Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.07.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0324/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0324/02/08
2015 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Պետրոսյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

 

 2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյանների ներկայացուցիչ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2014 թվականի որոշման դեմ` ըստ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հայցի ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունը տիրապետման փաստով ընդունած համարելու, սեփականության իրավունքով ժառանգական գույքի` տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջների մասին, և ըստ Ատոմ Բաղդասարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների և «Մալաթիա» նոտարական գրասենյակի` կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կառլեն և Արմեն Բաղդասարյանները պահանջել են ճանաչել իրենց ժառանգությունն ընդունած ժառանգ, առանձնացնել տիրապետման փաստով ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգական գույք հանդիսացող` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան և հողամասի 5/6 մասը, ինչպես նաև կողմերի մուտքային տարածքները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ատոմ Բաղդասարյանը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Լուսիկ Բաղդասարյանի կողմից 22.10.1993 թվականին արված կտակը, իսկ Ատոմ և Մարուս Բաղդասարյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող 300քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինությունների նկատմամբ:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2008 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2009 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն, իսկ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների կողմից փաստացի զբաղեցրած հողամասի վրա գտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հայցապահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 11.02.2009 թվականի վճիռը սկզբնական և հակընդդեմ հայցերի մասով բեկանվել է` բացառությամբ գործի վարույթը կարճելու մասից, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

12.11.2009 թվականին վարույթ է ընդունվել Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցը` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի անշարժ գույքի` հողի և շինությունների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով իրենց սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան օրինական մաս հանդիսացող ամբողջ երկրորդ հարկաբաժնի նկատմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանները փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են ժառանգությունն ընդունած ժառանգներ, և այդ մակերեսների նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը: Մուտքային տարածությունն առանձնացնելու սկզբնական հայցապահանջը բավարարվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ գործի վարույթը` կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշմամբ Կառլեն Բաղդասարյանի և Արմեն Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 25.12.2009 թվականի վճիռը բեկանվել է մասնակիորեն` Կառլեն և Արմեն Բաղդասարյանների սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան օրինական մաս հանդիսացող ամբողջ երկրորդ հարկաբաժնի նկատմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանները փաստացի տիրապետման ուժով ճանաչվել են ժառանգությունն ընդունած ժառանգներ, իսկ այդ մակերեսների նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը, իսկ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջիններիս համասեփականության իրավունքը։ Հակընդդեմ հայցը բավարարվել է` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող բնակելի տան 1-ին հարկի օրինական շենք-շինությունների, ինչպես նաև բակային տարածք հանդիսացող հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Ատոմ և Մարուս Բաղդասարյանների սեփականության իրավունքը, իսկ բնակելի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչվել է վերջիններիս համասեփականության իրավունքը: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2011 թվականի որոշմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2010 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2012 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը բավարարվել են մասնակիորեն, իսկ գործի վարույթը` կտակը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2012 թվականի որոշմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 13.06.2012 թվականի վճիռը մասնակիորեն` բացառությամբ գործի վարույթը կարճելու մասի, բեկանել, և գործն այդ մասով ուղարկել նոր քննության: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.11.2012 թվականի որոշմամբ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Ն. Կարապետյան) (այսուհետ` Դատարան) 07.03.2013 թվականին վճռել է. «Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հայցն ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` ժառանգությունն ընդունած համարելու, տիրապետման փաստով ըստ օրենքի և ըստ կտակի սեփականության իրավունքով ժառանգական գույքի տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջի մասին, բավարարել մասնակի: Կառլեն Բաղդասարյանին համարել տիրապետման փաստով Լուսիկ Բաղդասարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ: Կառլեն Բաղդասարյանի հայցն ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` սեփականության իրավունքով ժառանգական գույքի տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջի մասով, բավարարել: Կառլեն Բաղդասարյանին` որպես ըստ օրենքի ժառանգ, հատկացնել Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի օրինական շինություն հանդիսացող բնակելի տան 2-րդ հարկաբաժինն ամբողջությամբ, ինչպես նաև ճանաչել նրա ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը բնակելի երկհարկանի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ: Ատոմ և Մարուս Բաղդասարյաններին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի տան առաջին հարկի` տան ճակատային մասի ձախ կողմի առաջին պատուհանը դռան վերածելու արդյունքում երկու մետր հիսուն սանտիմետր չափով մուտքային տարածք առանձնացնել նույն ուղղությամբ` սկսած ըստ հատակագծի 1-1, 1-4, 1-5, 0-1, 0-2 սենյակներից և տարածքից մինչև հողամասի վերջը` դեպի երկրորդ հարկ մուտք գործելու համար: Դեպի երկրորդ հարկ տանող` գոյություն ունեցող աստիճանավանդակը քանդել, իսկ մուտքը փակել: Ատոմ և Մարուս Բաղդասարյաններին որպես մուտքային տարածք թողնել ներկայումս գործող մուտքը: Նշված աշխատանքների կատարման ծախսերը դնել կողմերի վրա հավասարապես: Արմեն Բաղդասարյանի հայցն ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` փաստացի տիրապետման փաստով ըստ կտակի ժառանգ ճանաչելու պահանջի մասով և սեփականության իրավունքով ժառանգական գույքի տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջի մասով, մերժել: Մարուս և Ատոմ Բաղդասարյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել մասնակի: Հակընդդեմ հայցը` ինքնակամ շինությունների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով` կարճել: Ճանաչել Մարուս և Ատոմ Բաղդասարյանների սեփականության իրավունքը Երևան Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան առաջին հարկում գտնվող օրինական շինությունների նկատմամբ: Բնակելի երկհարկանի տնով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ ճանաչել Մարուս և Ատոմ Բաղդասարյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Ատոմ Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի մնացած հողամասի նկատմամբ»:

Արմեն և Կառլեն Բաղդասարյանները 05.04.2013 թվականին նշված վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը 17.04.2013 թվականին ընդունվել է վարույթ:

Բողոքի քննության ընթացքում` 03.09.2013 թվականին, հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող Կառլեն Բաղդասարյանը մահացել է: Բողոք բերողների ներկայացուցիչ Արթուր Դավթյանի 10.09.2013 թվականին ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.09.2013 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է:

Արմեն Բաղդասարյանը 04.03.2014 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և, պատճառաբանելով, որ կասեցման հիմքերը վերացել են ու դիմումին կցելով ժառանգությունն ընդունելու համար նոտարական մարմին` իր և Անահիտ Բաղդասարյանի կողմից ներկայացված հայտարարությունը, խնդրել է վերսկսել քաղաքացիական գործի վարույթը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.03.2014 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.07.2014 թվականի որոշմամբ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է. «Կառլեն Բաղդասարյանի (իրավահաջորդների) հայցը` տիրապետման փաստով Թորոս Բաղդասարյանի ժառանգության նկատմամբ 1/6 մասով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջը բավարարելու մասով թողնել օրինական ուժի մեջ: Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցը` իրենց կողմից զբաղեցրած Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան առաջին հարկի շինությունների և դրանցով ծանրաբեռնված և բակային տարածքների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու մասերով, թողնել օրինական ուժի մեջ: Վերաքննիչ բողոքը մնացած մասերով բավարարել, հայցով և հակընդդեմ հայցով բավարարված մասերով հայցապահանջները բեկանել, փոփոխել և մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Բաղդասարյանի և Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ատոմ և Մարուս Բաղդասարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1226-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով 01.07.2011 թվականի որոշման մեջ արված եզրահանգումները և դրանում վկայակոչված իրավանորմերը, քանի որ ճիշտ հետևությունների հանգելու համար պետք է առանցքային ուշադրություն դարձներ այն վերապահմանը, որը պարունակվում է նշված որոշման «եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է» արտահայտության մեջ: Ընդ որում, Դատարանն իր վճռում եզրահանգել է, որ հոր` Կառլեն Բաղդասարյանի կենդանության պայմաններում Արմեն Բաղդասարյանը Լուսիկ Բաղդասարյանի ըստ օրենքի ժառանգ համարվել չի կարող: Հետևաբար, եթե իր հոր կենդանության պայմաններում Արմեն Բաղդասարյանը չի կարող համարվել Լուսիկ Բաղդասարյանի ըստ օրենքի ժառանգ, ապա հետևում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչված որոշման մեջ պարունակվող` «եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է» արտահայտությունը վերջինիս չի վերաբերում, ինչը նշանակում է, որ ժառանգությունն ընդունելու համար նա պարտավոր չէր դիմել նոտարական գրասենյակ ու կարող էր ընդունել ժառանգությունը` նաև փաստացի տիրապետելով այն, ինչը և տեղի է ունեցել:

Վերը նշված նախադեպային որոշմանը ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունից հետևում է, որ կտակով ժառանգված գույքը ժառանգը կարող է ընդունել միայն վեցամսյա ժամկետում նոտարական գրասենյակ դիմում հանձնելու եղանակով, ինչն օրենքի սխալ ընկալման և մեկնաբանման արդյունք է:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ատոմ և Մարուս Բաղդասարյանները, հանդիսանալով Շահեն Բաղդասարյանի իրավահաջորդներ, չէին կարող հավակնել սեփականության իրավունքի ճանաչմանը ձեռքբերման վաղեմության հիմքով, քանի որ այն գույքը, որի նկատմամբ նրանք պահանջ են ներկայացրել, հանդիսացել է ժառանգական զանգված, ինչի նկատմամբ նրանք կարող էին հավակնություններ ունենալ միայն որպես Շահեն Բաղդասարյանի ժառանգներ: Ակնհայտ է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով իրավունքի ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ անձը հավակնում է այլ` ոչ իր ժառանգատու կան իրավանախորդ հանդիսացող անձին պատկանող սեփականությանը և անթույլատրելի է այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է ժառանգական զանգվածին: Ըստ այդմ, Ատոմ և Մարուս Բաղդասարյանները կարող էին հավակնել վիճելի հասցեի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերմանը միայն որպես Շահեն Բաղդասարյանի ժառանգությունը փաստացի տիրապետող ժառանգներ, սակայն նրանք նման պահանջ չեն ունեցել, իսկ նրանց սեփականության իրավունքի ճանաչումը ձեռքբերման վաղեմության հիմքով բացառվում է, առաջին հերթին` գույքն իրենց ժառանգական զանգված լինելու, այնուհետև` այն Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ օգտագործվելու պատճառով և հատկապես բակային տարածքը` համատեղ օգտագործվող հողամաս լինելու հաստատված հանգամանքի առկայության պայմաններում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Դատարանը, մի կողմից` փաստացի տիրապետման փաստի հիմքով Կառլեն Բաղդասարյանին ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգ և, մյուս կողմից` նույն հասցեի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել է Մարուս և Ատոմ Բաղդասարյանների սեփականության իրավունքը: Նման մոտեցումը հակասության մեջ է մտնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի տրամաբանության հետ, քանի որ երկու դեպքում էլ որպես նախապայման է հանդիսանում տիրապետումը, ընդ որում, երկրորդ հիմքի դեպքում անհրաժեշտ է տասը տարվա և ավելի անընդմեջ տիրապետման, ինչպես նաև սեփականատիրոջ կողմից գույքը լքված լինելու փաստերի առկայությունը, ինչը տվյալ դեպքում առկա չէ:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վիճելի հասցեի անշարժ գույքն ի սկզբանե եղել է Թորոս և Լուսիկ Բաղդասարյանների համատեղ սեփականությունը, և վերջիններիս մահից հետո նրանց բաժնեմասերը հավասարապես պետք է բաժանվեին նրանց ժառանգների միջև:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ դեռևս որոշված չէ, թե կողմերից յուրաքանչյուրի բաժինը որքան է կազմում և անհասկանալի է, թե որ մասը և ինչ եղանակով պետք է առանձնացվի, հայցը՝ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասով, անհիմն մերժել է, մինչդեռ պարտավոր էր վճիռն այդ մասով բեկանել և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման տեսանկյունից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 11.07.2014 թվականի որոշումը և այն փոփոխել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքի այն պատճառաբանությունները, թե Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածների իրավադրույթները, հիմնավոր չեն, քանի որ Վերաքննիչ դատարանն իր որոշումը կայացրել է սույն քաղաքացիական գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա, ինչի արդյունքում Կառլեն Բաղդասարյանի հայցը` ժառանգության 1/6 բաժնեմասի մասով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասով, հանգել է ճիշտ եզրակացության: Միևնույն ժամանակ անընդունելի են Վերաքննիչ դատարանի որոշման այն պատճառաբանությունները, որոնք վերաբերում են մուտքի առանձնացմանը և ձեռքբերման վաղեմության ուժով հակընդդեմ հայցով հայցվորների սեփականության իրավունքի ճանաչմանը, քանի որ մուտքի առանձնացման հարցը կողմերը չեն վիճարկել, համաձայն են եղել որոշված տարբերակին, առավել ևս, այն դեպքում, եթե մուտքը բացվում է այն տարածքից, որի հողատարածքը կողմերին պատկանում է համատեղ սեփականության իրավունքով: Հետևաբար Դատարանի վճիռն ամբողջությամբ բխում է սույն քաղաքացիական գործի փաստերից և օրենսդրական համապատասխան նորմերի պահանջներից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 28.11.1961 թվականի տեղեկանքի համաձայն` Թորոս Բաղդասարյանին կոլխոզի ժապավենային թիվ 38 մատյանով տրվել է 800քմ մակերեսով տնամերձ հողամաս Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 45):

2. Բնակելի տան կառոցման անկետայի համաձայն` Թորոս Բաղդասարյանի բնակելի տան կառուցումը սկսվել է 1950 թվականից և ենթակա է եղել շահագործման 1955 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 13):

3. Շահումյանի շրջանի 18-րդ կուսակցական համագումարի անվան կոլտնտեսության 21.04.1969 թվականի թիվ 3 արձանագրության քաղվածքի համաձայն` Թորոս Բաղդասարյանին հատկացված 800քմ մակերեսով հողամասից 300քմ մակերեսը հատկացվել է նրա որդուն` Շահեն Բաղդասարյանին` բնակելի տուն կառուցելու համար (հատոր 1-ին, գ.թ. 17):

4. 1970 թվականին տրված գույքային թերթի համաձայն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տունը` 800քմ մակերես հողային տարածությամբ, գույքագրվել է Թորոս Բաղդասարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 46):

5. ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 04.06.2007 թվականի թիվ 01-20/951 արխիվային տեղեկանքի համաձայն` «պետական արխիվում պահպանվող ՀԽՍՀ Երևանի Շահումյանի շրջանի Շահումյանի ավանի 18-րդ պարտհամագումարի անվան կոլտնտեսության 1973 թվականի հողային ժապավենային մատյանից պարզվում է, որ Թորոս Երեմի Բաղդասարյանի անվամբ հաշվառված է 0,05հա մակերեսով հողամաս» (հատոր 1-ին, գ.թ. 31):

6. 23.09.1965 թվականին տրված թիվ 197307 ամուսնության վկայականի համաձայն` Թորոս Բաղդասարյանի և Լուսիկ Բաղդասարյանի ամուսնությունը գրանցվել է 23.09.1965 թվականին Շահումյանի շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյում (հատոր 1-ին, գ.թ. 41):

7. Սույն գործով չի վիճարկվել այն հանգամանքը, որ Թորոս Բաղդասարյանը Կառլեն և Շահեն Բաղդասարյանների հայրն է:

8. Թիվ 434953 մահվան վկայականի համաձայն` Թորոս Բաղդասարյանը մահացել է 07.11.1992 թվականին, իսկ թիվ 464583 մահվան վկայականի համաձայն` Լուսիկ Բաղդասարյանը` 29.01.1994 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24):

9. Լուսիկ Բաղդասարյանը 22.10.1993 թվականին արված կտակով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տունն ամբողջությամբ կտակել է Արմեն Կառլենի Բաղդասարյանին (հատոր 1-ին, գ.թ. 25):

10. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2007 թվականի թիվ 2-1033 օրինական ուժի մեջ մտած վճռով Մարուս Բաղդասարյանը Շահեն Բաղդասարյանի մահից հետո ճանաչվել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ (հատոր 2-րդ, գ.թ. 7-8):

11. 18.03.2008 թվականին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված թիվ 08-0008 եզրակացության համաձայն` Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեում գտնվող հողի ընդհանուր մակերեսը կազմում է 560քմ, որից օրինական հատկացված հողամասի սահմաններում գտնվող տարածքի մակերեսը 551քմ է, իսկ ինքնակամ զբաղեցված հողամասի մակերեսը` 9քմ: Կառլեն և Արմեն Բաղդասարյանների կողմից օգտագործվող շինությունների մակերեսը կազմում է 122,2քմ, այդ թվում` օրինական շինություններ` 77,1քմ, անօրինական շինություններ` 45,1քմ: Վերջիններիս կողմից օգտագործվող շինություններն ամբողջությամբ գտնվում են 2-րդ հարկում: Մարուս Բաղդասարյանի կողմից փաստացի օգտագործվում է 1-ին հարկաբաժնից 132,6քմ, այդ թվում` օրինական շինություններ` 74,8քմ, անօրինական շինություններ` 57,8քմ: Ատոմ Բաղդասարյանի կողմից փաստացի օգտագործվող շինություններն իրենցից ամբողջությամբ ներկայացնում են անօրինական շինություններ, որոնց ներքին օգտագործելի ընդհանուր մակերեսը կազմում է 488,7քմ, այդ թվում` 86,2քմ մակերեսը 1-ին հարկում, 81,2քմ մակերեսը` 2-րդ հարկում: Վերջինիս հետազոտվող տարածքում առկա 1-ին հարկում գտնվող 12,3քմ խորդանոցը և 52,4քմ մակերեսով ավտոտնակն օգտագործվում է Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ: Միայն Ատոմ Բաղդասարյանի կողմից օգտագործվող հողի մակերեսը կազմում է 154,7քմ, որից 54,8քմ գտնվում է հողամասի վերջնամասում, այդ թվում` 23,2քմ զբաղեցված է անօրինական շինություններով, 31,6քմ շինություններից ազատ հողամաս է, իսկ 99,9քմ իրենից ներկայացնում է հողամասի փողոցի նկատմամբ աջ գտնվող, շինություններով զբաղեցված հողամաս: Բացի վերոգրյալից, վերջինիս կողմից Մարուս, Կառլեն և Արմեն Բաղդասարյանների հետ համատեղ օգտագործվում է նաև 203,6քմ հողամաս, որից 131,4քմ-ը շինություններից ազատ հողամաս է, 12,3քմ-ը` խորդանոցով զբաղեցված հողամաս, իսկ 59,9քմ-ը` ավտոտնակով զբաղեցված հողամաս (հատոր 1-ին, գ.թ. 114-116):

12. Թիվ 131699 մահվան վկայականի համաձայն` Կառլեն Թորոսի Բաղդասարյանը մահացել է 03.09.2013 թվականին (հատոր 12-րդ, գ.թ. 85):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառման հնարավորության հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար.

2) ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 197-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`

- արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել փաստացի տիրապետման եղանակով.

- արդյո՞ք ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով կարող է ճանաչվել ժառանգի սեփականության իրավունքը:

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Հիմք ընդունելով վերը ներկայացված իրավադրույթները և ելնելով ժառանգական իրավահարաբերությունների բնույթից` ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է, որ ժառանգության ընդունումը ժառանգի կողմից իրականացվող կանխամտածված, ակտիվ գործողությունների համակցություն է, որն ուղղված է ժառանգական գույքն իր սեփականությունը դարձնելուն: Այսինքն` թե՛ ըստ օրենքի, և թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգը պետք է գիտակցի և նրա գործողությունները պետք է նպատակաուղղված լինեն համապատասխան ժառանգության ընդունմանը:

Հետևաբար, ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքում ժառանգի կողմից պետք է ձեռնարկվեն ակտիվ քայլեր, որոնք պետք է ուղղված լինեն հենց ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն: Ժառանգի գործողություններից պետք է բխի, որ դրանք միտված են ոչ թե ըստ օրենքի ժառանգությունն ընդունելուն (եթե ըստ կտակի ժառանգը նաև ըստ օրենքի ժառանգ է), այլ հենց` ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն, որն էլ կարող է իրականացվել միայն ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելու եղանակով:

Եթե օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգը միջոցներ չի ձեռնարկում ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ապա ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի (տե՛ս, Գևորգ Բերբերյանն ընդդեմ Մարինե Բերբերյանի թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լուսիկ Բաղդասարյանը 22.10.1993 թվականին արված կտակով Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տունն ամբողջությամբ կտակել է Արմեն Կառլենի Բաղդասարյանին:

Դատարանը, 07.03.2013 թվականի վճռով անդրադառնալով Արմեն Բաղդասարյանի հայցապահանջին, գտել է, որ վերջինիս կողմից չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ նա նոտարին դիմում է ներկայացրել Լուսիկ Բաղդասարյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունելու կապակցությամբ, հետևաբար, նա չի կարող համարվել ըստ կտակի ժառանգ, իսկ հոր` Կառլեն Բաղդասարյանի կենդանության պայմաններում չի կարող համարվել նաև Լուսիկ Բաղդասարյանի ըստ օրենքի ժառանգը:

Վերաքննիչ դատարանը ևս Արմեն Բաղդասարյանի հայցի մասով գտել է, որ վերջինս, բաց թողնելով ըստ կտակի ժառանգությունն ընդունելու օրենքով սահմանված ժամկետը, այլևս չի կարող համարվել Լուսիկ Բաղդասարյանի ըստ կտակի ժառանգը: Ինչ վերաբերում է Արմեն Բաղդասարյանին փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջին, ապա առաջին հերթի ժառանգ Կառլեն Բաղդասարյանի կենդանության պայմաններում այդ պահանջը ևս առարկայազուրկ է:

Վերը շարադրված իրավական դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ըստ կտակի ժառանգության ընդունմանն ուղղված ակտիվ և գիտակցված գործողություն պետք է դիտարկել միայն օրենքով սահմանված ժամկետում նոտարական գրասենյակ դիմելու փաստը, մինչդեռ սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ կտակի գոյության մասին տեղեկացված Արմեն Բաղդասարյանն ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետում ձեռնարկել է գիտակցված և ակտիվ գործողություններ, այն է` դիմել է նոտարական գրասենյակ կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով և ընթացակարգով օգտվել է ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքից, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ծագել են ըստ օրենքի ժառանգման իրավահարաբերությունները: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի տիրապետման եղանակը հնարավոր չէ կիրառել ըստ կտակի ժառանգման իրավահարաբերությունների նկատմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի առաջին հիմքում բարձրացված հարցադրման կապակցությամբ ստորադաս դատարանների եզրահանգումները հիմնավոր են և իրավաչափ, հետևաբար բողոքը` նշված հիմքով, անհիմն է.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը» վերտառությամբ 172-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքը ծագում է ոչ թե ինքնըստինքյան, այլ սեփականության իրավունքի առաջացման հիմքեր հանդիսացող իրավաբանական փաստերի ուժով: Վկայակոչված հոդվածներով նախատեսված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի շարքում որպես այդպիսի ինքնուրույն հիմքեր, ի թիվս այլնի, նախատեսել է նաև ժառանգման և ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքերը:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում այդ երկու ինստիտուտների միջև անցկացնել իրավահամեմատական վերլուծություն և մասնավորապես նշել հետևյալը.

- ժառանգական իրավահարաբերությունների դեպքում անձը, լինելով կա՛մ ըստ օրենքի, կա՛մ ըստ կտակի ժառանգ, սեփականության իրավունք ձեռք բերելու հնարավորություն է ունենում միայն համապատասխան անձի (ժառանգատուի) մահվանից հետո` օրենքով սահմանված կարգով, դեպքերում և ժամկետներում ժառանգությունն ընդունելու պարագայում,

 - ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման ինստիտուտն իրենից ներկայացնում է սեփականության իրավունքի ձեռքբերման այնպիսի եղանակ, երբ անձն օրենքով նախատեսված համապատասխան նախապայմանները և ընթացակարգերը պահպանած լինելու դեպքում հնարավորություն է ստանում սեփականատիրոջ հավակնություններ ունենալու համապատասխան գույքի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ ժառանգման և ձեռքբերման վաղեմության իրավական ինստիտուտներն էականորեն տարբերվում են միմյանցից` իրենցից յուրաքանչյուրին բնորոշ մի շարք այլ առանձնահատկություններով:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադառնալով ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված իրավակարգավորումների կիրառման հարցերին` արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Միևնույն ժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես, դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե´ս, օրինակ, Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Թորոս Բաղդասարյանին Շահումյանի շրջանի 18-րդ կուսակցական համագումարի անվան կոլտնտեսությունից բնակելի տուն կառուցելու համար հատկացվել է 800քմ մակերեսով հողատարածք, տան կառուցումը սկսվել է 1950 թվականից և այն 1955 թվականից արդեն իսկ ենթակա է եղել շահագործման: Թորոս Բաղդասարյանը և Լուսիկ Բաղդասարյանը հանդիսացել են ամուսիններ: Թորոս Բաղդասարյանը մահացել է 07.11.1992 թվականին, իսկ Լուսիկ Բաղդասարյանը` 29.01.1994 թվականին (Կառլեն Բաղդասարյանը մահացել է 03.09.2013 թվականին): Շահեն Թորոսի Բաղդասարյանը և Կառլեն Թորոսի Բաղդասարյանը հանդիսացել են Թորոս և Լուսիկ Բաղդասարյանների առաջին հերթի ժառանգները: Թորոս Բաղդասարյանի մահից հետո վերջինիս պատկանող բաժնեմասը փաստացի տիրապետվել է նրա առաջին հերթի ժառանգների` Լուսիկ, Կառլեն և Շահեն Բաղդասարյանների կողմից: Լուսիկ Բաղդասարյանի մահից հետո նրան պատկանող բաժնեմասը` 4/6 մասը, փաստացի տիրապետվել է վերջինիս առաջին հերթի ժառանգներ Կառլեն և Շահեն Բաղդասարյանների կողմից: Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2007 թվականի թիվ 2-1033 օրինական ուժի մեջ մտած վճռով Մարուս Բաղդասարյանը Շահեն Բաղդասարյանի մահից հետո ճանաչվել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ:

Դատարանը, իր 07.03.2013 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մասնակիորեն բավարարելով, պատճառաբանել է, որ «Թորոս Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը և բնակելի տունը հանդիսացել է համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, ուստի դրա 1/2 մասը պատկանել է Լուսիկ Բաղդասարյանին: Թորոս Բաղդասարյանի ըստ օրենքի ժառանգներ են հանդիսացել նրա առաջին հերթի ժառանգները` կինը` Լուսիկ Բաղդասարյանը, որդիները` Կառլեն և Շահեն Բաղդասարյանները՝ յուրաքանչյուրը հավասար բաժիններով: Այսինքն` նրանցից յուրաքանչյուրը ժառանգել, փաստացի տիրապետման ուժով ընդունել է ժառանգական գույքի 1/3 մասը, որի արդյունքում ընդհանուր սեփականության իրավունքով Թորոս Բաղդասարյանին և Լուսիկ Բաղդասարյանին պատկանող գույքի 1/6-ի սեփականատեր է հանդիսացել Շահեն Բաղդասարյանը, 1/6-ի սեփականատեր` Կառլեն Բաղդասարյանը և 2/3-ի սեփականատեր` Լուսիկ Բաղդասարյանը: Լուսիկ Բաղդասարյանի մահից հետո, հիմք ընդունելով վերը նշված դատողությունները, կատարվել է բացառապես ըստ օրենքի ժառանգության բացում: Նման պայմաններում Դատարանը հաստատված է համարել, որ առնվազն բնակելի տունը փաստացի տիրապետելու արդյունքում ըստ օրենքի ժառանգներ` փաստացի տիրապետման ուժով ընդունած լինելու հիմքով, հանդիսացել են Շահեն և Կառլեն Բաղդասարյանները: Արդյունքում Դատարանը գտել է, որ Կառլեն Բաղդասարյանին հասանելիք գույքը կազմում է Թորոս Բաղդասարյանին և Լուսիկ Բաղդասարյանին պատկանած գույքի 1/2 մասը»: Դատարանը պատճառաբանել է նաև, որ «տարիներ շարունակ Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան առաջին հարկը որպես սեփականը օգտագործելով` Մարուս և Ատոմ Բաղդասարյանների տիրապետումը հիմնված է այնպիսի փաստի վրա, որը տիրապետողներին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նրանք այդ գույքը ձեռք են բերել և տիրապետելու են որպես սեփականություն, քանի որ ի սկզբանե տան առաջին հարկը հատկացվել է Ատոմ Բաղդասարյանի հորը, որն առաջին հարկը տիրապետել է որպես սեփական: Գույքն անձի փաստացի տիրապետմանն անցել է առանց որևէ բռնության գործադրման»: Միևնույն ժամանակ Դատարանը, հիմք ընդունելով սույն գործով վկաների ցուցմունքները, ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Ատոմ Բաղդասարյանի կողմից է օգտագործվել վիճելի հողամասը և նրա մոտ ծագել է սեփականության իրավունք վիճելի հողամասի նկատմամբ` ձեռքբերման վաղեմության ուժով, հետևաբար գտել է, որ հողամասի նկատմամբ ենթակա է ճանաչման թե՛ Կառլեն Բաղդասարյանի, թե՛ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների համատեղ սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը, հակընդդեմ հայցի` նշված մասով անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ Դատարանը ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել է Ատոմ Բաղդասարյանի սեփականության իրավունքը Երևանի Շահումյան փողոցի թիվ 63 հասցեի մնացած (վճռի թե՛ եզրափակիչ, թե՛ պատճառաբանական մասում նշված չէ, թե «մնացած» ասելով Դատարանը կոնկրետ ինչ նկատի ունի և որքան է կազմում այդ հողամասը) հողամասի նկատմամբ (հիմք 08-008 փորձագիտական եզրակացության 1-ին հավելված): Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Դատարանը նման եզրահանգում անելիս չի համադրել սույն քաղաքացիական գործի փաստերը, դրանք չի ենթարկել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտության, ինչի արդյունքում ձևավորված ներքին համոզմունքը չի բխել տվյալ գործի փաստերից:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ժառանգման իրավահարաբերություններին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված էլ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն այդ հարաբերությունների առկայության պայմաններում կարող է ստանալ որոշ չափով այլ կիրառություն և նոր մեկնաբանություն: Մասնավորապես` նման հարաբերությունների յուրօրինակությունը կայանում է նրանում, որ տվյալ պարագայում հնարավոր չէ որևէ անդրադարձ կատարել կոնկրետ անշարժ գույքի նախկին սեփականատիրոջ անձին, գնահատել նրա գործողությունները կամ անգործությունը, վերջինիս կողմից գույքից հրաժարման փաստի առկայությունը կամ բացակայությունը` հաշվի առնելով տվյալ անձի մահվան և նրա ունեցած անշարժ գույքի կապակցությամբ ժառանգական հարաբերությունների ծագման իրավաբանական փաստերը: Հետևաբար, նման պարագայում հետագայում համապատասխան անշարժ գույքը ձեռքբերող անձի բարեխղճության հարցը ևս չի կարող քննության առարկա դառնալ, հատկապես նկատի ունենալով այն իրողությունը, որ միևնույն սուբյեկտի կողմից նույն անշարժ գույքի նկատմամբ տիրապետման եղանակով ժառանգական զանգվածի ընդունման փաստ առկա լինելու պարագայում այդ զանգվածի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը փաստացիորեն անհնար է:

Այսպիսով, իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, կատարված վերլուծություններն ու տրված մեկնաբանությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցը` իրենց կողմից զբաղեցված Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 տան առաջին հարկի շինությունների ու դրանցով ծանրաբեռնված և բակային տարածքների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը բավարարելիս, անտեսել են այն հանգամանքը, որ վերջիններս, հանդիսանալով Թորոս և Լուսիկ Բաղդասարյանների իրավահաջորդ Շահեն Բաղդասարյանի իրավահաջորդները, չէին կարող հավակնել վեճի առարկա գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչմանը, քանի որ այն գույքը, որի նկատմամբ վերջիններիս կողմից ներկայացվել է պահանջ, հանդիսանում է ժառանգական զանգված: Ընդ որում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2007 թվականի թիվ 2-1033 օրինական ուժի մեջ մտած վճռով Մարուս Բաղդասարյանը Շահեն Բաղդասարյանի մահից հետո ճանաչվել է նրա ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունած ժառանգ:

Նման պայմաններում, հաշվի առնելով նաև վերը շարադրված իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով ժառանգի սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը ժառանգատու անձին պատկանած և տվյալ պահին արդեն ժառանգական զանգված հանդիսացող գույքի նկատմամբ բացառվում է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանն իր 04.03.2011 թվականին կայացրած որոշմամբ արդեն իսկ հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ վիճելի հասցեում առկա շինություններով չծանրաբեռնված հողամասը, ըստ գործում առկա ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 08-0008 փորձագիտական եզրակացության, կազմում է ընդամենը 131,4քմ, որն ընդհանուր տարածք է, որպիսի պայմաններում Ատոմ և Մարուս Բաղդասարյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի տիրապետման բարեխղճությունը Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 63 հասցեի շինությունների և դրանցով ծանրաբեռնված և բակային տարածքների նկատմամբ բացակայում է:

Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը սույն գործով իր նախկին որոշմամբ արդեն իսկ արձանագրել է այն փաստը, որ հիշյալ տարածքների նկատմամբ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների տիրապետման բարեխղճությունը բացակայում է, ինչը գործի նոր քննության շրջանակներում անտեսվել է, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի սույն հիմքը հիմնավոր է և Մարուս, Ատոմ Բաղդասարյանների հակընդդեմ հայցը ենթակա էր մերժման.

3) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն` դատավարության կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեն այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

Վերը նշված հոդվածի իրավական բովանդակության վերլուծությունից ակնհայտորեն հետևում է, որ դատավարության ցանկացած փուլում կողմի փոխարինումը նրա իրավահաջորդով վերջինիս համար առաջացնում է այն բոլոր իրավունքները, որոնցով օժտված կլիներ իր իրավանախորդը և այն բոլոր պարտականությունները, որոնք վերապահված կլինեին իր իրավանախորդին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ իրավանախորդի կողմից կատարված դատավարական բոլոր գործողությունները պարտադիր են դառնում նաև վերջինիս իրավահաջորդի համար:

Սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում Կառլեն Բաղդասարյանը մահացել է և դատավարական իրավահաջորդության արդյունքում վերջինիս փոխարինել են նրա իրավահաջորդները:

Սույն գործով Դատարանն իր` 07.03.2013 թվականի վճռով անդրադառնալով ժառանգական գույքի` տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն պահանջն ընդունվում է սկզբնական հայցով պատասխանողի կողմից, ինչպես նաև այն, որ տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջը միատեսակ է լուծվել առաջին ատյանի կողմից գործի նախորդ քննությունների ժամանակ, հիմք ընդունելով այն, որ վերադաս դատարանները երբևէ դատական ակտի բեկանման իրենց որոշումներում նման բաժանումը չեն գնահատել որպես սխալ, գտել է, որ գույքի բաժանումը պետք է կատարել` հիմք ընդունելով սույն գործում առկա փորձագետի եզրակացությունը:

Վերաքննիչ դատարանն իր 11.07.2014 թվականի որոշումը կայացնելիս մասնավորապես պատճառաբանել է, որ Դատարանը` Կառլեն Բաղդասարյանի հայցը բավարարելու և նրա կողմից Լուսիկ Բաղդասարյանի ժառանգությունն ընդունած ժառանգ (առանց նշելու բաժնեմասի չափը) ճանաչելու մասով հայցը բավարարելիս, ճիշտ գնահատելով գործի փաստերը և ճիշտ կիրառելով նյութաիրավական նորմերի պահանջները` հանգել է այնպիսի եզրակացության, ըստ որի` վիճելի հասցեի գույքը հավասար մասերով` 1/2-ական չափով, պատկանել է Լուսիկ և Թորոս Բաղդասարյաններին, իսկ վերջինիս մահից հետո նրան պատկանող բաժնի նկատմամբ հավասար չափերով (այսինքն` յուրաքանչյուրին 1/3 մասով) ժառանգներ են հանդիսացել փաստացի տիրապետող ժառանգներ կինը` Լուսիկ Բաղդասարյանը, և որդիները` Կառլեն և Շահեն Բաղդասարյանները: Արդյունքում` ընդհանուր գույքում Լուսիկ Բաղդասարյանի բաժինը կազմել է (1/2+1/6) 4/6, իսկ Շահեն և Կառլեն Բաղդասարյաններինը` 1/6-ական: Հետևաբար Դատարանը թեև կատարել է ճիշտ հետևություններ, սակայն վճռի եզրափակիչ մասում այդ մասին հստակ եզրահանգում չի կատարել:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բաժինները և մուտքային տարածություններն առանձնացնելու վերաբերյալ պահանջը բավարարելու կապակցությամբ Դատարանի կողմից արված հետևությունները չեն բխում սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներից և կողմերի ներկայացրած պահանջների էությունից, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով և 190-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորումներից: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ սույն գործով կողմերի միջև բաժիններն իրենց համաձայնությամբ որևէ կերպ որոշված չեն: Տվյալ պարագայում ժառանգներից ոչ ոք նոտարական կամ դատական կարգով ժառանգությունը չի ձևակերպել, նրանց բաժինները որոշված չեն: Բաժինների չափը վերջնականապես որոշված չէ, մասնավորապես, այն պատճառով, որ այդ մասին նշում չկա Մարուս Բաղդասարյանի վերաբերյալ կայացված դատական ակտում, ինչպես նաև այն պատճառով, որ Կառլեն Բաղդասարյանի մահից հետո (գործի քննության ընթացքում մահացած) այդ բաժինները կարող են տարբեր լինել նրա իրավահաջորդների կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու կամ չներկայացնելու, ժառանգական իրենց բաժնի ընդունումից հրաժարվելու և այլ դեպքերում:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ վիճելի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Լուսիկ և Թորոս Բաղդասարյաններին և վերջինիս մահից հետո, նրա ժառանգական գույքի նկատմամբ հավասար բաժիններով փաստացի տիրապետմամբ ժառանգներ են հանդիսացել Լուսիկ, Կառլեն Բաղդասարյանները և Շահեն Բաղդասարյանը (վերջինիս մահից հետո` Մարուս և Ատոմ Բաղդասարյանները): Այսինքն` ձևավորվել են հետևյալ բաժնեմասերը` Լուսիկ Բաղդասարյան` 4/6, Կառլեն Բաղդասարյան` 1/6, Շահեն Բաղդասարյան` 1/6: Հետևաբար փաստացի տիրապետման հիմքով ըստ կտակի ժառանգության ընդունումը բացառելու արդյունքում Լուսիկ Բաղդասարյանի մահից հետո ծագած ըստ օրենքի ժառանգման իրավահարաբերությունների պայմաններում ձևավորվել է վիճելի հասցեի ողջ անշարժ գույքի նկատմամբ Կառլեն և Շահեն Բաղդասարյանների բաժնեմասը` յուրաքանչյուրին 1/2-ական:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից լրացուցիչ քննության և պարզման են ենթակա մի շարք հանգամանքներ, մասնավորապես` Լուսիկ, Կառլեն և Շահեն Բաղդասարյանների, ինչպես նաև վերջիններիս մահից հետո` նրանց ժառանգների բաժնեմասերի կոնկրետ չափերը, ինչպես նաև Կառլեն Բաղդասարյանի հնարավոր ժառանգների հավակնությունները վերջինիս գույքի նկատմամբ և նրանց հնարավոր բաժնեմասերը:

Ինչ վերաբերում է տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում Արմեն Բաղդասարյանի (ինչպես նաև Անահիտ Բաղդասարյանի)` Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդներ դառնալու և ժառանգական համապատասխան զանգվածի նկատմամբ երրորդ անձանց հավակնությունների անհայտ լինելու պայմաններում հնարավոր չէ հետևություն անել բաժինների առանձնացման հնարավոր տարբերակների վերաբերյալ, որպիսի հանգամանքները պետք է դառնան սույն քաղաքացիական գործով նոր քննության շրջանակներում հետազոտության առարկա:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ և երրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու և գործը՝ ըստ Կառլեն Բաղդասարյանի (իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյաններ) հայցի ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների` ըստ օրենքի ժառանգությունը տիրապետման փաստով ընդունած համարելու, սեփականության իրավունքով ժառանգական գույքի` տան և հողամասի բաժնեմասը և մուտքային տարածությունն առանձնացնելու պահանջների մասով, նոր քննության ուղարկելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցի մասով ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է`հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքից:

Սույն գործով նկատի ունենալով, որ Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդները վճռաբեկ բողոքի համար վճարել են 20.000 ՀՀ դրամ, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով համապարտության կարգով ենթակա է հատուցման Մարուս և Ատոմ Բաղդասարյանների կողմից:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ սույն գործը՝ Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդների հայցապահանջի մասով, ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում այդ մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.07.2014 թվականի որոշումը և

- հակընդդեմ հայցի մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2013 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով այն փոփոխել. Ատոմ և Մարուս Բաղդասարյանների հակընդդեմ հայցն ընդդեմ Կառլեն և Արմեն Բաղդասարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Շենգավիթ» տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել,

- քաղաքացիական գործը` ըստ Կառլեն Բաղդասարյանի (իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյաններ) հայցի ընդդեմ Ատոմ և Մարուս Բաղդասարյանների՝ փաստացի տիրապետման հիմքով ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժիններն ու մուտքերն առանձնացնելու պահանջների մասերով, ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Որոշումը՝ մնացած մասով, թողնել օրինական ուժի մեջ:

2. Մարուս և Ատոմ Բաղդասարյաններից հօգուտ Կառլեն Բաղդասարյանի իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյանների համապարտության կարգով բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Կառլեն Բաղդասարյանի (իրավահաջորդներ Անահիտ և Արմեն Բաղդասարյաններ) հայցապահանջի մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
   

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան