Գլխավոր տեղեկություն
Համար
N 1872-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.18/56(231) Հոդ.1315
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1872-Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին և «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ ու 12-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության համակարգը և «Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոն» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. (կետն ուժը կորցրել է 19.11.15 N 1329-Ն)

3. Սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպվող կազմակերպությունների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող արժեքով գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպվող կազմակերպությունների տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, դրանց տակ գտնվող և սպասարկման համար հատկացված հողերը, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող արժեքով գույքը «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնել անհատույց և անժամկետ օգտագործման` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

5. (կետն ուժը կորցրել է 19.11.15 N 1329-Ն)

 6. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պետական ռեգիստրում պետական գրանցման, ինչպես նաև կնիքների պատրաստման թույլտվություն տալու նպատակով «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` առանց սահմանափակման` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետի:

7. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր ստեղծելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը:

(7-րդ կետը փոփ. 15.05.08 N 532-Ն, 02.04.15 N 336-Ն)

8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում՝

ա) հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անժամկետ օգտագործման հանձնվող գույքի կազմը.

բ) ապահովել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) սահմանված կարգով կատարել հոդվածային վերաբաշխումներ` նախատեսելով, որ վերակազմակերպումից հետո «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մեկ` «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով.

բ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից վերակազմակերպվող կազմակերպությունների պահպանման համար տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

10. Սահմանել, որ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը համարվում է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված պետական հիդրոօդերևութաբանական ծառայությունը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1872-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 19.11.15 N 1329-Ն)