Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-01.01.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.1186.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1533-Ն

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի ու 12-րդ մասի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 95-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատման իրականացման կարգը (այդ թվում՝ գնահատման մեթոդաբանությունն ու չափորոշիչները), մասնագիտացված հանձնաժողովների ձևավորման կարգը, աշխատակարգը, անհատական կազմը և նրանց կողմից տրամադրվող եզրակացության ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1533-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տուն հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող (այսուհետ՝ ՀԱԽՈՒ) անձանց խնամքի տրամադրման նպատակը և սկզբունքները, շուրջօրյա խնամքի տներին ներկայացվող ընդհանուր պահանջները, կարգավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի տներ ընդունելության և այնտեղից դուրսգրման, խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման, ինչպես նաև նրանց սոցիալական ներառմանն աջակցելու հետ կապված հարաբերությունները:

2. Շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

3. ՀԱԽՈՒ անձը հոգեկան առողջության խաթարման կապակցությամբ հոգեբուժական, հոգեբանական և վերականգնողական օգնություն ստացող կամ այդ օգնության կարիքն ունեցող անձն է:

4. Սույն կարգի իմաստով շուրջօրյա խնամքի տունը բնակչության սոցիալական պաշտպանության` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո գտնվող, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներքո չգտնվող, սակայն սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում պետական աջակցությամբ ծրագրեր իրականացնող հաստատության տեսակ է, որը ՀԱԽՈՒ անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման շրջանակում նախատեսված է ՀԱԽՈՒ անձանց մշտական կամ ժամանակավոր բնակության համար, և, որտեղ ՀԱԽՈՒ անձին որոշակի ժամկետով կամ անժամկետ տրամադրվում է խնամք, ըստ անհրաժեշտության, կազմակերպվում է այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը, ապահովվում են ՀԱԽՈՒ անձի սոցիալական հմտությունների վերականգնման, ինքնասպասարկման ունակությունների զարգացման ու սոցիալական ներառմանը նպաստելու համար անհրաժեշտ պայմաններ՝ սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով։

 

II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձանց խնամքի տրամադրման նպատակը հոգեկան առողջության պահպանման ոլորտում այլընտրանքային ծառայությունների կազմակերպման ու տրամադրման միջոցով ՀԱԽՈՒ անձանց համար ընտանեկանին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմանների ապահովումը և սոցիալ-հոգեբանական վերականգնումը, ինչպես նաև ՀԱԽՈՒ անձանց առողջության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության ու սոցիալական կարգավիճակի վերականգնման դրական զարգացումների արդյունավետ օգտագործումը, ՀԱԽՈՒ անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելը և սոցիալական ներառմանն աջակցությունն է:

6. Շուրջօրյա խնամքի տանը խնամքը տրամադրվում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` սոցիալական ծառայությունների տրամադրման հիմնական և սույն կարգով սահմանվող հետևյալ սկզբունքներին համապատասխան՝

1) թափանցիկություն՝ խնամքի տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելի լինելը հասարակության համար.

2) համագործակցություն` խնամքի տրամադրումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ փոխգործակցության և համատեղ գործունեության հիման վրա.

3) հավասարություն` խնամքը տրամադրելիս՝ միատեսակ փաստական հանգամանքների դեպքում անհավասար մոտեցում ցուցաբերելու անթույլատրելիությունը, եթե առկա չէ տարբերակման որևէ օբյեկտիվ հիմք.

4) ուղղորդվածություն և շարունակականություն՝ ՀԱԽՈՒ անձի սոցիալական կարիքներին առավել համապատասխան խնամքի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը, դրանց շարունակականության ապահովումը.

5) ՀԱԽՈՒ անձին` իր խնդիրների լուծմանը և որոշումների կայացմանը մասնակից դարձնելը:

 

III. ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Շուրջօրյա խնամքի տունը նախատեսված է ոչ ավելի, քան ՀԱԽՈՒ տասնվեց անձանց միաժամանակյա բնակության (խնամքի) համար: Շուրջօրյա խնամքի տանը բնակվող (այսուհետ` խնամվող) ՀԱԽՈՒ անձանց սենյակների բնակելի մակերեսը՝ մեկ խնամվողի հաշվարկով, չի կարող պակաս լինել 6 քառ. մետրից:

8. Յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու ՀԱԽՈՒ անձ: Սենյակներն ապահովվում են համապատասխան կահույքով:

9. Շուրջօրյա խնամքի տունը և դրա ամբողջ տարածքը պետք է հարմարեցված լինեն տեղաշարժման խնդիրներ ունեցող (սայլակներով տեղաշարժվող) հաշմանդամություն ունեցող ՀԱԽՈՒ անձանց համար՝ ապահովելով նրանց ազատ տեղաշարժը:

10. Շուրջօրյա խնամքի տունը պետք է ունենա՝

1) ընդունարան` կից մեկուսարանով` վարակիչ հիվանդություններով հիվանդների ժամանակավոր մեկուսացման համար.

2) բուժկետ` անհետաձգելի բժշկական օգնության դեղերի, գործիքների և կադրային հագեցվածությամբ.

3) լվացքատուն` կահավորված լվացքի մեքենայով (մեքենաներ)` խնամվող յուրաքանչյուր մեկ ՀԱԽՈՒ անձի հաշվարկով՝ առնվազն մեկ կգ հզորությամբ, ինչպես նաև լվացքը չորացնելու համար նախատեսված առանձին տարածք կամ շուրջօրյա խնամքի տանը խնամվող անձանց անձնական և անկողնային սպիտակեղենի լվացման համար համապատասխան կազմակերպության հետ կարող է կնքվել ծառայությունների մատուցման մասին պայմանագիր.

4) սանհանգույց` յուրաքանչյուր ութ խնամվողին առնվազն մեկ հատի հաշվարկով, և բաղնիք (լոգասենյակ)՝ յուրաքանչյուր ութ խնամվողին առնվազն մեկ ցնցուղի հաշվարկով, ապահովելով համապատասխան պայմաններ՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող (սայլակներով տեղաշարժվող), հաշմանդամություն ունեցող ՀԱԽՈՒ անձանց համար.

5) ախտահանման խցիկ, կամ շուրջօրյա խնամքի տանը խնամվող անձանց անձնական և անկողնային սպիտակեղենի ախտահանման համար կարող է համապատասխան կազմակերպության հետ կնքվել ծառայությունների մատուցման մասին պայմանագիր.

6) առանձին խոհանոց և ճաշասրահ` այն հաշվարկով, որ այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձինք կարողանան ճաշել ոչ ավելի, քան երկու հերթով.

7) առնվազն մեկ հանգստի սենյակ, որը պետք է ապահովված լինի բազմոցով, բազկաթոռներով, սեղաններով, սեղանի խաղերով, աթոռներով՝ առնվազն ութ խնամվողի միաժամանակյա հանգստի և զբաղմունքի համար, և առնվազն մեկական հեռուստացույցով և համակարգչով.

8) առողջության համար աշխատանքի անվտանգ և անվնաս պայմաններով ապահովված առնվազն մեկ սենյակ՝ նախատեսված աշխատակազմի համար:

11. Շուրջօրյա խնամքի տունը պետք է ունենա ներքին կարգապահական կամ համակեցության կանոններ (այսուհետ՝ կանոններ)՝ հաստատված շուրջօրյա խնամքի տանը խնամք տրամադրող կազմակերպության համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից:

12. Շուրջօրյա խնամքի տունը պետք է ապահովված լինի հակահրդեհային անվտանգության ազդանշանային համակարգով, շուրջօրյա խնամքի տանը պետք է ապահովվեն միկրոկլիմայի, լուսավորության, ինչպես նաև կառուցվածքին, ջրամատակարարմանը և ջրահեռացմանը ներկայացվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերի և Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները:

 

IV. ՀԱԽՈՒ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

13. Շուրջօրյա խնամքի տանն ընդունում և խնամք են տրամադրում 18 տարին լրացած ՀԱԽՈՒ այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված` ՀԱԽՈՒ անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատում իրականացրած մասնագիտացված հանձնաժողովների (որոնց կազմում ընդգրկված են հոգեբույժ, կլինիկական հոգեբան, սոցիալական աշխատող) համապատասխան եզրակացություններով տրված մասնագիտական գնահատականների համաձայն բավարարում են հետևյալ պահանջները՝

1) ամբողջովին կամ մասամբ պահպանել են իրենց կենցաղային հմտությունները և ինքնուրույնությունը.

2) ունեն սոցիալ-հոգեբանական վերականգնման և հասարակությանն ինտեգրման կարիք, սակայն չունեն իրենց մշտական բնակության վայրում բնակվելու հնարավորություն` չունեն ընտանիք, կամ ընտանիքը չի կարող կամ չի ցանկանում ապահովել նրանց խնամքը և վերասոցիալականացման գործընթացը:

14. Բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի՝ շուրջօրյա խնամքի տուն ընդունվելու համար ՀԱԽՈՒ անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (այսուհետ` ներկայացուցիչ) շուրջօրյա խնամքի տուն է ներկայացնում՝

1) գրավոր դիմում` համաձայն N 1 ձևի, ինչպես նաև՝ 3 x 4 չափսի մեկ գունավոր լուսանկար.

2) ՀԱԽՈՒ անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝

ա. անձնագիր կամ նույնականացման քարտ,

բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք.

3) ՀԱԽՈՒ անձի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ (կացության քարտ), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ.

4) ՀԱԽՈՒ անձի հաշմանդամություն ունենալու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից տրված հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք.

5) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համատեղ հրամանով հաստատված՝ «Խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտը» կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված հիվանդություններով (բացառությամբ այդ հավելվածում նշված հոգեկան խանգարումների) հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, ինչպես նաև քաղվածք մեծահասակների ամբուլատոր բժշկական քարտից կամ հոգեբուժական բժշկական կազմակերպության հիվանդի ամբուլատոր քարտից կամ հիվանդության պատմության նկարագրից.

6) ՀԱԽՈՒ անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում` անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում` գործունակությունը սահմանափակելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը և ՀԱԽՈՒ անձի հոգաբարձուի համաձայնությունը՝ շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձին խնամք տրամադրելու վերաբերյալ.

7) ՀԱԽՈՒ անձի կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատում իրականացրած մասնագիտացված հանձնաժողովի կողմից տրված համապատասխան եզրակացությունը:

15. Այն դեպքում, երբ շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձին ընդունելու նպատակով դիմում է ՀԱԽՈՒ անձի ներկայացուցիչը, սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերից բացի, պահանջվում են նաև ներկայացուցչի նույնականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ սույն կարգի 14-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերին համապատասխան (իսկ կացության քարտ չունեցող, բայց Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող օտարերկրյա քաղաքացու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում նրա օրինական գտնվելը հավաստող վավերական փաստաթուղթը), ինչպես նաև՝

1) ՀԱԽՈՒ անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ խնամակալը կամ հոգաբարձուն հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող լիազորագրի հիման վրա ՀԱԽՈՒ անձի ներկայացուցիչը լինելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

16. ՀԱԽՈՒ անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը ներկայացնում է ՀԱԽՈՒ անձի խնամակալը:

17. Բացառությամբ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքի՝ շուրջօրյա խնամքի տուն ընդունվելու համար դիմած ՀԱԽՈՒ անձանց հավասար պայմանների առկայության դեպքում առաջնահերթությունը տրվում է շուրջօրյա խնամքի տան գտնվելու վայրի համայնքի բնակիչներին:

18. Այն դեպքում, երբ ՀԱԽՈՒ անձը շուրջօրյա խնամքի տուն ընդունվում է (տեղափոխվում է) բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր կամ հատուկ տիպի հաստատությունից (այսուհետ՝ հաստատություն), շուրջօրյա խնամքի տունը հաստատությունից ստանում է հաստատությունում առկա՝ ՀԱԽՈՒ անձին հաստատություն ընդունելու և խնամք տրամադրելու համար հիմք հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը (և (կամ) դրանց պատճենները)՝ շուրջօրյա խնամքի տան և հաստատության միջև փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համաձայնությամբ սահմանված պայմաններին համապատասխան:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դեպքում, հաստատությունից ՀԱԽՈՒ անձանց ընդունումը (տեղափոխումը) իրականացվում է շուրջօրյա խնամքի տուն ընդունվելու (տեղափոխվելու) վերաբերյալ ՀԱԽՈՒ անձի (կամ նրա ներկայացուցչի) գրավոր համաձայնությամբ, շուրջօրյա խնամքի տան և հաստատության միջև փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համաձայնությամբ սահմանված կարգով՝ ՀԱԽՈՒ անձանց կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատում իրականացրած մասնագիտացված հանձնաժողովների համապատասխան եզրակացություններով տրված մասնագիտական գնահատականների հիման վրա:

20. Շուրջօրյա խնամքի տուն ՀԱԽՈՒ անձի փաստացի ընդունումն իրականացվում է աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 9.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում:

21. ՀԱԽՈՒ անձին ընդունելիս՝ շուրջօրյա խնամքի տունն առաջին երկու ժամվա ընթացքում ապահովում է ՀԱԽՈՒ անձի սանիտարական մշակումը և օգտագործման համար պիտանի անձնական իրերի և հագուստի ախտահանումը: Ընդ որում, սույն կետով սահմանված միջոցառումները կարող են չիրականացվել բացառապես այն դեպքում, երբ ՀԱԽՈՒ անձը, սույն կարգի 18-րդ կետին համապատասխան, ընդունվում է (տեղափոխվում է) հաստատությունից:

22. ՀԱԽՈՒ անձին ընդունելիս, վարակիչ հիվանդության կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդության դեպք հայտնաբերելու կամ դրանց կասկածի դեպքում, շուրջօրյա խնամքի տան բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատող (կամ պաշտոնատար անձ) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ շուրջօրյա խնամքի տանը տվյալ անձի մեկուսացման նպատակով, անհրաժեշտության դեպքում, եթե ինքը համապատասխան օգնություն ցուցաբերել չի կարող կամ իրավասու չէ, անմիջապես կանչում է շտապ բժշկական օգնություն՝ ՀԱԽՈՒ անձին հիվանդանոցային բժշկական հաստատություն տեղափոխելու համար և դրա մասին անմիջապես իրազեկում է ՀԱԽՈՒ անձի ներկայացուցչին, ներկայացուցիչ չլինելու դեպքում՝ ընտանիքի որևէ անդամի, իսկ սույն կարգի 18-րդ կետին համապատասխան հաստատությունից ՀԱԽՈՒ անձանց ընդունման (տեղափոխման) դեպքում, շուրջօրյա խնամքի տան և հաստատության միջև փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համաձայնությամբ սահմանված կարգով, դրա մասին տեղեկացնում է հաստատությանը: Առանձին վարակիչ հիվանդության դեպքեր հայտնաբերած բուժաշխատողները (ախտորոշումը դրվում է դեպքերի ստանդարտ բնորոշումների հիման վրա) դրանց մասին (հաստատված և (կամ) կասկածելի դեպքերի) շտապ հաղորդում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմիններին` անմիջապես էլեկտրոնային ձևաչափով կամ հեռախոսով, կամ ֆաքսով, այնուհետև 24 ժամվա ընթացքում ուղարկում են շտապ հաղորդման քարտ (ձև ՇՀ1):

23. Շուրջօրյա խնամքի տունը մերժում է ՀԱԽՈՒ անձի ընդունումը, եթե նա՝

1) չի բավարարում սույն կարգի 13-րդ կետում նշված պահանջները, կամ՝

2) հիվանդ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով (բացառությամբ հոգեկան խանգարումների), կամ՝

3) հրաժարվում է սույն կարգի 21-րդ կետում նշված միջոցառումների իրականացումից, կամ՝

4) սույն կարգի 22-րդ կետում նշված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության հայտնաբերման կամ հիվանդության կասկածի դեպքում հրաժարվում է տեղափոխվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություն:

24. Շուրջօրյա խնամքի տուն ՀԱԽՈՒ անձի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա խնամքի տանը խնամք տրամադրող կազմակերպության՝ համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով և ձևակերպվում է շուրջօրյա խնամքի տան հաշվառման մատյանում (N 2 ձև): Շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (պաշտոնատար անձը) հաշվառման մատյանում ՀԱԽՈՒ անձին ընդունելու մասին տեղեկատվությունը լրացնում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված միջոցառումների ավարտից անմիջապես հետո, իսկ սույն կարգի 18-րդ կետին համապատասխան հաստատությունից ՀԱԽՈՒ անձի ընդունման (տեղափոխման) և սույն կարգի 21-րդ կետում նշված միջոցառումները չիրականացվելու դեպքում՝ փաստացի ընդունումից (տեղափոխումից) անմիջապես հետո:

25. Հաշվառման մատյանը կարող է վարվել՝ ինչպես փաստաթղթային (թղթային կրիչով), այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, հաշվառման մատյանը միաժամանակ փաստաթղթային և էլեկտրոնային եղանակներով կազմելու և վարելու դեպքում դրանցում ներառված տվյալները և տեղեկություններն ամբողջությամբ պետք է համապատասխանեն միմյանց: Փաստաթղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը պետք է լինի համարակալված և էջակարված: Փաստաթղթային եղանակով վարվող հաշվառման մատյանը լրացվում է մուգ կապույտ կամ սև գույնի թանաքով գրիչով, ընթեռնելի ձեռագրով՝ առանց անհարկի հապավումներ և ջնջումներ կատարելու: Սխալ գրառման դեպքում այն երկու կողմից առնվում է փակագծի մեջ, որից հետո կատարվում է ճիշտ գրառումը, և հաշվառման մատյանում գրառում կատարող համապատասխան աշխատողի (կամ պաշտոնատար անձի) կողմից տվյալ էջի աջ անկյունում լրացվում են «Ուղղումը կատարված է իմ կողմից» բառերը, և ուղղումը հավաստվում է ստորագրությամբ: Հաշվառման մատյանն էլեկտրոնային եղանակով կազմվում է դրանում նախատեսված անհրաժեշտ տվյալները և տեղեկությունները համապատասխան տեղեկատվական շտեմարան մուտքագրելու միջոցով:

26. Շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (պաշտոնատար անձը) շուրջօրյա խնամքի տուն ընդունված ՀԱԽՈՒ յուրաքանչյուր անձի համար լրացնում է հաշվառման քարտ, որում գրանցում է տվյալ ՀԱԽՈՒ անձին վերաբերող հետևյալ տեղեկությունները՝

1) անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

3) սեռը.

4) անձը հաստատող փաստաթղթի տեսակը.

5) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.

6) հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը.

7) մինչև խնամքի տուն տեղափոխվելը տվյալ անձի հաշվառման հասցեն, իսկ հաշվառման մեջ չգտնվելու դեպքում` վերջին կամ նախկին հաշվառման հասցեն.

8) ընտանեկան դրությունը.

9) շուրջօրյա խնամքի տուն ընդունման և դուրսգրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

10) առկայության դեպքում` ՀԱԽՈՒ անձի ներկայացուցչի կամ ընտանիքի որևէ անդամի հեռախոսահամարը և (կամ) այլ կոնտակտային տվյալները:

27. ՀԱԽՈՒ անձին շուրջօրյա խնամքի տուն կրկին անգամ ընդունելու (դուրս գրելու) դեպքում, հաշվառման քարտում դրա մասին կատարվում է համապատասխան գրառում, և նշվում են սույն կարգի 26-րդ կետի 9-րդ ենթակետով սահմանված տվյալները:

28. Բացառությամբ շուրջօրյա խնամքի տնից դուրսգրման մասին տեղեկատվության՝ սույն կարգի 26-րդ կետով նախատեսված այլ տվյալները հաշվառման քարտում լրացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված միջոցառումների ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը: Այն դեպքում, երբ ՀԱԽՈՒ անձը, սույն կարգի 18-րդ կետին համապատասխան, ընդունվում է (տեղափոխվում է) հաստատությունից, և չեն իրականացվում սույն կարգի 21-րդ կետում նշված միջոցառումները, համապատասխան տվյալները հաշվառման քարտում լրացվում են ընդունումից (տեղափոխումից) հետո՝ բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատանքային օրվա ավարտը:

29. Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ յուրաքանչյուր անձի համար կազմվում է անձնական գործ, որում ներառվում են՝

1) հաշվառման քարտը.

2) սույն կարգի 14-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը, իսկ ՀԱԽՈՒ անձի՝ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում` նաև սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված՝ ՀԱԽՈՒ անձի հոգաբարձուի համաձայնությունը.

3) սույն կարգի 14-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները, իսկ ՀԱԽՈՒ անձի՝ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված լինելու դեպքում՝ նաև սույն կարգի 14-րդ կետի 6-րդ ենթակետում նշված դատարանի համապատասխան վճռի պատճենը.

4) շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձին ընդունելու նպատակով ՀԱԽՈՒ անձի ներկայացուցչի դիմելու դեպքում՝ ներկայացուցչի նույնականացման համար սույն կարգի 15-րդ կետով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև՝

ա. ներկայացուցչի դիմելու դեպքում՝ խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող համապատասխան փաստաթղթի պատճենը,

բ. լիազորագրի հիման վրա հանդես եկող ներկայացուցչի դիմելու դեպքում՝ լիազորագիրը, իսկ այն դեպքում, երբ ներկայացուցիչը փաստաբան է՝ նաև փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը:

30. Շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձի տեղավորումն ըստ սենյակների, կատարվում է շուրջօրյա խնամքի տան ղեկավարի կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողի (պաշտոնատար անձի) ցուցումով՝ հաշվի առնելով ՀԱԽՈՒ անձի տարիքը, սեռը, առողջական վիճակը, ինքնասպասարկման ունակությունները և այլ գործոններ, որոնք կարող են կարևորվել ՀԱԽՈՒ անձի խնամքը պատշաճ կերպով ապահովելու տեսանկյունից:

31. Մեկ սենյակից մեկ այլ սենյակ ՀԱԽՈՒ անձի տեղափոխումը կատարվում է շուրջօրյա խնամքի տան ղեկավարի կամ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողի (պաշտոնատար անձի) թույլտվությամբ՝ հաշվի առնելով սույն կարգի 30-րդ կետով սահմանված պահանջները:

 

V. ՀԱԽՈՒ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

32. Շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձանց տրամադրվում է շուրջօրյա լրիվ խնամք՝ սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: ՀԱԽՈՒ անձանց խնամքը տրամադրվում և այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպվում է աշխատակազմի կողմից:

33. Շուրջօրյա խնամքի տունը այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձանց տրամադրում է՝

1) անհրաժեշտ կահույք.

2) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն` տարիքասեռային առանձնահատկություններին և եղանակային պայմաններին համապատասխան.

3) անկողնային պարագաներ.

4) անձնական հիգիենայի պարագաներ:

34. Շուրջօրյա խնամքի տունը կազմակերպում է այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձանց՝

1) սննդի տրամադրումը՝ օրական երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող ՀԱԽՈՒ անձանց տրամադրվում է բժշկի կողմից նշանակված դիետիկ սնունդ.

2) առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

3) սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը.

4) իրավական խորհրդատվության տրամադրումը.

5) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը.

6) բժշկասոցիալական փորձաքննության իրականացման անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի ձեռքբերման, նախապատրաստման, բժշկական կազմակերպություններ ուղեկցման և այլ հարցերում աջակցելը.

7) հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթացին աջակցելը.

8) ազատ ժամանցը.

9) աշխատանքային թերապիան:

35. Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձինք սնվում են ճաշասրահում՝ բացառությամբ, երբ սնունդը՝ համաձայն բժշկի ցուցման, տարվում է խնամվողի սենյակ, ինչպես նաև կանոններով սահմանված այլ դեպքերի:

36. Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձանց լոգանքը կազմակերպվում և հագուստը, սպիտակեղենն ու անկողնային պարագաները փոխվում են կանոններով սահմանված պարբերականությամբ և օրվա ռեժիմին համապատասխան, բայց ոչ պակաս, քան շաբաթական առնվազն մեկ անգամ:

37. Շուրջօրյա խնամքի տան բժիշկն իրականացնում է խնամվողների ամենօրյա բուժզննություն, կազմակերպում է այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձանց առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը` խնամքի տան գտնվելու վայրի տարածքային սպասարկման պոլիկլինիկայի միջոցով: Շուրջօրյա խնամքի տան բժիշկն ապահովում է ՀԱԽՈՒ անձանց նկատմամբ բժշկական հսկողության իրականացումը՝ նրանց այնտեղ բնակվելու (խնամվելու) ամբողջ ժամանակահատվածում, և, անհրաժեշտության դեպքում, աջակցում է համապատասխան հիվանդանոցային բժշկական կազմակերպություններ նրանց ուղեգրման գործընթացին:

38. Շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձի՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, շուրջօրյա խնամքի տան բժիշկը մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմնին, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ՝ շուրջօրյա խնամքի տանը խնամվող այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար, և, ըստ անհրաժեշտության, ապահովում է ՀԱԽՈՒ անձի տեղափոխումը մասնագիտացված բժշկական կազմակերպություն (հաստատություն):

39. ՀԱԽՈՒ անձի` հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում շուրջօրյա խնամքի տունը կազմակերպում է նրա սննդապահովումը՝ բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով (բացառությամբ այդ հավելվածում նշված հոգեկան խանգարումների) հիվանդանալու հիմքով ՀԱԽՈՒ անձը դուրս է գրվում շուրջօրյա խնամքի տնից:

40. Շուրջօրյա խնամքի տան մաքրության աշխատանքները կատարում են շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձինք՝ աշխատակազմի օժանդակությամբ և ուղղորդմամբ, և պարտադիր` իրենց համաձայնությամբ:

41. Շուրջօրյա խնամքի տան աշխատակազմը այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձանց համար կազմակերպում է տարատեսակ մարզական, մշակութային միջոցառումներ, մրցույթներ, էքսկուրսիաներ՝ հաշվի առնելով ՀԱԽՈՒ անձանց նախասիրությունները, պահանջմունքները, բժշկական ցուցումները և հակացուցումները, սոցիալական ներառմանը նպաստող գործոնների առկայությունը:

42. Շուրջօրյա խնամքի տան աշխատակազմն օժանդակում և խրախուսում է այնտեղ խնամվող ՀԱԽՈՒ անձանց կողմից ինքնօգնության խմբերի, երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակների ստեղծումը և դրանց գործունեությանը մասնակցությունը:

43. Շուրջօրյա խնամքի տան աշխատակազմի յուրաքանչյուր անդամ (աշխատող, պաշտոնատար անձ) ՀԱԽՈՒ անձանց խնամքը տրամադրում և այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպում է սույն կարգով, այլ իրավական ակտերով և աշխատանքային պայմանագրով (և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրով) սահմանված պահանջներին համապատասխան, իր գործառույթների և իրավասությունների շրջանակում:

44. Շուրջօրյա խնամքի տան սոցիալական աշխատողը՝

1) գնահատում է ՀԱԽՈՒ անձի սոցիալական կարիքները.

2) կազմում և վարում է ՀԱԽՈՒ անձի անհատական սոցիալական գործը, որում լրացնում է՝

ա. ՀԱԽՈՒ անձի նույնականացման համար անհրաժեշտ տվյալները,

բ. ՀԱԽՈՒ անձի սոցիալական կարիքները,

գ. ՀԱԽՈՒ անձի անհատական ծրագրով՝ իր իրավասությունների շրջանակում նախատեսված և իրականացված միջոցառումների, դրանց իրականացման մասին տեղեկությունները (առկայության դեպքում),

դ. ՀԱԽՈՒ անձին սոցիալական ծառայությունների տրամադրման մասին այլ տվյալներ և տեղեկություններ.

3) իրականացնում է ՀԱԽՈՒ անձի անհատական ծրագրով իրեն վերապահված համապատասխան միջոցառումները, մասնակցում է ՀԱԽՈՒ անձի վերաբերյալ խմբային (բազմամասնագիտական) քննարկումներին.

4) ՀԱԽՈՒ անձին տրամադրում է խորհրդատվական օգնություն, ըստ անհրաժեշտության, ապահովում է իրավական օգնության տրամադրումը (օրենքով սահմանված իրավաբանական օգնության կազմակերպումը).

5) ՀԱԽՈՒ անձին օգնում է հայտնաբերելու դժվարությունները հաղթահարելու և ինքնասպասարկումը զարգացնելու կարողությունները.

6) իրականացնում է ՀԱԽՈՒ անձի սոցիալական կապերի վերականգնմանը և նոր սոցիալական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին հայտնաբերելուն միտված աշխատանքներ (դրա անհրաժեշտության դեպքում).

7) ՀԱԽՈՒ անձին տրամադրում է տեղեկատվություն շուրջօրյա խնամքի տան կանոնների, շուրջօրյա խնամքի տանը բնակվելու (խնամվելու) ընթացքում ՀԱԽՈՒ անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.

8) իր իրավասությունների շրջանակներում և, ըստ անհրաժեշտության, ՀԱԽՈՒ անձանց ցուցաբերում է աջակցություն կենսաթոշակների նշանակման, ստացման, բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, այդ թվում՝ անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման հետ կապված հարցերում.

9) իր իրավասությունների շրջանակներում և բժշկի հետ համաձայնեցված՝ կազմակերպում է ՀԱԽՈՒ անձանց սոցիալ-աշխատանքային բնույթ ունեցող (ինքնազբաղվածության ապահովմանը, հարմար աշխատանքի տեղավորմանը և աշխատանքային հարմարեցման հետ կապված այլ խնդիրների լուծմանն ուղղված) սոցիալական ծառայությունների տրամադրումը.

10) մասնակցում է ՀԱԽՈՒ անձանց ժամանցի և հանգստի կազմակերպման, ստեղծագործական ընդունակությունների զարգացման աշխատանքներին.

11) իրականացնում է համապատասխան աշխատանքներ՝ ՀԱԽՈՒ անձանց սոցիալական հմտությունները և ինքնիրացումը (ինքնորոշումը) զարգացնելու, ՀԱԽՈՒ անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով համայնքում ապրելու իրավունքի լիակատար իրացմանն օժանդակելու և հասարակության կյանքում նրանց արդյունավետ և լիարժեք ներգրավվածությանն աջակցելու նպատակով.

12) իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս ՀԱԽՈՒ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ.

13) համագործակցում է տարածքային մակարդակում գործող՝ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով սահմանված աջակցող ցանցի (այսուհետ՝ աջակցող ցանց) հետ.

14) իրականացնում է օրենքով, սույն կարգով, այլ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրով) իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

45. Շուրջօրյա խնամքի տան հոգեբանը ՀԱԽՈՒ անձանց տրամադրում է հոգեբանական օգնություն՝ նրանց հոգեբանական վիճակի բարելավմանը և նոր միջավայրին հարմարվելուն նպաստելու, հոգեկան առողջության ինքնավերահսկման հմտությունները ձևավորելու, կոնֆլիկտային իրավիճակները, ինչպես նաև տարբեր բնույթի հոգեբանական հիմնախնդիրները, այդ թվում՝ միայնակության և մեկուսացման, սթրեսային և ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու նպատակով: Շուրջօրյա խնամքի տան հոգեբանը համագործակցում է աջակցող ցանցի հետ, իրականացնում սույն կարգով, այլ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրով) իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

46. Շուրջօրյա խնամքի տան սոցիալական սպասարկողը՝

1) ՀԱԽՈՒ անձին ցուցաբերում է աջակցություն՝ կապված անձնական և սոցիալական խնդիրների լուծման հետ.

2) օգնում է ՀԱԽՈՒ անձին՝ անհրաժեշտ բուժում ստանալու, ինքնասպասարկման հետ կապված այլ հարցեր լուծելու գործում.

3) օգնում է ՀԱԽՈՒ անձին հարմարվելու կյանքի նոր պայմաններին, իրականացնում է ՀԱԽՈՒ անձի կենցաղային հմտությունների զարգացմանը միտված աշխատանքներ.

4) ապահովում է սույն կարգի 36-րդ կետով սահմանված գործողությունների իրականացումը.

5) իրականացնում է հսկողություն՝ սույն կարգին և կանոններին համապատասխան ՀԱԽՈՒ անձանց սննդի տրամադրման, շուրջօրյա խնամքի տան մաքրության ապահովման, սանիտարահիգիենիկ պայմանների, սպասքը հավաքելու և լվանալու գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նկատմամբ.

6) հետևում է ՀԱԽՈՒ անձանց ընդհանուր առողջական վիճակին, նրանց կողմից դեղերը սահմանված ժամկետում ընդունելուն, բժշկին և աշխատակազմի անդամներին տեղեկացնում է ՀԱԽՈՒ անձի առողջության վատթարացման նշանների մասին.

7) ըստ անհրաժեշտության, ՀԱԽՈՒ անձի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ, իր իրավասությունների շրջանակներում ՀԱԽՈՒ անձին մատուցում է կենցաղային տարատեսակ ծառայություններ.

8) մասնակցում է ՀԱԽՈՒ անձանց համար մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների, էքսկուրսիաների կազմակերպմանը, աջակցում է ինքնօգնության խմբերի, երգի, պարի, նկարչության, կարուձևի և այլ խմբակների ստեղծմանը.

9) ըստ անհրաժեշտության և իր իրավասությունների շրջանակներում, մասնակցում է շուրջօրյա խնամքի տան համար անհրաժեշտ արդյունաբերական ապրանքների, մթերքի և դեղերի գնման գործընթացին, կազմակերպում է ՀԱԽՈՒ անձանց հագուստի քիմմաքրման, կոշիկները նորոգման տրամադրելու հետ կապված աշխատանքները.

10) իր իրավասությունների շրջանակներում սոցիալական աշխատողին ցուցաբերում է անհրաժեշտ օժանդակություն՝ սույն կարգի 44-րդ կետով սահմանված գործառույթներն իրականացնելիս.

11) համագործակցում է աջակցող ցանցի հետ.

12) իրականացնում է հսկողություն ՀԱԽՈՒ անձանց անձնական հիգիենայի նկատմամբ.

13) իրականացնում է սույն կարգով, այլ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրով) իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

47. Շուրջօրյա խնամքի տան սպասարկող - խոհարարը՝

1) պատրաստում է տարբեր ճաշատեսակներ, սառը և տաք նախուտեստներ և ուտեստներ, խմորեղեն, հրուշակեղեն, ոչ ոգելից խմիչքներ (սուրճ, թեյ, կոկտեյլներ, հյութ և այլն) և այլ խոհարարական արտադրանք.

2) բժշկի հետ համաձայնեցված կարգով և ՀԱԽՈՒ անձանց ներգրավմամբ՝ կազմում է շուրջօրյա խնամքի տան ճաշացանկը.

3) բժշկի հետ կազմում և շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողին (պաշտոնատար անձին) տրամադրում է սննդի պատրաստման համար գնման ենթակա անհրաժեշտ մթերքի ցանկը.

4) ապահովում է ՀԱԽՈՒ անձանց սննդի տրամադրումը (մատուցումը).

5) իր իրավասությունների շրջանակներում մասնակցում է մթերքի, ինչպես նաև խոհանոցի բնականոն աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ կենցաղային սարքերի և այլ ապրանքների գնման գործընթացին.

6) սոցիալական սպասարկողի մասնակցությամբ՝ ՀԱԽՈՒ անձանց ուսուցանում է պատրաստել սույն կետի 1-ին ենթակետում նշված սննդատեսակներ և խմիչք, հաղորդակից է դարձնում խոհարարական հմտությունների գաղտնիքներին, սովորեցնում է տնտեսության ինքնուրույն վարման, սպասքը ճիշտ տեղադրելու, հավաքելու և լվանալու հմտությունները.

7) իրականացնում է սպասքը հավաքելու և լվանալու գործընթացի համար անհրաժեշտ աշխատանքները՝ սոցիալական սպասարկողի անմիջական հսկողությամբ և թույլտվությամբ այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով նաև ՀԱԽՈՒ անձանց.

8) համակարգում է ՀԱԽՈՒ անձանց կողմից խոհանոցում կատարվող աշխատանքները և աջակցում նրանց՝ այդ աշխատանքների իրականացման ընթացքում.

9) իր իրավասությունների շրջանակներում կազմակերպում և (կամ) իրականացնում է շուրջօրյա խնամքի տան տնտեսության վարմանն առնչվող այլ գործառույթներ.

10) իրականացնում է սույն կարգով, այլ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (և (կամ) աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով կամ վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագրով) իրեն վերապահված այլ իրավունքներ և պարտականություններ:

48. Սույն կարգի 40-րդ և 47-րդ կետերում նշված աշխատանքներին ՀԱԽՈՒ անձինք ներգրավվում են բացառապես կամավորության սկզբունքով:

49. Շուրջօրյա խնամքի տան խնամվողներին հոգեբուժական օգնություն է տրամադրում և նրանց նկատմամբ դիսպանսեր հսկողություն է իրականացնում խնամքի տան գտնվելու վայրի տարածքային սպասարկման պոլիկլինիկայի կամ մասնագիտացված հոգեբուժական կազմակերպության հոգեբույժը` պայմանագրային հիմունքներով:

50. Շուրջօրյա խնամքի տունը ստեղծում և վարում է շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձանց անձնական տվյալների տեղեկատվական շտեմարան:

 

VI. ՀԱԽՈՒ ԱՆՁԱՆՑ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

51. Բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով նախատեսված դեպքի՝ շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրումը կատարվում է՝

1) ՀԱԽՈՒ անձի կամ նրա ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ բացառությամբ սույն կարգի 53-րդ կետով նախատեսված դեպքի.

2) ՀԱԽՈՒ անձի ընտանիքի անդամի գրավոր դիմումի հիման վրա՝ ՀԱԽՈՒ անձին ընտանիք վերադարձնելու ցանկության և ՀԱԽՈՒ անձի գրավոր համաձայնության դեպքում.

3) ՀԱԽՈՒ անձի առողջական վիճակի մասին բժշկի (հոգեբույժի) եզրակացության համաձայն`

ա. սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջները չբավարարելու դեպքում,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման N 3 հավելվածով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով (բացառությամբ այդ հավելվածում նշված հոգեկան խանգարումների) հիվանդանալու դեպքում.

4) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, որին համապատասխան` ՀԱԽՈՒ անձը դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրում է ազատազրկման վայրում կամ նրա նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, որոնք հնարավորություն չեն տալիս շարունակել նրա խնամքը շուրջօրյա խնամքի տանը.

5) աշխատակազմի նախաձեռնությամբ՝ եթե ՀԱԽՈՒ անձի կլինիկական վիճակի, սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրված մասնագիտական գնահատականի և շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորությունով օժտված պատասխանատու աշխատողի (աշխատողների) կողմից գրավոր տրված մասնագիտական եզրակացության համաձայն ապահովվել է ՀԱԽՈՒ անձի սոցիալ-հոգեբանական վերականգնումը, և ՀԱԽՈՒ անձն ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, կարող է լիարժեք ինտեգրվել հասարակությանը.

6) ՀԱԽՈՒ անձի մահվան դեպքում:

52. Այն դեպքում, երբ ՀԱԽՈՒ անձը, սույն կարգի 18-րդ կետին համապատասխան, ընդունվել է (տեղափոխվել է) հաստատությունից, շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրումը (այդ թվում՝ կրկին անգամ հաստատություն տեղափոխելը) կարող է իրականացվել բացառապես շուրջօրյա խնամքի տան և հաստատության միջև փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համաձայնությամբ սահմանված դեպքերում և կարգով:

53. Այն դեպքում, երբ շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է ՀԱԽՈՒ անձի խնամակալը, շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձը չի կարող դուրս գրվել սույն կարգի 51-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հիմքով, իսկ սույն կարգի 51-րդ կետի այլ ենթակետերով սահմանված հիմքերով դուրսգրման դեպքում, շուրջօրյա խնամքի տունը դրա մասին մեկօրյա ժամկետում տեղեկացնում է խնամակալության և հոգաբարձության մարմնին:

54. Շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրման դեպքում նրան տրամադրվում են անհրաժեշտ հագուստ և (կամ) կոշիկ, եթե ՀԱԽՈՒ անձի անձնական հագուստը և (կամ) կոշիկը բավարար չեն կամ չեն համապատասխանում տարվա եղանակին (եղանակային պայմաններին):

55. Շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրման դեպքում ՀԱԽՈՒ անձի (կամ նրա ներկայացուցչի) պահանջով տրվում է տեղեկանք, որում նշվում է շուրջօրյա խնամքի տանը ՀԱԽՈՒ անձի բնակվելու (խնամվելու) ժամանակաշրջանը:

56. Շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրումը ձևակերպվում է հաշվառման մատյանում, և դրա մասին համապատասխան գրառում է կատարվում ՀԱԽՈՒ անձի հաշվառման քարտում՝ ոչ ուշ, քան մինչև շուրջօրյա խնամքի տնից ՀԱԽՈՒ անձի դուրսգրման օրվա ավարտը:

57. Բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով սահմանված դեպքի՝ շուրջօրյա խնամքի տանը խնամվող ՀԱԽՈՒ անձի մահվան դեպքում, շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (պաշտոնատար անձը) դրա մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը` մահվան փաստն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն իրազեկելու համար, ինչպես նաև հանգուցյալի ընտանիքի անդամներին կամ այլ ազգականներին (առկայության դեպքում)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Այն դեպքում, երբ ՀԱԽՈՒ անձը չունի ընտանիքի անդամներ կամ այլ ազգականներ, կամ նրանք հրաժարվում են կազմակերպել հուղարկավորությունը կամ ՀԱԽՈՒ անձի մահվան մասին տեղեկացվելուց հետո երկօրյա ժամկետում չեն ներկայանում շուրջօրյա խնամքի տուն, հուղարկավորությունը կազմակերպվում է շուրջօրյա խնամքի տան կողմից: Այս դեպքում շուրջօրյա խնամքի տունն ապահովում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում ՀԱԽՈՒ անձի մահն օրենքով սահմանված կարգով գրանցելու նպատակով:

58. Սույն կարգի 18-րդ կետին համապատասխան հաստատությունից ընդունված (տեղափոխված) ՀԱԽՈՒ անձի մահվան դեպքում շուրջօրյա խնամքի տան՝ համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (պաշտոնատար անձը) դրա մասին անհապաղ տեղեկացնում է շտապ բժշկական օգնության ծառայությանը և հաստատությանը՝ շուրջօրյա խնամքի տան և հաստատության միջև փոխգործակցության շրջանակներում ձեռք բերված համաձայնությամբ սահմանված կարգով: Այդ դեպքում շուրջօրյա խնամքի տունը չի իրականացնում հուղարկավորության կազմակերպման և ՀԱԽՈՒ անձի մահը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում օրենքով սահմանված կարգով գրանցելու համար անհրաժեշտ միջոցառումները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

`
___________________________________- ին

    (պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

 

____________________________________________________________________________- ից
(անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

 __________________________________________________________________________________

 (անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը)

 

______________________________________________________________________________________

______________________________________________________________________________________

(հետադարձ ծանուցման հասցեն և հեռախոսահամարը)

 

_________________________________________________________________________________

 (ներկայացուցչի անունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________________

(ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի անվանումը և համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը)

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Խնդրում եմ _______________________________________________________________ -ին
(անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

տրամադրել խնամք շուրջօրյա խնամքի տանը և, ըստ անհրաժեշտության, կազմակերպել այլ սոցիալական ծառայությունների տրամադրումը:

Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը (պատճենները)՝

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

___________________________________________________________________

 

Դիմող ______________________________________________________________

(անձի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

 ________ ________________ 20 թ.

  

 

Ձև N 2

 

ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ՏԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

NN
ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Ծննդյան ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը

Սեռը

Անձը հաստատող փաստա-թղթի անվանումը, սերիան և համարը

Հանրային ծառայություն-ների համարա- նիշը կամ սոցիալական քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը

Առկայության դեպքում` ՀԱԽՈՒ
անձի ներկա-յացուցչի կամ ընտանիքի որևէ անդամի հեռախոսա- համարը և
(կամ) այլ կոնտակտային տվյալները

Շուրջօրյա խնամքի տուն ընդունման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

Շուրջօրյա խնամքի տնից դուրսգրման ժամը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

Դուրս- գրման հիմքը

Լրացուցիչ նշումներ

                     
                     

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.11.2022, N 1744-Ն 01.01.2023, N 1533-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան