Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1064
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2002-10.08.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.20/50(225) Հոդ.161
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.07.2007

030.1064.16.03.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումները համապատասխանեցնել սույն հրամանագրի պահանջներին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


  Երևան
16 մարտի 2002 թ.
ՆՀ-1064

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 2002 թ. մարտի 16-ի
ՆՀ-1064 հրամանագրի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` Կառավարություն) վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպական հիմունքները, Կառավարության գործունեության կազմակերպման, նիստերի նախապատրաստման, հրավիրման, որոշումների ընդունման և դրանց կատարման ապահովման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Կառավարությունը, որի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով:

Կառավարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի (այսուհետ` Վարչապետ) որոշումներով, ինչպես նաև սույն կարգով:

3. Կառավարությունն իր գործունեության կազմակերպումն իրականացնում է Կառավարության նիստերի միջոցով, որի ապահովումն իրականացնում է կառավարության աշխատակազմը: Վարչապետը ղեկավարում է Կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը: Սույն կարգով նախատեսված դեպքերում Վարչապետն ընդունում է որոշումներ:

4. Հայաստանի Հանրապետության նախարարները կառավարում են համապատասխան նախարարությունները, նրանց կազմում գործող գործակալությունները և տեսչությունները:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները գործում են իրենց կանոնադրություններին համապատասխան: Նախարարությունների կանոնադրությունները և կառուցվածքը հաստատում է Կառավարությունը: Նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովելու նպատակով ստեղծվում է նախարարության աշխատակազմ` պետական կառավարչական հիմնարկի կարգավիճակով: Վերջինիս կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություններ, բաժիններ, քարտուղարություններ) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություններ, տեսչություններ), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:

Գործակալությունը օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող մարմին է:

Տեսչությունը օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև օրենսդրությամբ նախատեսված վերահսկողական գործառույթներ իրականացնող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

 

2. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Կառավարությունը իր գործունեությունը կազմակերպում է Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրին համապատասխան:

Կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, ելնելով Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից, մշակում և հաստատում է Կառավարության` տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագիրը` ըստ առանձին ուղղությունների:

6. Կառավարության տարեկան գործունեության միջոցառումների ծրագիրը կազմվում է ըստ եռամսյակների: Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերում նշվում են դրանց իրականացման կոնկրետ պատասխանատուները` ըստ ժամկետների և ֆինանսավորման աղբյուրների:

7. Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակումն իրականացնում է Կառավարության աշխատակազմը` նախարարների և մարզպետների (Երևանի քաղաքապետի) առաջարկությունների հիման վրա:

Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ապահովման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է Կառավարության աշխատակազմը:

8. Կառավարության աշխատակազմը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո տասնօրյա ժամկետում նախապատրաստում և Կառավարությանը տեղեկանք է ներկայացնում տվյալ եռամսյակում քննարկած հարցերի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի կատարման մասին:

9. Կառավարությունն իր գործունեությանն առնչվող խնդիրների լուծման, առանձին իրավական ակտերի նախագծերի, Կառավարություն ներկայացված այլ հարցերի նախապատրաստման և քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Կառավարությանը առաջարկություններ, եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար կարող է ստեղծել հանձնաժողովներ:

 

3. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Կառավարության քննարկմանն են ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով նրա իրավասությանը վերապահված հարցեր, որոնք բխում են Կառավարության կողմից հաստատված Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից: Առանձին դեպքերում Կառավարության քննարկմանը հարցեր կարող են ներկայացվել նաև հրատապ լուծում պահանջող, ինչպես նաև սույն կարգի 67-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում:

11. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնում են Հանրապետության Նախագահը, Վարչապետը, նախարարները: Նախարարի բացակայության (ժամանակավոր անաշխատունակության, գործուղման, արձակուրդի, պաշտոնի թափուր լինելու) դեպքում Կառավարության քննարկմանը հարցեր կարող է ներկայացնել նախարարի համապատասխան տեղակալը:

Նախարարությունների կազմում գործող գործակալությունները և տեսչությունները, տարածքային կառավարման մարմինները, Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները Կառավարության քննարկմանը հարցեր են ներկայացնում տվյալ բնագավառի գործունեությունը կառավարող նախարարների միջոցով, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովները (խորհուրդները, ծառայությունները), ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները` նաև Վարչապետի միջոցով:

12. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացվում են`

ա) Կառավարության օրենսդրական նախաձեռնության իրավունքի իրականացման հարցերով` Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի ձևով.

բ) Հայաստանի Հանրապետության Նախագահի իրավասության հարցերով` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների նախագծերի ձևով.

գ) Կառավարության իրավասության հարցերով` համապատասխանաբար Կառավարության որոշման նախագծերի ձևով.

դ) Կառավարության կարծիքին ներկայացված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունները:

Օրենսդրական և ենթաօրենսդրական լուծում չպահանջող հարցերը Կառավարության քննարկմանն են ներկայացվում հաշվետվությունների, զեկուցագրերի, առաջարկությունների և գործնականում ընդունված, օրենսդրության պահանջներին չհակասող այլ ձևերով, որոնք ենթակա չեն սույն կարգով նախատեսված համաձայնեցման, եթե այլ բան չի բխում նշված փաստաթղթերի հիմքը հանդիսացող հանձնարարականներից: Նման դեպքերում, ինչպես նաև սույն կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում Կառավարությունն ընդունում է արձանագրային որոշում:

13. Կառավարության քննարկմանը ներկայացվում են միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

14. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում հարցը ներկայացնողը:

15. Կառավարության քննարկմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին:

Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը կարող են չհամապատասխանել գործող օրենքների պահանջներին, եթե դրանք որոշակի բնագավառի իրավահարաբերությունների կարգավորման նոր սկզբունքներ են նախատեսում, ինչպես նաև նպատակ ունեն փոփոխություններ և լրացումներ առաջարկել արդեն իսկ գործող օրենքներում:

16. Կառավարության քննարկմանը ներկայացվող այլ հարցերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից և օրենքներից, Ազգային ժողովի որոշումներից, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից և կարգադրություններից, Կառավարության որոշումներից, եթե դրանք Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ կարգադրությունների, Կառավարության որոշումների փոփոխություններ, լրացումներ կամ դրանցով կարգավորվող հարցերի նոր լուծումներ չեն նախատեսում:

17. Կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում անհրաժեշտության դեպքում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում է առաջարկվում փոփոխություններ կամ լրացումներ կատարել, կամ որ ակտերի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ միասին ներկայացվում է համապատասխան ակտերի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:

18. Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի փաթեթը ներառում է`

ա) առաջադրվող նախագիծը.

բ) նախագծի ընդունման հիմնավորումը.

գ) ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը.

դ) տվյալ նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը.

ե) օրենքի նախագծի ներկայացման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն կամ տեղեկանք` դրանց բացակայության մասին:

Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը համաձայնեցվում են արդարադատության նախարարի և շահագրգիռ նախարարների հետ:

Նախքան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնեցմանը ներկայացնելը, Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը պետք է համաձայնեցվեն մյուս շահագրգիռ նախարարների հետ` դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

Կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերը 10-օրյա ժամկետում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հետ:

Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծը առանց դրանց կարող է ներկայացվել Կառավարության աշխատակազմ:

19. Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, շահագրգիռ նախարարների առարկություններն ու առաջարկությունները կցվում են այդ ակտերի նախագծերին:

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերով նախատեսված համաձայնեցումը կատարում է հարցը ներկայացնողը, իսկ նրա բացակայության դեպքում` փոխարինող պաշտոնատար անձը:

21. Կառավարության քննարկմանը հարցը ներկայացնողը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարների առարկությունների և առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ ճշգրտումներ և ուղղումներ է կատարում նախագծում և դրանք ներկայացնում Կառավարության աշխատակազմ:

Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ չունեն նախագծի վերաբերյալ, ապա համաձայնեցումը ձևակերպվում է նախագծի վրա նշագրում կատարելով կամ առանձին նամակով: Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, շահագրգիռ նախարարները առարկություններ և առաջարկություններ ունեն նախագծի վերաբերյալ, ապա ներկայացնողը նախագծին կցում է նաև տեղեկանք ընդունված առարկությունների և առաջարկությունների, ինչպես նաև առկա տարաձայնությունների վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ:

22. Հայաստանի Հանրապետության տնտեսության առանձին ճյուղերի զարգացման, կապիտալ ներդրումների, նյութական ռեսուրսների և ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ առաջարկությունները Կառավարության անդամները Կառավարություն են ներկայացնում միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմավորման ժամանակաշրջանում:

Սույն կետի պահանջներից բացառություններ են թույլատրվում, եթե նշված հարցերը ծագում են տարվա ընթացքում` վերը հիշատակված մարմիններից անկախ պատճառներով:

23. Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով և նյութերով (տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային կրիչներով կամ այլ միջոցներով) Կառավարության քննարկմանն են ներկայացվում մեկ օրինակից` հարց ներկայացնող նախարարի ուղեկցական գրությամբ հանձնվում են Կառավարության աշխատակազմ:

24. Փաստաթղթերի և ուղեկցման գրության մասին, դրանց մուտքագրման պահից ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում սահմանված կարգով Կառավարության աշխատակազմի ղեկավարը զեկուցում է Վարչապետին:

25. Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու հանձնարարականներ կարող է տալ Վարչապետը, Վարչապետի հանձնարարությամբ հանձնարարականները կարող է փոխանցել համապատասխան նախարարը, Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Սույն կետով նախատեսված հանձնարարականները կատարվում են Վարչապետի սահմանած ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետներ սահմանված չլինելու դեպքում` 15-օրյա ժամկետում:

26. Եթե սույն կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի նախարարների, տարածքային կառավարման մարմինների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Վարչապետին:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են Վարչապետին:

27. Հանձնարարականում սահմանված ժամկետներն օբյեկտիվ կամ այլ հիմնավոր պատճառներով խախտելու հանգամանքներ առաջանալու դեպքում պատասխանատու կատարողը հիմնավորված նամակով միջնորդում է Վարչապետին սահմանված ժամկետը երկարաձգելու համար` նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:

28. Կառավարություն կամ Վարչապետին ներկայացված փաստաթղթերը նախապես քննության է առնում Կառավարության աշխատակազմը` 15-օրյա ժամկետում: Կառավարության քննարկմանը հարց ներկայացնողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ:

Անհրաժեշտության դեպքում այդ քննարկումներին հրավիրվում են տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կամ այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը պարտավոր են համաձայնեցնել շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների հետ, եթե դրանցում շոշափվում են համապատասխան բնագավառներին վերաբերող հարցեր: Տարաձայնությունների առկայության դեպքում փաստաթղթերին կցվում է չհամաձայնեցված հարցերի վերաբերյալ արձանագրություն` տարաձայնության պատճառների հիմնավորմամբ:

29. Կառավարություն ներկայացված փաստաթղթերը Կառավարության քննարկմանն են դրվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի մակագրությամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը մինչև դրանք Կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը կառավարության աշխատակազմի կողմից, հավաք կարծիքներով, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնեցմանը:

30. Սույն կարգի խախտումով Կառավարություն կամ Վարչապետին ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերն ու դրանց վերաբերյալ մյուս նյութերը Կառավարության աշխատակազմի ղեկավարը վերադարձնում է` դրանք սահմանված կարգով ներկայացնելու համար:

 

4. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

31. Կառավարության հերթական նիստերը հրավիրվում են հինգշաբթի օրերին:

Անհրաժեշտության դեպքում Կառավարության նիստերը կարող են հրավիրվել նաև այլ, այդ թվում` ոչ աշխատանքային օրերի:

Կառավարության հերթական նիստերը հրավիրում և վարում է Հանրապետության Նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Վարչապետը:

Կառավարության արտահերթ նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության` Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Վարչապետի նախաձեռնությամբ կամ Կառավարության որոշմամբ:

32. Կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումն ապահովում է Կառավարության աշխատակազմը:

33. Կառավարության նիստերը հրավիրվում են դրանց վերաբերյալ կազմված ամենամսյա ժամանակացույցին համապատասխան, որով նախատեսվում են հերթական նիստերի անցկացման օրերը, նիստերի օրակարգի հարցերը:

34. Կառավարության նիստերի ժամանակացույցը և օրակարգը հաստատում է Վարչապետը:

Կառավարության նիստի օրակարգում կարող են փոփոխություններ կատարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի, Վարչապետի կողմից, ինչպես նաև Կառավարության անդամների նախաձեռնությամբ` նիստը վարողի համաձայնությամբ:

35. Կառավարության նիստերի ժամանակացույցը մշակում է Կառավարության աշխատակազմը` ելնելով Կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրերից և ընթացիկ հրատապ խնդիրներից` պահպանելով սույն կարգով նախատեսված պահանջները:

36. Կառավարության նիստերի և դրանցում քննարկվելիք հարցերի մասին ոչ ուշ, քան նիստը սկսվելուց 3 օր առաջ տեղեկացվում են Կառավարության անդամները, հրավիրվողները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այլ անձինք:

Հանրապետության Նախագահին, Վարչապետին, Կառավարության անդամներին և հրավիրվող պատասխանատու անձանց սույն կետով նախատեսված ժամկետից ոչ ուշ տրամադրվում են նիստի օրակարգը, օրակարգում ընդգրկված հարցերը և դրանց առնչվող նյութերը:

37. Կառավարության նիստերն անցկացվում են Կառավարության նստավայրում:

38. Կառավարության նիստերը կարող են անցկացվել արտագնա` Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ կամ Վարչապետի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

39. Կառավարության նիստերը սկսվում են նախօրոք նշանակված ժամին և ավարտվում նույն օրը: Նիստերը կարող են անցկացվել ընդմիջումներով: Նիստերի ընդմիջումները հայտարարվում են նիստը վարողի կողմից` յուրաքանչյուր անգամ ոչ պակաս, քան 30 րոպե տևողությամբ: Տևական քննարկում պահանջող հարցերի քննարկումները կարող են հետաձգվել հաջորդ օրը, իսկ լրացուցիչ փաստաթղթեր կամ ուսումնասիրություններ պահանջող հարցերը` հաջորդ հերթական կամ արտահերթ նիստի օրը:

40. Կառավարության նիստերին (այդ թվում` դռնփակ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության աշխատակազմերի ղեկավարները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Կառավարության նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները:

Կառավարության նիստերին կարող են հրավիրվել Վարչապետի խորհրդականները, Կառավարության աշխատակազմի աշխատողներ, ինչպես նաև այլ անձինք:

Կառավարության տվյալ նիստին կամ տվյալ նիստի հարցի քննարկմանը հրավիրվողների ցանկը Վարչապետի համաձայնությամբ սահմանում և նիստին մասնակցությունը ապահովում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

41. Կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե`

ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր.

բ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 59-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քննարկվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով դիմելու հարցը:

42. Կառավարության նիստերին Կառավարության անդամների մասնակցությունը պարտադիր է: Կառավարության անդամը Կառավարության նիստերին կարող է չմասնակցել սույն կարգի 11-րդ կետում նախատեսված հիմքերի առկայության, իսկ այլ դեպքերում` Վարչապետի համաձայնությամբ:

Կառավարության նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Կառավարության անդամների առնվազն կեսից ավելին:

43. Տվյալ նիստի օրակարգի հարցերը ընդունվում են առանց քվեարկության` նիստը վարողի հրապարակմամբ:

44. Օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը սահմանում է Կառավարության նիստը վարողը:

45. Քննարկումներից առաջ տվյալ հարցի վերաբերյալ լսվում է համապատասխան զեկուցում, որով հանդես գալու իրավունք ունեն Կառավարության անդամները, վերջիններիս բացակայության կամ նիստը վարողի համաձայնության դեպքում` նրանց տեղակալները:

Կառավարության նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ զեկուցման համար տրվում է մինչև 20 րոպե ժամանակ, ելույթների համար` մինչև 5 րոպե` տեղեկանքների համար` 2 րոպե: Նիստը վարողը, անհրաժեշտության դեպքում, կարող է սահմանել այլ ժամկետներ:

46. Զեկուցմանը հաջորդում են հարցի շուրջ ելույթները:

Նիստը վարողը քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիքն արտահայտում է վերջում:

47. Ելույթներն ավարտված են համարվում զեկուցողի կողմից քննարկումների վերաբերյալ իր կարծիքն արտահայտելուց հետո:

48. Օրակարգի յուրաքանչյուր հարցի վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվում է այդ հարցի քննարկումն ավարտելուց հետո, նախքան հաջորդ հարցի քննարկմանն անցնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ հարցի քննարկումը հետաձգվում է:

49. Կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցող Կառավարության անդամների կեսից ավելին: Քվեարկությունը կատարվում է «կողմ» և «դեմ» ձայներով:

Ձայների հավասարության դեպքում Վարչապետի ձայնը վճռորոշ է:

Քվեարկությանը մասնակցում են միայն Վարչապետը և Հայաստանի Հանրապետության նախարարները:

50. Հայաստանի Հանրապետության օրենքների և Ազգային ժողովի որոշումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերը Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում սույն կարգի 18-րդ կետով և օրենքով նախատեսված փաստաթղթերի հետ սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կամ Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Եթե Կառավարության նիստի քննարկումների ժամանակ առաջանում է նախագծի լրամշակման անհրաժեշտություն, ապա այն ներկայացնողին տրվում է համապատասխան հանձնարարական` սահմանելով պատասխանատուներին և կատարման ժամկետը:

51. Կառավարության նիստում ներկայացված նախագծի ընդունումը մերժելու դեպքում դրա վերաբերյալ կազմված արձանագրությունն ուղարկվում է նախագիծը ներկայացնողին:

52. Վարչապետը ստորագրում է Կառավարության որոշումներն ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացմանը: Կառավարության և Վարչապետի որոշումների հավելվածները ստորագրում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը: Կառավարության և Վարչապետի որոշումները Վարչապետի ստորագրությանն է ներկայացնում Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

53. Կառավարության նիստերն արձանագրվում են: Կառավարության նիստերի արձանագրման կարգը սահմանում է Կառավարությունը: Նիստերի արձանագրումը ապահովում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը: Կառավարության նիստերի արձանագրությունները ստորագրում է նիստը վարողը:

54. Եթե Կառավարության նիստին հանձնարարականներ են տրվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, պետական այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ապա Կառավարության աշխատակազմը երկօրյա ժամկետում դրանք Կառավարության տվյալ նիստի արձանագրության քաղվածքի ձևով ուղարկում է նշված մարմիններին և պաշտոնատար անձանց:

 

5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

55. Կառավարության որոշումները Կառավարության աշխատակազմում գրանցվում են Կառավարության որոշումների գրանցամատյանում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին:

Յուրաքանչյուր տարվա համար որոշումների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին նիստի առաջին որոշումից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին որոշումով:

56. Կառավարության որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

57. Կառավարության որոշումները Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացվելուց հետո, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածով նախատեսված դեպքերում` ստորագրվելուց հետո սահմանված կարգով պահվում են Կառավարության աշխատակազմում: Կառավարության աշխատակազմը վավերացված Կառավարության որոշումները ստանալուց հետո երկօրյա ժամկետում սահմանված կարգով առաքում է Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, հանրապետական գործադիր մարմիններ, տարածքային կառավարման մարմիններ: Առաքման ենթակա այլ մարմինների ցանկը սահմանում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Կառավարության որոշումները առաքում է Կառավարության աշխատակազմը` Կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով:

58. Կառավարության այն որոշումները, դրանց առանձին կետերը կամ մասերը, որոնք պարունակում են Հայաստանի Հանրապետության պետական, ծառայողական, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, հրապարակման ենթակա չեն:

 

6. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

59. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից փաստաթղթեր ստանալու մասին նույն օրը զեկուցում է Վարչապետին:

60. Հայաստանի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրություններին, նամակներին, հեռագրերին և Կառավարության կամ Վարչապետի որոշում չպահանջող մյուս փաստաթղթերին ընթացք է տրվում օրենսդրությամբ սահմանված դեպքում:

61. Կառավարության աշխատակազմ ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի ու մյուս փաստաթղթերի կապակցությամբ Վարչապետը մակագրության ձևով հանձնարարականներ է տալիս գործադիր իշխանության համապատասխան մարմիններին` անմիջականորեն կամ դրանք փոխանցում Կառավարության աշխատակազմի ղեկավարի միջոցով:

Անհրաժեշտության դեպքում սույն կետում նշված փաստաթղթերի առնչությամբ խորհրդակցություններ են անցկացնում Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ` համապատասխան նախարարը կամ Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

62. Սույն կարգի 60-րդ կետով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ Վարչապետին զեկուցելու համար դրանք նախատեսելու, համապատասխան մակագրություններով հանձնարարականներ, խորհրդակցությունների արձանագրություններ ձևակերպելու, կատարողներին և գործադիր իշխանության այլ մարմիններին տալու կարգը սահմանում է Վարչապետը:

Սույն կետում նշված հանձնարարականները կարող են տրվել Կառավարության կամ Վարչապետի որոշումների, ինչպես նաև Վարչապետի կամ վերջինիս հանձնարարությամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ փոխանցված հանձնարարականների կատարման ապահովման, Կառավարության և Վարչապետի որոշումների նախագծերի կամ դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման նպատակով:

63. Սույն բաժնով նախատեսված հարցերի կապակցությամբ տրված հանձնարարականները կատարվում են դրանցում նախատեսված ժամկետներում:

Հանձնարարականների կատարման ժամկետը կարող է երկարաձգել միայն Կառավարության աշխատակազմի ղեկավարը` Վարչապետի համաձայնությամբ:

64. Եթե սույն բաժնում նախատեսված հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց գրառվում է «հավաք» նշումը: Հանձնարարական ստացած մյուս պետական կառավարման մարմինները պարտավոր են կատարման ենթակա փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա սահմանված ժամկետում պատասխան ներկայացնել Վարչապետին:

Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա դրանում նշված պատասխանատու կատարողները հանձնարարականի կատարման վերաբերյալ կարծիքներն ուղղակի ներկայացնում են Վարչապետին կամ Կառավարության աշխատակազմի ղեկավարին:

65. Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են դրանում բարձրացված բոլոր հարցերը կամ դրա վերաբերյալ տրվել է ըստ էության պատասխան:

 

7. ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

66. Վարչապետը որոշումներ է ընդունում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Կառավարության որոշումներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

67. Վարչապետը որոշումներ ընդունում է իր նախաձեռնությամբ:

Վարչապետի որոշումներ ընդունելու վերաբերյալ հարց կարող են բարձրացնել նաև Կառավարության անդամները:

Վարչապետը, նպատակահարմարությունից ելնելով, իր իրավասության մեջ մտնող առանձին հարցերի քննարկումը կարող է կազմակերպել Կառավարության նիստում:

Վարչապետը`

ա) վերահսկում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը.

բ) ընթացիկ հարցերի լուծման նպատակով ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

գ) սահմանված կարգով որոշում է պաշտոնական գործուղումների, ընդունելությունների հետ կապված հարցերը.

դ) օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստորագրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր, տալիս է միջկառավարական պայմանագրեր ստորագրելու լիազորություն և հանձնարարականներ.

ե) հաստատում է նախարարությունների, Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատողների թվաքանակը:

Ներքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին գործերի նախարարությունների աշխատողների թվաքանակը հաստատելու մասին Վարչապետի որոշումները վավերացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից.

զ) նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներին` խորհրդակցելով համապատասխան նախարարի հետ, Կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում նշանակվող անձանց, Վարչապետի խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, բացառությամբ Սահմանադրությամբ, օրենքներով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով նախատեսված դեպքերի:

Պաշտպանության, ազգային անվտանգության նախարարների տեղակալներին և ներքին զորքերի հրամանատարին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Վարչապետի առաջարկությամբ:

Մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների տեղակալներին նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը` խորհրդակցելով այդ մարմինների ղեկավարների հետ, իսկ գործակալությունների և տեսչությունների ղեկավարներին` համապատասխան նախարարը` Վարչապետի համաձայնությամբ.

է) խրախուսում և կարգապահական ներգործության միջոցներ է կիրառում նախարարների, սույն կետի «զ» ենթակետով նախատեսված` իր կողմից նշանակվող անձանց, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` համապատասխան քաղաքացիական ծառայողների նկատմամբ.

ը) ներկայացնում է Կառավարությունը օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

թ) նշանակում է միջազգային և միջկառավարական մարմիններում Կառավարության ներկայացուցիչներ.

ժ) օրենքով նախատեսված դեպքերում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գերատեսչական նորմատիվ ակտերը.

ժա) սահմանում է Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման վերահսկողության կարգը.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով նախատեսված լիազորություններ:

68. Վարչապետի որոշումները ստորագրում է Վարչապետը, առանձին դեպքերում` դրանք իրագործող նախարարները, եթե այն ուղղակիորեն բխում է օրենսդրության պահանջներից, կամ Վարչապետն անհրաժեշտ է համարում, որպեսզի իր կողմից ընդունվող որոշումը ստորագրվի նաև համապատասխան նախարարի (նախարարների) կողմից:

69. Վարչապետի որոշումները գրանցվում և համարակալվում են սույն հրամանագրով Կառավարության որոշումների համար սահմանված կարգով` առանձին գրանցամատյանում: Վարչապետի որոշումները պահպանվում են Կառավարության աշխատակազմում:

70. Վարչապետի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով:

71. Վարչապետի բացակայության դեպքում, նրա որոշումներին առնչվող հարցերի շրջանակներում, վերջինիս պարտականությունները կատարում է Կառավարության անդամներին որևէ մեկը` Վարչապետի որոշման հիման վրա` սահմանելով փոխանցվող լիազորությունների շրջանակը:

72. Վարչապետը կամ նրա հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմի ղեկավարը պարբերաբար քննության է առնում Հայաստանի Հանրապետության նախարարների, հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների կողմից Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման արդյունքներն ու միջոցներ ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:

73. Վարչապետը պարբերաբար լսում է Հայաստանի Հանրապետության նախարարների, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարների հաշվետվությունները Կառավարության և Վարչապետի որոշումների, հանձնարարականների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:

74. Վարչապետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է Վարչապետը:

 

8. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

75. Կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է Կառավարության աշխատակազմը:

76. Կառավարության աշխատակազմը ղեկավարում է Կառավարության աշխատակազմի ղեկավարը:

77. Կառավարության աշխատակազմը իրականացնում է Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստումը, այդ թվում` Կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ: Կառավարության քննարկմանը ներկայացված հարցերի նախապատրաստման նպատակով Կառավարության աշխատակազմը իրականացնում է դրանց նախնական քննարկում` Կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ Կառավարության յուրաքանչյուր նիստից առաջ անցկացվող նախանիստերում կամ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում, որոնց անհրաժեշտության դեպքում հրավիրվում են տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը կամ այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության աշխատակազմն ապահովում է նաև Վարչապետի քննարկմանը ներկայացված հարցերի, այդ թվում` Վարչապետի որոշումների նախագծերի նախապատրաստումը:

78. Կառավարության աշխատակազմն ապահովում է Կառավարության ու Վարչապետի որոշումների և հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

79. Կառավարության աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Կառավարությունը, աշխատողների թվաքանակը` Վարչապետը, իսկ Կառավարության աշխատակազմի հաստիքացուցակը` աշխատակազմի ղեկավարը:

80. Կառավարության աշխատակազմի ղեկավարը Կառավարության աշխատակազմում օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց:

 

9. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

81. Կառավարությունում քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

82. Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը կազմակերպում է Կառավարության աշխատակազմը: Կառավարությունում քննարկվում և ընթացք են տրվում քաղաքացիների այն դիմումներին, բողոքներին և առաջարկություններին, որոնք լուծում չեն ստացել գործադիր իշխանության համապատասխան մարմինների կողմից, ինչպես նաև այն դեպքերում, երբ բողոքներն ուղղված են այդ մարմինների ղեկավարների դեմ:

83. Կառավարության աշխատակազմը`

ա) վերլուծում և ամփոփում է Կառավարությանը հասցեագրված քաղաքացիների դիմումները, բողոքները և առաջարկությունները և պարբերաբար Վարչապետին տեղեկացնում դիմումների վիճակի մասին.

բ) պարբերաբար ստուգում է քաղաքացիների ընդունելության, նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից տարվող աշխատանքը, առաջարկում է միջոցառումներ այդ աշխատանքները բարելավելու ուղղությամբ:

Կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և նրանց դիմումների, բողոքների ու առաջարկությունների քննարկման արդյունքները, ինչպես նաև այդ աշխատանքների վիճակի վերաբերյալ գործադիր իշխանության մարմինների հաշվետվությունները քննության են առնվում Կառավարության նիստերում:

 

10. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ

 

84. Կառավարության գործավարությունը տարվում է Կառավարության կողմից հաստատված «Կառավարության գործավարության կարգին» համապատասխան:

85. Կառավարության գործավարության կազմակերպումը իրականացնում է Կառավարության աշխատակազմը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան