Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՈ-046-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2015-25.01.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.11.18/76(1165).1 Հոդ.968
Ընդունող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ընդունման ամսաթիվ
11.11.2015
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «իգ» ենթակետով` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգևատրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը` համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը` համաձայն հավելված 3-ի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  Գ. Սահակյան


11 նոյեմբերի 2015 թվականի,
քաղ. Երևան

ՆՈ-046-Ն

 

 

 

Հավելված 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-046-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՆՎԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) նախագահի շնորհակալագրով (այսուհետ` Շնորհակալագիր), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով (այսուհետ` Հուշամեդալ) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով (այսուհետ` Հուշանվեր) պարգևատրման կարգը:

2. Շնորհակալագրով, Հուշամեդալով և Հուշանվերով պարգևատրում է Ազգային ժողովի նախագահը:

3. Շնորհակալագրով և Հուշանվերով պարգևատրվում են Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողները, Ազգային ժողովում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատանքային պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ և նվիրումով կատարելու համար, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի զարգացման և այլ ոլորտներում մատուցած ծառայությունների համար:

4. Շնորհակալագիր և Հուշանվեր շնորհվում է Ազգային ժողովի նախագահի կարգադրության հիման վրա՝ սեփական նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, որը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին:

5. Շնորհակալագրով և Հուշանվերով պարգևատրման միջնորդությանը կից Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում պարգևատրվող անձի վերաբերյալ կենսագրական տվյալները, անձնական բնութագիրը և պարգևատրման հիմքը:

6. Հուշամեդալը Ազգային ժողովի նախագահի բարձրագույն պարգևն է, որը տրվում է սփյուռքի հետ կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած զգալի ավանդի, բարեգործական ակտիվ գործունեության, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, առողջապահության, սպորտի զարգացման և այլ ոլորտներում ներդրած ավանդի և նշանակալի ձեռքբերումների համար:

7. Հուշամեդալով կարող են պարգևատրվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները:

8. Հուշամեդալով պարգևատրում իրականացվում է Ազգային ժողովի նախագահի կարգադրության հիման վրա՝ սեփական նախաձեռնությամբ կամ Ազգային ժողովի նախագահի տեղակալի, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի կամ Աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, որը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին:

9. Պարգևատրման միջնորդությանը կից Ազգային ժողովի նախագահին են ներկայացվում պարգևատրվող անձի վերաբերյալ կենսագրական տվյալներ, անձնական բնութագիրը և պարգևատրման հիմքը:

10. Հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի իրականացվում:

11. Պարգևատրման մասին միջնորդությունը հիմնավոր համարելով` Ազգային ժողովի նախագահը, միջնորդությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն, կից փաստաթղթերի հետ միասին, ուղարկում է Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (այսուհետ` Անձնակազմի կառավարման վարչություն)՝ հանձնարարելով պատրաստել Ազգային ժողովի նախագահի կարգադրության նախագիծ: Նշված ժամկետում համապատասխան հանձնարարական չուղարկելը համարվում է միջնորդության մերժում:

12. Պարգևատրման գործընթացի կազմակերպման համար պատասխանատու է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչությունը:

13. Շնորհակալագիրը, Հուշամեդալը և Հուշանվերը հանձնում է Ազգային ժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ համապատասխան պաշտոնատար անձը` հանդիսավոր պայմաններում:

14. Պարգևատրված անձանց կողմից Ազգային ժողովի նախագահի Հուշամեդալը և (կամ) դրա վկայագիրը կամ Շնորհակալագիրը կորցնելու դեպքում դրանց նկատմամբ իրավունքները պահպանում են:

15. Հուշամեդալի կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակ չի տրվում, բացառությամբ, եթե այն կորել կամ վնասվել է մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

16. Հուշամեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Շնորհակալագրի կորստի կամ վնասման դեպքում դրանց կրկնօրինակները ստանալու համար գրավոր դիմում է ներկայացվում Ազգային ժողովի աշխատակազմ: Հուշամեդալի կորստի կամ վնասման դեպքում կրկնօրինակն ստանալու դիմումին կցվում են նաև ապացույցներ առ այն, որ այն կորել կամ վնասվել է մարտական պայմաններում, արտակարգ իրավիճակների հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ մեդալը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

17. Ազգային ժողովի նախագահի Հուշամեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Շնորհակալագրի կրկնօրինակը տրվում է համապատասխան դիմումը ներկայացվելուց հետո` 5-օրյա ժամկետում:

18. Կորցրած Հուշամեդալի և (կամ) դրա վկայագրի կամ Շնորհակալագրի կրկնօրինակը պարգևատրված անձանց հանձնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը:

19. Շնորհակալագրով և Հուշամեդալով պարգևատրված անձանց գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Անձնակազմի կառավարման վարչությունը, որն այդ նպատակով վարում է հատուկ գրանցամատյան:

20. Գրանցամատյանում նշվում են պարգևատրված անձի անուն-ազգանունը, պարգևատրման հիմքը, համապատասխան կարգադրության ընդունման ամսաթիվը և հերթական համարը, Հուշամեդալի հերթական համարը:

 

 

Հրայր Թովմասյան

 

 

Հավելված 2

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-046-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը:

2. Շնորհակալագրի վրա գրությունները նշված են ուղղահայաց (գրքային) տարբերակով:

3. Շնորհակալագրի վերևի մասի կենտրոնում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ» գրություններն են` երկու տողով, որից ներքև հակիրճ հիմնավորվում է պարգևատրելու հանգամանքը: Պարգևատրման հիմքից անմիջապես հետո նշվում են պարգևատրվող անձի անուն-ազգանունը, որից հետո նշվում են «ՊԱՐԳԵՎԱՏՐՎՈՒՄ Է», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ», «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ» գրությունները` յուրաքանչյուրն առանձին տողով:

4. Շնորհակալագրի շրջանակի ստորին ձախ մասում պատկերված է Ազգային ժողովի շենքի մոդելը:

5. Շնորհակալագրի շրջանակի ստորին կենտրոնական մասում` Ազգային ժողովի շենքի մոդելի դիմաց, նշված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ» մակագրությունը` երկու տողով, որի դիմաց նշվում է Ազգային ժողովի նախագահի անունը, իսկ նշված գրությունների միջև որոշակի հատված է առանձնացված Ազգային ժողովի նախագահի ստորագրության համար:

6. Շնորհակալագրի շրջանակի ստորին աջ մասում մեկ տողով նշվում է «քաղ. Երևան» գրությունը և Շնորհակալագրի տրման տարեթիվը:

7. Շնորհակալագրի մակերեսին՝ կենտրոնական մասում, պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:

8. Շնորհակալագիրը զետեղվում է հատուկ թղթապանակում:

9. Հուշամեդալը արույրից պատրաստված ոսկեջրած (հարգը՝ 958) շրջանակ է, որի վրա պատկերված է ՀՀ Ազգային ժողովի շենքի մոդելը: Հուշամեդալը երիզված է «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» մակագրությամբ:

10. Հուշամեդալի դարձերեսին դաջված է մեդալի հերթական համարը:

11. Հուշամեդալի հետ տրվում է վկայագիր:

 

 

Հրայր Թովմասյան

 

 

Հավելված 3

ՀՀ Ազգային ժողովի նախագահի

2015 թվականի նոյեմբերի 11-ի

թիվ ՆՈ-046-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼԻ ՁԵՎԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը (Ձև 1 և Ձև 2):

Ձև 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ

 

Ներմուծեք նկարագրությունը_8917

 

Ձև 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ

 

Ներմուծեք նկարագրությունը_8972

 

 

Հրայր Թովմասյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2018, ՆՈ-01-Ն 25.01.2018, ՆՈ-046-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան