Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.02.2016-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.06/47(502) Հոդ.995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.08.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 24 օգոստոսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2006 թվականի N 1180-Ն

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 105-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել՝

ա) թափոնների հեռացման վայրերի ռեեստրի վարման նպատակով ներկայացվող գրանցման թերթիկի ձևը,

բ) ռեեստրի վարման գրքի ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 13-ի N 1180-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) վայրերի ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) վարման հետ կապված հարաբերությունները:

2. Ռեեստրի վարման հիմնական նպատակը թափոնների հեռացման վայրերի (ինչպես գործող, այնպես էլ փակված կամ կոնսերվացված) հաշվառումը և նկարագրումն է:

3. Ռեեստրը վարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ սույն կարգի համաձայն:

4. Ռեեստրում գրանցման ենթակա են՝

ա) թափոնների վնասազերծման և ոչնչացման շահագործվող օբյեկտները,

բ) 25 քառ. մ ավելի տեղադրման մակերեսով և (կամ) 50 խոր. մ ավելի տեղադրվող թափոնների ծավալով թափոնների տեղադրման շահագործվող օբյեկտները,

գ) թափոնների թաղման օբյեկտները, որոնց շահագործումն ավարտվել է, սակայն խախտված տարածքի վերականգնում չի իրականացվել և հողամասն այլ անձի չի փոխանցվել:

5. Ռեեստրի վարման նպատակով սույն կարգի 4-րդ կետով սահմանված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև 2007 թվականի մարտի 1-ը, իսկ նոր օբյեկտների համար՝ շահագործումն սկսելուց հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում գրանցման թերթիկ՝ սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված ձևին համապատասխան:

Գրանցման թերթիկը ներկայացվում է կամ թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

Ռեեստրում գրանցված օբյեկտները (այսուհետ՝ օբյեկտներ) մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը լիազոր մարմին են ներկայացնում փոփոխված գրանցման թերթիկ, եթե հաշվետու տարում կատարվել են փոփոխություններ:

(5-րդ կետը խմբ. 10.09.15 N 1043-Ն, լրաց. 29.01.16 N 66-Ն)

 

II. ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Գրանցման թերթիկը ներառում է հետևյալ տեղեկությունները`

ա) իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գտնվելու վայրերը,

բ) օբյեկտի մասին ընդհանուր տեղեկությունները (հողամասի նկատմամբ իրավունքի հիմքը, հողամասի մակերեսը, տեղանքը, բնապահպանական օբյեկտների առկայությունը),

գ) օբյեկտը շահագործման հանձնելու տարեթիվը,

դ) օբյեկտի հզորությունը (տ/տարի), թափոնների պահեստավորման սխեման՝ թափոնների տեղադրման օբյեկտների համար,

ե) թափոնների վնասազերծման կամ ոչնչացման դեպքում` տեխնոլոգիայի համառոտ նկարագիրը, հզորությունը (տ/տարի, տ/օր), տեխնոլոգիական սարքավորման տեսակը, շահագործման գործելակարգը (ռեժիմը),

զ) տեղադրվող կամ վնասազերծվող թափոնների բնութագիրը (անվանումը, ծածկագիրը, ագրեգատային վիճակը, վտանգավորության դասը, ծավալը՝ տ/տարի),

է) թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգի տվյալները (աղբավայրերից արտանետումների, արտահոսքերի և հողերի աղտոտվածության մասին),

ը) սանիտարական պահպանության գոտու բնութագիրը (սանիտարապահպանական գոտու լայնությունը` արտահայտված մետրով),

թ) մոտակա բնակավայրերից, ջրամատակարարման, ջրահոսքերի և ջրավազանների աղբյուրներից օբյեկտի ունեցած հեռավորության, սանիտարական պահպանության գոտու չափերի և դիտարկման հորատանցքերի դիրքի մասին:

7. (կետն ուժը կորցրել է 29.01.16 N 66-Ն)

 

III. ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

8. Ռեեստրի վարման նպատակով կազմվում է ռեեստրի վարման գիրք, որում գրանցվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և օբյեկտների անվանումները, գրանցման թերթիկը ներկայացնելու ամսաթիվը, համապատասխան փաստաթղթերի անվանումները, օբյեկտին տրվող ռեեստրային համարը և օբյեկտի կողմից ներկայացված գրանցման թերթիկի պահման գործի համարը:

(8-րդ կետը խմբ. 29.01.16 N 66-Ն)

9. Լիազոր մարմինն ուսումնասիրում է օբյեկտի կողմից սույն կարգի 6-րդ կետի հիման վրա ներկայացված տեղեկատվության ամբողջականությունն ու հավաստիությունը և, թերություններ չհայտնաբերելու դեպքում, գրանցում է պետական ռեեստրի վարման գրքում՝ ռեեստրային համարի ամրագրմամբ:

Օբյեկտները ռեեստրում գրանցված են համարվում դրանց ռեեստրային համար տալու օրվանից:

Ռեեստրում գրանցման մասին լիազոր մարմինը պատշաճ ձևով տեղյակ է պահում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` նշելով օբյեկտի անվանումը, ռեեստրի գրանցման համարը և ամսաթիվը:

(9-րդ կետը փոփ. 29.01.16 N 66-Ն)

10. Օբյեկտները ռեեստրում գրանցվում են գրանցման թերթիկն ու դրան կից փաստաթղթերը ներկայացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ներկայացված փաստաթղթերը լիակազմ չլինելու կամ անճշտությունների առկայության դեպքում լիազոր մարմինը գրանցման թերթիկը, լիազոր մարմին մուտք լինելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով վերադարձնում է լրամշակման:

Կրկնակի ներկայացված գրանցման թերթիկի հիման վրա օբյեկտները ռեեստրում գրանցվում են սույն կարգով հաստատված ընթացակարգով:

(10-րդ կետը խմբ. 29.01.16 N 66-Ն)

(հավելվածը խմբ. 10.09.15 N 1043-Ն, լրաց., փոփ., խմբ. 29.01.16 N 66-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան