Գլխավոր տեղեկություն
Համար
N 1200-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2015-16.08.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.26/71(1160) Հոդ.922
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ապահովել հանձնաժողովի նյութատեխնիկական աջակցությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հոկտեմբերի 19

 Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն աշխատակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից (այսուհետ` իրավասու մարմիններ) իրականացնել նախանույնացման փուլում գտնվող հավանական զոհերի նույնացումը, տալ նրանց զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ և իրավունք՝ ստանալու համապատասխանաբար զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի համար նախատեսված աջակցություն և պաշտպանություն, անկախ մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող քրեադատավարական գործընթացում այդ անձանց մասնակցության հանգամանքից կամ այդ գործընթացում նրանց կարգավիճակից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը՝

1) համագործակցում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով.

2) հավաքագրում է անձի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկություններ, փաստեր, ապացույցներ.

3) քննության է առնում իրավասու մարմինների միջնորդությունները, ինչպես նաև հատուկ կատեգորիայի զոհերի և հատուկ կատեգորիայի հավանական զոհերի օրինական ներկայացուցիչների առաջարկություններն ու առարկությունները.

4) կայացնում է անձի վերաբերյալ հետևյալ որոշումները`

ա. համարել արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման և ճանաչել նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ,

բ. համարել ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման,

գ. երկարաձգել նախանույնացման փուլը մինչև նախանույնացման համար օրենքով սահմանված ժամկետների ավարտը.

5) ընդունում է որոշումներ զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին աջակցությունը դադարեցնելու մասին.

6) ուղղորդում է հանձնաժողովի կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձին աջակցություն և պաշտպանություն իրականացնող մարմիններ (կազմակերպություններ):

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո կազմվում է նիստի արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի, կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի նախաձեռնությամբ և (կամ) իրավասու մարմնի միջնորդությամբ: Նիստ հրավիրելու նախաձեռնությունը (միջնորդությունը) ներկայացվում է հանձնաժողովի նախագահին նախապես:

7. Եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող մասնակցել նիստի աշխատանքներին, ապա նրան փոխարինում է հանձնաժողովի պահեստային կազմի համապատասխան անդամը:

8. Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ:

9. Հանձնաժողովի նիստերին հատուկ կատեգորիայի հավանական զոհերի օրինական ներկայացուցիչների, մանկավարժի կամ մանկական հոգեբանի, իսկ հատուկ դեպքերում (եթե անձը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից) հոգեբույժի ներկայությունը պարտադիր է:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ տրվում է նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին և նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին: Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում:

12. Հանձնաժողովի նախագահի (անդամի)՝ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսին անհարգելի չներկայանալու դեպքում, հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս փոխարինման հարցը: Հանձնաժողովի համապատասխան որոշման առկայության դեպքում հանձնաժողովում սահմանված կարգով կատարվում է համապատասխան փոփոխություն:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո երկօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ.

3) որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը, տեղը, նիստի օրակարգը և հարցերի քննարկման հերթականությունը.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) որպես հանձնաժողովի անդամ՝ քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք, մասնակցում է քվեարկություններին, հանդես գալիս առաջարկություններով և առարկություններով.

6) հաստատում է հանձնաժողովի նիստի որոշումները և ստորագրում արձանագրությունները.

7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը, խորհուրդ է ներկայացնում միասնական հաշվետվություն կատարված աշխատանքների և ծախսերի մասին.

8) իրականացնում է հանձնաժողովի որոշումներից և սույն կարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) իրենց նախաձեռնությամբ միջնորդում են հրավիրել հանձնաժողովի նիստ.

3) հանձնաժողովի քարտուղարին տրամադրում են անհրաժեշտ նյութեր.

4) իրականացնում են հանձնաժողովի որոշումներից և սույն աշխատակարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ.

5) քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում են իրենց կարծիքը, մասնակցում են քվեարկություններին, հանդես են գալիս առաջարկություններով և առարկություններով.

6) ծանոթանում են հանձնաժողովի նիստի արձանագրություններին և ստորագրում դրանք:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

15. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) նախապատրաստում է հանձնաժողովի օրակարգը՝ նշելով օրակարգում նիստի անցկացման օրը, ժամը և տեղը.

3) նախապատրաստում է հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրված նյութերը.

4) նիստից առնվազն մեկ օր առաջ հանձնաժողովի անդամներին փոխանցում է նիստի օրակարգն ու քննարկվելիք նյութերը, այդ թվում՝ հավանական զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի՝ նիստին մասնակից օրինական ներկայացուցչի մասին տեղեկատվությունը.

5) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պատրաստում է որոշումների նախագծերը.

6) կատարում է հանձնաժողովի նախագահի՝ հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ.

7) իրականացնում է հանձնաժողովի որոշումներից և սույն աշխատակարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը եռօրյա ժամկետում նախապատրաստում է արձանագրություն, որտեղ նշվում են նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը, նիստի օրակարգը, մասնակիցների, հրավիրված անձանց տվյալները, քննարկվող հարցերի, զեկուցումների, ելույթների հիմնական դրույթները և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ընդունած որոշումները:

17. Անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելն արժանահավատ համարելու մասին հանձնաժողովի որոշմամբ նրան տրվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ և իրավունք՝ ստանալու անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն:

18. Հանձնաժողովի` անձին վերաբերող որոշման քաղվածքը հանձնաժողովի քարտուղարը հանձնում է թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձին կամ նրա օրինական ներկայացուցչին, և դրա մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում՝ նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը: Մատյանի ձևը հաստատում է հանձնաժողովը:

19. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի արձանագրության մեջ կատարում է համապատասխան գրառում աջակցությունը դադարեցնելու մասին՝ նշելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված պատճառներից մեկը:

20. Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնփակ: Նիստերի արձանագրությունները, քննարկմանը ներկայացված փաստաթղթերը, նյութերը (բնօրինակները, պատճենները) հրապարակման ենթակա չեն և սահմանված կարգով պահվում են քննարկման օբյեկտ հանդիսացող անձի անձնական գործում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման

 

 Ձ ԵՎ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվությունն ունի երկու բաժին` նկարագրական և ծախսային, որոնցում պետք է ներառվի հետևյալ տեղեկատվությունը.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) Հաշվետու ժամանակահատվածում նույնացման ներկայացված հավանական զոհերի թիվը.

2) նույնացման հանձնաժողովի գումարած նիստերը և քննարկվող հարցերը` ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասի.

3) նույնացման հանձնաժողովի որոշումների բովանդակությունը.

4) աջակցություն ստանալու նպատակով ուղղորդված զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի թիվը.

5) ուղղորդումը (ըստ ուղղորդման մարմնի (կազմակերպության).

6) պաշտպանության համար ներկայացված միջնորդությունները և միջնորդության հիման վրա կայացրած որոշումները.

7) աջակցության ծրագրերը (պետական և ոչ պետական) ըստ ոլորտների`

ա. սոցիալական պաշտպանության ոլորտ,

բ. կրթության ոլորտ,

գ. առողջապահության ոլորտ,

դ. պաշտպանության ոլորտ,

ե. օրենքով նախատեսված այլ ոլորտներ:

 

2. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

NN
ը/կ

ՈԼՈՐՏ

ԾՐԱԳՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

1.

Սոցիալական պաշտպանություն

   

2.

Կրթություն

   

3.

Առողջապահություն

   

4.

Պաշտպանություն

   

5.

Օրենքով նախատեսված այլ ոլորտներ

   

ԸՆԴԱՄԵՆԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2021, N 1263-Ն 16.08.2021, N 1200-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան