Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/12(1192).1 Հոդ.109.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0149/01/14

ԵԿԴ/0149/01/14

Նախագահող դատավոր՝  Ա. Պետրոսյան

Դատավորներ՝  

Ս. Համբարձումյան

Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գոռ Մարատի Աթաբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի 2-րդ բաժանմունքում Տիգրան Պողոսյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17123914 քրեական գործը:

2014 թվականի մայիսի 20-ին թիվ 17123914 քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն` քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչի 2014 թվականի մայիսի 22-ի որոշումներով Գոռ Աթաբեկյանը և Ռազմիկ Կարապետյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի մայիսի 22-ի որոշումներով մեղադրյալ Գ.Աթաբեկյանի և Ռ.Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում` 2 (երկու) ամիս ժամկետով:

1.1. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության (այսուհետ նաև` ՀՀ ոստիկանության ՔԳՎ) Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում Վահագն Աղաբալյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 09116214 քրեական գործը, որը 2014 թվականի հունիսի 24-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին:

1.2. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում Երվանդ Ստեփանյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14135514 քրեական գործը, որը 2014 թվականի հունիսի 24-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին:

1.3. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքում Սաղաթել Մանուկյանի հաղորդման հիման վրա 2014 թվականի մայիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 66102714 քրեական գործը, որը 2014 թվականի հունիսի 30-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին:

1.4. ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2014 թվականի հուլիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 61203514 քրեական գործը, որը 2014 թվականի հուլիսի 11-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ և միացվել թիվ 17123914 քրեական գործին:

1.5. Քննիչի` 2014 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ Գ.Աթաբեկյանին առաջադրված մեղադրանքը Տիգրան Պետրոսյանին պատճառված վնասի չափի մասով փոփոխվել է և լրացվել ևս վեց դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014 թվականի օգոստոսի 11-ին Գ.Աթաբեկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով հանցավոր արարքներ կատարելու համար:

2. 2014 թվականի օգոստոսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճռով Գ.Աթաբեկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում` յոթ դրվագով, և դատապարտվել`

առաջին դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

երկրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

երրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

չորրորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

հինգերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

վեցերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի` 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով,

յոթերորդ դրվագով` տուգանքի` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով` պատիժները մասնակի գումարելու միջոցով, յոթերորդ դրվագով նշանակված պատժին` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով տուգանքին, մասնակիորեն գումարվել է առաջինից վեցերորդ դրվագներից յուրաքանչյուրի համար նշանակված պատժից տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` 2.800.000 (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռազմիկ Կարապետյանը:

3. Մեղադրողի, ամբաստանյալ Ռ.Կարապետյանի պաշտպան Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունվարի 22-ի որոշմամբ մեղադրողի բողոքը մերժել է, իսկ պաշտպան Ա.Կարապետյանի բողոքը` բավարարել մասնակիորեն, Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճիռը Ռ.Կարապետյանի նկատմամբ նշանակված պատժի մասով` փոփոխել է, իսկ մնացած մասով թողել անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի մայիսի 11-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Գ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ` Երևան քաղաքի բնակիչ Ռազմիկ Արայի Կարապետյանի հետ, 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից խմբով կատարել են թվով 7 դրվագ ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ:

Այսպես`

2014 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 119/1 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Ալեքսանդր Ռուբենի Շաքարյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի, 22 ՕՕ 580 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով՝ 450.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ` հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները և ձախ լուսարձակը:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014թ. մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Գյուլբենկյան 46 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Երվանդ Եփրեմի Ստեփանյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 72 ML 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 190.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2014թ. մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 11/1 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Արկադի Խաչատուրի Սարգսյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 83 AR 008 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 320.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները և ջերմափոխանակիչի երեսպատվածքը:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

2014թ. մայիսի 7-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերի, Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի 11/1 շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Դավիթ Մինասի Սիմոնյանին պատկանող «INFINITI QX 4» մակնիշի 34 ՍM 874 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

2014թ. մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղի 7-րդ շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Վահագն Ալբերտի Աղաբալյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 34 SM 506 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 170.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով 4 անվադողերն` անվահեծերով:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

2014թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Երևան քաղաքի Ավան Սայաթ-Նովա թաղամասի 5-րդ շենքի բակում կայանված` Տիգրան Ռուդիկի Պետրոսյանին պատկանող «Ինֆինիտի QX 56» մակնիշի 56 OQ 056 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերները:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

2014թ. մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը Գոռ Աթաբեկյանը Գոռ Ռազմիկ Կարապետյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 11-րդ շենքի բակում կայանված` նույն շենքի բնակիչ Սաղաթել Բեգլարի Մանուկյանին պատկանող ՎԱԶ 21121 մակնիշի 10 ՕS 470 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրայից գաղտնի հափշտակել է զգալի չափերով` 144.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության թվով չորս անվադողերն անվահեծերով:

Այսինքն` Գոռ Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք:

Այսպիսով, Գոռ Մարատի Աթաբեկյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ (7 դրվագ)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 182-183):

6. Առաջին ատյանի դատարանը, արագացված դատական քննության կարգով քննելով գործը, իր դատական ակտում արձանագրել է. «(...) Ամբաստանյալ Գոռ Մարատի Աթաբեկյանի նկատմամբ, նրա կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատիժ նշանակելիս` դատարանը հաշվի է առնում հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, այն, որ նա նախկինում դատված չի եղել, իրեն լիովին մեղավոր ճանաչելով և տալով ինքնախոստովանական ցուցմունքներ` անկեղծորեն զղջում է կատարածի համար: Առաջին, երկրորդ, չորրորդ և հինգերորդ դրվագներով որպես ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում հանցագործությամբ տուժողներին պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը: Երրորդից յոթերորդ դրվագներից յուրաքանչյուրով, ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, որպես նրա պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առնում յուրաքանչյուր դրվագով հանցանքը որպես արհեստ կատարելը:

(...)

Ամբաստանյալ Գոռ Աթաբեկյանն իր կատարած` առաջինից յոթերորդ դրվագներով` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր հանցագործության համար ենթակա է պատժի տուգանքի ձևով, յոթերորդ դրվագով` տուգանքի ձևով սահմանված պատժի առավելագույն չափով: Դատարանին որևէ հիմնավորում չի ներկայացվել այն մասին, որ պատժի նվազ խիստ տեսակը տվյալ դեպքում չի կարող ապահովել պատժի նպատակները» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 131-132):

7. Վերաքննիչ դատարանն իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգման հետ, որ (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք պետք է համարել հանցանքը որպես արհեստ կատարելը (...):

Վերաքննիչ դատարանի համոզմամբ, հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքը առկա է այն ժամանակ, երբ անձը հանցավոր գործունեությամբ է զբաղվում երկար ժամանակ, և դա հանդիսանում է նրա հիմնական կամ լրացուցիչ եկամտի աղբյուրը:

Սույն գործով դատարանը հաստատված է համարել, որ Ռ.Կարապետյանը և Գ.Աթաբեկյանը 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը ընկած ժամանակահատվածում կատարել են յոթ դրվագ գողություն: Այդպիսով ակնհայտ է, որ նրանք հանցավոր գործունեությամբ զբաղվել են ոչ թե երկար ժամանակ (օրինակ` ամիսներ, տարիներ), այլ ընդամենը մեկ ամիս և 18 օր ժամանակ:

(...)

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի նկատմամբ նշանակված պատիժը խստացնելու, ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի իրացվելիության հարցերը, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանցագործության բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանգում է այն հետևության, որ Առաջին ատյանի դատարանը (...) Գ. Աթաբեկյանին դատապարտել է (...) տուգանքի (...), որը համապատասխանում է հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, և որով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին (...), և որ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները նշանակված պատիժը խստացնելու հիմք չեն կարող դառնալ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 95, 98-99):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոք բերած անձի պնդմամբ` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները պատիժ նշանակելիս թույլ են տվել նյութական իրավունքի խախտումներ, ինչը հիմք է դատական ակտերը պատժի մասով բեկանելու համար:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի` Պ.Բայրամյանի և Տ.Մարտիրոսյանի գործերով որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Գ.Աթաբեկյանի կողմից հանցանքների կատարումը չի դիտել որպես արհեստ` պատճառաբանելով, որ յոթ դրվագ գողությունները կատարվել են ոչ թե երկարատև ժամանակահատվածում, այլ ընդամենը 1 (մեկ) ամիս 18 (տասնութ) օր ժամկետում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ յոթ դրվագ գողություններն արդեն իսկ վկայում են պարբերաբար հանցանք կատարելու մասին, իսկ Գ.Աթաբեկյանի չաշխատելու պայմաններում գողությունների արդյունքում ստացված գումարները եղել են վերջինիս եկամտի աղբյուրը:

9. Բողոքի հեղինակը նշել է, որ Գ.Աթաբեկյանի նկատմամբ երկու միլիոն ութ հարյուր հազար ՀՀ դրամ տուգանքի ձևով նշանակված պատիժն արդարացի չէ` ակնհայտ մեղմ է, չի համապատասխանում վերջինիս կատարած արարքի հանրային վտանգավորության բնույթին և աստիճանին, հանցավորի անձին: Այսպես, ստորադաս դատարանները պատիժ նշանակելիս օբյեկտիվ ստուգման ու գնահատման չեն ենթարկել գործի հանգամանքները` այն, որ յոթ քաղաքացու գույքային վնաս է պատճառվել, հաշվի չեն առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական բնույթն ու նշանակությունը, որոնք բարձրացնում են ամբաստանյալի արարքի վտանգավորության աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները, քանի որ հանցանքը որպես արհեստ կատարելն արդեն իսկ ոչ դրական է բնութագրում Գ.Աթաբեկյանի անձը:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, Գ.Աթաբեկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 7-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշումը և քրեական գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը անձի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք (ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) գնահատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյոք Գ.Աթաբեկյանին վերագրվող արարքներում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը) հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայության և դրա արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը համաչափ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(...)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Էդվարդ Ադամյանի գործով որոշման մեջ` արձանագրելով, որ «(...) [Ա]րդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն համապատասխան քրեաիրավական սանկցիաները, որոնք կրում են հարաբերականորեն որոշակի (պատիժ են նախատեսում որոշակի սահմաններում) կամ այլընտրանքային բնույթ (նախատեսում են պատժի մի քանի տեսակներ): Ընդ որում, այլընտրանքային սանկցիաները հանցավորի պատասխանատվության անհատականացման ավելի լայն սահմաններ են նախատեսում:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան այլընտրանքային է, այսինքն` թույլ է տալիս դատարանին իր հայեցողության շրջանակներում երկու հնարավոր պատժատեսակներից (տուգանք և ազատազրկում) ընտրել այնպիսին, որը համաչափ է հանցագործության ծանրությանը, հանցավորի անձին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին` ապահովելով պատժի նպատակների իրագործումը:

Հոդվածի սանկցիայի շրջանակներում կոնկրետ պատժատեսակ և պատժաչափ ընտրելիս դատարանը թեև օժտված է իր ներքին համոզմունքին և իրավագիտակցությանը համապատասխան որոշակի հայեցողություն դրսևորելու ազատությամբ, սակայն այն չի կարող բացարձակ և կամայական բնույթ կրել:

Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողությունը սահմանափակվում է օրենքով կանխորոշված որոշակի շրջանակներով` հանցավոր արարքի հանրային վտանգավորության բնույթով և աստիճանով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքներով, որոնք դատարանն անպայման պետք է հաշվի առնի պատժի արդարացիության ապահովման համար (...)» (տե՛ս Էդվարդ Ադամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշման 17-րդ կետը):

13. Վերահաստատելով Էդվարդ Ադամյանի գործով կայացված և նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ նշանակվող պատժի տեսակը և չափը որոշելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել, ի թիվս այլնի, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները, որոնք սպառիչ նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք[ է]` (…) հանցանքը որպես արհեստ կատարելը (…)»:

Վճռաբեկ դատարանը, Տիգրան Մարտիրոսյանի գործով որոշման մեջ անդրադառնալով վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմին, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ այն առկա է, երբ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքով զբաղվում է պարբերաբար, և դա հանդիսանում է նրա եկամտի աղբյուրը (տե՛ս Տիգրան Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի ԵՇԴ/0121/01/12 որոշման 15-րդ կետերը):

 13.1. Վերահաստատելով և զարգացնելով Տիգրան Մարտիրոսյանի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը արտահայտվում է եկամուտ ստանալու նպատակով պարբերաբար հանցավոր գործունեությամբ զբաղվելով:

Հանցավոր վարքագծի կրկնությունը նպաստում է որոշակի արարքներում անձի մասնագիտացմանը, հանցագործության տեխնիկայի և հմտությունների յուրացմանը` անհրաժեշտ պայմաններ ստեղծելով հետագայում հանցավոր գործունեությունն ավելի դյուրին և արդյունավետ շարունակելու համար: Հետևաբար, վերոնշյալ հանգամանքը վկայում է թե՛ հանցանք կատարած անձի և թե՛ հանցագործության (յուրաքանչյուր հաջորդող հանցագործության) հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչը դատարանի կողմից պատիժ նշանակելիս պետք է համարժեք գնահատականի արժանանա:

14. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ մեկից ավելի հանցանքների կատարումը ոչ բոլոր դեպքերում է հանգեցնում անձի արարքներում հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի առկայության: Մասնավորապես, հանցանքը որպես արհեստ կատարելը ենթադրում է նույն կամ նույնաբնույթ այնպիսի հանցանքների պարբերաբար կատարում, որոնց արդյունքում ստացվում է նյութական օգուտ, որն էլ ուղղված է հանցավորի եկամտի հիմնական կամ լրացուցիչ աղբյուր ձևավորելուն:

Այսպես, հանցավոր վարքագծի պարբերական բնույթն արտահայտվում է երեք կամ ավելի` նույն կամ նույնաբնույթ հանցանքների կատարմամբ, քանի որ այդ դեպքում կարելի է խոսել որոշակի հանցագործություններում անձի հմտացման, արհեստավարժության, նրա կայուն հակահասարակական կողմնորոշումների մասին: Ինչ վերաբերում է հանցավոր գործունեության արդյունքում եկամտի հիմնական կամ լրացուցիչ աղբյուր ձևավորելու հանգամանքին, ապա անհրաժեշտ է նշել, որ հանցագործության արդյունքում ստացվող նյութական օգուտը կհամարվի անձի եկամտի հիմնական աղբյուր այն դեպքում, երբ հանդիսանա հանցավորի եկամտի միակ աղբյուրը, ինչպես նաև գերազանցի նրա այլ եկամուտների չափը: Իսկ լրացուցիչ աղբյուր կհամարվի այն դեպքում, երբ հանցագործությունից ստացվող նյութական օգուտը կազմի անձի եկամտի ոչ ամբողջական, սակայն դրա զգալի մասը: Այս առումով անձի դիտավորությունը պետք է ուղղված լինի հանցավոր գործունեությամբ եկամտի աղբյուր ձևավորելուն:

15. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցանքը որպես արհեստ կատարելը բնութագրվում է հետևյալ հատկանիշներով`

ա) հանցավոր վարքագծի պարբերականություն (երեք կամ ավելի անգամ կատարելը),

բ) նույն կամ նույնաբնույթ հանցանքների կատարում,

գ) նյութական օգուտի ստացում, որը հանցավորի եկամտի հիմնական կամ լրացուցիչ աղբյուրն է,

դ) հանցավոր գործունեությամբ եկամտի հիմնական կամ լրացուցիչ աղբյուր ձևավորելուն ուղղված անձի դիտավորությունը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` 7 դրվագով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախնական համաձայնության գալով ընկերոջ` Ռ.Կարապետյանի հետ, 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում խմբով կատարել են թվով յոթ դրվագ ուրիշների գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություններ: Ընդ որում նրանք գաղտնի հափշտակել են շենքերի բակերում կայանված ավտոմեքենայի մասեր, մասնավորապես հինգ դրվագներով «Ինֆինիտի QX» մակնիշի ավտոմեքենայի հակամառախուղային երկու հատ (մեկ զույգ) լապտերներ, առաջին դրվագով` նաև ձախ լուսարձակ, իսկ երրորդ դրվագով` նաև ջերմափոխանակիչի երեսպատվածք, ինչպես նաև մեկ դրվագով՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի չորս անվադողեր` անվահեծերով, մեկ դրվագով՝ «ՎԱԶ 21121» մակնիշի ավտոմեքենայի չորս անվադողեր` անվահեծերով (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը, արագացված դատական քննության կարգով քննելով գործը, Գ.Աթաբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված յոթ դրվագ գողություններից յուրաքանչյուրով դատապարտել է տուգանքի և երրորդից յոթերորդ դրվագներից յուրաքանչյուրով որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առել հանցանքը որպես արհեստ կատարելը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Մինչդեռ մեղադրողի բողոքի քննության շրջանակներում Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով հանցանքը որպես արհեստ կատարելը բացակայում է` պատճառաբանելով, որ ամբաստանյալները հանցավոր գործունեությամբ զբաղվել են ոչ թե երկար ժամանակ (օրինակ` ամիսներ, տարիներ), այլ ընդամենը 1 ամիս 18 օր: Արդյունքում Վերաքննիչ դատարանը Գ.Աթաբեկյանի նկատմամբ տուգանքի ձևով նշանակված պատիժը թողել է անփոփոխ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

17. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ 1 ամիս 18 օրը բավական երկար ժամանակ չէ, որպեսզի ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի կատարած արարքներում առկա լինեն հանցանքը որպես արհեստ կատարելու հատկանիշները, իրավաչափ չէ:

Մասնավորապես, ամբաստանյալի հանցավոր գործունեությունը հարաբերականորեն կարճ ժամանակ (մեկ ամիս տասնութ օր) տևելը դեռևս չի կարող չափորոշիչ հանդիսանալ հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայությունը հավաստելու համար, հատկապես այն պայմաններում, երբ այն ընդհատվել է իրավապահ մարմինների կողմից բացահայտվելու հետևանքով:

Ընդհակառակը, հարաբերականորեն կարճ ժամանակահատվածում յոթ դրվագ հափշտակությունների կատարումն ակնհայտորեն վկայում է հանցավոր վարքագծի պարբերական բնույթի մասին: Իսկ նույն հանցանքը (խմբի կազմում զգալի չափերով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն) պարբերաբար (յոթ դրվագ) կատարելը, ինչպես նաև հանգամանքներն այն մասին, որ բոլոր գողությունները կատարվել են շենքերի բակերում կայանած ավտոմեքենաներից, որոնք եղել են հիմնականում նույն` «Ինֆինիտի QX» մակնիշի (բացառությամբ 5-րդ և 7-րդ դրվագների), գողոնը նույնպես հիմնականում եղել է նույնը` հակամառախուղային զույգ լապտերներ (բացառությամբ 5-րդ և 7-րդ դրվագների) (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), վկայում են հանցավորի պատրաստվածության, այդ հանցագործությունը կատարելու մեջ հմտանալու և հանցավոր գործունեության միջոցով եկամտի աղբյուր ձևավորելու դիտավորության մասին: Ընդ որում, գործի նյութերից երևում է նաև, որ Գ.Աթաբեկյանը չի աշխատում, իսկ եկամտի այլ աղբյուր ունենալու մասին որևէ տեղեկություն առկա չէ:

18. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Գ.Աթաբեկյանին վերագրվող հանցագործությունների քանակը, դրանց բնույթը, կատարման եղանակը, հափշտակված իրերի տեսակը, պատճառված վնասը վկայում են հանցավոր վարքագծի մասնագիտացման, համապատասխան հմտությունների յուրացման և հանցավորի արհեստավարժության մասին:

Հետևաբար, ամբաստանյալ Գ.Աթաբեկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված տուգանք պատժատեսակն անփոփոխ թողնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները: Մասնավորապես, հաշվի չի առել այն, որ հանցավոր վարքագծի պարբերաբար կրկնությունը էականորեն բարձրացնում է հանցագործության և այն կատարող անձի հանրային վտանգավորությունը, վկայում վերջինիս մոտ առկա հակահասարակական կողմնորոշումների և հանցավոր գործունեությամբ զբաղվելու հակվածության մասին:

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գ.Աթաբեկյանին վերագրվող արարքներում հանցանքը որպես արհեստ կատարելու հանգամանքի բացակայության և դրա արդյունքում ամբաստանյալի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակը համաչափ լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն:

Վերաքննիչ դատարանը, Գ.Աթաբեկյանի նկատմամբ նշանակված պատժի մասով օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ թույլ տալով ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների խախտումներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը Գ.Աթաբեկյանի մասով բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գոռ Մարատի Աթաբեկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` յոթ դրվագով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի հունվարի 22-ի որոշումը պատժի մասով բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան