Գլխավոր տեղեկություն
Համար
N 1356-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1068
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1356-Ն

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի, զոհերի, հատուկ կատեգորիայի զոհերի և նրանց օրինական ներկայացուցիչների պաշտպանությունն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. նոյեմբերի 25
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 29-ի N 1356-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՕՐԻՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված՝ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության տեսակները, պաշտպանության տրամադրման հիմքերը և կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթներն իրականացվում են օրինականության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, անկողմնակալության, անաչառության սկզբունքների հիման վրա և իրագործվում են բացառապես անձի համաձայնության պարագայում՝ ապահովելով նրա անձնական տվյալների և մասնավոր կյանքի գաղտնիությունը:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) պաշտպանության ենթակա անձ` օրենքով նախատեսված մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման այն հավանական զոհերը, զոհերը, հատուկ կատեգորիայի զոհերը և նրանց օրինական ներկայացուցիչները, ում նկատմամբ սույն կարգի համաձայն իրականացվում է պաշտպանություն.

2) պաշտպանություն` պաշտպանության ենթակա անձի կյանքի, առողջության և (կամ) գույքի անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող՝ սույն կարգով նախատեսված միջոցների համակարգ.

3) պաշտպանություն իրականացնող մարմին՝ ոստիկանության՝ պաշտպանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանում:

4. Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները մեկնաբանվում են օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

5. Պաշտպանության իրականացումը երաշխավորվում է պետության կողմից: Պաշտպանության համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն) նախատեսվող միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

6. Սույն կարգի համաձայն քրեական դատավարությանը մասնակցող հավանական զոհերի, զոհերի, հատուկ կատեգորիայի զոհերի և նրանց օրինական ներկայացուցիչների պաշտպանության իրականացման դեպքում՝ այն իրականացվում է մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոցի կիրառումը կամ պաշտպանություն իրականացնող մարմին պաշտպանության իրականացումը դադարեցնելու մասին միջնորդություն ներկայացվելը:

 

II. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

7. Պաշտպանություն իրականացվում է այն դեպքում, երբ առկա տեղեկություններն ու փաստերը վկայում են պաշտպանության ենթակա անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրա կյանքին, առողջությանն սպառնացող կամ գույքը վնասելու իրական վտանգի մասին:

8. Պաշտպանությունն իրականացնում է ոստիկանությունը՝ պաշտպանության գործառույթներ իրականացնող ստորաբաժանման միջոցով (այսուհետ՝ պաշտպանություն իրականացնող մարմին): Պաշտպանությունը ոստիկանության կողմից իրականացվում է սեփական նախաձեռնությամբ կամ օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված մյուս իրավասու մարմինների գրավոր միջնորդությունների հիման վրա՝ այն դեպքում, երբ առկա են հիմնավոր կասկածներ, որ մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման հավանական զոհերի, զոհերի, հատուկ կատեգորիայի զոհերի և նրանց օրինական ներկայացուցիչների կյանքին, առողջությանը և (կամ) գույքին վտանգ է սպառնում:

9. Իրավասու մարմնի կողմից ներկայացված միջնորդության մեջ նշվում են պաշտպանության ենթակա անձի տվյալները (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, հաշվառման և բնակության հասցեները, աշխատանքի վայրը և պաշտոնը), սպառնացող վտանգի բնույթն ու աղբյուրը, ինչպես նաև պաշտպանություն իրականացնելու անհրաժեշտության մասին այլ տեղեկություններ և փաստեր:

10. Միջնորդությանը կցվում են պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ անձի գրավոր համաձայնությունը, օրենքով սահմանված կարգով հավանական զոհի մասին տեղեկությունները փոխանցելու վերաբերյալ գրության կամ անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու մասին որոշման պատճենը, հավանական հատուկ կատեգորիայի զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցիչ հանդիսանալու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը:

11. Այն դեպքում, երբ պաշտպանության ենթակա անձն իր նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու համար չի տալիս համաձայնություն, սակայն միջնորդություն ներկայացնող մարմինը գտնում է, որ առկա է պաշտպանության ենթակա անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ նրա կյանքը, առողջությունը վտանգելու կամ գույքը վնասելու իրական սպառնալիք, ապա պաշտպանություն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցները` նշված սպառնալիքի աղբյուրը վերացնելու համար:

12. Պաշտպանություն իրականացնելու մասին միջնորդությունն ստանալուց հետո ոստիկանությունն ստուգում է պաշտպանություն իրականացնելու համար հիմք հանդիսացող տեղեկություններն ու հանգամանքները և 24 ժամվա ընթացքում ընդունում պատճառաբանված որոշում պաշտպանություն իրականացնելու կամ դրա իրականացման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին, որը հաստատում է ոստիկանության պետը կամ ոստիկանության պետի իրավասու տեղակալը:

13. Ոստիկանությունը մեկօրյա ժամկետում ընդունված որոշման մասին գրավոր ծանուցում է միջնորդությունը ներկայացրած իրավասու մարմին` նշելով պաշտպանության ենթակա անձի տվյալները և նրա նկատմամբ ընտրված պաշտպանության միջոցը (միջոցները) կամ պաշտպանություն իրականացնելու միջնորդությունը մերժելու հիմքերը:

14. Պաշտպանություն իրականացնելու միջնորդությունը ոչ ամբողջական կամ դրանում ներկայացված փաստերը ոչ արժանահավատ լինելու դեպքում այն վերադարձվում է միջնորդությունը ներկայացրած մարմին` թերությունները մեկօրյա ժամկետում շտկելու և կրկին ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ: Պաշտպանություն իրականացնելու միջնորդությունը կրկին թերություններով ներկայացվելու դեպքում այն մերժվում է` սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետում:

15. Պաշտպանության իրականացման ամբողջ ընթացքում՝ պաշտպանության ենթակա անձի հետ իրականացվող՝ օրենքով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են պաշտպանություն իրականացնող մարմնի հետ:

 

III. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

16. Պաշտպանության ենթակա անձի նկատմամբ կարող են իրականացվել պաշտպանության հետևյալ միջոցներից որևէ մեկը կամ միաժամանակ դրանցից մի քանիսը՝

1) անձնական անվտանգության ապահովում.

2) գույքի և (կամ) բնակության վայրի պահպանություն.

3) վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների տրամադրում.

4) պաշտպանության ենթակա անձի անձնական տվյալների պաշտպանություն.

5) պաշտպանության ենթակա անձի ժամանակավոր տեղափոխում անվտանգ վայր:

17. Անձնական անվտանգությունն ապահովվում է պաշտպանության ենթակա անձի նկատմամբ բռնություն գործադրելու կամ կյանքից զրկելու իրական վտանգի առկայության դեպքում:

18. Գույքի և (կամ) բնակության վայրի պահպանությունն իրականացվում է դրա վնասման կամ ոչնչացման իրական վտանգի դեպքում` գույքի և (կամ) բնակության վայրի նկատմամբ հնարավոր հակաիրավական ոտնձգությունները հայտնաբերելու, կանխելու և խափանելու նպատակով: Պաշտպանության ենթակա անձի գույքը և (կամ) բնակության վայրը կարող է կահավորվել տեսադիտարկման, հակահրդեհային կամ ազդանշանային հատուկ տեխնիկական միջոցներով:

19. Պաշտպանության ենթակա անձի ինքնապաշտպանության և անձնական անվտանգության ապահովման նպատակով նրան կարող են տրամադրվել վտանգի մասին ահազանգման, շարժական ռադիոկապի, բջջային հեռախոսակապի կամ պաշտպանություն իրականացնող մարմնի հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ սարքավորումներ, ինչպես նաև անհատական պաշտպանության հատուկ միջոցներ (զրահաբաճկոն, արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված մեխանիկական փոշեցրիչ, աերոզոլային սարքեր, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 միլիմետր տրամաչափով օդաճնշիչ զենք): Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանության ենթակա անձին բացատրում և ուսուցանում է վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների հետ վարվելու, դրանք օգտագործելու և պահպանելու կարգը, ինչպես նաև իրականացնում է հսկողություն նշված միջոցների հետ վարվելու կանոնները պահպանելու նկատմամբ: Վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցները պաշտպանություն իրականացնող մարմնի գույքն են, և պաշտպանության ենթակա անձը դրանք ամբողջությամբ վերադարձնում է՝ պաշտպանության տվյալ միջոցի կիրառման անհրաժեշտությունը վերանալուց հետո:

20. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանության ենթակա անձի անձնական տվյալների պաշտպանության նպատակով կարող է ժամանակավորապես սահմանափակել պետական կամ այլ տեղեկատվական աղբյուրներում առկա՝ պաշտպանության ենթակա անձի մասին տեղեկությունների տրամադրումը: Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանության ենթակա անձի մասին տեղեկություններ ունեցող մարմիններ է ուղարկում սույն կարգի 12-րդ կետում նշված որոշման քաղվածքը և պաշտպանության ենթակա անձի համաձայնությունն իր անձնական տվյալների տրամադրումը սահմանափակելու վերաբերյալ: Սույն կետի պահանջները չեն տարածվում սահմանադրական, քրեական, քաղաքացիական կամ վարչական դատավարության ընթացքում կատարվող հարցումների նկատմամբ:

21. Պաշտպանության ենթակա անձն անվտանգ վայր է ժամանակավորապես փոխադրվում այնպիսի իրադրության դեպքում, երբ նրա անձնական անվտանգությունը սույն կարգի 16-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված միջոցներով ապահովելը հնարավոր չէ: Պաշտպանության ենթակա անձն անվտանգ վայրում կարող է գտնվել մինչև սպառնացող վտանգը վերանալը: Անվտանգ վայրում գտնվելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, պաշտպանության ենթակա անձի շփումները կարող են սահմանափակվել, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ: Պաշտպանություն իրականացնող մարմինը, որպես անվտանգ վայր, կարող է օգտագործել այդ նպատակի համար ծառայող պետական կամ ոչ պետական հատուկ կացարանները, պաշտպանություն իրականացնող մարմնի ծառայողական շինությունները, հատուկ կատեգորիայի զոհերի կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի պաշտպանությունն իրականացնելու դեպքում՝ նշված անձանց համար նախատեսված կացարանները, ինչպես նաև անվտանգությունն ապահովող այլ վայրեր: Պաշտպանության ենթակա անձի անվտանգ գտնվելու վայրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին և ապահովված լինի բնակվելու համար անհրաժեշտ գույքով, ինչպես նաև մարդու կենսական շահերն ու կարիքներն ապահովելու համար անհրաժեշտ այլ պայմաններով:

 

IV. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԸ

 

22. Պաշտպանության ենթակա անձը`

1) պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված իր իրավունքների ու պարտականությունների, իր նկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցի կամ միջոցների, դրանց տեսակի, իրականացման ժամկետի և դադարեցման մասին.

2) կարող է ներկայացնել միջնորդություն պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.

3) կարող է օրենքով սահմանված կարգով բողոքարկել պաշտպանություն իրականացնող մարմնի որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

4) կարող է հրաժարվել պաշտպանության միջոցներից։

 

V. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

23. Պաշտպանություն իրականացնող մարմինը, մինչև պաշտպանություն իրականացնելու մասին որոշումն ընդունելը, կարող է իր իրավասությունների սահմաններում իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված համապատասխան միջոցառումներ` պաշտպանություն իրականացնելու համար հիմք հանդիսացող տեղեկությունների ստուգման և պաշտպանության միջոցների ընտրության նպատակով:

24. Պաշտպանություն իրականացնելու մասին որոշումն ընդունելիս՝ պաշտպանություն իրականացնող մարմինն ինքնուրույն է ընտրում սույն կարգով նախատեսված պաշտպանության միջոցները, դրանց իրականացման ձևերը, մեթոդները և մարտավարությունը:

25. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանություն իրականացնելու մասին որոշումն ընդունելուց հետո պաշտպանության ենթակա անձին անհապաղ բացատրում է իր իրավունքներն ու պարտականությունները և ծանուցում պաշտպանության համապատասխան միջոցի (միջոցների) իրականացման կանոնների ու ժամկետների վերաբերյալ:

26. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանության ենթակա անձից պահանջում է պահպանել անվտանգության և պաշտպանության իրականացման անհրաժեշտությունից բխող պաշտպանության միջոցները կիրառելու կանոնները:

 

VI. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

27. Պաշտպանություն իրականացնող մարմնի որոշմամբ պաշտպանության իրականացումը դադարեցվում է, եթե՝

1) վերացել է պաշտպանության ենթակա անձին սպառնացող իրական վտանգը.

2) պաշտպանության ենթակա անձը կամ իրավասու մարմինը ներկայացրել է պաշտպանության իրականացման դադարեցման մասին գրավոր միջնորդություն.

3) պաշտպանության ենթակա անձը չարամտորեն չի կատարում պաշտպանության համապատասխան միջոցի (միջոցների) իրականացման կանոնները.

4) պաշտպանության ենթակա անձը, առանց պաշտպանություն իրականացնող մարմնի թույլտվության, հրապարակել է իր նկատմամբ իրականացվող պաշտպանության մասին տեղեկություններ.

5) դադարեցվել է պաշտպանության ենթակա անձի՝ օրենքով նախատեսված համապատասխան կարգավիճակը.

6) պաշտպանության ենթակա անձն ստացել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված քրեական դատավարության մասնակցի կարգավիճակ, և վարույթն իրականացնող մարմինն ընդունել է որոշում վերջինիս Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանություն տրամադրելու մասին կամ պաշտպանություն իրականացնող մարմին է ներկայացրել միջնորդություն պաշտպանության իրականացումը դադարեցնելու մասին.

7) պաշտպանության ենթակա անձը մահացել է:

28. Պաշտպանություն իրականացնող մարմինը պաշտպանությունը դադարեցնելու վերաբերյալ ընդունված որոշման մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցում է պաշտպանության ենթակա անձին (բացառությամբ սույն կարգի 27-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված հիմքի) և պաշտպանություն իրականացնելու միջնորդությունը ներկայացրած իրավասու մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան