Գլխավոր տեղեկություն
Համար
N 1260-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.04/81(1170) Հոդ.951
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2015 թվականի N 1260-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 872-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, 64-րդ հոդվածի 2-րդ կետն ու 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածն ու 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Բուռնազյան 143 հասցեում գտնվող՝ 13669.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3654.9 քառ. մետր (այդ թվում՝ նկուղ՝ 814.0 քառ. մետր) մակերեսով ուսումնական մասնաշենքը, 2414.7 հազ. դրամ սկզբնական արժեքով և 506.8 քառ. մետր մակերեսով օժանդակ կառույցը, 1137.4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 217.2 քառ. մետր մակերեսով օժանդակ կառույցը, 135.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 47.7 քառ. մետր մակերեսով պահակատունը և 0.676 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման վկայական` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի հ. 6102012-01-1443) հետ վերցնել «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

2. «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

3. Սահմանել, որ՝

1) «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`

1) վերակազմակերպմամբ պայմանավորված միացման պայմանագրի կնքման, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև նշված գույքի կազմի, արժեքների և փոխանցման ակտի հաստատումը.

2) սույն որոշմամբ վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) սույն որոշմամբ վերակազմակերպված` «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի սովորողների` միջին մասնագիտական կրթական ծրագրերով շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կազմում:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու մասին» N 872-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 2-րդ կետը «կազմակերպության» բառից հետո լրացնել «Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, իսկ «ակտին» բառը փոխարինել «ակտերին» բառով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 4
Երևան