Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1249
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.25/89(1178) Հոդ.1146
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.12.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 դեկտեմբերի 2015 թ.

 

ԱԼԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Ա. Գրիգորյանի և դիմողի ներկայացուցիչ Հ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ալիսա Գրիգորյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ալիսա Գրիգորյանի` 2015թ. օգոստոսի 31-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը» վերտառությամբ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ 1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է.»:

Սույն գործով վիճարկվող դրույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածում ամրագրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի հունիսի 10-ին ընդունված և 2014 թվականի հուլիսի 3-ին ուժի մեջ մտած` «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-48-Ն ՀՀ օրենքով:

 

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հուլիսի 29-ի դատավճռով Ալիսա Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Դատարանի նշված դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք` միջնորդելով բեկանել այն և կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 11.11.2014թ. որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` մերժել:

Նշված որոշման դեմ Ալիսա Գրիգորյանի պաշտպանի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել` խնդրելով կասեցնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 11.11.2014թ. որոշման ուժի մեջ մտնելը: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 20.02.2015թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում` նշելով, որ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը … հրապարակվել է 2014 թվականի նոյեմբերի 11-ին: Գործի նյութերից երևում է, որ պաշտպանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետն անցնելուց հետո»:

 

3. Դիմողը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նշում է, որ սահմանված ժամկետներից ուշ ներկայացված բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումների համար դատարաններն օժտված են հայեցողական լիազորությամբ: Մինչդեռ, իրավակիրառ պրակտիկան տարբերակված մոտեցումներ է կիրառում իր կամքից անկախ հանգամանքներում ՀՀ վերաքննիչ դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների պարագայում: Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշումը` դիմողը նշում է, որ հիշյալ որոշման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ձևավորվել է այնպիսի իրավակիրառ պրակտիկա, որի պարագայում բողոքաբերը պարտավորություն չի կրում դատարանին խնդրել հարգելի ճանաչել իր կողմից բաց թողնված ժամկետները: Դիմողը նշում է նաև, որ բողոքարկման համար ժամկետի հաշվարկի նման մեխանիզմ է գործում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող բողոքների համար, ինչը վկայում է այն մասին, որ իրավակիրառ պրակտիկան որոշակիության առումով հաստատում է, որ վերադասության կարգով որոշումների բողոքարկման համար ժամկետը հաշվարկվում է դրանք ստանալու պահից:

ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխանաբար` մի շարք որոշումներում և վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումների տրամաբանության վրա հիմնվելով` դիմողը կարծում է, որ վիճարկվող դրույթներն իրավական որոշակիության, դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավական չափորոշիչների երաշխավորվածության տեսանկյունից խնդրահարույց են: Համադրված կարգով վերլուծելով վիճարկվող դրույթները` դիմողը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն այնքանով, որքանով այն բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով բողոքի ներկայացման համար բաց թողնված ժամկետի վերականգնումը թողնում է դատարանի հայեցողությանը և իրավունքի ուժով (ex jure) չի ճանաչում հարգելի, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների պահանջներին:

 

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, նշում է, որ թեև բողոքարկման ժամկետը հաշվարկվում է դատական ակտի հրապարակման պահից, այդուհանդերձ, օրենսդիրն իրավական երաշխիքների ամրագրմամբ ապահովել է անձանց բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունը: Բողոքարկման իրավունքի իրականացման համար վճռական նշանակություն ունի դատական ակտը հասցեատիրոջը ժամանակին հանձնելը: Դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովման երաշխիքներից է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավական հնարավորությունը: Այն իրենից ներկայացնում է որոշակի իրավական ընթացակարգ, որի շրջանակներում դատարանը գնահատում է դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը:

Պատասխանող կողմը գտնում է նաև, որ «բաց թողնված ժամկետի վերականգնումն այն հարցերից է, որտեղ դատարանը հայեցողություն դրսևորելու իրավասություն ունի»: Պատճառների հարգելիությունը գնահատողական հասկացություն է, և յուրաքանչյուր դեպքում այն գնահատելու անհրաժեշտություն է առաջանում: Սակայն դատական հայեցողությունը պետք է իրականացվի ոչ թե կամայական, այլ օրենքի շրջանակներում: Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցում ունի ոչ թե անսահմանափակ հայեցողական լիազորություն, այլ նշված հայեցողական լիազորության իրականացումը սահմանափակված է այդ պատճառների հարգելիությամբ: Բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցում վճռորոշը պատճառների հարգելիությունն է, որը ելակետային է համարվում դատարանի կողմից որոշում կայացնելիս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով ՍԴՈ-1052 որոշումը, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի` 2000 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 36 որոշումը, ինչպես նաև ներկայացնելով քննության առարկա հարցի վերաբերյալ օտարերկրյա փորձը, փաստարկում է, որ բոլոր դեպքերում բաց թողնված ժամկետի վերականգնումն իրականացվում է որոշակի իրավական ընթացակարգի պահպանմամբ: Այն է՝ շահագրգիռ անձը պարտավոր է ներկայացնել համապատասխան միջնորդություն՝ միաժամանակ կցելով ժամկետը բաց թողնելու հարգելիությունը հավաստող ապացույցներ, որոնք ենթակա են ուսումնասիրման և գնահատման դատարանի կողմից: Եթե առանձին դեպքերում դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիությունը կարող է ակնհայտ լինել, ինչպես, օրինակ, դատավարական փաստաթղթերն ուշացումով ստանալու կամ ուղարկելու դեպքերը, ապա այլ դեպքերում հարգելիությունը կարող է վիճելի լինել և պահանջել դրանց ուսումնասիրում և գնահատում:

Ամփոփելով իր կողմից ներկայացված հիմնավորումները` պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

 

5. Սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված իրավական պահանջի նշանակությունը` հաշվի առնելով մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պահանջները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքների երաշխավորվածությունը` հաշվի առնելով նաև վերջիններիս, ինչպես նաև դատական բողոքարկման ինստիտուտի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

6. ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-873, ՍԴՈ-936, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192) դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Հիշյալ որոշումներում անդրադառնալով նաև դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական ապահովման անհրաժեշտությանը` սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում բազմիցս անդրադարձել է այս հարցին և նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես` բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել՝ կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան։

Պետություններն այս առնչությամբ օգտվում են հայեցողության ազատությունից։ Այնուամենայնիվ, դատարանի մատչելիության իրավունքը չի կարող սահմանափակվել այնպես և այն սահմաններով, որ վնասի նրա էությունը, և դրանք համապատասխանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե ունեն օրինական նպատակ և կիրառված միջոցների ու դրված նպատակի միջև գոյություն ունի արդար հավասարակշռություն (Golder v. United Kingdom, 21 feb. 1975, Fayed v. United Kingdom, 25 aug. 1994, Ashingdane v. United Kingdom, 28 may 1985, Garcia Manibardo v. Spain (15 feb. 2000), 29.06.2000, Bellet v. France, 20 nov. 1995, Philis v. Greece, 27 aug. 1991, Tolstoy Miloslavsky v. United Kingdom, 23 jun. 1995)։ Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը շեշտում է, որ. «Բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետների կարգավորումը, անկասկած, նպատակ ունի ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը, հատկապես իրավական որոշակիության սկզբունքը։ Շահագրգռված անձինք պետք է հաշվի առնեն, որ այդ կանոնները պետք է կիրառվեն» Perez de Rada Cavanilles v. Spain, 28 oct. 1998, Societe anonyme "Sotiris et Nikos Kouras ATTEE" v. Greece (16 nov. 2000), 16 feb. 2001) (ՍԴՈ-652),

բ) «… նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ։ Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն։

Վերոհիշյալ խնդրին անդրադառնալով՝ սահմանադրական դատարանը նաև կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը…» (ՍԴՈ-690),

գ) «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից։ Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով»:

Անդրադառնալով վերադաս դատական ատյանում դիմումի թույլատրելիության պահանջներին՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ. «Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն»
 (ՍԴՈ-719),

դ) «Սահմանադրական դատարանն իրավական պետության սկզբունքների և արդարադատության մատչելիության իրավունքի համատեքստում առանձնակիորեն կարևորում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ վերջինիս որոշումները՝ պայմանավորված այդ դատարանի սահմանադրական գործառույթներով, կարևորվում են ոչ միայն դատավարության կողմերի շահերի տեսանկյունից, այլ նաև ողջ հանրության շահերի տեսանկյունից» (ՍԴՈ- 765),

ե) «Սույն գործի շրջանակներում ևս սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վկայակոչել դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը։ Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (Case of Khalfaoui v. France, application no. 34791/97, 14/03/2000)» (ՍԴՈ-1127),

զ) «Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը՝ նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում սահմանադրական դատարանը կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությունն ինչպես այլ, այնպես էլ վճռաբեկ վարույթում գնահատելու առումով:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ:

Վճռաբեկ բողոքի ընդունելիության պայմանները սահմանելիս պետք է գերակայեն վճռաբեկ դատարանի մատչելիության և արդյունավետ բողոքարկման իրավունքի ապահովման երաշխիքները: Վճռաբեկ դատարանի՝ որպես ընդհանուր իրավասության դատարանների համակարգում բարձրագույն մարմնի կառուցակարգային կարգավիճակը չի կարող խոչընդոտել օրենքով նրան վերապահված իրավասության լիարժեք իրականացմանը և այդ բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացմանը, եթե ստեղծվում են դրա համար անհրաժեշտ նաև իրավական ու կառուցակարգային երաշխիքներ» (ՍԴՈ-1192):

 

7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը» վերտառությամբ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն իրավապայմանները, որոնց դեպքում վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության: Ըստ այդմ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է երկու իրավիճակ, որոնց դեպքում վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, այն է` եթե.

1) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է,

2) վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Վիճարկվող դրույթում ամրագրված` բողոք բերելու համար սահմանված ժամկետի հետ կապված իրավակարգավորումն իր ամրագրումն է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածում, որի 1-ին մասը քննության առարկա է դարձել ՀՀ սահմանադրական դատարանում: Այսպես, սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, իր ՍԴՈ-1062 որոշմամբ արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք, ինչպես նաև ՍԴՈ-1062 որոշման մեջ վկայակոչված ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հանգում են, մասնավորապես, հետևյալին.

ա) «... ստորադաս դատարանի դատական ակտը հրապարակվելու պահից որոշակի ժամկետում բողոքարկելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պարտավոր է՝ ելնելով անձի դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ նախադրյալներ ամրագրել դրանց երաշխավորման ու ապահովման համար։ Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար» (ՍԴՈ-1052),

բ) «…վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում՝ ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը» (ՍԴՈ-1052),

գ) «… ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր նման դեպքերում կողմը պետք է ունենա ողջամիտ ժամկետ դատական ակտն ստանալուց կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ ունենալուց, նրան պաշտոնապես հասանելի լինելուց հետո հիմնավոր բողոք ներկայացնելու համար։ Իսկ, ինչպես նշվեց, բոլոր այն դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից անկախ պատճառներով, իրավունքի ուժով /ex jure/ բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը։ Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինի ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքը» (ՍԴՈ-1052),

դ) «Այլ խնդիր է, թե Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով նախատեսված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների համատեքստում որքանով է երաշխավորված օրենքով նախատեսված բողոքարկման ժամկետներից օգտվելու իրավական հնարավորությունը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման և դատական ակտը հասցեատիրոջը փաստացիորեն հանձնելու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը վիճարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը» (ՍԴՈ-1062),

ե) «… սույն գործով օրենսգրքի վիճարկվող դրույթով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման ժամկետը դատական ակտի հրապարակման պահից հաշվարկելն ինքնին չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, եթե առկա են դատական ակտին ծանոթանալու և դրա բողոքարկման իրավունքն արդյունավետ իրականացնելու համար բավարար ժամանակ ապահովող երաշխիքներ։ Ինչպես արդեն նշվեց, սահմանադրական դատարանի կողմից որպես այդպիսի երաշխիք է ճանաչվել օրենսգրքի 402-րդ հոդվածը և այն էլ միայն այն դեպքում, երբ նշված հոդվածի 2-րդ մասով նախատեսված եռօրյա ժամկետում դատական ակտը տրամադրվի /հասանելի դարձվի/ անձին։ Այսինքն, համաձայն գործող օրենսդրության՝ անձն առնվազն 27 օր ժամանակ պետք է ունենա հիմնավոր բողոք ներկայացնելու համար» (ՍԴՈ-1062):

 

8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունն անմիջականորեն փոխկապակցված է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ` ՍԴՈ-1052 և ՍԴՈ-1062 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների հետ, սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործի քննությունն անհրաժեշտ է իրականացնել այդ դիրքորոշումների լույսի ներքո: ՍԴՈ-1062 որոշման եզրափակիչ մասում սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող այնքանով, որքանով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներին համահունչ երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին և վերջինից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ ճանաչվում է հարգելի: Այսինքն, սահմանադրական դատարանը որպես դրույթի սահմանադրականության պայման նշել է այն, որ նախ պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով /ex jure/ պետք է ճանաչվի հարգելի:

Վերոնշյալի հաշվառմամբ, ելնելով նաև անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների առավել արդյունավետ իրացման երաշխավորվածությունից, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, որպես ընդհանուր կանոն, այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքը բերվել է օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, ապա բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունն օբյեկտիվորեն առկա իրավական անհրաժեշտություն է, հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ իրավասու մարմնին քննության առարկա դարձնել միջնորդության մեջ ներառված խնդրանքը: Միևնույն ժամանակ, որպես հատուկ կանոն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի դեպքերում դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետը բաց թողնելը պայմանավորված չէ անձի կամքով, առաջացել է անձից անկախ պատճառներով, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դեպքերում ներկայացված միջնորդությունը բավարարելը համապատասխան դատական ատյանի պարտականությունն է հանդիսանում:

Ըստ այդմ, սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով /ex jure/՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

 

9. Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ, մի կողմից, օրենսդրորեն օբյեկտիվորեն հնարավոր չէ թվել բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու հիմքում ընկած հանգամանքների հարգելիության բոլոր դեպքերը, մյուս կողմից, սակայն, ելնելով դատական հայեցողության իրավաչափ սահմանափակման անհրաժեշտությունից` նպատակահարմար կլինի հարգելիության որոշակի խումբ հիմքեր օրենսդրորեն ամրագրել: Այս համատեքստում սահմանադրական դատարանը դրական է համարում այն, որ նշյալ հանգամանքի մասին է փաստում նաև ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչը` նշելով, որ «... ոչ միասնական կամ հնարավոր հակասական իրավակիրառական պրակտիկայի ձևավորումն առհասարակ կանխելու նպատակով նպաստավոր կլինի օրենսդրորեն սահմանել դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու համար անհրաժեշտ այն չափանիշները կամ դատավարական ժամկետի վերականգնման հիմքերի այն մոտավոր, ոչ սպառիչ շրջանակը, որոնք յուրաքանչյուր դեպքում դատարանների համար ելակետային կհանդիսանան ժամկետի բացթողման հարգելիությունը գնահատելիս»:

Հետևաբար, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու որոշ հիմքերի իրավական ամրագրումը կնպաստի տվյալ իրավահարաբերության արդյունավետության, ինչպես նաև դատարանների հանրային-իրավական վարքագծի կանխատեսելիության մակարդակի բարձրացմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

22 դեկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1249