Գլխավոր տեղեկություն
Համար
N 1236-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՔԳՀԻԱԺ 2015.03.31/1(50)մաս1 Հոդ.931.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հոկտեմբերի 2015 թվականի N 1236-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 152.1-ին, 152.2-րդ, 152.3-րդ, 152.4-րդ և 152.5-րդ կետերով.

«152.1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am) (այսուհետ՝ կայքէջ) միջոցով՝ պատվերներ կատարելով (այսուհետ՝ առցանց պատվեր)։ Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով ծանոթանում է առցանց պատվեր կատարելու ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրին, որով սահմանված պայմանների ընդունումից հետո կարող է կատարել առցանց պատվեր:

152.2. Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով (այսուհետ՝ հիմնադրամ): Առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

152.3. Առցանց պատվեր կատարելու համար պատվիրատուն կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը՝ նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:

152.4. Առցանց պատվերն ստանում է հիմնադրամը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնությունն ստանալն ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան՝ նախապես հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը։ Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ, նրա հանձնարարությամբ, այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում՝ նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը։ Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է հիմնադրամին։ Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է պատվիրատուին։

152.5. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է հիմնադրամի համապատասխան աշխատողին:»:

2. Սահմանել, որ քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ փաստաթղթաշրջանառությունը հիմնադրամի և համապատասխան քրեակատարողական հիմնարկի միջև կատարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան 


2015 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան