ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2015 թվականի N 1423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, 24-րդ հոդվածի 5-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «համարը,» բառը փոխարինել «համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)» բառերով,
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը լրացնել «, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց)» բառերով,
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը «բանկային հաշվի համարը» բառերից հետո լրացնել «կամ այն բանկը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ գումարը» բառերով,
դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ» բառերը, իսկ «տեղեկանքը,» բառից հետո լրացնել «եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց,» բառերով,
ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետում «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե դիմողը հրաժարվել է երեխայի հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց» բառերով,
զ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերով,
է. 4.1-ին կետում «3-րդ և 4-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ և 8.1-ին» բառերով, իսկ «, եթե ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին է ներկայացվել» բառերը փոխարինել «ծննդյան վկայականը տված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ եթե տարածքային բաժին է ներկայացվել» բառերով,
ը. 7-րդ կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «և սույն կարգի 7.1-ին կետում նշված դեպքի» բառերով,
թ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով.
«7.1. Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունվում են առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:»,
ժ. 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում «Հայաստանի Հանրապետությունում ռազմաուսումնական հաստատությունում» բառերը փոխարինել «ռազմաուսումնական հաստատությունում» բառերով,
ժա. 8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 11-րդ կետում «օտարերկրյա պետությունում սովորող» բառերը փոխարինել «օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորող» բառերով,
ժբ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.
«8.1. Նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում մահացած երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի առնելու համար ներկայացվում է մահացած երեխայի (զավակի)՝ նոր ծնված երեխայի ծնողներից սերման փաստը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև մահվան վկայականը կամ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթը:»,
ժգ. 9-րդ կետում «հաշվի չեն առնվում» բառերը փոխարինել «հաշվի են առնվում սույն կարգի 8.1-ին կետում նշված դեպքում» բառերով,
ժդ. 19-րդ կետում «նամակն» բառը փոխարինել «որոշումն» բառով.
2) որոշման N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.
«6) բանկ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագիր կնքած բանկ:»,
բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) հաշվետիրոջ ծնողին կամ որդեգրողին տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է կամ որդեգրողը (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):»,
գ. 18-րդ կետում «4-րդ կետում» բառերը փոխարինել «4-րդ, 8-րդ կետերում» բառերով,
դ. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին և 18.2-րդ կետերով.
«18.1. Սույն կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում նաև գույքի առուվաճառքի՝ նոտարական կարգով վավերացված պայմանագիրը և անշարժ գույքի նկատմամբ հաշվետիրոջ ծնողի կամ հաշվետիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, գույքը վաճառողի բանկային հաշվի համարը: Այս դեպքում պետական աջակցության հաշվին առկա միջոցները գույքը վաճառողին են փոխանցվում ոչ ուշ, քան դիմումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական աջակցության հաշվի պայմանագրով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը: Վաճառողին փոխանցվող գումարը չի կարող գերազանցել առուվաճառքի պայմանագրով սահմանված՝ գույքի գինը:
18.2. Սույն կարգի 8-րդ կետում նշված դեպքում դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը բանկին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությունը:»,
ե. 19-րդ կետը «ենթակետերով» բառից հետո լրացնել «, 8-րդ կետով» բառերով.
3) որոշման N 3 հավելվածում`
ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) դիմողի վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար բացել ավանդային հաշիվ և այդ հաշվում մուտքագրել նպաստի ուղղակի վճարվող գումարը: Ընդ որում, կողմերն անվերապահորեն ընդունում են, որ դիմողն ավանդատուի (հաշվետիրոջ) իրավունքներ է ձեռք բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 910-րդ հոդվածի համապատասխան՝ դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարն ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը բանկ ներկայացնելու դեպքում՝ պահանջ ներկայացնելու ժամանակ, եթե լիազոր մարմնի ներկայացրած տվյալները համապատասխանում են դիմողի ներկայացրած տվյալներին:»,
բ. 4-րդ կետի 1-ին ենթակետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, եթե ավելի կարճ ժամկետներ նախատեսված չեն օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով, իսկ սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված դեպքում՝ ոչ ուշ, քան այդ դրամական միջոցների ընդունման օրվան հաջորդող օրվանից հետո սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը դիմողի կողմից բանկ ներկայացվելը» բառերով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) լիազոր մարմնին տրամադրել այն անձանց տվյալները, ովքեր դիմողի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները և վճարման ենթակա գումարը ստանալու օրվան հաջորդող 12 ամսվա ընթացքում բանկ չեն ներկայացրել սույն պայմանագրի 2-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված պահանջը:»,
գ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «ցուցակը» բառը փոխարինել «ցուցակը կամ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները» բառերով,
դ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.
«8) բանկի հետ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում շահառուի անվամբ ավանդային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնել բանկ:»,
ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ կետով.
«18. Սույն պայմանագրով՝ լիազոր մարմնի տրամադրած տվյալների հիման վրա դիմողի անվամբ անվճար ավանդային հաշիվ բացելուն, սպասարկելուն վերաբերող և դրանց հետ կապված` սույն պայմանագրով սահմանված մյուս կարգավորումները կիրարկվում են (ուժի մեջ են մտնում) կողմերի միջև լրացուցիչ համաձայնագիր կնքվելուց հետո՝ համաձայնագրում նշված ժամկետից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ժբ» և «ժգ» պարբերություններով սահմանված փոփոխությունները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ նոր ծնված երեխան ծնվել է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում ներկայացված դիմումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացված:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|