Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.01.2016-12.05.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.20/4(1184) Հոդ.38
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2016 թվականի N 11-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ը» և «թ» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հունվարի 19
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
հունվարի 14-ի N 11-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոններով (այսուհետ` կանոններ) կարգավորվում են ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանությանը, ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի մասին տեղեկատվությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև ֆիզիկական պաշտպանության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Սույն կանոնները տարածվում են այն լիցենզավորված անձանց վրա, ովքեր՝

1) արտադրում, պահում, փոխադրում կամ օգտագործում են ռադիոակտիվ նյութեր.

2) նախագծում, արտադրում, պահում, փոխադրում կամ օգտագործում են ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր.

3) ապահովում են ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը:

3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`

1) նախագծային սպառնալիք՝ այն հնարավոր խախտողների դրդապատճառների, մտադրությունների և ունակությունների (հնարավորությունների) բազմակողմանի նկարագրությունն է, որոնց դեմ նախագծվում և գնահատվում է ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգը.

2) ֆիզիկական պաշտպանության գոտի՝ ֆիզիկական արգելքներով շրջապատված տարածք, որտեղ կարող են մուտք գործել միայն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի (այսուհետ՝ օբյեկտ) անվտանգության ծառայության կողմից թույլտվություն ունեցող անձինք և փոխադրամիջոցները.

3) ֆիզիկական պաշտպանության ծրագիր՝ նախագծային սպառնալիքի գնահատման հիման վրա լիցենզավորված անձի կողմից մշակված և հաստատված փաստաթուղթ, որը ներառում է այն տեխնիկական միջոցների ու կազմակերպական միջոցառումների ամբողջությունը, որն անհրաժեշտ է իրականացնել՝ տվյալ օբյեկտում առկա ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանությունն ապահովելու համար.

4) խախտող (արտաքին կամ ներքին)՝ անձ, որն իրականացնում է վնասարարություն կամ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հափշտակություն, շորթում, վնասում կամ այլ ապօրինի ձեռքբերում.

5) ֆիզիկական պաշտպանության տեսանկյունից «զգայուն» տեղեկատվություն՝ տեղեկատվություն, որի՝ խախտողի կողմից տիրապետումը կարող է նպաստել առկա կամ փոխադրվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելուն:

 

II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի խնդիրը խախտողների կողմից հանցավորության կատարումը դժվարացնելը (դանդաղեցնելը) կամ կատարման հնարավորությունը նվազեցնելն է՝ հայտնաբերման, կասեցման և հակազդման միջոցով:

5. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի նպատակներն են՝

1) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հետ աշխատանքներ իրականացնող օբյեկտներ կողմնակի անձանց մուտքը կանխելը, ֆիզիկական պաշտպանության գոտիներ խախտողների ներթափանցումը կասեցնելը (դանդաղեցնելը).

2) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հետ աշխատանքներ իրականացնող օբյեկտների նկատմամբ ներքին կամ արտաքին խախտողների կողմից վնասարարության կամ այլ հանցավոր ոտնձգությունների (այդ թվում` դրանց հափշտակման) հնարավորությունը նվազագույնի հասցնելը.

3) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության տեսանկյունից «զգայուն» տեղեկատվության չթույլատրված ստացումը կանխելը:

6. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի գործառույթներն են՝

1) հայտնաբերումը՝ ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի անօրինական ձեռքբերման կամ վնասման նպատակով ներխուժման փորձի կամ ներխուժման հայտնաբերումը, ներխուժման մասին օպերատիվ ահազանգումը.

2) դանդաղեցումը՝ խախտողի՝ անօրինական մուտքը կամ ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ապօրինի ձեռքբերման փորձը խոչընդոտելը, հիմնականում ցանկապատների կամ այլ ֆիզիկական արգելքների միջոցով.

3) հակազդումը՝ հայտնաբերումից հետո ձեռնարկված միջոցները՝ կանխելու համար խախտողին կամ մեղմելու համար խախտման հնարավոր ծանր հետևանքները.

4) ֆիզիկական պաշտպանության կառավարումը՝ անհրաժեշտ ռեսուրսների (մարդկային և ֆինանսական) առկայություն, ինչպես նաև ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համար անհրաժեշտ ընթացակարգերի, ռազմավարության, գրառումների, ծրագրերի մշակումը, այդ թվում՝ նաև «զգայուն» տեղեկատվության պաշտպանությունը:

 

III. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

7. Ֆիզիկական պաշտպանության տեխնիկական միջոցները և կազմակերպական միջոցառումները պետք է որոշվեն՝ ելնելով նախագծային սպառնալիքից:

8. Նախագծային սպառնալիքը գնահատելիս՝ պետք է հաշվի առնվեն՝

1) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի դասը, դրանց տեսակը, հատկությունները, օգտագործման ձևը և պաշտպանվածությունը.

2) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ապօրինի շրջանառության հնարավոր հետևանքները.

3) Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում առկա քաղաքական ու սոցիալական գործոններով պայմանավորված հնարավոր հանցագործությունների, զանցանքների տեսակներն ու դրանց հավանականությունը.

4) ներքին սպառնալիքը, որը կարող է բխել մեկ կամ մի քանի անձանցից, ովքեր օրինական մուտք ունեն օբյեկտ և ունեն հստակ տեղեկություն ռադոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի գտնվելու վայրի կամ իրականացվող աշխատանքների մասին: Դրանց թվին են պատկանում օբյեկտի աշխատողները կամ պայմանագրային հիմունքներով աշխատանքներ իրականացնող այլ անձինք, ովքեր կարող են անօրինական կերպով տեղաշարժել ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը կամ կարող են ունենալ տեղեկություններ՝ դրանք հանցավոր նպատակներով օգտագործելու համար:

9. Նախագծային սպառնալիքի գնահատման մեթոդաբանությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից:

10. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության ապահովման հետ կապված միատիպ (ստանդարտ) մոտեցումների ու ֆիզիկական պաշտպանության միջոցառումների որոշման նպատակով սահմանվում են ֆիզիկական պաշտպանության մակարդակներ:

11. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում՝ ելնելով դրանց հետ կապված միջադեպերի հնարավոր հետևանքների բարդությունից (ճառագայթային ռիսկից), սահմանվում են ֆիզիկական պաշտպանության երեք մակարդակներ` Ա, Բ և Գ, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1489-Ն որոշմամբ սահմանված ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրների 1-ին, 2-րդ և 3-րդ դասերին:

 

IV. Ա, Բ ԵՎ Գ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգերը պետք է ապահովեն օգտագործվող (պահվող) և փոխադրվող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանությունը:

13. Եթե նույն օբյեկտում գտնվում են տարբեր ֆիզիկական պաշտպանության մակարդակներ պահանջող ռադիոակտիվ նյութեր և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր, ապա օբյեկտի ֆիզիկական պաշտպանության համակարգը պետք է ապահովի առավել բարձր ֆիզիկական պաշտպանության մակարդակ պահանջող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանությունը:

14. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի տեխնիկական միջոցների շահագործման ժամանակ պետք է լինեն որակի ապահովման ծրագրեր:

15. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման համար նախատեսված սենքերից դուրս տեղերում (օբյեկտի ընդհանուր նշանակության արտադրական սենքերում կամ օբյեկտից դուրս այլ վայրում) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման դեպքում կիրառվում են ֆիզիկական պաշտպանության ժամանակավոր միջոցներ, ինչպես նաև ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագրեր, որոնք համաձայնեցվում են կոմիտեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

16. Օբյեկտում օգտագործվող (պահվող) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համար օբյեկտի ղեկավարի հրամանով պետք է նշանակվի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար պատասխանատու:

17. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի տեխնիկական միջոցները բաժանվում են երկու խմբի` տեսադիտարկման ու ահազանգման միջոցներ և արգելապատնեշներ:

18. Տեսադիտարկման ու ահազանգման միջոցները (տեսախցիկներ, ունակային կամ շարժման տվիչներ, լուսային և ձայնային ազդանշանների սարքեր և այլ սարքեր) նախատեսված են ֆիզիկական պաշտպանության գոտիների պարագծի տեսադիտողական (վիզուալ) վերահսկման և դրանց խախտման մասին ահազանգման համար:

19. Արգելապատնեշները նախատեսված են ռադիոակտիվ նյութերին և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերին կողմնակի անձանց մոտենալը, դրանք վնասելը կամ հափշտակելը կանխելու համար: Դրանք են՝

1) պարիսպները.

2) ցանկապատները.

3) պատերը.

4) փաթեթավորման լրակազմերը և այլն:

20. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի տեխնիկական միջոցները պետք է ապահովված լինեն հուսալի էլեկտրասնուցմամբ:

21. Ֆիզիկական պաշտպանության գոտիներ մարդկանց և փոխադրամիջոցների մուտքի համար պետք է նախատեսվեն հատուկ անցակետեր, որոնք պետք է կահավորված լինեն հսկողության համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով (ծածկագրավորված կողպեքներ, արգելափակման հարմարանքներ, պտուտակադռնակներ և այլն).

22. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահման համար պետք է կիրառվեն հուսալիորեն փակվող հարմարանքներ (պահարաններ, կոնտեյներներ և այլն).

23. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի կազմակերպման համար պետք է իրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) ֆիզիկական պաշտպանության հարցերով օբյեկտի անձնակազմի ուսուցման և հրահանգավորման կարգի սահմանումը.

2) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հետ աշխատելու համար ֆիզիկական պաշտպանության գոտիներ մուտքի թույլտվության կարգի սահմանումը.

3) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահարանների մեխանիկական կամ էլեկտրոնային կողպեքների, բանալիների ամբողջականության (չվնասվածության) հսկման կարգի սահմանումը.

4) ֆիզիկական պաշտպանության իրականացման համար պատասխանատու անձանց իրավասությունների սահմանումը.

5) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հետ աշխատելու թույլտվություն ունեցող անձանց հուսալիության ստուգումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 7-ի N 744-Ն որոշման.

6) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգի վերաբերյալ տվյալների հուսալի պաշտպանությունը:

24. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված միջադեպերի դեպքում՝ լիցենզավորված անձը ոչ ուշ, քան հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կոմիտեին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը, իսկ միջադեպի հայտնաբերումից 15 օր հետո անցկացնում է միջադեպի քննություն, որի արդյունքները գրավոր ներկայացվում են կոմիտե և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

 

V. Ա ՄԱԿԱՐԴԱԿԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

25. Ա մակարդակի ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համար, բացի սույն կանոնների IV գլխում ներկայացված պահանջներից՝

1) ռադիոակտիվ նյութերին և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերին պատահական կամ դիտավորյալ մոտենալու, դրանց հափշտակման կամ դրանց նկատմամբ այլ հանցավոր ոտնձգության ժամանակ, ազդանշանային միջոցների գործարկման դեպքում պետք է ապահովված լինի օբյեկտի պահակախմբի կամ անվտանգության ծառայության անհապաղ հակազդումը.

2) ռադիոակտիվ նյութերի պահման համար նախատեսված հարմարանքները կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը պետք է նախագծված և մոնտաժված լինեն այնպես, որպեսզի դրանք բացելու դեպքում անպայման աշխատեն ազդանշանային միջոցները, իսկ դրանց հափշտակումը լինի հնարավորինս դժվարամատչելի և ժամանակատար, որպեսզի օբյեկտի պահակախումբը կամ անվտանգության ծառայությունը հասցնի հակազդել.

3) պետք է օգտագործվեն ֆիզիկական պաշտպանության առնվազն երկու՝ միմյանցից անկախ տեխնիկական միջոցներ, որոնք կբացառեն ֆիզիկական պաշտպանության գոտի թույլտվություն չունեցող անձանց պատահական կամ դիտավորյալ ներթափանցումը.

4) պետք է ամեն օր անցկացվի ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական առկայության ստուգում, ու դրա մասին պետք է գրառում կատարվի օբյեկտի ղեկավարի կողմից հաստատված՝ ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հաշվառման մատյանում:

 

VI. Բ ԵՎ Գ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

26. Բ և Գ մակարդակների ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համար, բացի սույն կանոնների IV գլխում ներկայացված պահանջներից՝

1) պետք է մշակվեն և ներդրվեն ֆիզիկական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք կարգելափակեն ռադիոակտիվ նյութերին և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերին պատահական կամ դիտավորյալ մոտենալը, դրանց հափշտակման կամ դրանց նկատմամբ այլ հանցավոր ոտնձգության հնարավորությունը.

2) ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերին պատահական կամ դիտավորյալ մոտենալու, դրանց հափշտակման կամ դրանց նկատմամբ այլ հանցավոր ոտնձգության ժամանակ, ազդանշանային միջոցների գործարկման դեպքում պետք է ապահովված լինի օբյեկտի պահակախմբի կամ անվտանգության ծառայության անհապաղ հակազդումը.

3) պետք է օգտագործվեն ֆիզիկական պաշտպանության առնվազն երկու՝ միմյանցից անկախ միջոցներ (որոնցից մեկը` տեխնիկական), որոնք կբացառեն ֆիզիկական պաշտպանության գոտի մուտքի հատուկ թույլտվություն չունեցող անձանց պատահական կամ դիտավորյալ ներթափանցումը.

4) պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ պետք է անցկացվի ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական առկայության ստուգում, ու դրա մասին պետք է գրառում կատարվի ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հաշվառման մատյանում:

 

VII. 4-ՐԴ ԵՎ 5-ՐԴ ԴԱՍԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

27. 4-րդ և 5-րդ դասերի ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համար, բացի սույն կանոնների IV գլխում ներկայացված պահանջներից՝

1) պետք է դրանք պահվեն հատուկ պահարաններում, որոնք կարելի է հուսալիորեն փակել և կնքել.

2) պետք է տարեկան մեկ անգամ (գույքագրման ժամանակ) անցկացվի դրանց ֆիզիկական առկայության ստուգում, ու դրա մասին պետք է գրառում կատարվի ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի հաշվառման մատյանում:

 

VIII. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

28. Ռադիոակտիվ նյութերը և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը պետք է փոխադրվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 931-Ն որոշման պահանջներին համապատասխան:

29. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման համար պետք է օգտագործվեն միայն այն փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են համապատասխան դասի ռադիոակտիվ նյութեր և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր փոխադրելու համար:

30. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման երթուղին պետք է ընտրվի այնպես, որպեսզի այն հատի հնարավորինս քիչ թվով բնակավայրեր, բացառվեն ճանապարհին փոխադրամիջոցի բնականոն ընթացքը խոչընդոտող հանգամանքները:

31. Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման երթուղին ֆիզիկական պաշտպանության նպատակով պետք է լինի հնարավորինս կարճ, իսկ փոխադրման ժամանակ նախատեսված կանգառները և փոխադրամիջոցների փոխարինումը պետք է լինեն արդարացված ու հնարավորինս քիչ:

32. Ա և Բ մակարդակների ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութերեր պարունակող սարքերի փոխադրումը, անկախ փոխադրամիջոցի տեսակից, պետք է ուղեկցվի փոխադրման ժամանակ ֆիզիկական պաշտպանության ապահովման համար պատասխանատու ծառայության անձնակազմի կողմից:

33. Ա և Բ մակարդակների ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կոնտեյներները պետք է կողպված լինեն երկու տարբեր կողպեքներով, որոնց բանալիները պետք է գտնվեն տարբեր անձանց մոտ:

34. Ա և Բ մակարդակների ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման երթուղու, փոխադրման ժամանակի մասին տեղեկությունները պետք է լինեն գաղտնի: Դրանց հետ ծանոթանալու համար թույլտվության կարգը պետք է նախապես սահմանվի բեռն առաքողի, փոխադրողի և ստացողի կողմից` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

35. Ա և Բ մակարդակների ֆիզիկական պաշտպանություն պահանջող ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի փոխադրման ընթացքում պետք է ապահովված լինի ուղարկող-փոխադրող-ստացող-ոստիկանություն անընդհատ քառակողմ կապ (հեռախոսային կապ կամ ռադիոկապ):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան