Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.335
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.11.2015
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015477

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

N 389-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 և 8.2 կետերով.

«8.1. Լիցենզիայի տրման (ժամանակահատվածի ամրագրման), լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Հայտատուի (լիցենզավորված անձի) կողմից պետական տուրքի վճարման և օրենքով սահմանված ժամկետում այն չվճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

8.2. Սույն կարգի իմաստով տեղեկացումը կամ փաստաթղթերի ուղարկումը համարվում է պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով կամ հանձնվել են ստացականով:».

2) Կարգի 13-րդ կետում «վերացնել թերությունները» բառերից հետո լրացնել «, որի դեպքում սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև հայտատուի կողմից համապատասխան թերությունների վերացումը կամ դրա համար սահմանված ժամկետի ավարտը:» բառերը.

3) Կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետում «օրենքի» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերի», իսկ 5-րդ ենթակետում «կհանգեցնի» բառից հետո՝ «էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ» բառերը.

4) Կարգի 18-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) լիցենզավորվող գործունեության իրականացումը կհանգեցնի էներգետիկայի բնագավառի հուսալիության և անվտանգության խաթարման կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման,».

5) Ուժը կորցրած ճանաչել Կարգի 18-րդ կետի 5-րդ ենթակետը, 25-27-րդ կետերը, 28-րդ կետի 2-րդ ենթակետը, 33-րդ կետի 2-րդ ենթակետը, 36-38-րդ, 52-54-րդ կետերը, N 2 հավելվածի՝ լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1-ին կետի 6-րդ ենթակետը, 1.1-ին կետի 2-րդ ենթակետը, 2-րդ կետի 5-րդ ենթակետը, 3-րդ կետի 2-րդ ենթակետը, N 3 հավելվածի՝ երաշխիքների ներկայացման կարգի 9-րդ կետը.

6) Կարգի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «օրենքի» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերի» բառերով.

7) Կարգի 28-րդ կետում «կայանի» բառից հետո լրացնել «(շենքի, իսկ հիդրոէլեկտրակայանների դեպքում նաև գլխամասային հանգույցի)» բառերը և կետից հանել «(վերակառուցված)» բառը.

8) Կարգի 30-րդ կետում «կառուցման և» բառերը փոխարինել «կառուցման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև» բառերով և կետից հանել «, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերը.

9) Կարգի 31-րդ կետում «ջրօգտագործման թույլտվություն» բառերից հետո լրացնել «, որից հետո Հանձնաժողովը փոփոխություն է կատարում արտադրության լիցենզիայում՝ ամրագրելով վերակառուցման ժամանակահատվածը:» բառերը.

10) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1 կետով.

«31.1. Արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են մինչև լիցենզիայով սահմանված վերակառուցման ժամանակահատվածի ավարտը Հանձնաժողով ներկայացնել սույն կարգի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սակագնի սահմանման հայտ:».

11) Կարգի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. Լիցենզիայում ամրագրված ժամկետի (ժամանակահատվածի) երկարաձգման համար լիցենզավորված անձը լիցենզիայի գործողության ժամկետի (ժամանակահատվածի) ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ հայտով դիմում է Հանձնաժողով՝ նշելով հայցվող ժամկետը:».

12) Կարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետում «խաթարման» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնական պաշարների անարդյունավետ օգտագործման,», իսկ 3-րդ ենթակետում «օրենքի» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերի» բառերը.

13) Կարգի 39-րդ կետում «Կառուցման ժամանակահատվածը» բառերից առաջ լրացնել «Արտադրության լիցենզիայով ամրագրված» բառերը.

14) Կարգի 44-րդ կետում «համապատասխան գրությամբ» բառերը փոխարինել «պատշաճ ձևով» բառերով.

15) Կարգի 51-րդ կետի 2-րդ ենթակետում «օրենքի» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերի» բառերը.

16) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ գլխով.

 

«6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

55. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց նկատմամբ կիրառվում են արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում գտնվող անձանց համար սահմանված դրույթները:

56. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիաներ ստացած անձանց կողմից սույն կարգի պահանջներին համապատասխան արտադրության լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելու դեպքում լիցենզավորված անձին տրամադրվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա՝ ամրագրելով միայն արտադրության ժամանակահատված:»:

17) Կարգի N 1 հավելվածից՝ լիցենզիա ստանալու մասին հայտից, հանել «(անուն, ազգանուն)» բառերը.

18) Կարգի N 1 հավելվածի՝ լիցենզիա ստանալու մասին հայտի 4-րդ կետում «Հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «և էլեկտրոնային հասցեն» բառերը.

19) Կարգի N 2 հավելվածի՝ լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի`

ա. 1-ին կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) ջրատարի վարձակալման պայմանագիր կամ միացման թույլտվություն՝ միայն խմելու ջրատարների կամ ոռոգման համակարգերի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության համար:».

բ. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.

«9) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տվյալներ (մակնիշ, հզորություն, արտադրության տարեթիվ):».

20) Կարգի N 2 հավելվածի՝ լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) կայանում տեղակայված ագրեգատների վերաբերյալ տվյալներ (մակնիշ, հզորություն, արտադրության տարեթիվ):».

21) Կարգի N 3 հավելվածի՝ երաշխիքների ներկայացման կարգի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Լիցենզիայի պայմանները սահմանված ժամկետում կամ վաղաժամկետ կատարելու դեպքում Հանձնաժողովը, լիցենզավորված անձի դիմումի համաձայն, համապատասխան որոշմամբ կամ գրությամբ երաշխիք տված անձին ազատում է երաշխիքային պարտավորություններից:».

22) Կարգի N 3 հավելվածի՝ երաշխիքների ներկայացման կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու կամ» բառերը.

23) Կարգի N 3 հավելվածը՝ երաշխիքների ներկայացման կարգը, լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում, երբ լիցենզավորված անձի կողմից նախկինում Հանձնաժողով երաշխիք չի ներկայացվել, սույն կարգի 7-րդ կետով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը կրում է լիցենզավորված անձը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան