.05.2014 թվականի որոշմամբ վերջիններիս ներգրավել է որպես պատասխանողներ (հատոր 2-րդ, գ.թ. 77, 78):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի միատեսակ կիրառության, ինչպես նաև հետագայում նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկայի ձևավորման համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք պարտապանի մահվան մասին անտեղյակ լինելը կարող է հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածում նշված պահանջը պարտատիրոջ կողմից նույն հոդվածում նշված անձանց սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները: Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր՝ նախկինում կայացրած որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված հոդվածներով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել։ Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տե'ս, Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի, և Իդա Էբզիմյանն ընդդեմ Սեդա Սոնյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում կրկին անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածին, արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն իրենց պահանջները ներկայացնել նախ հետևյալ անձանց՝ ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին (տե'ս, Սերգեյ Թաիրյանն ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի թիվ ԵՔԴ/0279/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, հարկ համարելով զարգացնել իր վերը շարադրված իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով:

Ընդունելով ժանագությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրել ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, ժառանգատուի պարտատերերի համար սահմանելով պահանջների ներկայացման վերջնաժամկետ, ըստ էության, նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր՝ ժառանգման իրավունքի իրացման հարցը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը դասվում է իրավադադարեցնող ժամկետների շարքին, ինչը նշանակում է, որ այդ ժամկետի բացթողումը հանգեցնում է պարտատիրոջ իրավունքի կորստի: Այսպես՝ գործնականում չի բացառվում, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգատուի պարտատերը կարող է որոշակի տևական ժամանակ օբյեկտիվորեն չիմանալ պարտապանի մահվան մասին: Մինչդեռ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այնպես էլ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելուն վերաբերող մյուս իրավանորմերն այդ կապակցությամբ որևէ բացառություն չեն նախատեսում: Ավելին, ՀՀ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող որոշակի իրավահարաբերությունների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը) և 1228-րդ հոդվածի 2-րդ կետի (Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո) կարգավորումների, չի նախատեսում նաև համապատասխան անձի մահվան մասին տեղյակ չլինելու հիմքով պահանջատիրոջ կողմից ժառանգներին պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և (կամ) այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունից:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է նաև այն սուբյեկտների շրջանակը, որոնց ժառանգատուի պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները, մասնավորապես` պարտատերն իրավունք ունի իր պահանջը բացառապես ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգներին, կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին: Օրենսդիրը, ամրագրելով նշված սուբյեկտների շրջանակը և նրանց պահանջ ներկայացնելու ժամանակահատվածը, այդուհանդերձ, չի կարգավորել այդ պահանջների ներկայացման կարգը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում պարտատերն իր իրավունքը պետք է իրացնի այնպիսի եղանակով, որով հնարավոր է ապացուցել վերը թվարկված սուբյեկտներին ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ տեղեկացնելու փաստը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների փոխկապակցված վերլուծությամբ անդրադառնալով ժառանգությունն ընդունած ժառանգին պահանջ ներկայացնելու կարգին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պահանջ կարող է ներկայացվել ժառանգման իրավունք ունեցող այն անձանց, որոնց վարքագիծը վկայում է ժառանգության հնարավոր ընդունման փաստի մասին: Ընդ որում, նման պահանջը կարող է ինչպես անմիջականորեն հասցեագրվել ժառանգին, այնպես էլ վերջինիս ներկայացվել դատարան հայց ներկայացնելու միջոցով: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հայցի ինստիտուտի էությունից, մասնավորապես` հայցը նյութաիրավական և դատավարական հասկացություն է, որի նյութաիրավական կողմն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ, իսկ դատավարական կողմը դատարանին հասցեագրված պահանջն է՝ քննել և լուծել կողմերի միջև ծագած վեճը: Հետևաբար ժառանգատուի պարտատերը, վերջինիս հետ ունեցած պարտավորությունից բխող պահանջ ներկայացնելով դատարան ընդդեմ ժառանգման իրավունք ունեցող անձի, հայցի նյութաիրավական կողմի տեսանկյունից իրացնում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքը:

 

Սույն վեճի նկատմամբ վերոնշյալ մեկնաբանությունների կիրառումը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ 12.03.2010 թվականին Գյուլփերի Ստեփանյանի և Ազատ Անթանյանի միջև կնքվել է Պայմանագիր, որի համաձայն` Գյուլփերի Ստեփանյանից փոխառությամբ ստացած 10.000.000 ՀՀ դրամն Ազատ Անթանյանը պարտավորվել է վերադարձնել մինչև 12.03.2013 թվականը: Ազատ Անթանյանը մահացել է 07.10.2011 թվականին: Գյուլփերի Ստեփանյանը 04.07.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ազատ Անթանյանի` փոխառությամբ տրված վերը նշված գումարը բռնագանձելու պահանջի մասին: Գյուլփերի Ստեփանյանի ներկայացուցիչ Գագիկ Պապոյանը 29.05.2014 թվականին «հայցադիմումի հստակեցում» վերնագիրը կրող փաստաթուղթ է ներկայացրել Դատարան, որով խնդրել է փոխառության գումարը և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները բռնագանձել Ազատ Անթանյանի իրավահաջորդներ Անահիտ Սմբատյանից, Արման, Արտակ և Արգամ Անթանյաններից` բռնագանձումը տարածելով ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Հեքիմյան փողոցի թիվ 22/1 հասցեում գտնվող անշարժ գույքում Ազատ Անթանյանին և Անահիտ Սմբատյանին պատկանող 1/5-ական բաժնեմասերի վրա: Դատարանը, հիմք ընդունելով հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված «հայցադիմումի հստակեցում» վերնագիրը կրող փաստաթուղթը, մասնավորապես` հաշվի առնելով, որ հայցադիմումի հստակեցմամբ պահանջը ներկայացվել է Անահիտ Սմբատյանի, Արգամ, Արտակ և Արման Անթանյանների դեմ, 29.05.2014 թվականի որոշմամբ վերջիններիս ներգրավել է որպես պատասխանողներ:

Դատարանը, պատճառաբանելով, որ հիմնավորված չէ Համապատասխանողների կողմից ժառանգությունը փաստացի տիրապետման եղանակով ընդունելու փաստը, իսկ Գյուլփերի Ստեփանյանն իր հերթին օրենքով սահմանված ժամկետում և կարգով որևէ պահանջ չի ներկայացրել, բաց է թողել օրենքով սահմանված պահանջ ներկայացնելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ Ազատ Անթանյանի մահվանից հետո վերջինիս գույքի նկատմամբ ժառանգական գործ չի բացվել, վերջինիս ժառանգությունը որևէ մեկի կողմից չի ընդունվել, իսկ Գյուլփերի Ստեփանյանը ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իր հերթին ժառանգության բացման վայրի նոտարին պահանջ չի ներկայացրել, Գյուլփերի Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների և կատարված վերլուծությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը, հիմք ընդունելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը հիմնավոր է և իրավաչափ, քանի որ Ազատ Անթանյանը մահացել է 07.10.2011 թվականին, իսկ Գյուլփերի Ստեփանյանը ժառանգության բացումից վեց ամսվա ժամկետում ինչպես Համապատասխանողներին, այնպես էլ ժառանգության բացման վայրի նոտարին որևէ պահանջ չի ներկայացրել: Գյուլփերի Ստեփանյանը ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում համապատասխան պահանջով չի դիմել նաև դատարան (այդպիսի պահանջով Գյուլփերի Ստեփանյանը հայցադիմումը դատարան ներկայացրել է միայն 04.07.2013 թվականին՝ ժառանգատու Ազատ Անթանյանի մահից մոտ երկու տարի անց): Նման պայմաններում Գյուլփերի Ստեփանյանի պահանջը ենթակա չէր բավարարման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի հիմքում նշված այն հանգամանքին, որ Ազատ Անթանյանի մահվանից հետո վեց ամսվա ժամկետում Գյուլփերի Ստեփանյանը Համապատասխանողների նկատմամբ պահանջ չի ներկայացրել Ազատ Անթանյանի մահվան մասին անտեղյակության պատճառով, ապա այն չի կարող հիմք հանդիսանալ պահանջը բավարարելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, թե' ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, և թե' ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելուն վերաբերող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի այլ իրավանորմերն այդ մասին բացառություն չեն նախատեսում:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետի բացթողնման և դրա հետևանքների վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին, գտնում է, որ դրանք հիմնավորվում են Վճռաբեկ դատարանի վերոնշյալ պատճառաբանություններով:

 Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված՝ Ազատ Անթանյանի ժառանգությունը նրա ժառանգների կողմից ընդունված չլինելու փաստարկին, ապա Գյուլփերի Ստեփանյանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը բաց թողնելու պայմանում Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի քննության արդունքներով չի հիմնավորվում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի առկայությունը, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն՝ պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «ա» կետի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գուքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, բավարարելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին Գյուլփերի Ստեփանյանի միջնորդությունը, 24.12.2014 թվականին որոշում է կայացրել «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին»` միաժամանակ որոշելով հետաձգել վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով Գյուլփերի Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 300.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2014 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Գյուլփերի Ստեփանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 300.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան