Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (05.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.02.24/15(1195) Հոդ.109.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական
դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0051/11/14

ԵԱՔԴ/0051/11/14

Նախագահող դատավոր՝  Գ. Մելիք-Սարգսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. ԴԱնիելյանի

   

Ա. Պողոսյանի

   

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

     
 

 մասնակցությամբ՝
դիմողի ներկայացուցիչ
դատախազ

Ս. Սաֆարյանի
 Ա. Խաչատրյանի

 

2015 թվականի հունիսի 5-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Ժամկետային զինծառայող Արեգ Աշոտի Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009 թվականի հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական ծառայության (այսուհետ նաև` ՀՀ ՊՆ ՔԾ) թիվ 2 կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91254109 քրեական գործը:

ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանը (այսուհետ նաև` Քննիչ) 2009 թվականի հուլիսի 11-ին որոշում է կայացրել թիվ 91254109 քրեական գործը վարույթ ընդունելու մասին:

2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած թերապևտ Տաթևիկ Գյոգջաևային, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2010 թվականի հուլիսի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի նախագահ հանդիսացած Արտաշես Խաչատրյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2010 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել 2009 թվականի գարնանային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2014 թվականի հուլիսի 17-ին Քննիչը որոշումներ է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որոնցով մեղադրյալներ Տ.Գյոգջաևայի, Ա.Խաչատրյանի և Գ.Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նույն օրը` 2014 թվականի հուլիսի 17-ին, Քննիչը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին:

Քննիչի վերոհիշյալ որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի (այսուհետ նաև՝ Դատախազ) 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մերժվել է:

2. 2014 թվականի օգոստոսի 13-ին դիմող Ա.Մալխասյանը և վերջինիս ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը բողոք են ներկայացրել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին 2014 թվականի հուլիսի 17-ի որոշումը և ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի` 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ դիմող Ա.Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի բողոքը մերժվել է:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ դիմող Ա.Մալխասյանը և նրա ներկայացուցիչ Ս.Սաֆարյանը ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2015 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. 2009 թվականի հուլիսի 4-ի` քրեական գործ հարուցելու մասին որոշման համաձայն՝ «2009թ. հուլիսի 4-ին ժամը 1355 -ի սահմաններում թիվ 25918 զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արեգ Աշոտի Մալխասյանը, որը Արաբկիրի զինվորական կոմիսարիատից ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2009թ. հունիսի 26-ին, տեղափոխվել է Մեխակավանի զինհոսպիտալ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 5):

6. ՊԲ թիվ 25918 զորամասի զինծառայողներ՝ կապիտան Արամայիս Խաչատրյանը, կրտսեր սերժանտ Անդրանիկ Գալստյանը, կրտսեր սերժանտ Գևորգ Գրիգորյանը, շարքային Հովհաննես Սարգսյանը, որպես վկա ցուցմունքներ են տվել այն մասին, որ նորակոչիկ Արեգ Մալխասյանն ունեցել է հիվանդոտ տեսք, եղել է գունատ և շատ նիհար (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 63, 64, 65, 66-67):

7. ՀՀ պաշտպանության նախարարի 2009 թվականի օգոստոսի 26-ի թիվ 921 հրամանի համաձայն՝ «(...) Ծառայողական քննության ընթացքում պարզվել է, որ (...) Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, ունենալով շարքային Ա.Մալխասյանի հիվանդությունների մասին բոլոր փաստաթղթերը, պարտավոր էր այլ վերաբերմունք ցուցաբերել. ուղարկելով մանրակրկիտ հետազոտությունների՝ զորակոչի վերաբերյալ պետք է ճիշտ որոշում կայացներ:

(...)

-Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովը, առանց ստացիոնար հետազոտության, շարքային Ա.Մալխասյանին ճանաչել է «պիտանի շարային ծառայության համար» այն դեպքում, երբ զինկոմիսարիատի պայմաններում բժշկական հանձնաժողովը դժվարությամբ էր որոշել նրա ստամոքսի վիճակը և ստոծանու ճողվածքը, որոնց մասին գրված էր բժշկական փաստաթղթերում,

-Արաբկիրի զինվորական կոմիսարը շարքային Ա.Մալխասյանին հետազոտման համար ուղեգիր է տվել միայն վերադասի կարգադրությունից հետո,

-զինկոմիսարիատը, «Էրեբունի» բժշկական կենտրոնը, Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, շարքային Ա.Մալխասյանի ներկայացրած հիվանդության էպիկրիզին և «Դիագնոստիկ» կենտրոնի ու այլ բժշկական փաստաթղթերին բավարար ուշադրություն չեն դարձրել,

-«Էրեբունի» բժշկական կենտրոնում ս.թ. հունիսի 15-19-ը կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և լիարժեք չեն եղել, ինչի հիման վրա զինկոմիսարիատը և կենտրոնական բժշկական հանձնաժողովը Ա.Մալխասյանին ճանաչել են «պիտանի շարային ծառայության համար»,

-շարքային Ա.Մալխասյանի անձնական գործում չեն կարվել ծնողի՝ դիմումին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը, առաջին անգամ տրված ուղեգիրը, վերադարձված ակտի բլանկը,

-անձնական գործում փաստաթղթերի հերթական համարները (16-22) նշված են ուղղումներով և փոփոխումներով,

-զորակոչիկի քարտում 2009թ. առաջին անգամ կատարված բուժհետազոտման ամիսն ու ամսաթիվը և բժիշկների ազգանունները նշված չեն,

-Արաբկիրի զինկոմիսարիատի ոչ գաղտնի գործավարության գործավար Հռիփսիմե Սանթուրյանը չի ցանկացել վերցնել շարքային Ա.Մալխասյանի հոր դիմումը, իսկ վերցնելուց հետո սահմանված կարգով չի գրանցել,

-Արաբկիրի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Ուլիխանյանը, ըստ Ա.Մալխասյանի եղբոր հայտարարության, անհարկի վիճաբանել է Ա.Մալխասյանի հարազատների հետ՝ նրանց նկատմամբ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև կասկած է հայտնել ծնողի ներկայացրած փաստաթղթերի իսկության վերաբերյալ: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65-66):

8. ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ 2009 թվականի հուլիսի 5-ին հոսպիտալի պետից իմանալով, որ Ա.Մալխասյանը անգիտակից և շատ ծանր վիճակում տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, գնացել է այնտեղ, ուր տեսել է բժշկական փաստաթղթեր, որոնք արդեն իսկ կասկածի տակ էին դնում «Էրեբունի» ԲԿ-ի կողմից Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմած առողջական վիճակի ակտը: Արտաշես Խաչատրյանը մասնավորապես հայտնել է հետևյալը. «Մենք բժիշկներով, և խորհրդակցելով ՌԲՎ-յան պետի հետ եկանք այն համոզման, որ այս իրավիճակում եղել է միտում, որ իրական հետազոտման տվյալները չարտացոլվեն Էրեբունի ԲԿ-ի ակտում, այսինքն միտումնավոր դրանք չեն նշվել, որպեսզի զինակոչիկը ճանաչվի պիտանի: (...) Այժմ, քանի որ ինձ ներկայացվեց Ա.Մալխասյանի՝ Էրեբունի ԲԿ-ում նրա հիվանդության պատմագիրը, նրանում առկա այլ հետազոտության արդյունքները, որոնք համեմատելով ակտում արձանագրվածի հետ, գալիս եմ այն հետևության, որ դրանք միտումնավոր չեն արտացոլվել ակտում, ինչն էլ հանգեցրել է նրան, որ հետազոտվող նորակոչիկը ճանաչվել է պիտանի շարային ծառայության, իսկ եթե դրանք արտացոլվեին, ապա զինակոչիկ-հետազոտվողը դեռևս ԿԲՀ-ում կճանաչվեր ոչ պիտանի ծառայությանը: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 18-23):

9. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը 2009 թվականի հուլիսի 29-ին որպես վկա տված իր ցուցմունքով հայտնել է, որ եթե Ա.Մալխասյանի առողջական վիճակին վերաբերող բոլոր բժշկական փաստաթղթերը մանրակրկիտ ուսումնասիրվեին զինկոմիսարիատի և Կենտրոնական բժշկական հանձնաժողովի բժիշկների կողմից, ապա Ա.Մալխասյանը չպետք է զորակոչվեր և պետք է ճանաչվեր զինծառայության համար ոչ պիտանի (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 242-244):

10. 2009 թվականի օգոստոսի 12-ի թիվ 609/29 դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «(...) Ա.Մալխասյանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից (...): Միաժամանակ Ա.Մալխասյանը կենդանության օրոք տառապել է նաև Մելլորի-Վեյսի համախտանիշով, քրոնիկական էոզոֆագիտով, կերակրափողի մակերեսային էռոզիաներով և քրոնիկական գաստրիտով, որոնք նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 50-58):

11. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության՝ 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ «(...) Զինակոչիկ Ա.Մալխասյանի մոտ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որպես մահվան պատճառ հանդիսացած «սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում» հիվանդությունը, համաձայն դիակի օրգանների կազմաբանական և ձևաբանական փոփոխությունների` /սրտի և մայր անոթի փականների ռևմատիկ, սկլերոտիկ փոփոխություններ/ և փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի (...) տվյալների, առաջացել են 2008թ-ից առաջ, որոնք հիմնավորվում են ինչպես դիակի օրգանների մորֆոլոգիական փոփոխություններով, այնպես էլ 2008թ. Միքայելյանի անվան հիվանդանոցում կատարված էլեկտրասրտագրի վրա առկա բնորոշ փոփոխությունների /սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցում/ մասին վկայող տվյալներով: (...) Զինվորական ծառայության ռեժիմը, ֆիզիկական և փսիխո-էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը կարող էին ունենալ բացասական ազդեցություն Ա.Մալխասյանի մոտ սիրտ-անոթային առկա հիվանդության վրա, այդպիսով վատթարացնելով նրա առողջական վիճակը: (...) Փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերում եղել են հուշող տվյալներ Ա.Մալխասյանի մոտ սրտային հիվանդության մասին: Նման տվյալներ եղել են 2008թ. Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի հիվանդության պատմագրում (...) և Էրեբունի ԲԿ թիվ 4443/432 հիվանդության պատմագրում փակցված էլեկտրասրտագրերի ժապավեններում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում՝ 17.06.09թ. ժամը 11.20-ին, երբ նյարդաբանի կողմից արձանագրվել է զարկերակային ճնշումը՝ 80/30մմ: Նման դեպքում Էրեբունի ԲԿ-ում անհրաժեշտ էր սրտային օրգանական պաթոլոգիան հաստատելու կամ ժխտելու համար կատարել սրտաբանական մանրակրկիտ հետազոտություններ, /օրինակ կրկնակի էլեկտրասրտագիր, քանի որ կատարված էլեկտրասրտագրի ժապավենը եղել է անորակ և քիչ ինֆորմատիվ/: Սակայն հարկ է նշել, որ չնայած Էրեբունի ԲԿ-ի էլեկտրասրտագրի ժապավենը ցածր որակի է և քիչ ինֆորմատիվ, այնուամենայնիվ նրա վրա որոշվում է փոփոխություններ՝ սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցում, նման պարագայում հարկավոր էր էլեկտրասրտագիրը պարտադիր կարգով կրկնել և հիվանդի նկատմամբ սահմանել սրտաբանի հսկողություն, նաև կատարել լրացուցիչ հետազոտություն՝ վելոէրգոմետրիա /ծանրաբեռնվածության թեստ/, ինչը հնարավորություն կտար հայտնաբերելու սրտի օջախային բնույթի փոփոխությունների առկայությունը: (...):

 (...) Ըստ 16.06.09թ. գաստրոդուոդենոսկոպիայի հայտնաբերվել է դուոդենիտ, մակերեսային էրոզիվ անտրալ գաստրիտ, իսկ 2008թ. հիվանդության պատմագրի տվյալներով հայտնաբերվել է Մելորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի նկատմամբ բժշկական տեսանկյունից սահմանել հատուկ սննդակարգ, ֆիզիկական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածության սահմանափակում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ստամոքս-աղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ սրտի պսակաձև անոթների ռեֆլեկտոր սպաստիկ /սպազմ/ երևույթների, հանդիսանալով որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով:

(...) նշված չկատարված հետազոտությունները Էրեբունի ԲԿ-ում պետք է կազմակերպեր անմիջապես բուժող բժիշկը, սրտաբանական խորհրդատվությունը պետք է իրականացներ սրտաբանը, նաև 2009թ. 17 հունիսին զարկերակային ճնշումը 80/30մմ, վեգետոանոթային դիստոնիա ախտորոշվելուց հետո բուժող բժշկի և նյարդաբանի կողմից անհրաժեշտ էր իրականացնել սրտաբանի և նյարդաբանի դինամիկ հսկողություն:

(...) Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազոտությունների տվյալներով Ա.Մալխասյանի մոտ հայտնաբերվել է էրոզիվ անտրալ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, որոնք չեն արձանագրվել առողջական վիճակի ակտի մեջ, բացի այդ Էրեբունի ԲԿ-ն ընդունվելու պահին զարկերակային ճնշումը արձանագրված է 120/80մմ, իսկ 17.06.09թ. նյարդաբանի կողմից գրանցվել է 80/30մմ, ինչը պահանջում էր համապատասխան քննություններով ախտորոշման ճշտում և վերջնական ախտորոշման մեջ արձանագրում, ինչը նույնպես չի կատարվել: (...) Ինչ վերաբերում է ախտորոշված «ստամոքսի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի արագացում» ախտորոշմանը և նրա ֆունկցիայի խանգարման աստիճանին, ապա ըստ Էրեբունի ԲԿ-ի հիվանդության պատմագրի հետազոտությունների արդյունքների, հնարավոր չի ճշգրիտ որոշել ֆունկցիայի արագացման աստիճանը, քանի որ այդ աստիճանը պետք է որոշվեր ռենտգենոլոգի կողմից, ինչը չի կատարվել:

(...) Եթե Էրեբունի ԲԿ-ում ճիշտ գնահատվեր էլեկտրասրտագրի վրա արտացոլված տվյալները /հետին կողմնային պատի սնուցման իջեցում/, նյարդաբանի, սրտաբանի և բուժող բժշկի կողմից կազմակերպվեին նյարդաբանի, սրտաբանի դինամիկ հսկողություններ, կատարվեր լրացուցիչ էլեկտրասրտագիր /քանի որ էլեկտրասրտագրի ժապավենը անորակ լինելու պատճառով եղել է ոչ լիարժեք ինֆորմատիվ և նշված ժապավենով վերջնականապես կատարել որևէ ախտորոշում հնարավոր չէ/, ապա հնարավոր կլիներ հայտնաբերելու սրտային պաթոլոգիան և ըստ այդմ էլ դրանց համապատասխան կտրվեր համապատասխան գնահատական:

(...) Էրեբունի ԲԿ-ում նյարդաբանի կողմից գրառումը ընդգրկում է միայն ախտորոշում առանց նյարդաբանական կարգավիճակի նկարագրման: (...) «Կրիզ» անվանված վիճակը (...) պահանջում էր բացառել սրտային համապատասխան կափույրային ապարատի կողմից պաթոլոգիկ վիճակները: Եթե առողջական վիճակի ակտում ճիշտ ձևակերպվեր նյարդաբանական ախտորոշումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզներով», ապա Ա.Մալխասյանը պետք է ենթարկվեր լրացուցիչ հետազոտության նյարդաբանական ստացիոնարում /բաժանմունքում/ ախտորոշման ճշտման, կրիզների հաճախականության և ծանրության աստիճանի որոշման համար և բնականաբար այն կարժանանար համապատասխան գնահատականի զինվորական հանձնաժողովների բժիշկների կողմից:

(...) Եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների (...), ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները /կամ ժխտել վերջիններս/: Եվ բնականաբար եթե հայտնաբերվեին այդպիսիք, կազմակերպվեր համապատասխան բուժումներ, խորհրդատվություններ, ապա հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից: Հանձնաժողովը հարկ է համարում նշելու նաև, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժանանար նաև Ա.Մալխասյանի մոտ 2008թ. ախտորոշված «Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությունը և այդ ախտորոշումը պետք է ենթարկվեր համապատասխան հրահանգներով հիմնավորված գնահատականի: (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 15-28):

12. Որպես վկա հարցաքննված հանրապետական զինկոմիսարիատի ավագ բժիշկ, փոխգնդապետ Ռուբեն Մարգարյանը, ինչպես նաև սույն գործով դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն իրենց ցուցմունքներով պնդել են, որ «Էրեբունի» ԲԿ-ի կողմից Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված առողջական վիճակի հետազոտության ակտի՝ ախտորոշման վերաբերյալ հատվածում նշված՝ «Ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի» ձևակերպումն իրենից որպես ախտորոշում չի ներկայացնում, այլ հանդիսանում է որպես նախանշան, հետևաբար բոլոր բժշկական հանձնաժողովները պարտավոր էին այդ ուղղությամբ Ա.Մալխասյանի նկատմամբ իրականացնել լրացուցիչ և ստացիոնար հետազոտություններ, մասնավորապես ուղարկելով նրան աղիքաստամոքսային և նյարդաբանական ստացիոնարներ՝ համապատասխան հետազոտություններ անցնելու համար, և դրանից հետո միայն անդրադառնալ նրա՝ զինվորական ծառայության անցնելու պիտանիության հարցին, ինչը չի կատարվել այդ հանձնաժողովների համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 30-32, 34-35):

13. Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության առնչությամբ 2010 թվականի հունիսի 24-ին որպես վկա հարցաքննվել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի վարիչ Համլետ Հայրապետյանը, որն իր անհամաձայնությունն է հայտնել փորձաքննության եզրակացության հետ, այն անվանել է անհեթեթ, իսկ քննիչին հետաքրքրող հարցերի պարզաբանման համար վերջինիս առաջարկել է հարցաքննության հրավիրել Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանին, նաև հարկ եղած դեպքում նշանակել փորձաքննություն և դրանից հետո միայն անդրադառնալ իր՝ մեղք ունենալ-չունենալու հարցին (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 96):

14. 2010 թվականի օգոստոսի 24-ին որպես վկա հարցաքննվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ Լիլիանա Թելյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ սրտաբան-ֆունկցիոնալիստ է և ունի 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: Բժիշկ Լ.Թելյանը, ծանոթանալով քննիչի կողմից իրեն ներկայացված բժշկական փաստաթղթերի, ինչպես նաև զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործի հետ՝ ցուցմունք է տվել, որ հիվանդության պատմագրից երևում է, որ 2008 թվականին ինքը հետազոտել է Արեգ Մալխասյանին և հետազոտության արձանագրված արդյունքները հուշում են, որ «կան սրտի հետ կապված խնդիրներ»: Նաև պարզաբանել է, թե ինչ տվյալներ են հուշում Արեգ Մալխասյանի մոտ դեռևս 2008 թվականին եղած՝ սրտի հետ կապված խնդիրների առկայության մասին: Այնուհետև անդրադարձել է քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված էլեկտրասրտագրին (ԷՍԳ) և հայտնել, որ այն լավ որակով չէ կատարված, սակայն ինքը տեսնում է սինուսային տախիկարդիա, վոլտաժի իջեցում, գագաթնային և կողային սրտի պատի սնուցման իջեցում, և բացի այդ՝ նյարդաբանի կողմից արձանագրվել է 80/30 զարկերակային ճնշում՝ «ինչը բնականաբար նորմայի սահմաններում չէր և մտահոգելու խնդիր պետք է առաջացներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 129-130):

15. 2010 թվականի օգոստոսի 26-ին որպես վկա հարցաքննվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան, ԷՍԳ-ի բժիշկ Արմինե Աղաջանյանը, որն ուսումնասիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը՝ հայտնել է, որ եթե ինքը վերծաներ, ապա կգրառեր, որ առկա է սինուսային տախիկարդիա, արյան շրջանառության խանգարում ձախ փորոքի ստորին պատին: Բժիշկ Ա.Աղաջանյանը նշել է, որ ինքը որպես մասնագետ այդպես է տեսնում, իսկ թե ինչու է Արեգ Մալխասյանին հետազոտած սրտաբանը նշել, որ նրա մոտ սիրտ-անոթային համակարգի պաթոլոգիա չի հայտնաբերվել՝ ինքը չի կարող պատասխանել նրա փոխարեն (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 132-133):

16. 2010 թվականի սեպտեմբերի 6-ին որպես վկա հարցաքննվել է Հայկ Հովսեփյանը, որը հայտնել է, որ մասնագիտությամբ թերապևտ-սրտաբան է, ունի 16 տարվա ծառայողական մասնագիտական ստաժ և 2002 թվականի աշնանային զորակոչից ի վեր մասնակցել է զորակոչերին՝ որպես Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի ավագ սպա: Անդրադառնալով Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործին՝ վկա Հայկ Հովսեփյանը զարմանք է հայտնել, թե ինչու նախաքննությունն այդ գործով դեռ չի ավարտվել: Այնուհետև ուսումնասիրելով քննիչի կողմից իրեն ներկայացված՝ 2009 թվականի հունիսի 17-ին «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը՝ հայտնել է, որ այն կատարված է տեխնիկապես անորակ, սակայն, չնայած դրան, ինքը նկատում է շեղում և եթե վերծաներ այդ ԷՍԳ-ի ժապավենը, ապա եզրակացություն կտար, որ առկա է սինուսային առիթմիա, ռեպալյարիզացիայի խանգարում ձախ փորոքի ստորին պատի հատվածում: Վկա Հայկ Հովսեփյանը նշել է նաև, որ համեմատելով Ա.Մալխասյանի առողջական վիճակի հետազոտության արդյունքները նրա առողջական վիճակի վերաբերյալ կազմված ակտի հետ՝ ակնհայտ երևում է, որ գաստրոէնտերոլոգի, նյարդաբանի ախտորոշումները օբյեկտիվորեն չեն արտացոլվել այդ ակտի մեջ: Վկան նաև հայտնել է, որ ուսումնասիրելով հիվանդության նկարագրում առկա բոլոր հետազոտությունների արդյունքները, ինքը գտնում է, որ կազմված ակտը չի համապատասխանում հետազոտության արդյունքներին, և եթե այդ արդյունքները, որոնք պարտադիր պետք է նշվեին ակտում, առկա լինեին, ապա Ա.Մալխասյանը Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից չէր ճանաչվի պիտանի ծառայության համար, այլ կնշանակվեին հետազոտություններ՝ մասնավորապես գաստրոէնտերոլոգիական և նյարդաբանական ստացիոնարների տեսքով (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 168-170):

17. 2010 թվականի օգոստոսի 30-ին որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ, բժիշկ-նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը նշել է. «[Ե]թե Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կողմից օբյեկտիվ կատարված հետազոտության արդյունքները լրիվ ծավալով և ճիշտ արտացոլվեին Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված և ԿԲՀ-ին ներկայացված առողջական վիճակի հետազոտման ակտի մեջ, ապա չէր բացառվում, որ իմ հետազոտության ժամանակ ես միջնորդեի ԿԲՀ-ին, որ Ա.Մալխասյանին ուղարկեին, կոնկրետ իմ գծով, նյարդաբանական ստացիոնար հետազոտման»: Անդրադառնալով ստամոքսի հիվանդության վերաբերյալ Արեգ Մալխասյանի կողմից ներկայացված գանգատներին՝ մեղադրյալ Գ.Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշել է. «[Ք]անի որ նրա անձնական գործում կային նման հուշող տվյալներ՝ օրինակ Մելորի-Վեյսի սինդրոմ, ստամոքս-աղիքային արյունահոսությամբ, հետագայում նաև ստոծանու կերակրափողի հատվածի աքսիլյար ճողվածք, ես ուղեգրել եմ, որ նրան հետազոտի նաև վիրաբույժը, որը, եթե տեսել եք ԿԲՀ-ի որոշումը, նշել է, թե վիրաբուժական պաթոլոգիա հայտնաբերված չէ» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 148-149):

18. Որպես մեղադրյալ տված իր ցուցմունքում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանն անդրադարձել է Արեգ Մալխասյանի վերաբերյալ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման մեջ՝ վիրաբուժական պաթոլոգիա հայտնաբերված չլինելու մասին նույն հանձնաժողովի վիրաբույժ Ա.Ուզանկիչյանի կատարած գրառմանը և նշել, որ այդ գրառման առկայության պայմաններում ինքը չէր կարող այլ որոշում կայացնել (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 163-166):

19. Վկա Ալեքսանդր Ուզանկիչյանը ցուցմունք է տվել, որ «Էրեբունի» ԲԿ-ում աշխատում է 1988 թվականից, իսկ 2001 թվականից մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը ներառյալ ընդգրկված է եղել ՀՀ զինկոմիսարիատի Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմի մեջ որպես մասնագետ-վիրաբույժ: Վկա Ա.Ուզանկիչյանը ցուցմունքում նշել է, որ երբ այժմ ինքը կրկին ուսումնասիրեց Ա.Մալխասյանի անձնական գործը, կարող է ասել, որ մի շարք բժշկական փաստաթղթեր, որոնք ինքը նախկինում տեսել է անձնական գործի մեջ՝ այնտեղից բացակայում են: Վկա Ա.Ուզանկիչյանը նշել է նաև, որ չի կարողանում մտաբերել, թե «ԿԲՀ-ի անցկացման օրը, այսինքն՝ 25.06.09թ. դրանք եղել են անձնական գործի մեջ, թե ոչ»: Քննիչի հարցին պատասխանել է, որ իրեն այժմ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոնք վերաբերում են Մելլորի-Վեյսի համախտանիշին և ստոծանու ճողվածքին, ինքը տեսել է դեռևս 2009 թվականի հունիսի 12-ին՝ զինկոմիսարիատում, դրա համար էլ խորհուրդ է տվել Ա.Մալխասյանին ուղեգրել հետազոտման: Անդրադառնալով այդ հետազոտման արդյունքներին՝ վկա Ա.Ուզանկիչյանը մասնավորապես նշել է հետևյալը. «Քանի որ հետազոտման ժամանակ նախկին ախտորոշումները ժխտվել են և տրվել է ակտ, հետևաբար, եթե անգամ այդ փաստաթղթերը լինեին ԿԲՀ-ի հանձնաժողովի զննության ժամանակ, միևնույն է այն հիմք չէր տալու կրկին նրան ուղարկելու հետազոտության, իսկ թե Էրեբունի ԲԿ-ի կողմից տրված ակտը որքանով է համապատասխանում հետազոտություններին՝ ես չեմ կարող պատասխանել»: Քննիչի հարցին պատասխանել է, որ իսկապես հեռախոսազրույց ունեցել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Արտաշես Խաչատրյանի հետ և նրան պատասխանել է, որ «առկա ակտում կատարված հետազոտություններով նախկին ախտորոշումները չեն հաստատվել»: Ցուցմունքում Ա.Ուզանկիչյանը պնդել է նաև հետևյալը. «հետազոտվող անձն ինձ որևէ գանգատներ, համենայնդեպս ստուգման ժամանակ, այսինքն ԿԲՀ-ի օրը, չի ներկայացրել: Ամեն դեպքում Ա.Խաչատրյանը կաշկանդված չէր նրան լրացուցիչ հետազոտության ուղարկելու հարցում, եթե իհարկե, հետազոտվողը ցույց է տվել բժշկական փաստաթղթերը, նաև ներկայացրել է գանգատներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 135-138):

20. 2010 թվականի նոյեմբերի 2-ին Քննիչը որոշում է կայացրել «Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին» ՝ պատճառաբանելով, որ «քննությամբ ի հայտ եկած առկա բազմաթիվ հակասությունների պարզաբանումը հնարավոր կլինի միայն պարզել նշանակելով համալիր դատաբժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն, որի համար առկա են բավարար հիմքեր» (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 266-278):

Վերոնշյալ փորձաքննությունը կատարելու համար 2010 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի թիվ 1830-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ բժշկական գիտությունների թեկնածու Պարունակ Զելվեյանի նախագահությամբ, որին հանձնարարվել է փորձաքննությունը կատարել հնարավոր սեղմ ժամկետում (տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 281):

21. Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը (այսուհետ նաև` Համալիր փորձաքննության եզրակացություն) նախաքննության մարմնին է ուղարկվել 2011 թվականի սեպտեմբերի 17-ին (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 65):

Ըստ այդ եզրակացության.

- Արեգ Մալխասյանը մինչև զորակոչվելը տառապել է «Մելլորի-Վեյսի համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությամբ, նրա մոտ արձանագրվել են՝ «Կատարալ էզոֆագիտ: Մակերեսային գաստրիտ, բուլբիտ: Ստամոքսի անտրալ հատվածի եզակի էրոզիաներ: Ստոծանու կերակրափողային անցքի ոչ մեծ սահող ակսիալ ճողվածք», ինչպես նաև «առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների»:

- «Էրեբունի» ԲԿ-ում 2009 թվականի հունիսի 15-ից 19-ը կատարված հետազոտության արդյունքներով կազմված առողջության վիճակի հետազոտման ակտում չի արտացոլվել գաստրոէնտերոլոգի ախտորոշումը՝ «էրոզիվ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, կերակրափողի և ստամոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք»:

- նյարդաբանի ենթադրյալ ախտորոշումը՝ «վեգետո-անոթային դիստոնիա, կրիզներով», ճշգրտելու նպատակով հետագա հետազոտություններ չեն իրականացվել:

- «Պատմագրում առկա ԷՍԳ ժապավենը վատ որակի է, ուստի դժվար է գնահատել Ա.Մալխասյանի մոտ «սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցման» առկայության, կամ բացակայության փաստը, ինչը հնարավոր կլիներ հայտնաբերել կամ բացառել որակյալ ԷՍԳ առկայության պարագայում»:

- ««ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի» բառակապակցությունը որպես կլինիկական ախտորոշում ընդունելի չէ:

(…) ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի գնահատումը իրականացվում է դինամիկ ռենտգենաբանական հետազոտության ընթացքում, սակայն Արեգ Մալխասյանի հիվանդության պատմության (...) նկարագրում նման գրառումներ առկա չեն»:

- «(...) առկա է եղել կարդիոսկլերոզ, կորոնարոսկլերոզ, սակայն նա եղել է ծածկընթաց և առանց ֆունկցիոնալ փոփոխությունների, քանի որ կենդանության օրոք Արեգ Մալխասյանը երբևէ գանգատներ չի ներկայացրել այդ կապակցությամբ»:

- «2009թ. հուլիսի 4-ին Արեգ Մալխասյանի առողջության վատթարացման և դրանից հետո` մահվան առաջացման գործում հավանական է՝ նշանակություն է ունեցել սրտի ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների (կորոնարոսկլերոզ, կարդիոսկլերոզ) առկայության ֆոնի վրա կայացած ստամոքս-աղիքային տրակտի սուր արյունահոսությունը («Մելլորի-Վեյս համախտանիշ»), նրա արդյունքում առաջացած սրտի կանգը (...): Արեգ Մալխասյանի սրտի կանգի պատճառն է սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարումը, որը պայմանավորված է եղել կենդանության օրոք տառապած, սույն հետևությունների «ե» կետում նշված ախտաբանական փոփոխություններով և սակավարյունության ֆոնը՝ կերակրափողի կարդիալ հատվածի պատռվածքներից տեղի ունեցած արյունահոսությունը, ինչն էլ հաստատվել է հերձման ժամանակ և հյուսվածքաբանական հետազոտությամբ հայտնաբերված (...) ախտաբանական փոփոխություններով. (...)»:

Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած փորձագիտական հանձնաժողովն իր հետևությունների «ե» կետում նշել է հետևյալը՝

«Ա.Մալխասյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ և հյուսվածքաբանական ուսումնասիրությամբ հայտնաբերված, նշված հիվանդություններից և ախտաբանական փոփոխություններից` «պանկարդիտը, սրտամկանի ծանր դիստրոֆիան նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտը, դիֆուզ կարդիոսկլերոզը, կիսալուսնաձև փականների շարակցական հյուսվածքի դեստրուկտիվ դեզօրգանիզացիոն փոփոխությունները, աորտայի կիսալուսնաձև փականների շարակցական հյուսվածքի դեստրուկտիվ դեզօրգանիզացիոն փոփոխությունները», որոնց հետևանքով առաջացել է` «սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում», և որին նպաստել է` «Մելլորի-Վեյս համախտանիշ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» -ը, կարող են լինել կենդանության օրոք տարած որևէ ինֆեկցիայի հետևանք, որը միաժամանակ ախտահարել է նաև սիրտը` վաղեմությունը վեց ամիս և ավելի, իսկ «սրտամկանի անհավասարաչափ արյունալեցությունը, կարդիոմիոցիտների ֆրագմենտացիան, գուղձային քայքայումը և սարկոպլազմայի միջաձիգ զոլավորման տեղ-տեղ ջնջվածությունը» հետևանք են սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման, ինչպես նաև վերակենդանացման որոշ միջոցառումների (սրտի արհեստական մերսում, դեֆիբրիլյացիա) և կարող էին զարգանալ մահվանից ոչ շատ առաջ, տասնյակ րոպեների, ժամերի ընթացքում»:

Համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն կատարած հանձնաժողովը հանգել է նաև հետևության, որ «Ա.Մալխասյանի հավելյալ բուժման կազմակերպման և զորակոչման հետաձգման կամ բացառման պարագայում, միգուցե հնարավոր կլիներ խուսափել հանգամանքների ճակատագրական համադրումից և մահվան ելքից: Չի բացառվում նաև, որ նման ախտաբանական վիճակների համադրումը հանգեցներ նման ելքի նաև քաղաքացիական կյանքում» (տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթ 66-76):

22. Դատաբժշկական փորձագետ, սույն գործով դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն իր՝ 2013 թվականի օգոստոսի 6-ի ցուցմունքում ևս մեկ անգամ կրկնել է, որ Ա.Մալխասյանի մահը պայմանավորված է եղել նրա ունեցած սրտային խնդիրներով, մասնավորապես սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարմամբ, և այդ սրտային խնդիրները նրա մոտ առկա են եղել դեռևս 2008 թվականից առաջ (տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթ 193):

23. ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բժիշկ Արսեն Մելքոնյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա տված ցուցմունքով հայտնել է, որ Արեգ Մալխասյանին անգիտակից վիճակում կենտրոնական հոսպիտալ տեղափոխելուց հետո՝ այնտեղ են եկել նաև Արեգի հարազատները, որոնք հոսպիտալի բժիշկներին են տրամադրել փաստաթղթեր, որոնք վկայում էին այն մասին, որ Արեգ Մալխասյանը ունեցել է հիվանդություններ: Այդ հիվանդությունների մասին վկայող ոչ մի փաստաթուղթ չկար կցված անձնական գործին, ինչը շատ զարմացրեց Արեգ Մալխասյանի ծնողներին և պատճառ դարձավ, որ աչքի ընկնեն անձնական գործի համարակալման ուղղումները: Բժիշկ Արսեն Մելքոնյանն իր ցուցմունքում նաև համոզմունք է հայտնել, որ եթե զորակոչիկ Ա.Մալխասյանի անձնական գործում առկա լինեին նրա առողջական վիճակի վերաբերյալ վերոհիշյալ բժշկական փաստաթղթերը, ապա նա չէր զորակոչվի և կվերադարձվեր վերափորձաքննության (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 31-33):

24. Արեգ Մալխասյանի հայրը՝ Աշոտ Մալխասյանը, որպես վկա ցուցմունքներ է տվել այն մասին, որ իր հիվանդ որդուն անօրինական կերպով են զորակոչել բանակ, այդ ապօրինությունը կանխելուն ուղղված իր ջանքերը անտեսվել են Արաբկիրի զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի ու զինկոմիսարիատի բժիշկների կողմից, և իր նկատմամբ դրսևորվել է արհամարհական վերաբերմունք: Աշոտ Մալխասյանը հայտնել է նաև, որ երբ որդուն 2009 թվականի հունիսի 26-ին զինկոմիսարիատից տեղափոխել են կենտրոնական հավաքակայան՝ իրենց միակ հույսն այն է եղել, որ այնտեղ տեսնելով բոլոր բժշկական փաստաթղթերը՝ նրան չէին զորակոչի, սակայն, ինչպես հետո է իմացել, իրենց ներկայացրած բոլոր բժշկական փաստաթղթերն Արեգ Մալխասյանի անձնական գործից բացակայել են, և այդպես էլ որդուն զորակոչել են (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 73-80):

2009 թվականի օգոստոսի 20-ին Աշոտ Մալխասյանը լրացուցիչ ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք չեն իմացել, որ որդին սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն իմացել են, որ ունի ստամոքսի հետ կապված՝ բժիշկների կողմից ախտորոշված հիվանդություններ, ինչն անտեսվել է Արաբկիրի զինկոմիսարիատի բժիշկների և հատկապես՝ Արաբկիրի զինկոմ Ա.Ուլիխանյանի կողմից, ով չէր ցանկանում ուղեգիր տալ հետազոտություններ անցնելու համար: Մինչդեռ Մելլորի-Վեյսի համախտանիշը և դրա հետ կապված հիվանդություններն ախտորոշած բժիշկներն իրեն և որդուն պարզաբանել էին, որ նման հիվանդները պետք է պահպանեն խիստ դիետա և ընդունեն համապատասխան դեղորայք, ընդ որում՝ դա կարող է մարդուն ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանը նաև համոզմունք է հայտնել, որ Արաբկիրի զինկոմը և զինկոմիսարիատի բժիշկները միջամտել են «Էրեբունի» ԲԿ-ում կատարված հետազոտություններին, այդ իսկ պատճառով «Էրեբունի» ԲԿ-ում կազմված հիվանդության նկարագրում ստամոքսի հիվանդության վերաբերյալ արձանագրված ախտորոշումները չեն արտացոլվել առողջական վիճակի մասին ակտում, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ իր ակնհայտ հիվանդ որդուն զորակոչեն (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 62-64):

25. Ղևոնդ Մալխասյանը 2009 թվականի օգոստոսի 8-ին որպես վկա ցուցմունք է տվել՝ ակնհայտ հիվանդ իր եղբորը՝ Արեգ Մալխասյանին ապօրինի կերպով զորակոչելու, իրենց նկատմամբ Արաբկիրի զինկոմիսարիատում արհամարհական վերաբերմունք դրսևորելու և եղբոր հիվանդությունների մասին վկայող բժշկական փաստաթղթերն անտեսելու մասին: Ցուցմունքի վերջում վկան խնդրել է օբյեկտիվ քննություն կատարելով՝ պատժել մեղավորներին, «գոնե որպեսզի հետագայում նման դեպքեր այլ անձանց հետ չկատարվեն» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 34-43):

26. 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Արաբկիրի զինվորական կոմիսար Արմեն Ուլիխանյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքն է հանձնարարել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Ա.Ուլիխանյանը ցուցմունքում նշել է նաև, որ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի և իր մոտ խորը կասկածներ են եղել Արեգ Մալխասյանի՝ իսկապես վատառողջ լինելու վերաբերյալ, այդ իսկ պատճառով ինքը կարգադրել է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանին ներկա գտնվել «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանին հետազոտելու ժամանակ: Ա.Ուլիխանյանը մասնավորապես հայտնել է, որ. «Ելնելով ստեղծված իրավիճակից և օբյեկտիվությունը ապահովելու նպատակով իմ կարգադրությամբ վիրաբույժ Մ.Սանոյանը 2009թ. հունիսի 15-ից մինչև 19-ը մշտապես ներկա է գտնվել Էրեբունի ԲԿ-ում»: Նշել է նաև, որ Ա.Մալխասյանն ուներ բարձրագույն կրթություն, տիրապետում էր չորս լեզուների, և ինքը ցավում է այն բանի համար, որ ստեղծված իրավիճակը նման ավարտ ունեցավ նրա համար: Միևնույն ժամանակ նշել է, որ. «Ես այդ հարցում կարծում եմ որևէ մեղք չունեմ, իմ մեղքը գտնում եմ որ կայանում է նրանում, որ քիչ թե շատ կոպիտ տոնով եմ արտահայտվել մինչ զորակոչը նրա հարազատների նկատմամբ, որում նաև իրենք ունեն իրենց մեղքը, որը կարծում եմ կայանում է նրանում, որ ցուցաբերելով անտարբերություն իրենց հարազատի նկատմամբ, նաև լինելով անհետևողական, ոչ ճիշտ մոտեցում ցուցաբերեցին ու նրանց վարքագիծը համոզիչ չէր, որ իրականում նորակոչիկը ունեցել է կամ ուներ առողջական վիճակի հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ վերջինիս ճանաչելու ոչ պիտանի շարային ծառայության և տրվեր տարկետում բուժման նպատակով»: Քննիչի հարցերին Ա.Ուլիխանյանը պատասխանել է, որ հարցին լուծում տալու նպատակով իրեն ոչ ոք գումար չի առաջարկել, որևէ բժշկի եզրահանգման վրա ինքը չի ազդել, իր միջամտությունը միայն կայացել է նրանում, որ կարգադրել է վիրաբույժ Մ.Սանոյանին «օբյեկտիվությունը ապահովելու և վերահսկելու նպատակով ներկա գտնվել Էրեբունի ԲԿ-ում կատարվող հետազոտություններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 74-79):

27. 2014 թվականի հուլիսի 17-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, որի համաձայն. «Արեգ Աշոտի Մալխասյանը (...) 2009թ. հունիսի 26-ին Արաբկիրի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել է ՀՀ ԶՈՒ և ծառայության ուղարկվել ԼՂՀ ՊԲ թիվ 25918 զորամաս, որպես ժամկետային զինծառայող, կոչումը` շարքային: 2009թ. հուլիսի 4-ին` ժամը 1355-ի սահմաններում շարքային Ա.Մալխասյանը զորամասի տարածքում իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը, որի պատճառով տեղափոխվել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: (...) 2009թ. հուլիսի 5-ին (...) էվակուացվել է ք.Երևան և (...) հոսպիտալացվել ՀՀ ՊՆ թիվ 14203 զորամասի /ԿԿԶՀ/ վերակենդանացման բաժանմունքում, որտեղ կատարված շտապ դիագնոստիկ հետազոտությունների արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «վիճակ սիրտ-թոքային վերակենդանացումից հետո, գլխուղեղի այտուց, կոմա, երկկողմանի ասպիրացիոն թոքաբորբ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն»: Հիվանդի վիճակը գնահատվել է կրիտիկական և այդ ուղղությամբ ձեռնարկվել են բոլոր հնարավոր վերակենդանացման միջոցառումներ, որոնք սակայն արդյունք չեն տվել և ժամը 2025-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:

 (...)

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Արեգ Մալխասյանը կենդանության օրոք տառապել էր՝ «Պանկարդիտ, սրտամկանի ծանր դիստրոֆիա նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտ, դիֆուզ կարդիոսկլերոզ, կիսալուսնաձև փականների դեստրուկտիվ-դեզօրգանիզացիոն փոփոխություններ, աորտայի կիսալուսնաձև փականների նույնանման փոփոխություններ» հիվանդությամբ, որոնք ունեցել են ծածկընթաց ընթացք և դրանք կարող էին նաև արտահայտված գանգատներ չառաջացնել, նրա մոտ լիներ կարծեցյալ բավարար վիճակ, սակայն հետագայում կենսակերպի, կենցաղի կտրուկ փոփոխություններով պայմանավորված բերել են ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների սրացմանը, առաջացնելով վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, որոնք չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել անգամ զորակոչվելուց առաջ ՀՀ ԱՆ ախտորոշիչ կենտրոնում և այլ կլինիկաներում կատարված հետազոտությունների ժամանակ կամ հետագայում զորակոչի ժամանակ նրա առողջական վիճակն հետազոտած և ուսումնասիրած համապատասխան բժիշկ-մասնագետներ, գործով մեղադրյալներ ներգրավված՝ Տ.Բ.Գյոգջաևայի, Ա.Վ.Խաչատրյանի և Գ.Ա.Հովհաննիսյանի կողմից, այսինքն՝ նրանց, որպես պաշտոնատար անձ հանդես գալու և իրենց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք չդրսևորելու հետևանքով չի եղել պայմանավորված Ա.Մալխասյանի մահը, այլ այն ունեցել է ծածկընթաց ընթացք, այդ իսկ պատճառով 17.07.2014թ. որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվել են՝ արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ:

Նախաքննությամբ ի հայտ չեն եկել հանգամանքներ, որոնք կփաստեին այն մասին, որ որևէ բժիշկ մասնագետի, պաշտոնատար անձի կողմից թույլ տված անփութության, պաշտոնեական անգործության, պաշտոնեական դիրքի չարաշահման հետևանքով է պայմանավորված եղել Ա.Մալխասյանի մահը կամ նրանց գործողությունները պատճառական կապի մեջ են գտնվել մահվան հետ, ուստի որևէ անձի կամ անձանց նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում և քրեական գործով վարույթը ենթակա է կարճման` արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 7, թերթ 219-229):

28. ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ըստ էության քննելու համար ուղարկում է դատարան, երբ գտնում է, որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են: (...): Տվյալ դեպքում քննիչը գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը նման եզրահանգման չի եկել» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 22-28):

29. Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշման համաձայն` «(…) Քննիչը նման եզրահանգման եկել է քրեական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն կատարելով և համադրելով ձեռք բերված ապացույցները, որի արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի` այն է հանցակազմի բացակայության հիմքով որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

(...) [Դ]ատարանը գտնում է, որ ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Խաչատրյանի` «քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» 17.07.2014թ. և ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի (...) 04.08.2014թ. որոշումներն օրինական են և հիմնավոր, և վերացնելու հիմքեր չկան» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 105-114):

30. Վերաքննիչ դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ գտել է` «(...) դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը պետք է մերժել` ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ»: Այնուհետև Վերաքննիչ դատարանը շարադրել է Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանություններն ու եզրահանգումը, և հավելել, որ «Վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան» (տե՛ս թիվ ԵԱՔԴ/0051/11/14 գործով Նյութեր, թերթ 157-165):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

31. Վճռաբեկ բողոքի հեղինակները գտնում են, որ բողոքարկվող դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 126-127-րդ, 202-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի պահանջները:

Մասնավորապես, բողոքաբերները գտնում են, որ պետությունը չի կատարել իր պարտականությունները` նախ` զորակոչիկի առողջական վիճակի հետազոտումը պատշաճ կատարելու, և հետո էլ` զինվորի մահվան փաստով արդյունավետ քննություն ապահովելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու առումով խախտվել են նաև գործի քննության ողջամիտ ժամկետները:

32. Ի հիմնավորումն իրենց փաստարկների` բողոքի հեղինակները մատնանշել են զինվորական կոմիսար Ա.Ուլիխանյանի կողմից Արեգ Մալխասյանի նկատմամբ ի սկզբանե նախաձեռնած անօրինական հետապնդումները, հիվանդ երեխային անպայմանորեն զորակոչելու հետևողականությունը, իր ստորադասին ցուցումներ տալու եղանակով Արեգ Մալխասյանի անձնական գործից փաստաթղթերը հանելու անօրինականությունը, վրա հասած հետևանքի և Ա.Ուլիխանյանի գործողությունների կապը:

Բողոքի հեղինակները նշել են, որ բացահայտորեն անտեսվել են այն ջանքերը, որոնք Ա.Մալխասյանի հարազատները դրսևորել են երեխայի առողջական վիճակը ճիշտ ներկայացնելու և արձանագրելու հարցում: Քրեական գործում կան բազմաթիվ բողոքներ և ցուցմունքներ, որոնք վկայում են հիվանդ երեխային զինծառայության տանելու հարցում զինկոմ Ուլիխանյանի` քայլ առ քայլ դրսևորած անօրինականությունների մասին: Ուսումնասիրելով և համադրելով բոլոր ապացույցները` կարելի է հստակ եզրակացնել, որ հանձնաժողովի բժիշկների կողմից անգործություն չի դրսևորվել, նրանց գործողությունների վրա ազդել է զինկոմ Ուլիխանյանի անձնական շահագրգռվածությունը:

Բողոքաբերները շեշտել են, որ Արեգ Մալխասյանն ակնհայտ հիվանդ է եղել, ունեցել է անբնական նիհարություն, եղել է հյուծված: Ընդգծել են նաև, որ բազմաթիվ բժիշկների ցուցմունքներ վկայում են, որ եթե հիվանդության փաստաթղթերը Ա.Մալխասյանի անձնական գործում առկա լինեին, ապա վերջինս չէր զորակոչվի զինծառայության, կամ առնվազն` կօգտվեր տարկետման իրավունքից: Գործով հարցաքննված բժիշկները վկայում են նաև, որ Ա.Մալխասյանը երկրորդ անգամ պետք է գործիքային հետազոտման ենթարկվեր: Սրանից հետևություն, որ հիվանդին կրկնակի հետազոտման չենթարկելը ինքնին խոսում է հանցավոր արարքի առկայության մասին:

33. Բողոք բերած անձինք նշել են, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից փորձաքննությունների եզրակացություններին և գործում առկա փաստերին չի տրվել համապատասխան գնահատական, դատարանները պաշտպանության տակ են առել ուժային կառույցի աշխատակիցների հանցավոր արարքները և փորձել մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը գնահատել պատահարի տիրույթում:

Նշել են, որ մահացած զինվորի հորը չի հաջողվել ներպետական դատարաններում հասնել իր որդու մահվան հանգամանքների բացահայտմանը և պետության պոզիտիվ պարտականությունների չկատարման փաստի արձանագրմանը: Արեգ Մալխասյանի առողջական վիճակի ոչ պատշաճ հետազոտման հարցում ՀՀ ՊՆ բժշկական հանձնաժողովի և զինկոմիսարիատի աշխատողների մեղքը հիմնավորող ապացույցների առկայության պարագայում հանցագործություն կատարած անձինք ակնհայտորեն խուսափել են պատասխանատվությունից:

34. Բողոքաբերները նշել են նաև, որ քննության ողջամիտ ժամկետների խախտման փաստի կապակցությամբ քրեական վարույթ իրականացնող մարմնին ներկայացվել էր առանձին միջնորդություն` գործի նախաքննության ժամկետն անհարկի և անհիմն 30 անգամ երկարացնելու վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել էին քննիչի գործողությունների և կայացրած որոշումների անօրինականության վերաբերյալ հարցեր, որոնք որևէ լուծում չեն ստացել: Բողոքաբերները նշել են, որ գործի քննության ժամկետի այդպիսի երկարաձգումը կանխատեսելի էր դարձնում գործի նման ելքը:

35. Ելնելով վերոշարադրյալից՝ վճռաբեկ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Պետության իրավասության ներքո գտնվող անձի մահվան փաստի առթիվ արդյունավետ քննություն կատարելու պարտականությունը.

36. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք արդյունավետ քրեադատավարական քննություն:

37. ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: (…)»:

38. Մեջբերված սահմանադրական և կոնվենցիոն նորմերով ամրագրված է կյանքի իրավունքը` որպես անձի հիմնարար իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան), անդրադառնալով Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված նորմին, այն մեկնաբանել է որպես այդ դրույթի նյութաիրավական կողմի ենթադրյալ խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պարտականություն սահմանող նորմ` հաշվի առնելով այս իրավունքի հիմնարար բնույթը (տե՛ս McCann and Others v. The United Kingdom գործով 1995 թվականի սեպտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 18984/91, k կետեր 157-164, Ergi v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 28-ի վճիռը, գանգատ թիվ 23818/94, կետ 82 և Assenov and Others v. Bulgaria գործով 1998 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 24760/94, կետեր 101-106):

Վճռաբեկ դատարանը նույնպես անդրադարձել է կյանքի իրավունքի վերլուծությանը մի շարք գործերով կայացված որոշումներում (տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի` Սեյրան Այվազյանի վերաբերյալ թիվ ՎԲ-17/08, 2010 թվականի օգոստոսի 27-ի` Լևոն Գուլյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0051/11/09, 2010 թվականի դեկտեմբերի 23-ի` Կարեն Փափազյանի վերաբերյալ թիվ ԵԷԴ/0002/11/10, 2013 թվականի փետրվարի 15-ի` Սուսաննա Անտոնյանի գործով թիվ ԵԿԴ/0077/11/12, 2014 թվականի մայիսի 31-ի` Ռուզաննա Նիազյանի գործով թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումները): Մասնավորապես Եվրոպական դատարանի կողմից ձևավորված չափանիշների հիման վրա Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման հիմնական չափանիշներից են`

ա) իրավասու մարմինները պետք է գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ,

բ) քննության արդյունքում պետք է հստակեցվեն դեպքի հանգամանքները,

գ) պետք է կատարվի մանրամասն քննություն, որն անհրաժեշտ է գործով ապացույցներ ձեռք բերելու համար: Վարույթն իրականացնող մարմինները պետք է ձեռնպահ մնան շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևություններից, քանի որ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:

Այն դեպքում, երբ պետության վերահսկողության ներքո (ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկում և այլն) գտնվող անձը մահանում է, և պետությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ուժով պարտավորություն է կրում ներկայացնելու մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն, ապա իրավասու մարմինները (պաշտոնատար անձինք) կասկածելի մահվան փաստի առթիվ պետք է հարուցեն քրեական գործ և քրեադատավարական ողջ գործիքակազմի ներգրավմամբ իրականացնեն հնարավոր ողջամիտ քայլերը` դեպքի հանգամանքները պարզելու համար (մանրամասն տե՛ս Ռուզաննա Նիազյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշման 25-26-րդ կետերը):

39. Նախորդ կետում վկայակոչված (ա) ենթակետում շարադրված չափանիշի կապակցությամբ Եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս ընդգծել է, որ քննության արդյունավետությունը գնահատելիս կարևոր է հատկապես այն հանգամանքը, թե որքան արագ են իշխանություններն արձագանքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոքներին, ինչը նպաստում է հանրության վստահության պահպանմանը օրինականության ամրապնդման և անօրինական գործողությունների նկատմամբ հանդուրժողականության բացառման հարցում (տե՛ս Hugh Jordan v. United Kingdom գործով 2001 թվականի մայիսի 4-ի վճիռը, գանգատ թիվ 24746/94, կետ 108, Yasa v. Turkey գործով 1998 թվականի սեպտեմբերի 2-ի վճիռը, զեկույցներ 1998-IV, էջեր 2439-2440, կետեր 102-104):

Կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության (բ) և (գ) ենթակետերում շարադրված չափանիշների վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջն է, որ իրավասու մարմինները գործեն պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ և պարտավոր լինեն նախաձեռնել քննություն, որն ի վիճակի է նախ որոշակիացնել այն հանգամանքները, որոնցում դեպքը տեղի է ունեցել և կարգավորող համակարգի գործունեության ցանկացած թերություն, երկրորդ` բացահայտել դրանում ներգրավված պետական պաշտոնյաներին և մարմիններին (տե՛ս mutatis mutandis, Kats and Others v. Ukraine, 2008 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ գանգատ թիվ 29971/04, կետ 116):

Քննությունը պետք է լինի մանրամասն: Դա նշանակում է, որ մարմինները միշտ պետք է կատարեն լուրջ քայլեր, որպեսզի պարզեն` ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն շտապողական կամ թույլ պատճառաբանված հետևությունների վրա, որպեսզի փակեն քննությունը կամ որպես իրենց որոշումների հիմք ընդունեն: Նրանք պետք է կատարեն իրենց համար հասու բոլոր ողջամիտ քայլերը, որպեսզի ապահովեն դեպքի հետ կապված ապացույցները, ներառյալ, ի թիվս այլոց, ականատեսների հարցաքննությունը և բժշկական ապացույցները: Քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում վնասվածքների պատճառները կամ պատասխանատու անձանց պարզելու կարողությունը, վտանգում է այս չափանիշի իրագործումը (տես, ի թիվս այլոց, Gorelov v. Russia, 2014 թվականի հունվարի 9-ի վճիռ, գանգատ թիվ 49072/11, կետ 52):

Անհրաժեշտ է նաև բացառել հանցավոր համագործակցությունը կամ հանցավոր արարքների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելը (տե՛ս Güleç v. Turkey գործով 1998 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 54/1997/838/1044, կետ 82):

40. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա են բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ ժամկետային զինծառայող Ա.Մալխասյանը տառապել է մի շարք հիվանդություններով (տե՛ս սույն որոշման 7-12-րդ, 14-16-րդ, 21-րդ կետերը): Մինչդեռ Ա.Մալխասյանը, հետազոտվելով Արաբկիրի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում, Էրեբունի բժշկական կենտրոնում, այնուհետև նաև Կենտրոնական ռազմական բժշկական հանձնաժողովում, զինծառայության համար ճանաչվել է պիտանի, 2009 թվականի հունիսի 26-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության ուղարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 25918 զորամաս, որպես ժամկետային զինծառայող, կոչումը` շարքային: Այնուհետև 2009 թվականի հուլիսի 4-ին` ժամը 1355-ի սահմաններում շարքային Ա.Մալխասյանը զորամասի տարածքում իրեն վատ է զգացել, կորցրել գիտակցությունը, որի պատճառով տեղափոխվել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է կլինիկական մահ: 2009 թվականի հուլիսի 5-ին` ժամը 2025-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը (տե՛ս սույն որոշման 5-րդ և 27-րդ կետերը):

Արեգ Աշոտի Մալխասյանի մահվան կապակցությամբ 2009 թվականի հուլիսի 4-ին հարուցվել է քրեական գործ, որը 2009 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ ընդունվել է քննիչ Ա.Խաչատրյանի վարույթ (տե՛ս սույն որոշման 1-ին կետը): 2014 թվականի հուլիսի 17-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին, որով արձանագրել է, որ Արեգ Մալխասյանը կենդանության օրոք տառապել էր «Պանկարդիտ, սրտամկանի ծանր դիստրոֆիա նեկրոբիոտիկ օջախներով, կորոնարիտ, դիֆուզ կարդիոսկլերոզ, կիսալուսնաձև փականների դեստրուկտիվ-դեզօրգանիզացիոն փոփոխություններ, աորտայի կիսալուսնաձև փականների նույնանման փոփոխություններ» հիվանդություններով, որոնք ունեցել են ծածկընթաց ընթացք, և դրանք կարող էին նաև արտահայտված գանգատներ չառաջացնել, նրա մոտ լիներ կարծեցյալ բավարար վիճակ, սակայն հետագայում կենսակերպի, կենցաղի կտրուկ փոփոխություններով պայմանավորված՝ բերել են ծածկընթաց ախտաբանական փոփոխությունների սրացմանը՝ առաջացնելով վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, որոնք չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել անգամ զորակոչվելուց առաջ ՀՀ ԱՆ ախտորոշիչ կենտրոնում և այլ կլինիկաներում կատարված հետազոտությունների ժամանակ կամ հետագայում զորակոչի ժամանակ նրա առողջական վիճակը հետազոտած և ուսումնասիրած համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից: Արդյունքում Քննիչը եզրահանգել է, որ բժիշկների` որպես պաշտոնատար անձ հանդես գալու և իրենց կողմից ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով չի եղել պայմանավորված Ա.Մալխասյանի մահը, այլ այն ունեցել է ծածկընթաց ընթացք (տե՛ս սույն որոշման 27-րդ կետը):

 ՀՀ զինվորական դատախազ Ա.Հարությունյանի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 265 հոդվածի համաձայն` քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ըստ էության քննելու համար ուղարկում է դատարան, երբ գտնում է, որ մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար են: (...): Տվյալ դեպքում քննիչը գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը նման եզրահանգման չի եկել» (տե՛ս սույն որոշման 28-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ գտել է, որ Քննիչի՝ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին 2014 թվականի հուլիսի 17-ի և Դատախազի՝ 2014 թվականի օգոստոսի 4-ի որոշումներն օրինական են և հիմնավոր, դրանք վերացնելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 29-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի 2014թ. նոյեմբերի 11-ի որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 30-րդ կետը):

 

Սույն գործով իրականացված քննության համապատասխանությունը կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության` սույն որոշման 38-րդ կետում նշված (բ) և (գ) ենթակետերի չափանիշներին.

 

41. Սույն որոշման 40-րդ կետում մեջբերված փաստերից հետևում է, որ Քննիչն իր որոշման հիմքում դրել է Համալիր փորձաքննության եզրակացությամբ նշված այն հանգամանքը, որ Ա.Մալխասյանի հիվանդությունը կրել է ծածկընթաց բնույթ (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը) և դրա հիման վրա եզրահանգում կատարել, որ դրանք «չեն հայտնաբերվել և չէին կարող հայտնաբերվել» համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Համալիր փորձաքննության եզրակացության բովանդակությունից հետևում է, որ ծածկընթաց բնույթ են կրել միայն կորոնարոսկլերոզ, կարդիոսկլերոզ ախտաբանական հատկանիշները, ընդ որում նման եզրահանգումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կենդանության օրոք Ա.Մալխասյանը երբևէ գանգատներ չի ներկայացրել (տե՛ս սույն որոշման 21-րդ կետը): Նշված եզրահանգումից չի հետևում, որ անձի մոտ գանգատների բացակայությունը բացառում է բժիշկների կողմից համապատասխան հետազոտությունների և մեթոդիկաների կիրառման միջոցով վկայակոչված սրտային հիվանդությունները բացահայտելու փաստացի հնարավորությունը: Հետևաբար փորձագետների հանձնաժողովի կողմից օգտագործված «ծածկընթաց» հասկացությունը չի կարող մեկնաբանվել որպես «պատշաճ բժշկական հետազոտությունների միջոցով չբացահայտվող»: Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քննիչի եզրահանգումն այն մասին, որ Ա.Մալխասյանի սրտային հիվանդությունները չէին կարող հայտնաբերվել բժիշկ-մասնագետների կողմից, հիմնավորված չէ և չի համապատասխանում նաև նրա կողմից հիմք ընդունված Համալիր փորձաքննության եզրակացության եզրահանգումներին:

Ավելին` թվով երկու` դատաբժշկական և դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունների առկայության պայմաններում համալիր հանձնաժողովային դատաբժշկական-ռազմաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Քննիչի որոշումից պարզ չէ, թե ինչ տեսակի փորձաքննություն է նշանակվել` լրացուցիչ, թե կրկնակի: Մինչդեռ փորձաքննության վերոնշյալ տեսակներն ինչպես նշանակման հիմքերի, նպատակի, այնպես էլ բովանդակության և իրականացման կարգի առումով էապես տարբերվում են (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդված): Այսինքն չնայած Քննիչը փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ հղում է կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածին, սակայն չի տարբերակել նշանակվող փորձաքննության տեսակը: Ավելին` Քննիչի որոշման մեջ բացակայում է որևէ հիմնավորում այն մասին, թե որ բնագավառներում հատուկ գիտելիքների կամ հետազոտության որ մեթոդիկաների միաժամանակյա կիրառման անհրաժեշտությունն է առկա փորձագետներին առաջադրված հարցերը պարզելու համար, որի պայմաններում քննարկվող որոշումը չի համապատասխանում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 246-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ հանգամանքները կարող են էական կասկածներ հարուցել քննարկվող փորձաքննության և դրա արդյունքի օրինականության և արժանահավատության կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածին առնչվող քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար Քննիչի չհիմնավորված և գործի նյութերից չբխող պատճառաբանությունները, ինչպես նաև վերջինիս կողմից անհասկանալի տեսակի Համալիր փորձաքննության եզրակացության եզրահանգումները հիմք ընդունելը չեն կարող գնահատվել որպես «մահվանը հանգեցրած իրադարձությունների համոզիչ բացատրություն ներկայացնելու» պետության պարտականության կատարում:

41.1. Ավելին, վարույթն իրականացնող մարմինները պատշաճ գնահատման չեն արժանացրել գործի նյութերում առկա և հարցի լուծման համար էական նշանակություն ունեցող հետևյալ հանգամանքները.

1) գործի նյութերում առկա մի շարք ապացույցներ, այդ թվում՝ Քննիչի կողմից հիմք ընդունված Համալիր փորձաքննության եզրակացությունը վկայում են այն մասին, որ Էրեբունի ԲԿ-ի բժշկական հանձնաժողովի կողմից կատարված հետազոտության արդյունքները լրիվ ծավալով և ճիշտ չեն արտացոլվել Ա.Մալխասյանի վերաբերյալ կազմված և Կենտրոնական բժշկական հանձնաժողովին ներկայացված առողջական վիճակի հետազոտման ակտի մեջ (տե'ս սույն որոշման 7-8-րդ, 11-12-րդ, 14-17-րդ, 21-րդ կետերը): Մասնավորապես.

- առողջության վիճակի հետազոտման ակտում չի արտացոլվել գաստրոէնտերոլոգի ախտորոշումը՝ «էրոզիվ գաստրիտ, մակերեսային դուոդենիտ, կերակրափողի և ստամոքսի հիպերմոտոր դիսկինեզիա, ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք», ճիշտ չի ձևակերպվել նյարդաբանական ախտորոշումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզներով»:

Մինչդեռ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ դուոդենիտ, մակերեսային էրոզիվ անտրալ գաստրիտի, Մելորի-Վեյսի համախտանիշի, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսության առկայության դեպքում անհրաժեշտ էր Ա.Մալխասյանի նկատմամբ բժշկական տեսանկյունից սահմանել հատուկ սննդակարգ, ֆիզիկական և փսիխոէմոցիոնալ ծանրաբեռնվածության սահմանափակում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ տվյալ դեպքում ստամոքս-աղիքային հիվանդությունները մահվան պատճառի հետ չեն գտնվել ուղղակի պատճառական կապի մեջ, սակայն նրանք կարող էին պատճառ հանդիսանալ սրտի պսակաձև անոթների ռեֆլեկտոր սպաստիկ (սպազմ) երևույթների, հանդիսանալով որպես նպաստող գործոն մահվան պատճառի առումով (տե'ս սույն որոշման 11-րդ կետը):

Նույն եզրակացությամբ նշվել է նաև, որ Էրեբունի ԲԿ ընդունվելու պահին Ա.Մալխասյանի զարկերակային ճնշումը արձանագրվել է 120/80մմ, իսկ 2009 թվականի հունիսի 17-ին նյարդաբանի կողմից գրանցվել է 80/30մմ, ինչը պահանջում էր համապատասխան քննություններով ախտորոշման ճշտում և վերջնական ախտորոշման մեջ արձանագրում, ինչը նույնպես չի կատարվել: Զարկերակային ճնշումը 80/30մմ, վեգետոանոթային դիստոնիա ախտորոշվելուց հետո բուժող բժշկի և նյարդաբանի կողմից անհրաժեշտ էր իրականացնել սրտաբանի և նյարդաբանի դինամիկ հսկողություն (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

- Նյարդաբանի ենթադրյալ ախտորոշումը՝ «վեգետո-անոթային դիստոնիա, կրիզներով», ճշգրտելու նպատակով հետագա հետազոտություններ չեն իրականացվել:

Մինչդեռ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության՝ 2010 թվականի ապրիլի 28-ի թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ Էրեբունի ԲԿ-ում նյարդաբանի կողմից գրառումը ընդգրկում է միայն ախտորոշում՝ առանց նյարդաբանական կարգավիճակի նկարագրման: «Կրիզ» անվանված վիճակը պահանջում էր բացառել սրտային համապատասխան կափույրային ապարատի կողմից պաթոլոգիկ վիճակները: Եթե առողջական վիճակի ակտում ճիշտ ձևակերպվեր նյարդաբանական ախտորոշումը՝ «վեգետոանոթային դիստոնիա կրիզներով», ապա Ա.Մալխասյանը պետք է ենթարկվեր լրացուցիչ հետազոտության նյարդաբանական ստացիոնարում (բաժանմունքում) ախտորոշման ճշտման, կրիզների հաճախականության և ծանրության աստիճանի որոշման համար և բնականաբար այն կարժանանար համապատասխան գնահատականի զինվորական հանձնաժողովների բժիշկների կողմից (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը):

- Բացի այդ, առողջական վիճակի հետազոտության ակտի՝ ախտորոշման վերաբերյալ հատվածում նշված է «ստամոքսի և կերակրափողի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի աննշան արագացում նյարդային բնույթի», որի գնահատումը իրականացվում է դինամիկ ռենտգենաբանական հետազոտության ընթացքում, սակայն Արեգ Մալխասյանի հիվանդության պատմության նկարագրում նման գրառումներ առկա չեն, ինչը ենթադրում է, որ այդպիսի հետազոտություն չի իրականացվել (տե՛ս որոշման 11-րդ և 21-րդ կետերը):

2) Գործի նյութերում առկա դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 20/հձ եզրակացության համաձայն՝ Ա.Մալխասյանի մոտ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված՝ որպես մահվան պատճառ հանդիսացած «սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարում» հիվանդությունն առաջացել է 2008 թվականից առաջ: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ նշված է, որ փորձաքննության ներկայացված բժշկական փաստաթղթերում եղել են հուշող տվյալներ Ա.Մալխասյանի մոտ սրտային հիվանդության մասին: Այդ հուշող տվյալները կոնկրետ և հստակ մատնանշված են փորձաքննության եզրակացության մեջ: Մասնավորապես նման տվյալներ եղել են 2008 թվականի` Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի հիվանդության պատմագրում և Էրեբունի ԲԿ թիվ 4443/432 հիվանդության պատմագրում փակցված էլեկտրասրտագրերի ժապավեններում, ինչպես նաև Էրեբունի ԲԿ-ում՝ 2009 թվականի հունիսի 17-ին ժամը 11.20-ին, երբ նյարդաբանի կողմից արձանագրվել է զարկերակային ճնշումը՝ 80/30մմ: Նման դեպքում Էրեբունի ԲԿ-ում անհրաժեշտ էր սրտային օրգանական պաթոլոգիան հաստատելու կամ ժխտելու համար կատարել սրտաբանական մանրակրկիտ հետազոտություններ (օրինակ կրկնակի էլեկտրասրտագիր, քանի որ կատարված էլեկտրասրտագրի ժապավենը եղել է անորակ և քիչ ինֆորմատիվ): Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն կատարած փորձագետները նշել են նաև, որ եթե «Էրեբունի» ԲԿ-ում ճիշտ գնահատվեին էլեկտրասրտագրի վրա արտացոլված տվյալները, նյարդաբանի, սրտաբանի և բուժող բժշկի կողմից կազմակերպվեին նյարդաբանի, սրտաբանի դինամիկ հսկողություններ, կատարվեր լրացուցիչ էլեկտրասրտագիր, ապա հնարավոր կլիներ հայտնաբերել սրտային պաթոլոգիան (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Այն մասին, որ Արեգ Մալխասյանի մոտ եղած սրտային պաթոլոգիան բժշկական առումով ծածկընթաց չի եղել, վկայում է ոչ միայն դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը, այլ նաև Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ, սրտաբան-ֆունկցիոնալիստ Լիլիանա Թելյանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը), «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան Արմինե Աղաջանյանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 15-րդ կետը), ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի ավագ սպա, թերապևտ-սրտաբան Հայկ Հովսեփյանի ցուցմունքը (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը): Իսկ դատաբժշկական փորձագետ Գագիկ Հարությունյանը 2013 թվականի օգոստոսի 6-ին իր կողմից տրված ցուցմունքում նշել է, որ ևս մեկ անգամ կրկնում է, որ Ա.Մալխասյանի մահը պայմանավորված է եղել նրա ունեցած սրտային խնդիրներով, մասնավորապես՝ սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարմամբ, և այդ սրտային խնդիրները նրա մոտ առկա են եղել դեռևս 2008 թվականից առաջ (տե՛ս սույն որոշման 22-րդ կետը):

Փաստորեն, տարբեր բուժհաստատություններում աշխատող սրտաբանները, մասնավորապես՝ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ, 30 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող սրտաբան-ֆունկցիոնալիստ Լիլիանա Թելյանը, Կենտրոնական հավաքակայանի բժշկական հանձնաժողովի ավագ սպա, 16 տարվա մասնագիտական ստաժ ունեցող թերապևտ-սրտաբան Հայկ Հովսեփյանը, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի սրտաբան, ԷՍԳ-ի բժիշկ Արմինե Աղաջանյանը, Քննիչի հրավերով, տարբեր օրերի, միմյանց հետ չառնչվելով ուսումնասիրել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում Արեգ Մալխասյանի վերաբերյալ կազմված ԷՍԳ-ի ժապավենը և սրտային պաթոլոգիայի առկայութան մասին հայտնել են նույնաբովանդակ տվյալներ (տե՛ս սույն որոշման 14-րդ, 15-րդ, 16-րդ կետերը):

Ավելին, այն որ Ա.Մալխասյանի հիվանդության պատմագրում առկա՝ Էրեբունի ԲԿ-ում կատարված էլեկտրասրտագրի ժապավենը վատ որակի է և դրա հիման վրա դժվար է գնահատել Ա.Մալխասյանի մոտ «սրտի հետին-կողմնային պատի սնուցման իջեցման» առկայության կամ բացակայության փաստը, ինչպես նաև, որ վերջինս հնարավոր կլիներ հայտնաբերել կամ բացառել որակյալ ԷՍԳ առկայության պարագայում, նշված է նաև Համալիր փորձաքննության եզրակացությունում:

41.2. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա են բազմաթիվ տվյալներ, համաձայն որոնց` Արեգ Մալխասյանն իր մոտ առկա հիվանդությունների հիմքով ենթակա չէր զորակոչման և պետք է ճանաչվեր զինվորական ծառայության համար ոչ պիտանի (տե՛ս սույն որոշման 8-12-րդ, 14-16-րդ, 21-րդ կետերը): Մինչդեռ այդ հիվանդությունները օբյեկտիվ և ամբողջական չեն բացահայտվել բժիշկների կողմից և (կամ) արտացոլվել Ա.Մալխասյանի առողջական վիճակի մասին ակտում: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ մանրակրկիտ և հստակ շարադրված են այն գործողությունները, որոնք «Էրեբունի» բժշկական կենտրոնի համապատասխան բժիշկները պարտավոր էին կատարել, սակայն չեն կատարել: Ըստ հիշյալ եզրակացության՝ եթե Ա.Մալխասյանը ենթարկվեր համապատասխան հետազոտությունների, ապա հնարավոր է, որ նրա մոտ հայտնաբերվեին ինչպես մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ սրտային պաթոլոգիան, այնպես էլ մյուս հիվանդությունները: Իսկ հայտնաբերելու դեպքում համապատասխան բուժումներ և խորհրդատվություններ ստանալով հնարավոր էր խուսափել առողջական վիճակի հետագա վատացումից, նաև մահվան ելքից: Բացի այդ, փորձագիտական հանձնաժողովը նշել է, որ զորակոչային հանձնաժողովի կողմից պետք է ուշադրության արժանանար նաև Ա.Մալխասյանի մոտ 2008 թվականին ախտորոշված «Մելորի-Վեյսի սինդրոմ, կայացած ստամոքս-աղիքային արյունահոսություն» հիվանդությունը (տե՛ս սույն 11-րդ կետը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն փաստը, որ նորակոչիկ Արեգ Մալխասյանի ծառայակից զինվորականներն անգամ ուշադրություն էին դարձրել, որ նա ունի հիվանդոտ տեսք, մշտապես գունատ է, հյուծված (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այս փաստական տվյալները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել նախաքննության մարմնի կողմից, այս ուղղությամբ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն չի կատարվել: Մասնավորապես Քննիչի կողմից չի պարզվել, թե ինչու չեն կատարվել համապատասխան բժշկական հետազոտությունները և ինչու կատարված հետազոտությունների արդյունքներն օբյեկտիվ և ամբողջական չեն արտացոլվել Ա.Մալխասյանի առողջական վիճակի վերաբերյալ ակտում, ինչպես նաև համապատասխան իրավական գնահատական չի տրվել դրանց համար պատասխանատու բժշիկ-մասնագետների գործողություններին: Այդուհանդերձ Քննիչի կողմից կայացվել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում, որի օրինականությունը հաստատվել է ինչպես դատախազական հսկողության շրջանակներում, այնպես էլ ստորադաս դատարանների կողմից:

42. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ Քննիչի կողմից լրիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել և համապատասխան իրավական գնահատական չի տրվել Արաբկիրի զինկոմ Ա.Ուլիխանյանի գործողություններին: Մասնավորապես Ա.Մալխասյանի հայրը՝ տուժողի իրավահաջորդը, ինչպես նաև եղբայրը ցուցմունք են տվել զինկոմ Ա.Ուլիխանյանի կողմից թույլ տրված օրինախախտումների և Արեգ Մալխասյանի նկատմամբ նրա՝ ընդգծված անբարյացակամ վերաբերմունքի մասին (տե՛ս սույն որոշման 24-25-րդ կետերը): Իհարկե Քննիչը հրավիրել և որպես վկա հարցաքննել է Ա.Ուլիխանյանին, որը ցուցմունք է տվել, որ ինքն է կարգադրել Արեգ Մալխասյանի անձնական գործից հանել թվով տասը փաստաթղթեր և կցել զինկոմիսարիատի գործավարության կարգագրերին: Մինչդեռ Քննիչը չի պարզել, թե ինչ նպատակով է Ա.Ուլիխանյանը կարգադրել զորակոչիկ Արեգ Մալխասյանի անձնական գործից փաստաթղթեր հանել, այն էլ այնպիսիք, որոնք որոշիչ նշանակություն կարող էին ունենալ նրա՝ զինծառայության համար պիտանի լինելու հարցը որոշելիս: Բացի այդ, Քննիչը չի պարզել՝ արդյոք Ա.Ուլիխանյանն իրավասու էր այդպիսի կարգադրություն անել, եթե այո՝ որ իրավական ակտի հիման վրա:

Ավելին, Ա.Ուլիխանյանը ցուցմունք է տվել, որ «Էրեբունի» ԲԿ-ում Արեգ Մալխասյանին հետազոտելու ժամանակ, «օբյեկտիվությունը ապահովելու և վերահսկելու նպատակով», իր կարգադրությամբ այնտեղ ներկա է եղել զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի անդամ, վիրաբույժ Մարինե Սանոյանը (տե՛ս սույն որոշման 26-րդ կետ): Մինչդեռ Քննիչը չի պարզել` արդյոք Արաբկիրի զինվորական կոմիսարն իր կողմից ուղարկված անձի միջոցով միջամտել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի կամ որևէ այլ բժշկական հաստատության բժիշկների մասնագիտական գործունեությանը, կամ օժտված է արդյոք նրանց աշխատանքը վերահսկելու լիազորությամբ:

43. Սույն որոշման 41-42-րդ կետերում շարադրված փաստական վերլուծությունը գնահատելով 38-39-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քննիչի` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը, հետևաբար և դատախազական հսկողության և դատական վերահսկողության շրջանակներում դրա կապակցությամբ կայացված որոշումները հիմնված են «թույլ պատճառաբանված» հետևությունների վրա, քանի որ դրանցում անտեսվել են և համապատասխան իրավական գնահատականի չեն արժանացվել սույն որոշման 41-42-րդ կետերում հիշատակված հանգամանքները: Իսկ քննության ցանկացած թերություն, որը հարցականի տակ է դնում մահվան պատճառները պատասխանատու անձանց կողմից պարզելու կարողությունը, վտանգում է քննության արդյունավետությունը, հետևաբար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածով պետության ստանձնած պարտավորությունների իրագործումը:

 

Սույն գործով իրականացված քննության համապատասխանությունը կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության` սույն որոշման 38-րդ կետում նշված (ա) ենթակետի չափանիշին.

 

44. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2009 թվականի հուլիսի 4-ին հարուցված քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացվել է 30 անգամ: Վերջին անգամ այն երկարացվել է 2014 թվականի մայիսի 31-ին դատախազ Ա.Մ.Խաչատրյանի կողմից՝ մինչև 2014 թվականի օգոստոսի 4-ը (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 7, թերթ 160-178): Ընդ որում, եթե նախաքննության սկզբնական շրջանում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, ապա դրանից հետո կատարված քննչական գործողությունների քանակն ու որակը վկայում են քննության ընթացքն անհարկի ձգձգելու միտման մասին:

Մասնավորապես, գործի քննության շրջանակներում իրականացված վերջին փորձաքննության եզրակացությունը վարույթն իրականացնող մարմինը ստացել է դեռևս 2011 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ գործի հարուցման պահից առ այդ ժամանակահատվածը Քննիչի կողմից իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ: Ինչ վերաբերում է 2011 թվականի հոկտեմբերից հետո ընկած ժամանակաշրջանին, անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

2011 թվականի նոյեմբերի 1-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել նախաքննության ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարցաքննել Համալիր փորձաքննությունը կատարած մի շարք փորձագետների, և որ առանց դրա «հնարավոր չէ անդրադառնալ քրեական գործի հետագա և վերջնական ընթացքին (...), բացի այդ դեռևս պետք է կատարվեն մեծածավալ այլ դատավարական գործողություններ ևս, որոնց համար կպահանջվի որոշակի ժամանակ» (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 88-102): Նույն օրը դատախազ Հ.Հարությունյանի կողմից նախաքննության ժամկետը երկարացվել է 2 ամսով՝ մինչև 2012 թվականի հունվարի 4-ը: Քրեական գործի նյութերից երևում է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում քննիչ Ա.Խաչատրյանը հարցաքննել է փորձագետներ Գագիկ Եգանյանին, Գագիկ Հակոբյանին և Զարեհ Տեր-Ավետիքյանին: Այդ հարցաքննությունները, որոնց արձանագրությունները զետեղված են յուրաքանչյուրը՝ 2-ական թերթի վրա, կատարվել են մեկ օրում՝ 2011 թվականի դեկտեմբերի 5-ին, իսկ որևէ այլ դատավարական գործողություն հիշյալ 2 ամսվա ընթացքում չի կատարվել (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 104-105, 106-107, 108-109):

2011 թվականի դեկտեմբերի 29-ին քննիչ Ա.Խաչատրյանը դարձյալ որոշում է կայացրել նախաքննության ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, պատճառաբանելով, որ անհրաժեշտ է հարցաքննել Համալիր փորձաքննությունը կատարած այլ փորձագետների ևս, ինչպես նաև «Էրեբունի» ԲԿ-ի զորակոչային հանձնաժողովի անդամներին և նույն ԲԿ-ի այլ բժիշկ-մասնագետների, և որ առանց դրա «հնարավոր չէ անդրադառնալ քրեական գործի հետագա և վերջնական ընթացքին (...), բացի այդ դեռևս պետք է կատարվեն մեծածավալ այլ դատավարական գործողություններ ևս, որոնց համար կպահանջվի որոշակի ժամանակ» (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 110-124): Նույն օրը դատախազ Հ.Հարությունյանի կողմից նախաքննության ժամկետը երկարացվել է 2 ամսով՝ մինչև 2012 թվականի մարտի 4-ը: Քրեական գործի նյութերից երևում է, որ այդ ժամկետի ընթացքում քննիչ Ա.Խաչատրյանը հարցաքննել է փորձագետներ Հակոբ Դավթյանին, Արմեն Վարդանյանին և Հակոբ Հովսեփյանին: Այդ հարցաքննությունները կատարվել են մեկ օրում՝ 2012 թվականի հունվարի 13-ին, և բացի դրանցից, քննիչի վերոհիշյալ որոշման մեջ նշված որևէ այլ դատավարական գործողություն այդ 2 ամսվա ընթացքում չի կատարվել (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 126-128, 130-131, 133-135): 2012 թվականի փետրվարի 10-ին քննիչը ստացել է տուժողի իրավահաջորդ Աշոտ Մալխասյանի դիմումը, որով նա խնդրել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ներգրավել փաստաբան Սեդա Սաֆարյանին: Նույն օրը քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանին տուժողի իրավահաջորդի օրինական ներկայացուցիչ ճանաչելու մասին (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 138):

2012 թվականի մայիսի 2-ին քննիչ Ա.Խաչատրյանը որոշում է կայացրել նախաքննության ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին, դրա անհրաժեշտությունը պայմանավորելով տրամադրված գործի նյութերին տուժողի իրավահաջորդի օրինական ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի կողմից ծանոթանալու հանգամանքով, նաև՝ նյութերում դժվար ընթեռնելի փաստաթղթերի առկայությամբ պայմանավորված լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին փաստաբանի դիմումի առկայությամբ (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, հատոր 5, թերթ 156-170): Քննիչի հիշյալ միջնորդությունը բավարարվել է դատախազի կողմից:

Քրեական գործի քննության ընթացքի ուսումնասիրությունից հետևում է, որ վերը ներկայացված միտումները շարունակվել են նաև 2012 թվականի հուլիսից մինչև քրեական գործի վարույթը կարճելը` 2014 թվականի հուլիսի 17-ը (տե՛ս թիվ 91254109 քրեական գործի նյութեր, 5-7-րդ հատորներ):

Հարկ է ընդգծել, որ քննարկվող ժամանակահատվածում քննիչ Ա.Խաչատրյանն այդպես էլ չի կատարել իր նախկին միջնորդություններում հիշատակված «մեծածավալ այլ դատավարական գործողությունները»:

45. Նախորդ կետում շարադրված փաստական վերլուծությունը գնահատելով սույն որոշման 38-39-րդ կետերում արտահայտված իրավական վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կոպտորեն խախտվել են քննության ողջամիտ ժամկետները, որի արդյունքում իրականացված քննությունը չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով արդյունավետ քննության՝ պատշաճ ջանասիրությամբ և արագությամբ գործելու չափանիշին: Վերջինիս հետևանքով նաև կարող են խախտվել տուժողի իրավահաջորդի իրավունքները, մասնավորապես` իր որդու մահվան պատճառների և հանգամանքների մասին համոզիչ բացատրություն ստանալու, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջի իրավունքները:

46. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, կրում է զինծառայող Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ պատշաճ, անաչառ և արդյունավետ քննություն կատարելու պարտավորություն` մահվան հանգամանքները պարզելու, մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Մինչդեռ, արդյունավետ քննություն չկատարելով՝ քրեական հետապնդման մարմինները թույլ են տվել ինչպես Սահմանադրության (15-րդ հոդված), միջազգային իրավունքի (Կոնվենցիայի 2-րդ հոդված), այնպես էլ քրեադատավարական իրավունքի նորմերի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 17-րդ հոդվածներ) էական խախտումներ, որոնք էլ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացել ստորադաս դատարանների կողմից: Ավելին` ինչպես Քննիչի և Դատախազի որոշումները, այնպես էլ դրանց դատական ստուգման արդյունքում կայացված ստորադաս դատարանների դատական ակտերը չեն համապատասխանում Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքներում ձևավորված իրավական դիրքորոշումներին (տե՛ս սույն որոշման 38-39-րդ կետերը): Արդյունքում խախտվել են անձի` օրենքով երաշխավորված իրավունքները:

47. Վերոգրյալը բավարար համարելով ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Քննիչի բողոքարկվող որոշման իրավական նշանակությունը պետության կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու հարցում, օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու նպատակով միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Քննիչի բողոքարկվող որոշման եզրափակիչ մասում առկա ձևակերպումների իրավաչափության հարցին:

 

II. Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչ Ա.Խաչատրյանի որոշման եզրափակիչ մասի իրավաչափությունը.

 

48. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդումն այն բոլոր դատավարական գործողություններն են, որոնք իրականացնում են քրեական հետապնդման մարմինները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը` նպատակ ունենալով բացահայտել քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձին, վերջինիս մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, ինչպես նաև ապահովել այդպիսի անձի նկատմամբ պատժի և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ քրեական հետապնդման հարուցումը քրեական հետապնդման մարմնի որոշումն է անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ինչպես նաև մինչև այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին:

Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի գաղափարախոսության համաձայն՝ քրեական հետապնդումը վերաբերում է և ուղղված է ոչ թե անձանց անորոշ շրջանակի, այլ որոշակի անձի, հետևաբար քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկումը նույնպես հնարավոր է որոշակի անձի առկայության դեպքում, որը կարող է հանգեցնել այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ այդպիսին չիրականացնելուն: Այլ խոսքով՝ քրեական հետապնդումը կարող է հարուցվել, կամ քրեական հետապնդում չիրականացվել միայն որոշակի անձի նկատմամբ: Հակառակ մեկնաբանումը ոչ միայն չի համապատասխանի վկայակոչված նորմերի տրամաբանությանը, այլև կհանգեցնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված քրեական հետապնդում չիրականացնելու արդարացնող և ոչ արդարացնող հիմքերի իրավական հետևանքների բովանդակազրկման, ինչն անթույլատրելի է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված արդարացնող և ոչ արդարացնող հիմքերի մեկնաբանությունը մանրամասն տե՛ս mutatis mutandis Արմեն Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԵԱՔԴ/0009/11/13 որոշման 16-րդ կետը, ինչպես նաև քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի և 67-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի 2010 թվականի մարտի 30-ի թիվ ՍԴՈ-871 որոշման 9-րդ կետը):

49. Սույն գործի փաստերից հետևում է, որ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման եզրափակիչ մասում քննիչ Ա.Խաչատրյանը բառացի նշել է հետևյալը.

«Վարույթիս թիվ 91254109 քրեական գործով, հարուցված ՀՀ քր.օր-ի 376 հոդվածի 1-ին մասով, ԼՂՀ ՊԲ 25918 զորամասի նախկին պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային՝ Արեգ Մալխասյանի զինծառայության ընթացքում առողջական վիճակի կտրուկ վատթարանալու և հետագայում մահանալու դեպքի առթիվ, որևէ բուժծառայողի կամ բժիշկ-մասնագետի կամ պաշտոնատար զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ արարքներում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ» (տե՛ս սույն որոշման 27-րդ կետը):

Հիշյալ որոշման մեջ առկա՝ «որևէ բուժծառայողի կամ բժիշկ-մասնագետի կամ պաշտոնատար զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել» ձևակերպումից երևում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի որոշակիացրել այն անձանց, ում արարքներում հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվում:

50. Նախորդ կետում շարադրված փաստական վերլուծությունը գնահատելով սույն որոշման 48-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչ Ա.Խաչատրյանի՝ 2014 թվականի հուլիսի 17-ի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումն օրինական և հիմնավորված չէ նաև այն պատճառաբանությամբ, որ չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 17-18-րդ կետերին:

Բացի այդ, քննարկվող որոշման եզրափակիչ մասում առկա նման ձևակերպումը բացառում է սույն քրեական գործի վարույթի շրջանակներում որևէ բուժծառայողի, բժիշկ-մասնագետի կամ պաշտոնատար զինծառայողի արարքում հանցակազմի հատկանիշների առկայության հարցի քննությունը, ինչը կարող է խոչընդոտներ ստեղծել Ա.Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում թույլ տրված` անձի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու համար:

51. Ամփոփելով սույն որոշման իրավական և փաստական վերլուծությունները և եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սույն գործով թույլ են տվել դատական սխալ, այն է` ՀՀ Սահմանադրության 15-րդ, Կոնվենցիայի 2-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ, 17-րդ հոդվածների պահանջների խախտումներ: Դրանք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Ելնելով արդարադատության շահից, սույն գործի քննության ողջամիտ ժամկետներն արդեն իսկ խախտված լինելու փաստի (տե՛ս սույն որոշման 44-45-րդ կետերը) հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բեկանել Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների՝ սույն որոշմամբ արձանագրված խախտումները:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Աշոտ Մալխասյանի և նրա ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքը մերժելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը բեկանել և պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արեգ Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում թույլ տրված՝ անձի իրավունքների և ազատությունների խախտումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

Հ. ԱսատրՅԱՆ

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան