Գլխավոր տեղեկություն
Համար
N 1402-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.21/86(1175) Հոդ.1075
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2015 թվականի N 1402-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 674 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ են համարվում պետական սեփականություն հանդիսացող այն բնակելի տարածքները՝ բազմաբնակարան շենքերի առանձին բնակարանները, անհատական բնակելի տները կամ հասարակական նշանակության շենքերում բնակության համար նախատեսված տարածքները (այսուհետ՝ ծառայողական բնակարան), որոնք տրամադրվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օրենքով սահմանված կարգով աշխատանքային իրավունակություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց՝ պետական կառավարչական հիմնարկներում, պետական մարմիններում (այսուհետ՝ պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ ՊՈԱԿ) աշխատանքային (կամ ծառայողական) հարաբերությունների իրականացման կապակցությամբ` այդ աշխատանքային հարաբերությունների իրականացման ժամանակահատվածում բնակվելու համար.

2) ծառայողական բնակարանները տրամադրվում են պայմանագրով` անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով և ենթակա չեն տվյալ բնակարաններում բնակվող անձանց կողմից օտարման կամ այլ ձևով օգտագործման իրավունքի փոխանցման.

3) ծառայողական բնակարանների՝ անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին կնքված պայմանագրերից ծագող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են ծառայողական բնակարաններն օգտագործողների միջոցների հաշվին:

3. Սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակելի տարածքները ծառայողական բնակարանների շարքն են դասվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

4. Ծառայողական բնակարանների՝ անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագրերի կնքման լիազորությունները վերապահվում են այն պետական մարմիններին, որտեղ հաշվառված են ծառայողական բնակարանները, իսկ ծառայողական բնակարանների տրամադրման մասին կնքված պայմանագրերի հաշվառման լիազորությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Պետական սեփականություն համարվող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգի և պայմանների մասին» N 674 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 1
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ (ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ) ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական սեփականություն հանդիսացող բնակարանները (այսուհետ՝ ծառայողական բնակարան) որպես ծառայողական բնակարաններ հատկացնելու հետ կապված հարաբերությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում զինծառայողների բնակարանային ապահովման հարաբերությունների):

2. Սույն կարգի համաձայն ծառայողական բնակարան ստանալու իրավունք ունեն պետական կառավարչական հիմնարկներում, պետական մարմիններում (այսուհետ՝ պետական մարմին) և պետական ոչ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ ՊՈԱԿ) աշխատող (ծառայող) անձինք, ովքեր իրենց աշխատանքային հարաբերությունների ժամանակահատվածում, ելնելով աշխատանքային հարաբերությունների բնույթից, պետք է բնակվեն աշխատավայրի գտնվելու տարածքում, սակայն անձը և նրա կինը (կամ ամուսինը) չունեն տվյալ բնակավայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ գտնվող այլ բնակելի տարածք:

3. Սույն կարգի համաձայն որպես ծառայողական բնակարաններ կարող են հատկացվել պետական մարմիններում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ծառայողական բնակարանների շարքը դասված այն բնակելի տարածքները, որոնք`

1) գնվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

2) կառուցվել կամ վերակառուցվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին.

3) ճանաչվել են պետական սեփականություն և փոխանցվել են պետական մարմնին.

4) ժառանգությամբ և նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:

4. Ծառայողական բնակարան ստանալու համար անձը, սույն կարգին կից դիմումի ձևին համապատասխան, գրավոր դիմում է ներկայացնում այն պետական մարմին, որտեղ աշխատում է (իսկ ՊՈԱԿ-ի աշխատողը` տվյալ ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին)` դիմումին կից ներկայացնելով`

1) անձնագրի լուսապատճենը` հաշվառման էջով, կամ նույնականացման քարտի լուսապատճենը.

2) տեղեկանք փաստացի բնակության վայրից.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ ծառայողի և նրա կնոջ (կամ ամուսնու) անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածքների առկայության (կամ այդպիսի տարածքների բացակայության) մասին.

4) պետական մարմնում աշխատանքի ընդունման (նշանակման) մասին փաստաթղթի և (կամ) աշխատանքային պայմանագրի լուսապատճենը.

5) դիմումատուի ընտանիքի անդամների մասին տեղեկությունները:

5. Ծառայողական բնակարանների հատկացման գործընթացն իրականացնելու նպատակով պետական մարմնում ստեղծվում է առնվազն 6 անդամից բաղկացած՝ բնակարանների ապահովության հարցերով զբաղվող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որն ուսումնասիրում է ծառայողական բնակարան հատկացնելու համար ներկայացված փաստաթղթերը և 20-օրյա ժամկետում ընդունում է որոշում ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության կամ այդպիսի անհրաժեշտության բացակայության մասին:

6. Հանձնաժողովն ընդունում է ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության մասին դրական որոշում, եթե՝

1) դիմումատուի կողմից նշված ծառայողական բնակարանը հաշվառված է պետական մարմնում և դիմումատուի կողմից դիմում ներկայացնելու պահին տվյալ ծառայողական բնակարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված չէ այլ անձի (անձանց).

2) դիմումատուի կողմից ապահովվել են սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

3) առկա են սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմանները:

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններից որևէ մեկը չապահովելու կամ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հանձնաժողովն ընդունում է որոշում ծառայողական բնակարան հատկացնելու անհրաժեշտության բացակայության մասին:

8. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է պետական մարմնի ղեկավարը:

9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` ծառայողական բնակարան ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստի ընթացքում` նիստին ներկա գտնվող հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի բոլոր նիստերն արձանագրվում են։ Նիստերի արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները:

12. Ծառայողական բնակարան ստանալու համար դիմում ներկայացրած անձը հանձնաժողովի նիստին է ներկայացնում սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի բնօրինակները:

13. Հանձնաժողովի կողմից անհատույց, ժամանակավոր օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան հատկացնելու մասին դրական որոշում ընդունվելու դեպքում ծառայողական բնակարանն օգտագործող անձի և համապատասխան պետական մարմնի միջև 30-օրյա ժամկետում կնքվում է պաշտոնեական (ծառայողական) բնակարան հանդիսացող բնակելի տարածքի անհատույց, ժամանակավոր օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր), որից ծագող գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Ծառայողական բնակարանի օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցելուց հետո տվյալ ծառայողական բնակարանն օգտագործողը պետք է՝

1) հնգօրյա ժամկետում՝ պետական մարմին ներկայացնի պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականը.

2) երկամսյա ժամկետում, պայմանագրի ժամկետին համապատասխան, իր միջոցների հաշվին կատարի ծառայողական բնակարանի ապահովագրությունը:

15. Պետական մարմինը սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված՝ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման վկայականի լուսապատճենը` հաշվառում իրականացնելու համար:

16. Պետական մարմիններին՝ սույն կարգին համապատասխան կնքված պայմանագրերում պարտադիր կարգով նախատեսել, որ պայմանագիրը ենթակա է լուծման, եթե՝

1) ծառայողական բնակարանն օգտագործողի հետ դադարեցվել են աշխատանքային հարաբերությունները, կամ՝

2) ծառայողական բնակարանն օգտագործողի կամ նրա կնոջ (ամուսնու) կողմից աշխատավայրի գտնվելու վայրից մինչև 30 կիլոմետր հեռավորությամբ բնակելի տարածք է ձեռք բերվել:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հայաստանի Հանրապետության

__________________________________________

__________________________________________

պարոն ___________________________ -ին

_________________________________________

(դիմումատուի անունը, ազգանունը,

_________________________________________

պետական մարմնում զբաղեցրած պաշտոնը)

_________________________________________

(դիմումատուի հասցեն)

 

Հեռախոսահամարը _______________________

Էլեկտրոնային փոստը _______________________

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 

Խնդրում եմ

_________________________________________

(պետական մարմնի անվանումը)

ստեղծված

 

հանձնաժողովում քննարկել ________________________________________

(նշել հասցեն)

-ում

 

 ինձ ծառայողական բնակարան տրամադրելու մասին հարցը:

 

 Դիմումին կից ներկայացնում եմ՝

 

_______________________________________________________________:

(թվարկել փաստաթղթերը)

 

Դիմումատու

________________________ 
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

 

 _____ ___________________ 20  թ.