Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1066
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.03.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.20/9.1 Հոդ.163
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.03.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՆՀ-727 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքում պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների իրականացման և քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման նպատակով որոշում եմ.

I. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» ՆՀ-727 հրամանագրում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի սեպտեմբերի 28-ի ՆՀ-679 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանագրի 1.2-րդ կետի`

ա) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Տարածքային քաղաքականությունը նշված բնագավառներում Երևանի քաղաքապետը իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների միջոցով:»,

բ) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների հիմնադրումը, վերակազմավորումն ու լուծարումը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է Երևանի քաղաքապետը:».

2) հրամանագրի 1.3-րդ կետի երկրորդ պարբերության «ա» ենթակետի «Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի» բառերով.

3) հրամանագրի 1.5-րդ կետի`

ա) «ը» ենթակետի «քաղաքապետարանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը,

բ) «ժա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել,

գ) «ժգ» ենթակետը հանել,

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժը» ենթակետ`

«ժը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին:».

4) հրամանագրի 1.7-րդ կետում`

ա) երրորդ պարբերությունում «երեք տեղակալ» բառերը փոխարինել «տեղակալ (տեղակալներ)» բառերով,

բ) հինգերորդ պարբերությունում «առաջարկությամբ» բառերից հետո լրացնել «մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործունեության մեջ դնելը» բառերը,

գ) յոթերորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ`

«Երևանի քաղաքապետի տեղակալները չեն կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Երևանի քաղաքապետի խորհրդականների և օգնականների, մամուլի քարտուղարի պաշտոնները և թվաքանակը սահմանվում է Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ: Երևանի քաղաքապետի խորհրդականին, մամուլի քարտուղարին և օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատմանն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է կառավարությունը, իսկ աշխատողների թվաքանակը` վարչապետը:».

5) հրամանագրի 1.8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1.8. Երևանի քաղաքապետարանի գործունեությունն իրականացվում է Երևանի քաղաքապետի տեղակալի (տեղակալների), խորհրդականների, օգնականների, մամուլի, քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատողներ են համարվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

Երևանի քաղաքապետարանի շենքի վրա և Երևանի քաղաքապետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:».

6) հրամանագրի 1.9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`

«1.9. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով` Երևանի քաղաքապետի կողմից` քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից` քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը`

ա) իր լիազորության շրջանակում կազմակերպում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը և իրականացնում է կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների վարչական համակարգումը,

բ) ապահովում է Երևանի քաղաքապետի որոշումների, կարգադրությունների և հանձնարարականների կատարման ընթացքը և զեկուցում Երևանի քաղաքապետին,

գ) մշակում և Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման ժամկետայնության նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է Երևանի քաղաքապետին,

դ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,

ե) ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բյուջետային ծախսերի կատարումը,

զ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը,

է) օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից:

Համապատասխան հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը կարող է Երևանի քաղաքապետին գրավոր, փաստարկված առաջարկություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեությունը բարելավելու վերաբերյալ:

Երևանի քաղաքապետը պարտադիր քննության է առնում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջարկությունը և մեկամսյա ժամկետում տեղեկացնում նրան արդյունքների մասին:

Ձեռնարկված միջոցներն անբավարար համարելու դեպքում հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը հարցը կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը` վերջնական լուծման համար:

Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին օրենքով նախատեսված դեպքում և կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Երևանի քաղաքապետը:».

7) հրամանագրի 1.10-րդ կետի «գ» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

8) հրամանագրի 1.11-րդ կետի երկրորդ պարբերության «քաղաքապետարանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի» բառը.

9) հրամանագրի 1.14-րդ կետի «ա» ենթակետի «և ձեռնարկությունների» բառերը հանել.

10) հրամանագրի 1.16-րդ կետի երկրորդ պարբերության «ձեռնարկությունների ու» բառերը հանել:

II. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

III. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 մարտի 2002 թ.
ՆՀ-1066