Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1234
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.10.28/72(1161) Հոդ.924
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.10.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 հոկտեմբերի 2015 թ.

 

«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ի ԵՎ «ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 279-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Ղազարյանի,

դիմող «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Տ. Եգորյանի, Լ. Հակոբյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի` համապատասխանաբար 01.06.2015թ. և 02.07.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 28.07.2015թ. ՍԴԱՈ-46 աշխատակարգային որոշմամբ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի «այլ հաղորդումների» դրույթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 279-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը միավորվել են։

Ուսումնասիրելով միավորված գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի դեկտեմբերի 13-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2004 թվականի հունվարի 14-ին և ուժի մեջ է մտել 2004 թվականի փետրվարի 8-ին:

Օրենքի՝ «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը» վերտառությամբ 5-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է. «Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաև լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ»:

Վերը նշված դրույթներում որևէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` օրենսգիրք) ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 01.07.1998թ., ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 01.09.1998թ. և ուժի մեջ է մտել 12.01.1999թ.:

Օրենսգրքի՝ «Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը» վերտառությամբ 14-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով»:

Օրենսգրքի 14-րդ հոդվածում որևէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է. «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես ... որոշումներ կայացնել կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու, նոտարական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին, օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները»:

Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 1-ին կետը փոփոխվել է 25.05.2006թ. ՀՕ-91-Ն և 28.11.2007թ. ՀՕ-270-Ն ՀՀ օրենքներով:

Օրենսգրքի՝ «Դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունները» վերտառությամբ 279-րդ հոդվածը սահմանում է. «Դատարանի որոշմամբ կատարվում են բնակարանի խուզարկությունը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման հետ կապված քննչական գործողությունները, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները»:

Օրենսգրքի 279-րդ հոդվածը «գործողությունները» բառից հետո 21.06.2014թ. ՀՕ-115-Ն ՀՀ օրենքով լրացվել է` «, ինչպես նաև բանկային, ապահովագրական, նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունները և առգրավումները» բառերով:

 

2. Միավորված գործերի դատավարական նախապատմությունները հանգում են հետևյալին. դիմողները ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերի քննիչից ստացել են գրություն առ այն, որ 26.06.2014 թվականին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԿԴ/0032/08/14 գործով որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթին և «Ի լուր էյ էմ» ինտերնետային կայքին համապատասխանաբար՝ «Հրապարակ» օրաթերթում 09.05.2014 թվականին տպագրված՝ «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» և «Ի լուր էյ էմ» ինտերնետային կայքում 12.05.2014 թվականին տեղադրված՝ «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» հոդվածները հրապարակելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԿԴ/0032/08/14 գործով 26.06.2014 թվականին կայացրած որոշման դեմ դիմողների ներկայացուցիչները բերել են վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 22.09.2014թ. որոշմամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 22.09.2014թ. որոշման դեմ դիմողների ներկայացուցիչները բերել են վճռաբեկ բողոք, ինչի կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը 23.12.2014 թվականին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:

 

3. Դիմողները գտնում են, որ օրենքի և օրենսգրքի վիճարկվող դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 18-րդ և 19-րդ, 27-րդ, 43-րդ հոդվածներին: Ընդ որում, դիմողներից «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, որպես, իր կարծիքով, հակասահմանադրական դրույթներ մատնանշում է օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով», «հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը», «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները» դրույթները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի՝ «այլ հաղորդումներ» դրույթը:

Սահմանադրաիրավական վեճի շրջանակներում «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 08.03.2004թ. թիվ R(2000)7 հանձնարարականը, նույն Հանձնարարականի Բացատրական զեկույցը, ներկայացնում է հետևյալ փաստարկները.

նախ` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ արտահայտվելու ազատության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու` անձանց իրավունքի ապահովման երաշխիքներից է լրատվամիջոցների ազատությունը: Լրատվամիջոցի և/կամ լրագրողի ազատության սուբյեկտիվ իրավունքին միջամտությունը հանգեցնում է միջամտության` անձանց` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու օբյեկտիվ իրավունքին: Ուստի լրատվամիջոցի և/կամ լրագրողի ազատությունն ապահովելը և պաշտպանելը, խոսքի ազատությունն ապահովելու և պաշտպանելու՝ պետության պարտականության մաս է կազմում, իսկ լրատվամիջոցի և/կամ լրագրողի կողմից իր ազատությունը պաշտպանելը` անձանց խոսքի ազատության իրավունքն ապահովելու և պաշտպանելու պարտականություն է: Անձանց` տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության իրավունքի բովանդակության մաս է կազմում տեղեկության անանուն տարածման իրավունքը, ինչը, իր հերթին, պարտականություն է առաջ բերում լրագրողի և/կամ լրատվամիջոցի համար` գաղտնի պահել տեղեկատվության աղբյուրը:

Երկրորդ` աղբյուրի ինքնությունը չբացահայտելու իրավունքը բացարձակ չէ և ենթակա է սահմանափակման, սակայն այն պետք լինի հիմնավորված և համապատասխանի Կոնվենցիայի և ներպետական օրենսդրության պահանջներին։ Այս իրավունքի սահմանափակման հիմքերն են «պարտավորությունները» և «պարտականությունները», որոնք կարող են լրագրողի իրավունքը սահմանափակել աղբյուրների գաղտնիությունը պահպանելու առումով: Եթե նման պարտավորությունները և պարտականությունները բախվում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի երկրորդ մասում տրված շահերին, ապա այստեղ վճռորոշ դեր է կատարում այն շահը, որը գերակշռում է ազատ խոսքի իրավունքի նկատմամբ:

Երրորդ` ըստ իրավակարգավորման` տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջը դատարան կարող է ներկայացվել միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելու նպատակով։ Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը։ Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Այս պարագայում, ըստ դիմողի` «սահմանադրաիրավական վեճի առարկա ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով դրույթը չափազանց լայն հնարավորություն է ընձեռում` միջամտելու խոսքի ազատության իրավունքին. սահմանադրական իրավունքը նախատեսում է` արդեն կատարված, ավարտված հանցագործության պարագայում պարտավորեցնել լրատվամիջոցին և/կամ լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, պաշտպանելու համար մեղադրյալին, ամբաստանյալին, այն էլ ոչ բոլոր հանցագործությունների մեջ մեղադրվող` միայն ծանր, իսկ խնդրո առարկա դրույթը` բացահայտելու համար հանցագործությունները, թեև` ծանր կամ առանձնապես ծանր», ինչից հետևում է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի` «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով» դրույթը հակասում է Կոնվենցիայի 1-ին և 10-րդ հոդվածներին, ՀՀ Սահմանադրության 27, 3, 43-րդ (2-րդ մաս) հոդվածներին:

Չորրորդ` օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը» և «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները» դրույթների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում՝ «այլ հաղորդումներ» դրույթի առնչությամբ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, վկայակոչելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ներկայացնում է հետևյալ փաստարկները. ՀՀ Սահմանադրությանը հակասում է նաև լրատվամիջոցի և/կամ լրագրողի` տեղեկատվության աղբյուրի կողմից տեղեկատվության աղբյուրը գաղտնի պահելու իրավունքին միջամտության դատավարական հիմքերը:

Ըստ դիմողի` լրատվության աղբյուրի բացահայտումը կարող է համարվել արդարացված, եթե դատավարության երկու կողմերն սպառել են բոլոր այլ միջոցները: Այդպիսի միջոցներն են, օրինակ, գաղտնի տեղեկության տարածման կապակցությամբ ընկերության ներսում ներքին քննության վարումը, գաղտնի տեղեկություն ստանալու սահմանափակումների ուժեղացումը կամ որպես հակազդող քայլ` հակառակ տեղեկության տարածումը և այլն: Մինչ լրագրողին աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը, դատավարության կողմերը պետք է սպառեն նաև այլ ոչ լրագրողական աղբյուրները: Այլ միջոցների առկայության դեպքում տեղեկատվության աղբյուրը բացահայտելու անհրաժեշտությունը վերանում է:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի՝ «այլ հաղորդումների» եզրույթը հնարավորություն է տալիս դատարանին տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ միջնորդությունները քննարկել և որոշում կայացնել լրատվամիջոցի ներկայացուցչի կամ լրագրողի բացակայությամբ և առանց վերջինիս կողմից համապատասխան դատավարական կարգավիճակ ունենալու:

Վկայակոչելով օրենքներում օգտագործվող առանձին հասկացությունների առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել, և դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաև դատական պրակտիկայում` «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն գտնում է, որ այդ առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի իրավակարգավորումները, ըստ որոնց՝ դատարանը գործի դատական քննությունն իրականացնում է բացառապես դռնփակ դատական նիստերի ձևաչափով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մաս), անհամատեղելի են արդար դատաքննության և խոսքի ազատության իրավունքների կոնվենցիոն և, հետևաբար` սահմանադրական սկզբունքների հետ: Հետևաբար` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի` «սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները» ու «հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը» դրույթները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի՝ «այլ հաղորդումների» դրույթները` աղբյուրը բացահայտելու վարույթների մասով, հակասում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառություններին, հետևաբար` ՀՀ Սահմանադրության 3, 18 և 19, 27, 43-րդ (երկրորդ մաս) հոդվածներին:

Դիմող «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն, ներկայացնելով, ընդհանուր առմամբ, նույնաբովանդակ փաստարկներ, ինչ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, միաժամանակ առաջ է քաշում օրենքի դրույթների որոշակիության և օրենսդրական բացի խնդիրներ՝ վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները:

Մասնավորապես, ըստ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի`

նախ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման դատավարական հնարավորություն և ընթացակարգ: Առկա է ընդամենը մեկ դրույթ՝ 16-րդ հոդվածը` լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դռնփակ դատական քննություն իրականացնելու վերաբերյալ:

Երկրորդ` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ «Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ» և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` «լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ» դրույթներից ուղղակիորեն բխում է, որ լրագրողը դատավարության մասնակից և սուբյեկտ է, առանց որի այդ վարույթը չի կարող իրականացվել: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածով նախատեսված քննչական գործողություններ իրականացնելու թույլտվություն տալուն ուղղված դատական վարույթներին պետք է մասնակցի միայն նման թույլտվություն հայցող պաշտոնատար անձը (նրա ներկայացուցիչը) և դատախազը, իսկ իրավունքի միջամտության օբյեկտի մասնակցությունը բացառվում է:

Երրորդ` օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 279-րդ հոդվածում օգտագործված՝ «այլ հաղորդումներ» եզրույթում առկա է դրա բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշություն:

Չորրորդ` օրենսգրքի 33-րդ գլխի նորմերով բացահայտվում են թե նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների և դրանց նկատմամբ վերահսկողության բովանդակությունը և թե այն սուբյեկտները, որոնց նկատմամբ ներգործության միջոցները կարող են կիրառվել: Այդ անձինք պետք է ունենան կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ, քրեադատավարական ներգործության միջոցները կարող են կիրառվել քրեադատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ: Այս գլխի նորմերն առնչվում են բացառապես անձի մասնավոր կյանքին, մինչդեռ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված միջամտությունն առնչվում է ոչ թե լրագրողի մասնավոր կյանքին, այլ նրա ազատ արտահայտվելու իրավունքին, այլ խոսքով՝ առնչվում է հանրային իրավունքին:

Ըստ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի՝ օրենսդրական բացը հանգեցրել է այնպիսի իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, որի պայմաններում խախտվում են այն լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողների արտահայտվելու ազատության, դատական պաշտպանության և ազատ արտահայտվելու իրավունքները, որոնց ներկայացվում է տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջ: Ընդ որում, ըստ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ի՝ նշված օրենսդրական բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ իրոք լրագրողական աղբյուրի պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից մեկն է: Նման պաշտպանության բացակայության պարագայում տեղեկատվության աղբյուրները կդադարեն մամուլին աջակցելուց, ինչն էլ կխաթարի մամուլի՝ որպես հասարակության շահերի պաշտպանի կենսականորեն կարևոր դերը: Լրագրողական աղբյուրի բացահայտման դատական հրամանը, ըստ պատասխանողի, չի կարող համարվել համատեղելի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հետ, եթե դա արդարացված չէ հասարակական շահի կարևոր պահանջով:

Պատասխանողը միաժամանակ արձանագրում է, որ Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը Պայմանավորվող պետություններին թողնում է հայեցողության որոշակի ոլորտ, որն էլ վերապահված է ինչպես օրենսդիր, այնպես էլ այն մարմիններին, որոնք կոչված են մեկնաբանելու և կիրառելու գործող օրենսդրությունը: Այդուհանդերձ, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը նրանց չի տալիս հայեցողության անսահմանափակ ազատություն:

Անդրադառնալով տեղեկատվության աղբյուրների պաշտպանության վերաբերյալ պետությունների իրավական կարգավորումներին՝ պատասխանողը նշում է, որ դրանք միմյանցից էապես տարբերվում են: Լրագրողական աղբյուրների անձեռնմխելիության սահմանափակման հիմքերը յուրաքանչյուր պետությունում իրենց ուրույն կարգավորումն են ստացել, սակայն, բոլոր դեպքերում, տեղեկատվության աղբյուրների անձեռնմխելիությունը սահմանափակվում է առանձին սահմանադրական արժեքների պաշտպանության անհրաժեշտությամբ: Պատասխանողը որպես օրինակ է բերում Ֆրանսիան, ինչպես նաև Վրաստանը՝ մատնանշելով, որ այդ երկրում «...մասնագիտական գաղտնիքի աղբյուրներն օգտվում են բացարձակ պաշտպանությունից»: Խորհրդապահական տեղեկատվության բացահայտումն օրենքով նախատեսված դեպքերում առանց դատարանի պատճառաբանված որոշման անթույլատրելի է:

Որպես օրինակ բերելով Բելգիան, Հունգարիան, Գերմանիան, Ռուսաստանի Դաշնությունը՝ պատասխանողը մատնանշում է, որ այդ երկրների համապատասխան օրենսդրություններով սահմանված են լրագրողական տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սահմանափակումներ, որոնք իրականացվում են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերի շրջանակներում:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված` «Լրագրողների` տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ» թիվ R(2000)7 հանձնարարականին կից Բացատրական զեկույցին` պատասխանողը գտնում է, որ Բացատրական զեկույցը ներառում է ինչպես հանցագործությունների կանխման դեպքերը, այնպես էլ արդեն ավարտված և դատարանի վարույթում գտնվող հանցագործությունների բացահայտման դեպքերը:

Պատասխանողի պնդմամբ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, տեղեկատվության աղբյուրի բացահայտման շրջանակները սահմանափակելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով, հաշվի է առել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսված հիմքերը:

Ինչ վերաբերում է նշված ոլորտը կարգավորող օրենքի որակին, դրա հստակությանը, ապա, ըստ պատասխանողի, պետք է նկատի ունենալ, որ նշված ոլորտը կարգավորող նորմերը հնարավոր չէ բացարձակ որոշակի ձևակերպել:

Պատասխանողի համոզմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը նպատակ ունեն ապահովելու դատական վերահսկողությունը լրագրողական աղբյուրների բացահայտման դեպքերի նկատմամբ:

Անդրադառնալով դիմողների այն դիրքորոշմանը, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթներից ուղղակիորեն բխում է, որ լրագրողը դատավարության սուբյեկտ է, պատասխանողը գտնում է, որ նշված դրույթները վերաբերում են տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո միայն տվյալ հանցագործությունների մասով իրականացվող դատական քննությանը, որտեղ լրագրողն արդեն կարող է հանդես գալ համապատասխան դատավարական կարգավիճակով:

Միաժամանակ, պատասխանողն ընդունում է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգերն առավել հստակեցնելու անհրաժեշտություն ունեն, որի պարագայում կապահովվի նշված ինստիտուտի լիարժեք իրավական գործողությունը, այդ իրավական գործընթացում ներգրավված սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի ամբողջական իրավական պաշտպանությունը:

Եզրափակելով՝ պատասխանողը եզրահանգում է, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող նորմերով նախատեսված՝ լրագրողների տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սահմանափակումները հետապնդում են իրավաչափ նպատակներ, որոնք սահմանված են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով և ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերն ընթացակարգային մասով կոչված են ապահովելու նշված նպատակների իրագործումը:

 

5. Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հիմնախնդիրներին.

1) որքանով է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի և դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության պայման հանդիսացող` տեղեկատվության աղբյուրի չբացահայտման իրավունքի սահմանափակումն իրականացվել ՀՀ Սահմանադրության մեջ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին ու սահմանափակման պահանջներին համապատասխան,

2) արդյոք տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական կանոնները բավարարում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության` արդար դատաքննության իրավունքի իրացման պահանջները,

3) արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված «այլ հաղորդումներ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ներառում է նաև ԶԼՄ-ի կամ լրագրողի տեղեկատվության աղբյուրը:

 

6. Ազատ արտահայտվելու իրավունքի սահմանափակման առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (Financial Times LTD and others, v. The United Kingdom, 15.12.2009, appl. N 821/03, Goodwin v. The United Kingdom, 27.03.1996, appl. N 17488/90, Roemen and Schmit v. Luxembourg, 25.02.2003, appl. N 51772/99, Voskuil v. The Netherlands, 22.11.2007, appl. N 64752/01) հանգում է նրան, որ խնդրո առարկա իրավունքին միջամտությունը պետք է նախատեսված լինի օրենքով, այն պետք է հետապնդի իրավաչափ նպատակ: Մասնավորապես` միջամտության նպատակը պետք է լինի այլոց իրավունքների պաշտպանությունը, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելը և հանցագործությունների կանխումը, և որ տվյալ միջամտությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ հետևյալ սկզբունքների հաշվառմամբ.

- ազատ արտահայտվելու իրավունքը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության հիմնաքարերից մեկը, և այս իմաստով լրատվամիջոցների համար նախատեսված երաշխիքներն առանձնակի կարևորություն ունեն,

- լրատվական աղբյուրի պաշտպանությունը լրատվական ազատության հիմնական պայմաններից մեկն է,

- առանց նման պաշտպանության աղբյուրները կխուսափեն աջակցել լրատվամիջոցներին հասարակությանը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն տալու հարցում: Դրա հետևանքով կթուլանա լրատվամիջոցների կենսական դերը և բացասական ազդեցության կենթարկվի լրատվամիջոցների ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն տալու ունակությունը,

- հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում ազատ մամուլի լրագրողական աղբյուրների պաշտպանության կարևորությունը և աղբյուրի բացահայտման պահանջի բացասական ազդեցությունն այդ ազատության վրա, նման միջոցը չի կարող համապատասխանել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին, քանի դեռ այն չի հիմնավորվել հանրային շահի գերակա պահանջով:

Որպես ընդհանուր սկզբունք` ազատ արտահայտվելու իրավունքի ցանկացած սահմանափակման «անհրաժեշտություն» պետք է համոզիչ կերպով հիմնավորվի: Առաջին հերթին ազգային իշխանություններն են գնահատում սահմանափակումների համար «ծանրակշիռ սոցիալական պահանջի» առկայությունը, և նման գնահատական տալիս նրանք օժտված են որոշակի հայեցողությամբ:

Մյուս կողմից` հաշվի է առնվում, որ ազգային հայեցողության շրջանակները սահմանափակված են ժողովրդավարական հասարակության` ազատ մամուլը երաշխավորելու և պահպանելու շահով: Այդ շահը մեծ դեր է կատարում հավասարակշռման գործում, որով որոշվում է, թե արդյոք սահմանափակումները համաչափ են հետապնդվող իրավաչափ նպատակին: Բացահայտման պահանջը կարող է բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն աղբյուրի վրա, որի ինքնությունը կարող է պարզվել, այլ նաև լրատվամիջոցի վրա, որի հեղինակությունը կարող է խաթարվել ապագա հնարավոր աղբյուրների և հասարակության անդամների շրջանակում, որոնք շահագրգռված են ստանալ տեղեկատվություն անանուն աղբյուրից, և որոնք, իրենց հերթին, կարող են դառնալ աղբյուր:

 

7. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի վեճի առարկա դրույթի վերլուծությունից հետևում է, որ.

նախ` տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է պարտադրվել միայն դատարանի որոշմամբ,

երկրորդ` այն կարող է իրականացվել միայն քրեական գործի առիթով,

երրորդ` նպատակը պետք է լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտումը,

չորրորդ` հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ պետք է լինի, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը,

հինգերորդ` պետք է սպառված լինեն հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

Վեճի առարկա նորմի իրավական բովանդակությունից հետևում է, որ նշված միայն բոլոր իրավապայմանների միաժամանակյա առկայությունն է հիմք հանդիսանում տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտադրանք կիրառելու համար:

Հետևաբար, դատարանը պարտավոր է հիմնավոր փաստարկել դրանց առկայությունը և իրավաչափ հետևություն անել` հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, ինչպես նշվեց, լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը հանդիսանում է մամուլի ազատության հիմնարար պայմաններից մեկը:

Քրեադատավարական տվյալ իրավակարգավորման միջազգային պրակտիկայի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերաբերելի հանձնարարականների ուսումնասիրությունը վկայում է, որ առանցքային խնդիրը վերոնշյալ չորրորդ իրավապայմանի ճիշտ ընկալումն ու իրավաչափ կիրառումն է` բացառելու համար դատական պրակտիկայում դրան լայն հայեցողական մեկնաբանություն տալու հնարավորությունը: Դրանից ելնելով է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2000 թվականին ընդունված թիվ R(2000)7 հանձնարարականը սահմանում է մի շարք չափանիշներ, որոնց դեպքում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը կարող է համարվել իրավաչափ:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նշված հանձնարարականի Բացատրական հուշագրում հստակեցված են նաև այն չափանիշները, որոնց պահպանման պայմաններում կարող են կիրառվել տեղեկատվության աղբյուրի պաշտպանության սահմանափակումներ, մասնավորապես՝

- ա) այլընտրանքային միջոցների սպառում,

- բ) իրավաչափ նպատակի գերակայում:

Ընդ որում, «գերակայող իրավաչափ նպատակը» ենթադրում է.

- անձի կյանքի պաշտպանության անհրաժեշտություն,

- ծանր հանցագործության կանխման անհրաժեշտություն,

- ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության անհրաժեշտություն:

Միաժամանակ, նման բացահայտումը պետք է լինի բացառիկ դեպքերում` պայմանավորված հասարակության քրեաիրավական բնույթի կենսական շահով:

Հարկ է նշել նաև, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների համակարգի տեսանկյունից անձի՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու իրավունքի սահմանափակումը կարող է արդարացված լինել սահմանադրական այնպիսի կարևոր իրավունքների երաշխավորմամբ, ինչպիսիք են կյանքի իրավունքը (հոդվ. 15), ազատության և անձեռնմխելիության իրավունքը (հոդվ.16), դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև արդյունավետ միջոցներով իրավական պաշտպանության իրավունքը (հոդվ. 18), խախտված իրավունքները վերականգնելու իրավունքը (հոդվ. 19):

Հետևաբար, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է համարվել այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում` իրավական որոշակիության և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքներից ելնելով, խոսքի ազատության իրավունքին անմիջականորեն առնչվող` տեղեկատվության միջոցների ազատության սահմանափակման համաչափության հիմքը, որը կարող է հանգեցնել տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը, գլխավորապես վերոնշյալ երեք իրավապայմաններն են (դրանցից առնվազն մեկի առկայությունը), ու դրանցից ցանկացած էական շեղում իրավաչափ համարվել չի կարող:

Այս մոտեցումն է նաև դրված եվրոպական բազմաթիվ երկրներում տվյալ հիմնախնդրի իրավակարգավորման հիմքում (Ֆրանսիա, Բելգիա, Շվեյցարիա և այլն), ինչը շեշտվում է նաև պատասխանողի բացատրության մեջ:

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 42.1-րդ հոդվածով` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նշված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում:

Գործի հանգամանքների և ՀՀ դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ վեճի առարկա իրավանորմը կիրառվել է այլ մեկնաբանությամբ` հիմնական շեշտադրումը կատարելով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման անհրաժեշտության վրա, առանց հիմնավոր անդրադարձ կատարելու իրավաչափ նպատակի գերակայության բացահայտմանը` յուրաքանչյուր կոնկրետ գործով տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահի գերակա համարվելն այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ դիտարկելով որպես դատավորի բացարձակ հայեցողություն: Մինչդեռ դատարանի հայեցողությունն իրավաչափ տարբերակներից ընտրություն կատարելու հնարավորություն է: Իսկ ընտրության չափանիշները հստակ են ու ըստ էության սահմանափակվում են վերոթվարկյալ երեք հանգամանքներով` անձի կյանքի պաշտպանություն, ծանր հանցագործության կանխում, ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանություն:

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության և մարդու հիմնական իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքների պահանջներից չի բխում դատարանի այնպիսի եզրահանգումը, համաձայն որի` «Աղբյուրի բացահայտման իրավաչափ նպատակը գերակշռում է հասարակական շահին», նկատի ունենալով, որ հրապարակումները վերաբերում են հանրային ճանաչում ունեցող մարդկանց և նպատակը հասարակության մոտ առկա կասկածների փարատումն է (ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.06.2014թ. ԵԿԴ/0032/08/14 որոշում, էջ 5, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 22 սեպտեմբերի 2014թ. որոշում, էջեր 20-21):

 

8. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. սեպտեմբերի 22-ի որոշման մեջ, անդրադառնալով սույն գործով վեճի առարկա իրավադրույթներին, տրվում է նաև այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի` «...օրենսդրի կողմից սահմանված «այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման» արտահայտության մեջ է ընդգրկվում տեղեկատվության աղբյուրի բացահայտումը, որը կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ...»:

Նման եզրահանգում արվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև 279-րդ հոդվածի դրույթների առնչությամբ: ՀՀ սահմանադրական դատարանը, մասնավորապես, կարևոր է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ գլուխը նվիրված է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը, որը սահմանում է դատավարական երաշխիքներ անձի ազատության և անձեռնմխելիության, բնակարանի անձեռնմխելիության, ինչպես նաև խախտված իրավունքների դատական պաշտպանության համար: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակը սահմանափակ է, այսինքն` դատական պաշտպանության երաշխիքները տարածվում են անձի իրավունքների պաշտպանության վրա: Դրանից ելնելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածում թվարկված են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտները: Այսինքն` դատարանը քննում է քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունները, ինչպես նաև նշված մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները: Իր հերթին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում թվարկված են այն քննչական գործողությունները, որոնք կարող են իրականացվել դատարանի որոշմամբ, այսինքն` դատարանը միայն նախնական հսկողություն է իրականացնում քրեական հետապնդման մարմինների կողմից համապատասխան գործողությունների կատարման օրինականության և հիմնավորվածության նկատմամբ:

Էական է այն շեշտադրումը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածում թվարկված են նախնական դատական վերահսկողության ենթակա քննչական գործողությունները: Դրանք են` բնակարանի խուզարկությունը, բանկային և նոտարական գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար խուզարկությունը և առգրավումը, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակումը:

Տվյալ պարագայում դատական պաշտպանությունը վերաբերում է ՀՀ Սահմանադրության 23-24-րդ հոդվածներով և Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների պաշտպանությանը:

Այսինքն` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող իրավունքները, մասնավորապես` խոսքի ազատությունը և լրատվության միջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը (հոդվ. 27), չեն կարող ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում, որովհետև պաշտպանության ենթակա օբյեկտները տարբեր են:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 179, 239 և 279-րդ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ «այլ հաղորդումներ» բառակապակցությունը բացառապես վերաբերում է որոշակի ձևի մեջ տեղեկատվության հաղորդմանը (ինչը հիշյալ 239-րդ հոդվածում ընդհանրացվում է և դիտարկվում որպես նամակագրություն):

Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ սույն գործով վիճարկվող նորմերով սահմանված են քրեադատավարական կոնկրետ փուլում դատարանի լիազորությունները և քննչական այն գործողությունները, որոնք առանց նախնական դատական վերահսկողության իրականացվել չեն կարող։ Այդ նորմերն ինքնին սահմանադրականության խնդիր չեն առաջացնում։

 

Վերոշարադրյալից ելնելով` ՀՀ սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում վեճի առարկա դրույթների առնչությամբ դատական պրակտիկայի կողմից տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի` «այլ հաղորդումների» գաղտնիության սահմանափակման մեջ օրենսդրի կողմից ընդգրկվել է նաև տեղեկատվության աղբյուրի բացահայտումը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վեճի առարկա հոդվածներում «այլ հաղորդումների գաղտնիության սահմանափակման» արտահայտությունը կարող է մեկնաբանվել բացառապես յուրաքանչյուրի անձնական կյանքի հարգման սահմանադրական իրավունքի տեսանկյունից և չի կարող իր բովանդակության մեջ ներառել լրատվական գործունեություն իրականացնողի, ինչպես նաև լրագրողի «տեղեկատվության աղբյուրի բացահայտումը», ինչպես շեշտվում է դատական ակտում:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ», այսուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում տեղեկատվության աղբյուրի բացահայտման հստակ ընթացակարգ, ինչին անդրադարձել է նաև պատասխանողը: Իրավակարգավորման այս բացն իրավակիրառական պրակտիկայում չի կարող լրացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ իրավունքի գերակայությամբ առաջնորդվող ժողովրդավարական պետությունում` իրավական որոշակիության և իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքներից ելնելով, տեղեկատվության աղբյուրի բացահայտման օրինական շահը գերակա կարող է ճանաչվել այն չբացահայտելու հանրային շահի նկատմամբ այն դեպքերում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր (առանձնապես ծանր) հանցագործությունը կանխելու կամ ծանր (առանձնապես ծանր) հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար: Այդ իրավապայմաններից առնվազն մեկի առկայությունը միայն իրավաչափ հիմք կարող է հանդիսանալ օրենքով սահմանված կարգով ու վեճի առարկա դրույթում նախատեսված այլ հիմքերի առկայության դեպքում տեղեկատվության աղբյուրի բացահայտման համար:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 279-րդ հոդվածը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից արձանագրված իրավակարգավորումների շրջանակներում:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով ամրագրված իրավունքների պաշտպանության առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 279-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում չի կարող «այլ հաղորդումների գաղտնիության բացահայտման» արտահայտության մեջ ընդգրկվել «տեղեկատվության աղբյուրի բացահայտումը», ինչն ունի այլ նյութաիրավական հիմք և ինքնուրույն իրավակարգավորման առարկա է:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի հիման վրա դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

20 հոկտեմբերի 2015 թ.

ՍԴՈ-1234