Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1238
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.14/84(1173) Հոդ.1098
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
01.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

1 դեկտեմբերի 2015 թ.

 

ԼՅՈՒԲՈՎ ՓԻԼՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 124-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`

դիմողի ներկայացուցիչներ Ա. Ղազարյանի, Ա. Զեյնալյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լյուբով Փիլոյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Լ. Փիլոյանի` 17.08.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև օրենսգիրք)` «Գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերը» վերտառությամբ 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է.

«1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս` … 3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն»:

Օրենսգրքի 124-րդ հոդվածում որևէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքն (այսուհետ` նաև օրենք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2004 թվականի փետրվարի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի դեկտեմբերի 31-ից:

Օրենքի`«Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում»:

Օրենքի 63-րդ հոդվածը փոփոխվել է 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-10-Ն ՀՀ օրենքով, որով 63-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում «չհամարվող» բառը փոխարինվել է «չհանդիսացող» բառով։

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

դիմողը, ակնկալելով իր իրավունքների դատական պաշտպանություն, տարիներ շարունակ մասնակցել է դատավարական տարբեր գործընթացների: Սույն գործով վիճարկվող նորմերի կիրառման դատավարական նախապատմությունն սկսվում է 2012 թվականի փետրվարի 27-ից, երբ դիմողի անունից նրա փաստաբանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Երևանի քաղաքապետի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի` Երևանի քաղաքապետի 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 2249-Ա որոշումը, դրա հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված` «Հողամասի ուղղակի վաճառքի մասին» պայմանագիրը և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի անվամբ կատարված պետական գրանցումը մասնակի առ ոչինչ կամ անվավեր ճանաչելու պահանջների մասին:

ՀՀ վարչական դատարանի 02.08.2013թ. թիվ ՎԴ/2085/05/12 վարչական գործով կայացված վճռով հայցը մերժվել է:

Դիմողի փաստաբանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2014թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է:

Երևանի քաղաքապետարանի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015թ. որոշմամբ մասնակի բեկանվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.02.2014թ. որոշումը և օրինական ուժ է տրվել ՀՀ վարչական դատարանի 02.08.2013թ. վճռին:

 

3. Դիմողը գտնում է, որ վարչական դատարանը կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ և այլ ակտերի իրավաչափության ստուգման և վերլուծության փուլում պարտավոր է ստուգել նաև այդ ակտերի համապատասխանությունը նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով վարչական դատարանի կողմից կայացված դատական ակտերին և ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին: Իր հիմնավորումների շրջանակներում դիմողը վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածները, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի` 05.04.2011թ. ՍԴՈ-947 որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումները, իրավունքի գերակայության, սահմանադրական նորմերի գերակայության, դրանց անմիջական գործողության, օրենքների, ենթաօրենսդրական, գերատեսչական, վարչական ակտերի նկատմամբ գերակայության սկզբունքը: Դիմումում վերլուծվում է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի բովանդակությունը, ինչպես նաև վկայակոչվում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը:

 Ըստ դիմողի` վարչական դատարանի լիազորությունը սահմանափակելը, այն է` նշված ակտերի` միայն «օրենքին», այլ ոչ թե նաև ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի որոշումներին հակասելու հանգամանքն ստուգելը, հակասում է իրավական որոշակիության, իրավական կանխատեսելիության, իրավահավասարության, օրենքի առջև բոլորի հավասարության, սահմանադրական դատարանի և վարչական դատարանի դատական ակտերի` օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ակտերի նկատմամբ գերակա լինելու սկզբունքներին:

Դիմողը նաև գտնում է, որ նույն հիմնավորումներով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին և/կամ 3, 18 և 19-րդ հոդվածներին` այնքանով, որքանով բացառում են կոնկրետ վարչական գործով կիրառման ենթակա վարչական ակտերի` ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով կայացված որոշումներին համապատասխանությունն ի պաշտոնե ստուգման առարկա դարձնելը:

Միաժամանակ, դիմողը սահմանադրական դատարանին խնդրում է նաև բացահայտել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` «օրենքին հակասելու պատճառով» դրույթի ու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված են բավարար իրավական կառուցակարգեր ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի որոշումների պահանջները ՀՀ իրավական համակարգում իրացնելու համար:

Իր այդ դիրքորոշումը հիմնավորելու համար վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը, 22-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61 և 69-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 30, 134, 158, 161, 198 և 199-րդ հոդվածները` պատասխանողը գտնում է, որ «օրենքի խախտում» եզրույթը լայն հասկացություն է, որը, վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, ընդգրկում է իրավական ակտի օրինականության ստուգման պահանջն ինչպես նշված իրավական ակտի ընդունման և գործողության մեջ դնելու ընթացակարգի պահպանվածության տեսանկյունից, այնպես էլ դրա բովանդակության համապատասխանության ստուգումն առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի պահանջներին:

Վերը նշված իրավադրույթների վկայակոչմամբ` պատասխանողը գտնում է նաև, որ կոնկրետ գործով կիրառման ենթակա իրավական ակտերի, ինչպես նաև օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված վարչական ակտերի` օրենքին համապատասխանությունն ստուգելու պահանջն անուղղակիորեն ներառում է նաև օրենքի կամ նորմատիվ այլ իրավական ակտի, այդ թվում` վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած, նորմի վերաբերյալ համապատասխանաբար` ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացված որոշումները հաշվի առնելու պահանջը:

Միաժամանակ, պատասխանողը գտնում է, որ դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ վիճարկվող նորմերի սահմանադրականությամբ, և դիմողը, ըստ էության, բարձրացնում է իր նկատմամբ կայացված դատական ակտերի իրավաչափության հարց:

 

5. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում՝ օրենքի դրույթի կիրառման պայմանը։

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի՝ 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման՝ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սույն գործով ՀՀ սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ դիմողի շատ փաստարկներ թերևս քննության առարկա կարող էին դառնալ վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում, սակայն անհատական դիմումների վերաբերյալ ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված են հստակ պահանջներ: Այս առումով, սույն գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով անհատական սահմանադրական գանգատին ներկայացվող պահանջներն ու այն գործերի քննության առանձնահատկությունները, որոնք սահմանված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` «օրենքին հակասելու պատճառով» դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել, և առկա է գործի վարույթն այդ մասով կարճելու հիմք` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի, 60-րդ հոդվածի դրույթների:

Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը բաղկացած է երկու դրույթներից.

ա/ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը,

բ/ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:

Դիմողի առնչությամբ կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով սահմանադրական դատարանը փաստում է, որ դրանցում ոչ միայն առկա չէ հղում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` վերը նշված երկրորդ դրույթին, այլ նաև դատական ակտերից և ոչ մեկում դատարանները չեն նշել այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:

Բացի դրանից, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողը ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթի սահմանադրականության հարց` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմողը չի հիմնավորել օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը: Դիմողի ներկայացրած հիմնավորումները վերաբերում են բացառապես օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետին: Այսինքն` առկա է դիմումն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի մասով կարճելու հիմք` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի և 69-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների:

 

6. Անդրադառնալով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը նշված դրույթի վերաբերյալ իր փաստարկները կառուցել է հետևյալ երկու դիրքորոշումների հիման վրա.

առաջին` օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված` անհատական վարչական ակտի անվավերության հիմքերի շարքում բացակայում են այնպիսի հիմքերը, ինչպիսիք են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացված որոշումները,

երկրորդ` օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը վարչական դատարանին վերապահում է լիազորություն` ի պաշտոնե ստուգելու կիրառման ենթակա անհատական վարչական ակտի համապատասխանությունն օրենքներին` բացառելով դրանց` նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացված որոշումներին համապատասխանությունն ի պաշտոնե ստուգելու հնարավորությունը:

Դիմողի` վերը նշված առաջին փաստարկի կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը։ Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` անհատական իրավական ակտն ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին:

Վերը նշված դրույթից բխում է, որ վարչական դատարանում կոնկրետ դեպքում` անհատական վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործի քննության ժամանակ դատարանը որոշում է այն նորմատիվ իրավական ակտերի շրջանակը, որոնց հիման վրա ընդունվել է անհատական վարչական ակտը, ինչպես նաև պարզում է անհատական վարչական ակտի ընդունման պահին վերը նշված նորմատիվ իրավական ակտերի` ուժի մեջ գտնվելու հանգամանքը: Այսինքն` վարչական դատարանը պարզում է, ի թիվս այլնի, համապատասխան նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի համապատասխան որոշումների առկայությունը: Այստեղից էլ բխում է, որ եթե վարչական դատարանում անհատական վարչական ակտի վիճարկման վերաբերյալ գործի քննության ժամանակ առկա է սահմանադրական դատարանի համապատասխան որոշում, որով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել անհատական վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած նորմատիվ իրավական ակտը (կամ նրա համապատասխան դրույթը), կամ տվյալ նորմատիվ իրավական ակտը (կամ նրա համապատասխան դրույթը) ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող` ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ, կամ առկա է վարչական դատարանի համապատասխան որոշում, որով տվյալ նորմատիվ իրավական ակտը (կամ նրա համապատասխան դրույթը) ճանաչվել է անվավեր, և անհատական վարչական ակտն ընդունվել է վերը նշված նորմատիվ իրավական ակտի հիման վրա, ապա վարչական դատարանում վիճարկվող անհատական վարչական ակտը համարվում է օրենքին, մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին հակասող: Այստեղից էլ բխում է, որ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում, որպես կոնկրետ դեպքում, անհատական վարչական ակտի անվավերության հիմք նշված` օրենքին հակասելու վերաբերյալ դրույթը միաժամանակ ներառում է նաև անհատական վարչական ակտի` այլ նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացված որոշումներին հակասելու հանգամանքը, և բացակայում է անհատական վարչական ակտի անվավերության հիմքերի շարքում այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի համապատասխան որոշումների վերաբերյալ դրույթներ ամրագրելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վարչական դատարանի որոշումները համապատասխանաբար` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար:

Բացի դրանից, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ի թիվս իրավակիրառողների համար իրավասություն սահմանող այլ իրավական ակտերի, անուղղակիորեն սահմանում է պարտականություն` վարչական ակտ ընդունելիս կանխատեսել դրա անվավերության հիմքերը, այն է` տվյալ վարչական ակտի ոչ միայն ընդունման կարգին, այլ բովանդակությանը վերաբերող օրենքների, ՀՀ միջազգային պայմանագրերի, այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ վարչական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների և վճիռների պահանջների պահպանվածությունը և վարչական ակտն ընդունել միայն այդ պահանջների պահպանվածության հանգամանքի մասին հավաստիանալուց հետո: Այսինքն` ի թիվս այլնի, հիմք ընդունել ոչ միայն տվյալ վարչական ակտն ընդունելու իրավասություն սահմանող օրենքը և այլ նորմատիվ իրավական ակտ (նրա համապատասխան դրույթները), այլ նաև հաշվի առնել տվյալ վարչական ակտի բովանդակությանն առնչվող այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի և, մասնավորապես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 35-րդ, 37-րդ, 38-րդ, 66-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները, տվյալ վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ սահմանադրական դատարանի և վարչական դատարանի որոշումները, ինչպես նաև վարչական ակտի հասցեատիրոջ` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը:

Անդրադառնալով դիմողի երկրորդ փաստարկին` կապված վարչական դատարանի լիազորության հետ` ի պաշտոնե ստուգելու կիրառման ենթակա անհատական վարչական ակտի համապատասխանությունը ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներին և ՀՀ վարչական դատարանի` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով կայացված որոշումներին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «Վճռի պատճառաբանական մասը բովանդակում է` … 3) եզրահանգում` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում»: Օրենսգրքի 126-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի` վերը նշված դրույթներից բխում է, որ վարչական դատարանում կոնկրետ գործի քննության ընթացքում կիրառելի իրավունքի շրջանակներում ընդգրկվում են կամ կիրառման ենթակա իրավական ակտեր են համարվում բացառապես միջազգային պայմանագրերը, օրենքները, նորմատիվ իրավական ակտերը, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Հետևաբար, վարչական դատարանում կոնկրետ գործի քննության շրջանակներում անհատական վարչական ակտերը չեն հանդիսանում տվյալ գործով կիրառման ենթակա ակտեր և չեն ներառվում տվյալ գործով կիրառելի իրավունքի շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։

Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսգիրքը չի պարունակում որևէ նորմ, որը վարչական դատարանին հնարավորություն կընձեռեր մեկ այլ գործի քննության շրջանակներում քննության առարկա դարձնելու տվյալ գործի լուծման համար էական նշանակություն, սակայն տվյալ գործով հայցի առարկա չհանդիսացող մեկ այլ անհատական վարչական ակտի իրավաչափության հարցը: Այսինքն` օրենսդրի տրամաբանությունը հիմնված է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի, այդ թվում՝ նաև անհատական վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վրա, ինչը բացառում է չբողոքարկված ցանկացած իրավական ակտի իրավաչափությունը մեկ այլ գործի քննության ընթացքում գնահատելու հնարավորությունը` ելնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից:

Այս տրամաբանությունն է ընկած նաև ՀՀ վճռաբեկ դատարանի` դիմողի վերաբերյալ թիվ ՎԴ/2085/05/12 գործով 30.04.2015թ. կայացրած որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների հիմքում: Մասնավորապես, նշված որոշման մեջ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում ձևավորել է իրավական դիրքորոշում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի մասին: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանմամբ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետևաբար քննվող գործի շրջանակներում որևէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նաև դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ` դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա` իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս, օրինակ, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը)»:

 

7. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի սահմանադրականությունը որոշելիս սահմանադրական դատարանը գնահատում է ինչպես այդ ակտը, այնպես էլ ձևավորված իրավակիրառական պրակտիկան։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի համաձայն` «7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործերով որոշում ընդունելիս սահմանադրական դատարանը պարզում է վիճարկվող ակտի կամ վերջինիս առանձին դրույթների համապատասխանությունը Սահմանադրությանը՝ մասնավորապես հաշվի առնելով` … 3) մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության, ազատ իրականացման անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը. ... 5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց լիազորությունների թույլատրելի սահմանները»:

Սույն գործի շրջանակներում, ելնելով վերը նշված դրույթներից, օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ Երևանի քաղաքապետի 25.11.2005թ. թիվ 2594-Ա որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.03.2004թ. թիվ 399-Ն որոշումը, որպես փոխհատուցում դիմողին գնման նախապատվության, կառուցապատման և 99 տարով վարձակալության իրավունքներով տրամադրվել է հողամաս, կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, տրվել է հատակագիծ-սխեմա: Դիմողը, փաստորեն, ձեռք է բերել խնդրո առարկա հողամասի նկատմամբ կառուցապատման, վարձակալության իրավունքներ, ինչպես նաև սեփականության իրավունքի օրինական ակնկալիք, ինչի վրա տարածվում է սեփականության իրավունքին համարժեք պաշտպանության ռեժիմ` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքի: Մասնավորապես, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տե՛ս մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով 2009թ. հունիսի 11-ի վճիռը, կետ 44) գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը վկայակոչված է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. հուլիսի 7-ի ՍԴՈ-902 որոշման մեջ: Իսկ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-723, ՍԴՈ-741, ՍԴՈ-881 որոշումներում սահմանադրական դատարանը փաստել է սեփականության իրավունք ձեռք բերելու նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների հիմքով սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունը: Ավելին, ՍԴՈ-741 որոշման 8-րդ կետում սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանություն տրամադրվում է այն անձանց, ում սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ճանաչված է, կամ ովքեր օրենքի ուժով ունեն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք»:

Մինչդեռ Երևանի քաղաքապետի 16.03.2006թ. թիվ 357-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել խնդրո առարկա հողամասը տրամադրելու վերաբերյալ 25.11.2005թ. թիվ 2594-Ա որոշումը և վաղաժամկետ լուծվել է վարձակալության պայմանագիրը, ինչը ոտնահարել է դիմողի՝ կառուցապատման, վարձակալության իրավունքները, ինչպես նաև սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը, հետևաբար՝ նաև սեփականության իրավունքը: ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն`ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի: Ընդ որում, Սահմանադրության 31-րդ հոդվածի դրույթների վերաբերյալ սահմանադրական դատարանն իր՝ 16.04.2006թ. ՍԴՈ-630 որոշման 8-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Համաձայն Սահմանադրության 31 հոդվածի 1-ին մասի` «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը»: Սահմանադրության 43 հոդվածը սեփականության իրավունքը չի դիտարկում որպես այդ հոդվածի հիմքերով սահմանափակվող իրավունք: Առկա է իրավունքների սահմանափակման այն առանձնահատուկ դեպքը, երբ Սահմանադրությունն է որոշում տվյալ իրավունքի սահմանափակման չափանիշն ու սահմանները` դա չվերապահելով նույնիսկ օրենսդրի իրավասությանը: Այն կարող է, նախ` իրականացվել օրենքով նախատեսված դեպքերում բացառապես դատական կարգով սեփականությունից զրկելու միջոցով` որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Երկրորդ` «սեփականության օտարման» միջոցով, որը «սեփականության զրկումից» էապես տարբեր այլ ինստիտուտ է և պետք է իրականացվի Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի հիմքերով»:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի սեփականության իրավունքի խախտմանն առնչվող խնդիրը պայմանավորված է ոչ թե վեճի առարկա իրավանորմերի սահմանադրականության հանգամանքով, այլ դիմողի` կառուցապատման և վարձակալության իրավունքները, ինչպես նաև սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը գործնականում իրավունքի գերակայության սկզբունքին համարժեք ձևով հաշվի չառնելու հանգամանքով:

Գործում առկա այն փաստարկները, որոնք առնչվում են դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության պայմանների չկատարմանը և Երևանի քաղաքապետի 16.03.2006թ. թիվ 357-Ա որոշմանը, այդ թվում՝ նաև դիմողի լսվելու իրավունքի խախտման և օրենքի 35, 37, և 38-րդ հոդվածների պահանջների անտեսմանը, վեճի առարկա նորմերի սահմանադրականությանը չեն վերաբերում, այլ առաջադրում են ընդունված ակտերի իրավաչափության խնդիր և դուրս են սահմանադրական դատարանի քննության շրջանակներից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Լյուբով Փիլոյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի մասով կարճել:

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

1 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1238